ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ ՋԻՄ ՅՈՆ ԿԻՄՆ Է Համաշխարհային բանկի նոր նախագահ է ընտրվել կորեական ծագումով ամերիկացի Ջիմ Յոն Կիմը: Երեկ համապատասխան որոշում է ընդունվել կազմակերպության տնօրենների խորհրդի նիստում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 52-ամյա Կիմի թեկնածությունն առաջադրել էր մարտի վերջերին, նշելով, որ նա բավականաչափ փորձ ունի, որպեսզի ՀԲ-ին օգնի առողջացնելու համաշխարհային ֆինանսներն ու տնտեսությունը: BBC-ն տեղեկացնում է, որ Կիմը Դարտմուտի քոլեջի նախագահն է եւ առողջապահության ոլորտի փորձագետ: Նա հարգանք է վայելում նոր զարգացող երկրներում: 2-րդ աշխարհամարտից հետո հիմնված Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը ավանդաբար զբաղեցնում են ԱՄՆ քաղաքացիներ, մինչդեռ ԱՄՀ ղեկավարներ ընտրվում են եվրոպացիներ: Վերջին 5 տարիներին Համաշխարհային բանկը ղեկավարած Ռոբերտ Զելլիկը պաշտոնաթող է լինելու հունիսի 30-ին: |