«ԴԱ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԷՐ ԱՄԲՈՂՋ «ԵՎՐՈՆԵՍԹԻ» ՀԱՄԱՐ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հանրապետական Արտակ Զաքարյանը «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում հանձնաժողովի նախագահ է, նրա զեկույցը շատ սուր քննարկվել է «Եվրոնեսթում», հայ պատվիրակները սուր բանավեճ են ունեցել ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների, գործադիրի ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Այդ մասին առանձին Ա. Զաքարյանը ներկայացնելու է հանրությանը, իսկ երեկ «Եվրոնեսթ» ԽՎ-ի երկրորդ լիագումար նիստից վերադարձած Հայաստանի պատվիրակության անդամներից 4-ը լրագրողներին մի շարք մանրամասներ ներկայացրին «Եվրոնեսթում» տեղի ունեցածից: Պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դրական գնահատեց թե՛ «Եվրոնեսթի» նիստի կայացումը, թե՛ արդյունքները, թե՛ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը: Ըստ նրա` մերոնք ակտիվորեն են աշխատել, մերոնց հաջողվել է ժողովրդավարության, սոցիալական զարգացման, եւ այլ խնդիրների հետ կապված շատ կարեւոր շեշտադրումներ փոխել առաջարկված բանաձեւերում: Առաջին աշխատանքային օրը նորմալ, ոգեւորող մթնոլորտում է անցել, ադրբեջանցիք համաձայնել են բոլոր հանձնաժողովներում ներառված առաջարկություններին: Նույն օրը եղել է բյուրոյի անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ Ղարաբաղի մասին Ալիեւը ծպտուն չի հանել: Մյուս օրը, սակայն, նստաշրջանի բացմանը Ալիեւի երկաշունչ, մեկժամանոց ճառի մեջ ագրեսիվ, անընդունելի հակահայկական շեշտադրումներ են եղել` հայկական կողմին նա անվանել է ֆաշիստ, խոսել «պղծված գերեզմաններից» եւ «օկուպացիայից», այնպիսի արտահայտություններով ու շեշտադրումներով, որ մինչեւ հիմա անգամ չեն էլ հնչել. «Դա սառը ցնցուղ էր ամբողջ «Եվրոնեսթի» համար: Շատ վատ տպավորություն է թողել այդ ելույթը «Եվրոնեսթի» նույնիսկ եվրոպական պատգամավորների վրա, որոնք ընդմիջմանը մոտեցել ու ասել են, թե ցնցված են, չէին սպասում»: Նույնիսկ որոշ ադրբեջանցի պատգամավորներ էլ են մոտեցել հայ պատվիրակներին եւ ներողություն խնդրել այդ վարքի համար: Մերոնք անմիջապես հայտարարություն են տարածել (այդ մասին «Ազգը» պատմել է), հետո էլ արդեն քաղաքական հանձնաժողովի զեկույցին արձագանքելու հնարավորությունն օգտագործելով` մեր պատվիրակներից Լիլիթ Գալստյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ստյոպա Սաֆարյանը տարբեր տեսանկյուններից հակահարված են տվել այդ ելույթին. «Մենք համարում ենք, որ գնալն անպայման պետք էր, որովհետեւ Ալիեւը, միգուցե չցանկանալով, այնպիսի հարված հասցրեց իր երկրի քաղաքական իմիջին, որ մենք որքան էլ ձգտեինք, կդժվարանայինք հաջողել», ասաց Հովհաննիսյանը: Մերոնք ադրբեջանական մամուլի հետ շփվելուց գրեթե զրկված ենք եղել` առաջին օրը եթե շփվելու հնարավորություն է եղել, հաջորդ օրերին լրագրողներին գրեթե արտաքսել են այն հարկից, որտեղ մերոնք են: Բայց