AZG Daily #9, 24-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

Armenian Genocide

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#088, 2012-05-17 > #089, 2012-05-18 > #090, 2012-05-19 > #091, 2012-05-22 > #092, 2012-05-23
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 19-05-2012



Տեղադրվել է` 2012-05-18 23:43:42 (GMT +04:00)

ԱՂԱՍԻ ԱԼԵՔՅԱՆ. «ՕՏԱՐ ԱՓԵՐՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԴԻՄԱԳԻԾԸ, ԱՅԼԵՎ ՆԵՑՈՒԿ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ, Նիժեգորոդի մարզում եւ Ռուսաստանում հայտնի գործարար, Նիժնի Նովգորոդի դումայի նախագահի օգնական Աղասի Ալեքյանի մասին շատ էի լսել: Ու թեեւ ճակատագրի կամոք ավելի քան երկու տասնամյակ առաջ բնակություն է հաստատել Ռուսաստանի «եվրոպական սրտում»ՙ հնամյա Նիժեգորոդի մարզում, այնտեղ զրոյից սկսելով դարձել հզոր բիզնեսմեն եւ արժանացել տեղաբնակների համակրանքին ու ջերմ վերաբերմունքինՙ հոգով եւ սրտով մշտապես իր հայրենիքի հետ է եւ դժվարին պահերինՙ նրան նեցուկ է ու կարեկից:

Աղասի Ալեքյանը հետաքրքիր զրուցակից է, լայն աշխարհայացքի տեր եւ գիտելիքների մեծ պաշարով օժտված անձնավորություն: Տնտեսագետի մասնագիտությունը նրան չի խանգարել խորապես թափանցելու պատմության խորքերը, ուսումնասիրելու արվեստի մի շարք ճյուղեր: Իսկ վերջին տարիներին մեծ ուշադրություն դարձնելով ընտանեկան ակտիվ հանգստինՙ առիթն օգտագործելով ուսումնասիրում է տարբեր երկրների պատմամշակութային արժեքները, հուշարձաններն ու թանգարանները: Վերջին շրջանում ընտանիքով այցելել են Գերմանիա, Չեխիա, Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Եգիպտոս:

Զրուցակիցս անսահման սիրով է խոսում Նիժեգորոդի մարզի եւ Նիժնի Նովգորոգ մարզկենտրոնի մասինՙ հպարտանալով, որ հայերն այդ կողմերում շուրջ 250 տարվա հիշատակություն ունեն եւ մեծ հետք են թողել մարզի զարգացման գործում:

- Ամենահին փաստաթուղթը, որ պահպանվել է մարզային արխիվի պահոցումՙ թվագրված է 1776 թվականի հոկտեմբերի 3,- ասում է Աղասի Ալեքյանը:- Այն մի պատվոգիր է, որը շնորհվել է հայ վաճառական Լազար (Ղազար) Լազարեւին եւ նրա 4 որդիներին: Լինելով մեծահարուստ վաճառականներՙ Լազարյանները առեւտրական կապեր են ունեցել Ռուսաստանի հետ, գնել են կալվածքներ, գործարաններ, աղի հանքեր, դարձել մեծահարուստ կալվածատեր-արդյունաբերողներից: Եկատերինա 2-րդի հրամանով 1774 թվականին Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս: Մոտ կանգնած լինելով ռուսական արքունիքինՙ Լազարյանները մեծապես նպաստել են հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը եւ ձգտել Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրմանը...

Զրուցակցիս խոսքերովՙ ամենահամեստ հաշվարկներով այսօր Ռուսաստանում գրեթե երկու միլիոն հայ է ապրում: Հարյուրավոր տարիներ հայ եւ ռուս ժողովուրդների պատմությունն ավելի ու ավելի է միահյուսվել եւ մշակույթն այդ ամենից դուրս մնալ չէր կարող: Օրինակ, 12-րդ դարում արդեն հայերենից ռուսերեն թարգմանվեցին «Գրիգոր Լուսավորչի կյանքը» եւ «Երանելի կույսերի կյանքը» ձեռագրերը: Հայ գեղանկարիչները պատկերազարդել են Նովգորոդյան տաճարը, հայոց այբուբենի տառերը փորագրված են Յարոսլավ Իմաստունի դամբարանի տանիքին, իսկ 16-րդ դարում արդեն հայերը սպասված հյուր են դառնում Մոսկվայում...

