ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ՆԱԵՎ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներին եւս կհատկացվի սոցիալական փաթեթ, ինչի հատկացման կարգի եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների ցանկի մասին երեկ որոշում ընդունեց Հայաստանի կառավարությունը: Որոշման նպատակն է ԱԷԿ-ի առանձնապես ծանր եւ վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներդնել սոցիալական երաշխիքների միասնական համակարգ: Որոշումն ուժի մեջ է մտնում 2012-ի ապրիլին, իսկ սոցիալական փաթեթի արժեքը, ինչպես եւ պետական ծառայողներինը, նույնպես 132 հազար դրամ կկազմի: Աղետի գոտու ընտանիքների բնակարանային խնդիրները Աղետի գոտու բնակավայրերում սահմանված կարգով հաշվառված մոտ 6 հազար 972 ընտանիքների բնակարանային խնդիրները մինչեւ 2013-ի հունվարի 1-ը լուծելու նպատակով, կառավարությունը երեկ որոշեց 2012 -ի պետբյուջեով նախատեսված 3 մլրդ 324 մլն դրամ գումարից 2 մլրդ 154 մլն դրամը հատկացնել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար լրացուցիչ բնակարանների կառուցմանը` Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ախուրյան քաղաքներում, Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում: Ժամանակի կրճատում բիզնեսի համար Փոքր եւ միջին գործարարների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում բնակարանները որպես գրասենյակ ձեռք բերելու կամ վարձակալելու գործընթացը երեկ կառավարության որոշմամբ պարզեցվեց: Ներկայումս բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը որպես գրասենյակ օգտագործելու համար իրականացվում է համայնքի ղեկավարի որոշման հիման վրա` ընդհանուր ընթացակարգով, ինչպես շինարարական թույլտվություն պահանջվող դեպքերում: Դա առաջացնում է լրացուցիչ վարչարարություն եւ ժամանակի ծախս բիզնեսի համար: Երեկվա որոշմամբ գործառնական նշանակության փոփոխությունը կիրականացվի ավելի սեղմ ժամկետներում եւ որոշ քայլերի կրճատմամբ: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը պարզեցրեց բեռների տարանցման համար նախատեսված ընթացակարգերը, որը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը եւ Հայաստանի տարանցիկ բեռնափոխադրման ծավալի ավելացմանը: Ներկայումս այդ գործընթացները տեւում են մինչեւ երկու օր, իսկ նոր որոշմամբ պետք է կատարվեն առավելագույնը երեք ժամվա ընթացքում: Վճարման նոր պետական էլեկտրոնային համակարգ Վճարման պետական էլեկտրոնային համակարգի ներդրման եւ գործարկման մասին երեկ կառավարության ընդունած որոշման մասին լրագրողներին պատմեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը : Համաձայն այդ որոշման, պետական տուրքերը, տուգանքները, ծառայության վճարները եւ այլ վճարումները կկատարվեն նոր համակարգի միջոցով, որը կգործարկվի 10 օր հետո: Ըստ Դավիթ Սարգսյանի, ներկայումս գոյություն ունի վճարման երկու ձեւ` կանխիկ` տվյալ պետական մարմնի շենքում կամ բանկային համակարգի միջոցով, որից հետո վճաման անդորրագիրը ներկայացվում է տվյալ պետական մարմին: Այս համակարգով հնարավորություն է ստեղծվում ԱրՔա կամ Մաստեր Քարդ համակարգերի միջոցով կատարել ինտերնետային վճարումներ ուղղակի տվյալ կառույցների հաշվին: Դրանով ոչ միայն ժամանակ կխնայվի, այլեւ անհամեմատ ավելի ցածր միջնորդավճար կգանձվի: Օրինակ` 2-3 հազար դրամ վճարման ժամանակ 10 դրամ եւ այլն: Մեր հարցին պատասխանելովՙ Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ այս համակարգի միջոցով չեն կարող վճարվել ավելացված արժեքի հարկը, եկամտահարկը, շահութահարկը, սոցվճարները, այլ միայն գույքահարկն ու հողի հարկը: Այս համակարգով չեն կատարվի նաեւ ԱՊՊԱ վճարումները: «Ազգի» մյուս հարցին, թե ինչպե՞ս է վճարման անդորրագիրը ներկայացվելու վճարողին, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ վճարման մասին հաղորդումը կուղարկվի վճարողի էլեկտրոնային հասցեին: Հաստատվեց 2011 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծին կառավարությունը երեկ հավանություն տվեց: 2011 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 880,8 մլրդ դրամ, ծախսերի գծով` 986,5 մլրդ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105,6 մլրդ դրամ: Ապրիլի 30-ի փոխարեն կաշխատենք 28-ին Կառավարությունը երեկ որոշեց այս տարվա ապրիլի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել ապրիլի 28` շաբաթ օր` պայմանավորված մայիսի 1-ին նշվող Աշխատանքի տոնով: |