ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Մ. Խ. Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության նիստ, որին մասնակցում էր ՀՀԿ խմբակցության մեծամասնությունը: Նիստը կազմակերպչական խնդիրներ է քննարկել: Իհարկե, կազմակերպելու բան կա` այսօր կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը, որի քվեարկությունը չպետք է խնդիրներ հարուցի: Քննարկվելու է նաեւ Սեւանա լճից ջուր վերցնելու նախագիծը, որը եւս միանշանակ չի ընդունվում: Ընտրվել է նաեւ ՀՀԿ խմբակցության նոր քարտուղար, դա, ինչպես եւ սպասվում էր, Գագիկ Բեգլարյանի փոխարեն օրերս մանդատ ստացած Հովհաննես Սահակյանն է: Ի դեպ, երեկ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը ստորագրել է այն որոշումը, որով այսօր կսկվի հինգերորդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանն ու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը: Սակայն ամեն ինչ դրանով չի սահմանափակվելու, քանի որ մի այլ որոշմամբ արտահերթ նիստ էլ է գումարվելու` Հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից հետո, որի օրակարգում մի շարք օրենքներ են, այդ թվումՙ Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելը թույլատրող օրենքը: Կառավարության հերթական նիստում որոշում էր կայացվել դիմել ԱԺ` գյուղատնտեսական նպատակներով Սեւանա լճից 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնելու համար, վարչապետն էլ ասել էր, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, եւ ջրի սակավության պատճառով վտանգված է Արարատյան դաշտի գյուղատնտեսական համալիրը: |