Կրկին վերադառնալով մեր օրերըՙ Ալեքյանը նշում է, որ Նիժեգորոդի մարզում այսօր ապրում է շուրջ 13 հազար հայ, ոչ պաշտոնական տվյալներովՙ 30 հազար:

- Նիժնի Նովգորոդում վաղուց ձեւավորված ավանդույթներ կան ազգությունների միջեւ, եւ ես ուրախ եմ, որ դրանք շարունակվում են: Ինչ վերաբերում է հայերին, նրանք բնականոն ձեւով ինտեգրվել են մեր իրականությանը, դարձել նրա մի մասնիկը, իսկ մեր հայ համայնքն էլ ակտիվ ներգրավված է քաղաքի տնտեսական եւ մշակութային կյանքում:

Իմ խնդրանքով Ալեքյանը համառոտակի ներկայացնում է նաեւ իր անցած ուղին:

Ծնվել է 1965 թ. հունիսի 5-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 1982-ին ավարտելով հայրենի գյուղի միջնակարգ դպրոցըՙ մեկ տարի անց զորակոչվել է խորհրդային բանակ: Ծառայությունն անց է կացրել Մոսկվայում: Զորացրվելուց հետո ընդունվել եւ 1990-ին ավարտել է Գորկու պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 2007-2009 թթ. ստացել է երկրորրդ բարձրագույն կրթությունը` գերազանցությամբ ավարտելով Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը` «Պետական եւ մունիցիպալ կառավարում» մասնագիտացումով: Ամուսնացած է, ունի 5 երեխա` 3 դուստր եւ 2 որդի:

- Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1987 թվականից` Գորկի քաղաքում հիմնելով «Գեղարդ» կոոպերատիվը:- Ի դեպ, Խորհրդային միությունում կոոպերատիվ շարժումը նոր-նոր էր սկսվում, եւ ես, փաստորեն, «առաջին ծիծեռնակներից» էի: Առաջին գործս մեծ հաջողություն ունեցավ. փոքր արտադրություն էր, կտորեղենի եւ հագուստեղենի վրա նկարներ էինք դրոշմում:

Համալսարանն ավարտելուց հետո որոշեցի ավելի ծանրակշիռ գործ ձեռնարկել եւ 1991-ին ստեղծեցի մասնավոր ձեռնարկություն` «Մաքսը», որը Ձերժինսկի քաղաքի Սվերդլովի անվան քիմիական գործարանից քիմիկատներ էր առաքում Մինսկ:

1994-ին հիմնել եմ «Ռուսքիմվեստ» ՍՊԸ-ն, որը դարձավ «Գազ» եւ «Տատէներգո» հայտնի ընկերությունների գլխավոր ներկայացուցիչներից մեկը Ռուսաստանում, իսկ 1997-ին իմ կողմից հիմնադրված «Ավտոբան» ընկերությունը կարճ ժամանակում դարձավ Գորկու ավտոգործարանի 12 խոշոր դիլերներից մեկը: Ավտոմեքենաների վաճառք իրականացնող «Ավտոբանը» միաժամանակ սկսեց զբաղվել նաեւ ճանապարհաշինությամբ եւ ճանապարհների նորոգումով: Ընկերությունը գնեց հզոր տեխնիկա, ձեռք բերեց ասֆալտբետոնի սեփական գործարան եւ ճանապարհների որակի վերահսկման մասնագիտացված լաբորատորիա: 2005-ին «Ավտոբանը» դարձավ ճանապարհաշինությամբ զբաղվող տասը խոշորագույն ընկերություններից մեկը: Այդ ընթացքում կյանքի կոչվեցին բազմաթիվ մեծ ծրագրեր. ճանապարհների շինարարություն, նորոգում եւ բարեկարգում Նիժեգորոդի մարզում, Նիժնի Նովգորոդ քաղաքում, Գորկի քաղաքի երկաթուղու եւ մի շարք զորամասերի տարածքներում ու բազմաթիվ այլ վայրերում: Ընկերությունը դարձավ ճյուղի խոշոր առաջատարը ամբողջ Նիժեգորոդի մարզում: Այդ ամենին զուգահեռՙ 2004 թվականից «Ավտոբանը» ընդլայնեց իր գործունեությունն ու սկսեց զբաղվել նաեւ բնակարանաշինությամբ: 2005-ին շինարարական մի քանի խոշոր մրցույթ շահեցինք եւ մեծ թափով սկսեցինք բնակելիներ կառուցել: Դրանց մեջ առավել աչքի են ընկնում մի քանի էլիտար բազմահարկ բնակելիներՙ ստորգետնյա ավտոկայանատեղիներով: Շինարարական բուռն վերելքը շարունակվեց մինչեւ 2009 թվականը:

