ՄԻ ԲՈՒՌ «ՈՒՂԵՐՁՆԵՐ» ՕԲԱՄԱՅԻՑ, ՊՈՒՏԻՆԻՑ, ՕԼԱՆԴԻՑ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կրկնությունը, ասում էին, գիտության մայրն է, ու կատակումՙ բթության էլ հայրը «Ռազմական ուժի օգտագործումը հակամարտության կարգավորման չի բերի, այլ միայն կերկարացնի տառապանքն ու աղետները, որոնց երկար ժամանակ ենթարկվում են տարածաշրջանում ապրող ժողովուրդները», ըստ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջի, Լոս Կաբոսում G20-ի գագաթաժողովին մասնակցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբաման (ԱՄՆ), Վլադիմիր Պուտինը (Ռուսաստան) եւ Ֆրանսուա Օլանդը (Ֆրանսիա) ղարաբաղյան հակամարտության առնչությամբ այսպիսի համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարությամբ նախագահներն ընդգծել են, որ «միայն բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորումը հնարավորություն կտա ելք գտնել ստեղծված իրավիճակից ու ապահովել տարածաշրջանի անվտանգ ապագան ու բարգավաճումը»: Թեեւ հայտարարության մնացյալ հատվածում որոշակի մոտեցում է ներկայացվում վերջին իրադարձություններին ու բանակցային գործընթացին ընդհանրապես, սակայն, ակնհայտորեն, հավասարության նշանով մատուցվող այսօրինակ «գնահատականները» առանձնակի ազդեցության հնարավորություն չեն կարող ունենալ, հատկապես երբ տեքստում ներկայացվող «կարեւոր որոշումների ընդունման» հիմնական ու ցցուն խոչընդոտողը մնում է Ադրբեջանը, որն, ի դեպ, նույն համանախագահող երկրների նախագահների հետ հանդիպումների ավարտին ստորագրված հայտարարությունները ոտնահարում է ադրբեջանական մայրաքաղաք չհասած: «Մենք` համանախագահող երկրների նախագահներս, միասնական ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը մեր հաստատակամ հանձնառության հարցում: Հակամարտության կողմերը չպետք է այլեւս հետաձգեն տեւական ու խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ կարեւոր որոշումների ընդունումը», հայտարարությամբ երեք նախագահները փաստացի «անգործության» մեջ են մեղադրում ինչպես Հայաստանին, այդպես էլ Ադրբեջանին: Մինչդեռ նույն այդ համանախագահողների բազմաթիվ կոչեր անպատասխան են մնացել միայն Ադրբեջանի պարագայում այն դեպքում, երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել, ավելին, չի խոչընդոտել որեւէ առաջարկի առնչությամբ հնարավոր զարգացումներին: «Ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չձեռնարկեցին այն վճռական քայլերը, որոնց մեր երկրները կոչ էին անում 2011-ի մայիսի 26-ին Դովիլում ընդունված համատեղ հայտարարությամբ», նշում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները, ըստ էության Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջ խնդիր դնելով ու այդ խնդիրը լուծելու թերեւս մոտակա հնարավորություն ապահովելու հեռանկարով, ասել է թեՙ կարելի է սպասել նախագահական մակարդակի հանդիպման: Հիշեցնենք, որ «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում Դովիլում արված համատեղ հայտարարությամբ նույն այս եռյակի նախագահները նախ շեշտում էին, թե «ժամանակն է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար կատարելու որոշիչ քայլ խաղաղ կարգավորման ուղղությամբ», Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ անելով «քաղաքական կամք դրսեւորել ու ավարտին հասցնել Հիմնարար սկզբունքները հունիսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում»: Իսկ թե ինչ եղավ 2011-ի հունիսին Կազանում` հիշեցման կարիք չկա, միայն նշենք, որ նույն Ադրբեջանը Կազան գնաց ոչ թե ինչ-որ բան «ավարտին հասցնելու» մտադրությամբ, այլ, ինչպես հետագայում պարզվեց, «տասը առաջարկները» թեւի տակ դրած, ինչն էլ փաստացի մեծ հույսեր ու սպասումներ ծնած Կազանի հանդիպումը ձախողում դարձրեց: Իսկ նույն դովիլյան հայտարարության մեջ արված կոչը, թե «ուժի կիրառումն է ծնել ներկայիս առճակատման ու անկայունության վիճակը, ու նորից ուժի կիրառումը նոր տառապանք ու ավերածություն կբերի ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից», ադրբեջանական կողմի արձագանքի առումով այդպես էլ մնացել է օդում կախված, հատկապես երբ նույն այդ կոչն ավարտվում էրՙ «կողմերի առաջնորդներին կոչ ենք անում իրենց բնակչություններին պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի»: Այս հարցում էլ Ադրբեջանը նախընտրում է աշխարհին շանտաժ անելու իր ռազմատենչ հռետորաբանությունը բանեցնել, իսկ նույն միջազգային հանրությունը չի դատապարտում թեկուզ «բոլոր հայերը մեր թշնամին են» կամ «հայերը ֆաշիստ են» հայտարարություններով սեփական ժողովրդին ատելության դրդող Ադրբեջանի նախագահին: Ինչեւէ, հունիսի 19-ի ժամը 01.15-ով թվագրված վերջին հայտարարությունում, այնուամենայնիվ, փորձ է արվում դրական, լավատեսական մոտեցում էլ ընդգրկելու: «Այդուհանդերձ, արդեն իսկ ձեռք բերված առաջընթացը պետք է ազդակ հաղորդի համընդհանուր խաղաղության ապահովման տանող շրջանակային համաձայնության աշխատանքն ավարտելուն», նշել են նախագահներըՙ կրկին չմանրամասնելով, թե առաջընթաց ասվածը ինչու է մնացել կես ճանապարհին: «Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում անպայման «արագացնել» 2012-ի հունվարի 23-ին Սոչիում իրենց արած հայտարարության մեջ նշված ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը», ասվում է հայտարարությամբ, հավելմամբՙ «Որպես իրենց քաղաքական կամքի հաստատում նրանք պետք է ձեռնպահ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքորոշում դրսեւորելուց, պահպանեն 1994-ի հրադադարի համաձայնագիրը եւ խուսափեն լարվածությունը ուժգնացնող թշնամական հռետորաբանությունից»: Թե հատկապես ո՞ւմ պետք է հասցեագրվեին այս կոչերը` առավել քան ակնհայտ է, ճիշտ այնպես, ինչպես նույն հասցեատերն ունի այս համատեղ հայտարարությամբ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներով` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառմամբ, տարածքային ամբողջականությամբ ու ժողովուրդների իրավահավասարությամբ եւ ինքնորոշման իրավունքով ղեկավարվելու կոչերը: Օբաման, Պուտինն ու Օլանդը հայտարարությամբ հավաստիացրել են. «Մեր երկրները կշարունակեն աշխատել կողմերի հետ: Մենք նրանց կոչ ենք անում ամբողջությամբ օգտագործել Մինսկի խմբի համանախագահների միջնորդային օժանդակությունը: Ի վերջո խաղաղության ճակատագիրը կախված կլինի հակամարտության մասնակիցների համաձայնության գալու պատրաստակամությունից` փոխըմբռնման, այլ ոչ միակողմանի առավելությունների հասնելու ճանապարհով, ինչպես նաեւ ընդհանուր բարիքի գիտակցմամբ, որ խաղաղություն կբերի նրանց ժողովուրդներին ու ապագա սերունդներին»: Մնում է ասել` «անուշ» կամ «անուժ»` ով ինչպես կհասկանա: |