ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ» ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է Հիմնադրվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը: Հիմնադրամի նպատակներն են սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծումը, սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացումը եւ կիրառությունը, գիտական, գիտատեխնիկական եւ գիտաինովացիոն գործունեության իրականացումը, բարձր որակավորման գիտական եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստումը եւ այլն: Անդրադառնալով կառավարության երեկ ընդունած այդ որոշմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Ունենք մի խումբ տաղանդավոր ֆիզիկոսներ, որոնք այս գործի նվիրյալներն են, եւ նրանց ջանքերի շնորհիվ մենք կարողացել ենք տարբեր հեղինակավոր կենտրոնների հետ կապեր հաստատել, ստանալ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն: Մի քանի միլիոն եվրոյի սարքավորում արդեն գտնվում է Հայաստանում, եւ իմ կարծիքովՙ այս կենտրոնը բավական հեռանկարային է: Մենք նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ նախորդ ամիս այցելել ենք այդ կենտրոն: Տեղում հնարավորություն ունեցանք ծանոթանալու հեռանակարային ծրագրերին, որոնք այսօր կան հիմնադրամում: Այս որոշումը հիմնադրամին հնարավորություն կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու եւ կայացնելու այդ կենտրոնը»: |