2006-ին մեր ընկերությունը սկսեց զբաղվել նաեւ ռեստորանային բիզնեսով: Նիժնի Նովգորոդ քաղաքում բացվեց 120 տեղանոց «Գառնի» հայկական ռեստորանը: Այստեղ հավաքվեց պրոֆեսիոնալների համերաշխ թիմ: Նոր ռեստորանը կարճ ժամանակամիջոցում մեծ ճանաչում գտավ եւ արժանացավ Նիժնի Նովգորոդի բնակչության ընդունելությանն ու բարեհաճ վերաբերմունքին: Եվ պատահական չէր, որ 2008 թվականին քաղաքի վարչակազմի հայտարարած մրցույթում «Գառնին» մրցանակ շահեց եւ դասվեց քաղաքի 6 լավագույն ռեստորանների շարքը, իսկ ավագ խոհարարը հաղթող դարձավ «Տարվա հայտնություն» անվանակարգում:

Աղասի Ալեքյանն ինչպես Նիժեգորոդի մարզում եւ Նիժնի Նովգորոդ քաղաքում, այնպես էլ Ռուսաստանում երկար տարիներ աչքի է ընկել նաեւ իր բարեգործական նշանակալի գործունեությամբ: Բարեգործությունը, ըստ նրա, ոչ թե ցուցամոլություն է, այլՙ հավատամք, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության դրսեւորում, որն իր մեջ ներառում է կարեկցանք մերձավորի հանդեպ եւ բարոյական պարտավորություն կարիքավորների ու չքավորների նկատմամբ:

- Բարեգործությունը քրիստոնեական առաքինություններից մեկի` ողորմության արտահայտությունն է, Հին կտակարանում բարեգործությունը դրսեւորվում է որպես տկարների նկատմամբ կարեկցանքի արտահայտություն, որն իր ուղղվածությամբ մեկ նպատակ ունի` շահել Աստծո բարեհաճությունը,- ասում է զրուցակիցս ու շարունակում,- եկեղեցու հայրերը մշտապես հիշեցրել են բարեգործության անհրաժեշտության մասին: Բարսեղ Կեսարացին ասում է, որ խնայված ավելորդ հացը պատկանում է սովյալին, ավելորդ հագուստը` մերկին, իսկ հողին պահ տրված արծաթը` աղքատին: Իսկ Հովհան Ոսկեբերանի ձեւակերպմամբ` հարուստ լինել չի նշանակում շատ ունենալ, այլ` շատ տալ:

Իր նշած սկզբունքներին հավատարիմՙ Աղասի Ալեքյանն արդեն երկար տարիներ հովանավորում է Նիժնի Նովգորոդ քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզը, ստանձնել է մարզի մի շարք թանգարանների եւ մանկական հաստատությունների շեֆությունը: Նիժեգորոդի մարզի եկեղեցիների վերականգնողական աշխատանքների համար արժանացել է Ռուս ուղղափառ եկեղեցու «Սուրբ Սերաֆիմի» առաջին աստիճանի մեդալի, արդեն տեւական ժամանակ աջակցում է մարզի հաշմանդամներին եւ վերանորոգում նրանց բնակարանները:

Նա եղել է 2008 թվականից Նիժնի Նովգորոդում կառուցվող «Սուրբ Ամենափրկիչ» հայկական եկեղեցու գլխավոր հովանավորը եւ ներկայումս եկեղեցու խորհրդի անդամ է:

- Հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցները լավ են հասկանում, թե ինչ նշանակություն ունի հայկական եկեղեցին օտար ափերում,- ասում է Աղասի Ալեքյանը:- 2008 թվականի դեկտեմբերի 21-ը անմոռաց կմնա Նիժնի Նովգորոդի հայ համայնքի հիշողության մեջ: Այդ օրը Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ կատարվեց «Սուրբ Ամենափրկիչի» հիմնարկեքը: Արարողության ընթացքում, ըստ Հայ եկեղեցու ավանդության, 16 հիմնաքարերը լվացվեցին ջրով, գինով եւ սրբագործվեցին մյուռոնով: Հիմնարկեքի արարողությունից հետո մեծ ոգեւորությամբ եւ լայն թափով սկսվել է շինարարությունը: Եկեղեցին օծվել է 2011 թվականին: Այն կառուցվել է բացառապես մեր միջոցներով, կազմակերպվել են բարեգործական համերգներ: Եկեղեցին ունի ադմինիստրատիվ եւ կրթական կենտրոն, որին մաս է կազմում նաեւ կիրակնօրյա հայկական դպրոցը, որը մատաղ սերնդին իր արմատներին կապելու կարեւորագույն եւ հուսալի երաշխիք է: Եկեղեցու բարձրությունը 19 մետր է, մակերեսը կազմում է 259 քմ, աղոթատեղիի մակերեսը` 100 քմ: Եկեղեցում տեղավորում է միանգամից 200 մարդ: Իսկ շինարարության երկրորդ փուլը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերին...

Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Ալեքյանը, հայկական եկեղեցին նորություն չէ Նիժնի Նովգորոդում. քաղաքի տոնավաճառի տեղում 1828 թվականից ի վեր կանգնած է եղել հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել էր ճարտարապետ Լեյերի նախագծով` ցարական գանձապետարանի գումարներով, եւ որը կանգուն մնաց մոտ 100 տարի, ապա ինչպես շատ այլ եկեղեցիներ, քանդվեց 20-րդ դարի 30-ական թվականներին:

Իր չափազանց ծանրաբեռնված ու հագեցած առօրյայում Ալեքյանը կարողանում է ժամանակ գտնել եւ տեղ հատկացնել նաեւ սպորտին, որը նրա գլխավոր նախասիրություններից է: Ուսանողական տարիներին զբաղվել է ծանրամարտով, դարձել միջբուհական առաջնության չեմպիոն: Ներկայումս ակտիվորեն զբաղվում է մեծ թենիսով, որը օգնում է վերականգնել ուժերը: Նա իր բարեգործական ձեռնարկումներում աչքաթող չի արել նաեւ մարզական բնագավառը. 2008-ին դարձավ Նիժնի Նովգորոդում անցկացված մանկապատանեկան համառուսական ազատ ոճի ընբշամարտի առաջնության գլխավոր հովանավորը, իսկ 2007 թվականից մինչ օրս Մոսկվայում անցկացվող եւ տարեցտարի մեծ համբավ ու ճանաչում վայելող «Արմենիա Դիասպորա» խորագիրը կրող թենիսի ամենամյա բաց առաջնության գլխավոր հովանավորներից մեկն է: Ի դեպ, 2012 թ. թենիսի 7-րդ առաջնությունը տեղի է ունեցել բոլորովին վերջերսՙ ապրիլի 28-ին, Մոսկվայի «Մեգասֆերա» մարզահամալիրում: Ալեքյանը անսքող ուրախությամբ նշում է, որ մեծ սպորտի շուրջ մեր հայրենակիցներին միավորող եւ համախմբող այդ միջոցառումն այս տարի եւս վերածվեց սքանչելի տոնի:

