ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՂԸ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՆ» Է Ա. Հ. Կյանքում էլ եթե բարգավաճը գերակշռեր... Առավելագույնս եթերում նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 1646 րոպե, այդուհետեւ` Դաշնակցությունը` 1528: Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի երեկ ներկայացրած տվյալների, այդուհետեւ հեռուստաեթերում շատ են եղել հերթականությամբ «Օրինաց երկիրը»` 1438 րոպե, «Ժառանգությունը»` 1306, ապա Հանրապետական կուսակցությունը` 1145, ՀԱԿ կուսակցությունների դաշինքը` 998, Դեմկուսը` 632, Կոմկուսը` 532, վերջին տեղում է Միավորված հայեր կուսակցությունը` 166 րոպե: Այս ցուցանիշն ընդգրկում է եթերի բոլոր տարբերակներից` անվճարից մինչեւ հաղորդումներ ու անդրադարձեր այն րոպեները, երբ արծարծվել է տվյալ կուսակցությունը: ՀՌԱՀ-ը, որ պարտավորություն ունի մոնիտորինգ իրականացնելու, անվճար եթերից օգտվելու առնչությամբ ստացել է մի պատկեր, երբ, օրինակ, ՄՀԿ-ն չի օգտվել ադ հնարավորությունից, որում հեռուստաընկերության թերացում չի կարելի տեսնել: Ըստ Ամալյանի, այսօրինակ մոտեցումը կարող է լինել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության կամ դաշինքի քարոզչական ռազմավարությունից բխել: Ավելին, ներկա դրությամբ ստացված ցուցանիշները, երբ որոշ հեռուստաընկերություններ ավելի կամ պակաս ժամանակ են հատկացրել տարբեր քաղաքական ուժերի, դեռեւս հիմք չեն տույժեր կիրառելու համար, քանի որ դեռ քարոզարշավի զգալի հատվածն առջեւում է, բացի դրանիցՙ որոշ կուսակցություններ էլ չեն արձագանքում հեռուստաընկերությունների` հաղորդումներին մասնակցելու հրավերներին: Առանձին հեռուստաընկերությունների կտրվածքով, ընդ որում, հանձնաժողովի կողմից առայժմ զուտ գրությամբ ուշադրություն է հրավիրվել, յուրաքանչյուրի դեպքում առանձին, որ «Առաջին լրատվականի» եթերում գերակշռել է Հանրապետական կուսակցությունը, «Երկիր մեդիա»-ի եթերում` ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», «Կենտրոն»-ովՙ ԲՀԿ-ն, որ կրկնակի ունեցած եթերաժամով գրեթե գերազանցում է իրենից հետո եկողներին` ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին, եւ «Հ2»-ով` ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն: Գրությունները շեշտում են, որ տվյալ հեռուստաընկերությունը այս ժամանակահատվածում չի ապահովել հավասար լուսաբանում: «Նախընտրական քարոզարշավի անցած ժամանակահատվածի առումով կարծում եմ, որ մեր լրատվամիջոցները հաջողել են պայմաններ ապահովել պատգամավորության թեկնածուների ու քաղաքական ուժերի համար ու եթերաժամի դեֆիցիտ կարծես չեն ունեցել», իր տպավորությունը ներկայացրեց Ամալյանը, որպես հիմնավորում նշելով անվճար եթերից ոչ ամբողջական օգտվելու հանգամանքը: Մոնիտորինգի ժամանակահատվածում եթերի հետ կապված բողոքներ ՀՌԱՀ-ը դեռ չի ստացել: Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի` մամուլով արտահայտած դժգոհությունը «Երկիր մեդիայի» կողմնակալության առնչությամբ ՀՌԱՀ-ը ուսումնասիրում է: Արդեն իսկ վարչական տույժի են ենթարկվել Հրազդանի եւ Սպիտակի հեռուստաընկերությունները, թեեւ ոչ թե նախընտրական շրջանում լուսաբանման անհավասարակշռության, այլ այդ շրջանի համար տվյալներ չտրամադրելու պատճառով: |