ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ, ՋԵՖՐԻ ՌՈԲԵՐՏՍՈՆԻՆ ԵՎ ՅՈՒՍՍԻ ԲՅՈՐՆԻՆ Թանգարան-ինստիտուտին աջակցություն ցուցաբերած եւ Հայոց ցեղասպանության ուսումասիրության ոլորտում ավանդ ունեցող անհատներ արժանացել են «Երախտագիտություն» անվանակարգով թողարկված Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալի Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացվել է «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրություն, որը որոշակիորեն ամփոփում է թանգարան-ինստիտուտի հետ երախտավորների համագործակցության արդյունքները: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ամփոփել է 2006-2011 թթ.ընթացքում իր գործունեության հիմնական արդյունքներն ու նախանշել Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը: Ասուլիսին մասնակցել են Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերին ու քաղաքական շահարկումներին նվիրված «Արդյոք եղե՞լ է հայկական ցեղասպանություն» զեկույցի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը եւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռըՙ Յուսսի Բյորնը: Նա, ի դեպ, վերջերս հայտնաբերել է Բոդիլ Բյորնի ձեռագիր այն հուշագրությունները, որոնք նկարագրում են 1915 թ. Մուշում տեղի ունեցած կոտորածները եւ համարվում էին կորած: Ասուլիսին հաջորդել է հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը: Այն ներառում է շուրջ 300 միավոր հնատիպ սկզբնաղբյուրային գրականություն, որը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ջեւան Չելոյանցի (Մոսկվա), «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ Տիգրան Քալայջյանի (Կիպրոս) աջակցությամբ: Ցուցադրության մեջ ներառված գրականությունը բաշխված է տարբեր խորագրերի ներքո: Ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արեւմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող հրատարակություններ: Առանձին ներկայացված են համիդյան ու Ադանայի կոտորածներին վերաբերող եւ դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակությունները, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան եւ այլ երկրներում լույս տեսած եզակի հրատարակությունները: Դրանք ամբողջությամբ մարդկության ու քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի կողմից իրագործած հանցագործությունների լուրջ ու անհերքելի վկայություն են: Ցուցադրության մեջ ներառնված որոշ գրքեր առկա են միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մեջ: Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ, ՀՑԹԻ-ի ցուցաբերած աջակցության եւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ավանդի համար Ռալֆ Յիրիկյանը, Ջեֆրի Ռոբերտսոնը եւ Յուսսի Բյորնը արժանացել են Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալին, որը թողարկվել է «Երախտագիտություն» անվանակարգով: Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, ՀՑԹԻ-ն հաստատել է նախատեսվող ծրագրի ընդհանուր ռազմավարությունը: Միջոցառումների ժամանակացույցը հետեւյալն է` 2012 թ. մայիս - հանդիսավոր միջոցառումՙ նվիրված ԱՄՆ Կարմիր խաչի հիմնադիր եւ հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին: Ներկայացվելու է Կլարա Բարտոնի պաշտոնական զեկույցը` համիդյան ջարդերից տուժած հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Սեպտեմբեր-միջազգային գիտաժողով եւ ժամանակավոր ցուցադրությունՙ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-րդ տարելիցին: 2012 թ. ընթացքում-հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակվելու է շուրջ 25 անուն գիրքՙ նվիրված Հայոց ցեղասպանության մինչ օրս չուսումնասիրված դրվագներին: 2012 թ.-լույս են տեսնելու անգլիալեզու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» առաջին երկու համարները: Հանդեսի միջոցով միջազգային գիտական շրջանակներին ՀՑԹԻ-ն ներկայացնելու է իր գործունեության արդյունքները: ՀՑԹԻ-ն աշխատանքներ է սկսել Հայոց ցեղասպանության հանրագիտարանի, Հայոց ցեղասպանության ատլասի եւ Հայոց ցեղասպանության պատկերազարդ պատմության հատորի պատրաստման ուղղությամբ: 2012 թ. ընթացքում - արտագնա շրջիկ ցուցադրություններ Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում եւ ԱՄՆ-ում: 2012 թ. - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցման եւ հին մասնաշենքի հիմնավերանորոգման աշխատանքները: |