- Արդեն քսան տարուց ավելի հեռու գտնվելով հայրենիքիցՙ այս ամբողջ ընթացքում ես միշտ Հայաստանի հետ եմ եղել,- ասում է Ալեքյանը: Ինձ հետաքրքրում է հայրենիքիս եւ հայության հետ կապված ամեն ինչ` պատմություն, մշակույթ, ներկա: Ես հատուկ վերաբերմունք ունեմ ազգապահպանության խնդիրների հանդեպ: Սխալված չեմ լինի եթե ասեմ, որ դա ամենամեծ խնդիրն է Սփյուռքում: Վտանգավոր միտումները շատ են եւ իմ գործունեությամբ աշխատում եմ կանխել անցանկալի հետեւանքները: Երբեմն դա ստացվում է: Ինչ վերաբերվում է իմ հայաստանյան գործունեությանը, ապա ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանում իմ հիմնած «Հով-Խաչ» ընկերության կողմից կառուցվել եւ 2010-ին շահագործման է հանձնվել «Յոթաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու եւ ոռոգման ջրով ապահովում է իմ հայրենի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր եւ Ողջաբերդ համայնքներին: Ներկայումս ընկերությունը նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան, որի շահագործումը նախատեսված է 2012 թ. 3-րդ եռամսյակում... Այնպես որ` հայրենիքիս օգնում եմ ինչով կարողանում եմ, մենք պետք է հպարտ լինենք, որ ունենք բազմադարյան պատմություն, որ մեր ժողովուրդը տառապանքների գնով պայքարել է անկախ հայրենիք ունենալու համար, որպեսզի հայն այնտեղ ապրի ազատ եւ հպարտության զգացումով: Եվ ես ամեն անգամ, երբ պատեհ առիթն օգտագործելով թեկուզ մի քանի օրով վերադառնում եմ Հայաստան, ապրում եմ այդ մեծ բերկրանքն ու ուրախությունը:

Աղասի Ալեքյանը նաեւ տեղեկացրեց, որ իր եւ իր ղեկավարած հայ համայնքի երկար տարիների համառ ջանքերի շնորհիվ Նիժնի Նովգորոդի համալսարանն արդեն դարձել է հայագիտության առաջատար կենտրոններից մեկը: Նիժնի Նովգորոդի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում անցյալ տարվա ապրիլին տեղի ունեցավ գիտաժողով` «Հայաստանը քաղաքակրթությունների երկխոսության մեջ» թեմայով: Հայաստանից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, ՌԴ եւ արտերկրի այլ տարածաշրջաններից մասնակցելու էին եկել տասնյակ գիտնականներ, դիվանագետներ, ուսանողներ, ասպիրանտներ եւ բազմաթիվ այլ հյուրեր: Գիտաժողովի լիագումար նիստին ներկա էր եւ ելույթ ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, որը նախորդ երեկոյան հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ Մոսկվա մեկնելուց առաջ նրան ընդունեց Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետ Վալերի Շանցեւը: Իր ելույթում Եսայանը բարձր գնահատեց համալսարանի հայագիտական հետազոտությունների ծրագիրը եւ առաջարկեց ՀՀ դեսպանատան մրցանակներ սահմանել համալսարանի ուսանողների համար. մի մրցանակըՙ հայոց լեզվի ուսումնասիրման հաջողությունների համար, մյուսըՙ հայագիտության բնագավառում լավագույն հետազոտության համար: Գիտաժողովի արդյունքների հիման վրա ընդունվեց հռչակագիր, որն արտացոլում է Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների հայագետների ձգտումըՙ ամրապնդելու համագործակցության կապերը, համակարգելու ջանքերը հայագիտության, հայերի ինքնության պահպանման ու ամրապնդման ուղղությամբ: Հռչակագրով Նիժնի Նովգորոդի պետական համալսարանում ստեղծվեց հայագիտության կենտրոն:

- Մեր հայ համայնքը հպարտանում է իր ձեռքբերումներով,-նշում է զրուցակիցս,- ճակատագրի կամոք ռուսական այդ անկյունում հավաքված մեր հայրենակիցները, որոնց մեջ կան մեծ թվով շնորհալի, տաղանդավոր եւ արժանապատիվ մարդիկ, մխիթարվում են նրանով, որ այս խառը ժամանակներում կարողանում են ոչ միայն պահպանել հայ մարդու իրենց դիմագիծը, այլ նաեւ զբաղվել հայապահպան եւ հայանպաստ գործունեությամբ: Իսկ այն, ինչը որ անում ենք հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, հավատացնում եմ` Աստվածահաճ առաքելություն է: Ռուս ժողովրդի հպարտություններից մեկը` Ալեքսանդր Նեւսկին, ասել է. «Ուժի մեջ չէ Աստվածը, այլ ճշմարտության»: Մեր ժողովրդի հարատեւության գաղտնիքը հենց այդ ճշմարտությանն անդավաճան մնալու մեջ է...

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվա

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 19-05-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.