հյուրասիրությունն ու անվտանգության մակարդակը բարձր են եղել, ջերմությունն ու հյուրասիրությունն առկա են եղել, նաեւ` ադրբեջանական պատվիրակության ու ժողովրդի կողմից ատելության հայացք կամ ագրեսիվ վերաբերմունք չի նկատվել. «Ըստ ամենայնիՙ կա միայն մի հոգի` Ալիեւն ու նրա շրջապատը, որոնք պատերազմի սպառնալիքով քաղաքական դիվիդենտներ են շահում», եզրակացրեց պատվիրակության ղեկավարը: Նաիրա Զոհրաբյանի տպավորությունը եւս միանշանակ էր` ադրբեջանական ժողվուրդը եւ քաղաքական էլիտան պատանդ են Ալիեւի եւ ալիեւյան կլանի ձեռքում. «Անգամ Միլլի մեջլիսում Ալիեւի գահի տեղադրումը, որը մի քանի հարկով բարձր է ոչ միայն շարքային պատգամավորների, այլեւ Միլլի մեջլիսի խոսնակի գահից, ակնհայտորեն խոսում էր, որ մենք գործ ունենք բացահայտ սուլթանատի հետ, որտեղ թելադրում է մեկ մարդ», ասաց Ն. Զոհրաբյանը: Պետական քարզչությունն էլ ուղղակիորեն միտված էր սպասարկելու այդ մեկ մարդու կլանի շահերը: Ի դեպ, Բաքվում «Ազատ TV» հեռուստաընկերություն կա, որտեղ մի քանի ժամ մաքուր հայերենով լրատվական հաղորդումներով միանշանակ հայատյացություն են քարոզում` փաստերը խեղաթյուրելով: Ն. Զոհրաբյանը վկայեց, որ երբ «Եվրոնեսթում» ելույթ է ունեցել Եվրոմիության հարեւանության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Հյուլեն` ասելով, որ իրենց համար բացարձակորեն անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատի փոխարինումը ԵՄ մանդատով, նույն օրը տվյալ հեռւստաընկերությունը նշել է, թե Հյուլեն հայտարարել է հակառակը. «Ես ցավում եմ, որ (թեեւ) եւրոպական պատգամավորների համարձակությունը ներում էր, որ մասնավոր զրույցներում հայտնեն, թե իրենք շոկի մեջ են Ադրբեջանի նախագահիՙ կոռեկտության եւ քաղաքավարության, անգամ հասարակ դաստիարակության սահմանները խախտող ելույթից, բայց որեւէ մեկը` թե՛ «Եվրոնեսթի» ղեկավար կազմից, թե՛ Եվրոպառլամենտի պատգամավորներից, համարձակություն չունեցավ իր տեսակետները բարձրաձայն հայտնելու: Բայց դա է վերջին շրջանում եվրոպական դիվանագիտության «հմայքներից» մեկը, դրան սովոր ենք»: Բայց որ ճիշտ որոշում էր «Եվրոնեսթին» մասնակցելը, ինչպես մասնավոր զրույցներում եւրոպացիք են ասել` աշխարհին ցույց տալ, թե ինչպես պիտի գալ ու աշխատել, Ն. Զոհրաբյանը համոզված էր: Այս միտքն ընդգծեց նաեւ Լիլիթ Գալստյանը : Նշելով, որ չորս հանձնաժողովների մակարդակով, որտեղ մերոնք ընդգրկված են, մեր բոլոր շահեկան առաջարկները ներառվել են, նա շեշտեց, թե մեր կեցվածքով արձանագրեցինք, որ մենք քաղաքակրթության եւ երկխոսության բարձունքից ենք, նրանք էլ շարունակում են ունենալ այն դիմագիծը, որն ունեն: Ստյոպա Սաֆարյանը մի հետաքրքրական գաղտնիք բացեց` հանձնաժողովներում սուր քննարկումների արդյունքում է հավանաբար եղել Ալիեւի որոշումը` սուր ելույթ ունենալ հայերի հասցեին. «Ալիեւի վերջին օրվա պահվածքն ընդամենը սրտնեղած եւ փոքրոգի մարդու պատասխան է եղել, որ օգտագործել է ամբիոն ասեմ, թե իր գահի բարձունքը», ասաց Ս. Սաֆարյանը: |