«ԿՅԱՆՔ ՓՐԿՈՂԻ ԿՅԱՆՔԸ ՉԵՆ ԽԼՈՒՄ» ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վերջին հրաժեշտը մայոր Վահե Ավետյանին Զեյթուն թաղամասի Դրոյի 83 հասցեն արդեն երրորդ օրը մարդաշատ է. թաղամասի հենց սկզբում սեւ պաստառ էՙ Վահե Ավետյան-33: Նրա պատմությունը ցնցեց հասարակությանը, մահը ստիպեց վերարժեւորել կյանքն ու պայքարել անարդարության եւ անպատժելի մթնոլորտի դեմ, որ այսօր առկա է մեր երկրում: 33-ամյա Վահե Ավետյանը ՊՆ բուժծառայության մայոր է, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավարը: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Հունիսի 17-ը նրա համար դարձավ ճակատագրական: Երեկոյան ընկերներից մեկի ծննդյան տոնը նշելու համար Վահեն այցելել է «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագել այցելուներից մեկի եւ համալիրի մատուցողի միջեւ: Վիճողները դուրս են եկել բակ, որտեղ նրանց են մոտեցել նաեւ այցելուի ընկերներն ու ռեստորանի աշխատողները: Նրանց ներկայությամբ մատուցողը հարվածել է Վահեին, րոպեներ անց անվտանգության աշխատողները ծեծի են ենթարկել այցելուներին: Ավելի ուշ տուժածներին տեղափոխել են ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: 13 օր շարունակ Վահե Ավետյանը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Չորս օր առաջ երեկոյան նրա սիրտը կանգնեց... Հուղարկավորությունը երեկ էր, ժամը 2-ին: Այստեղ էին ոչ միայն ընկերները, հարազատներն ու բարեկամները, այլեւ հասարակ քաղաքացիներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, զինվորականներ: Պետական պաշտոնյաներից ներկա էր միայն ՀՀ ԶՈւ ԳՇ ղեկավար Յուրի Խաչատուրովը: Մինչ հուղարկավորության արարողությունը Վահեի ծնողներին են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարները ցավակցել են Վահեի ծնողներին եւ դատապարտել կատարվածը: Վահեի վերջին հանգրվանը Զեյթունի քաղաքային գերազմանատունն է: «Կներեք, բայց ոչինչ ասել չեմ կարող: Սա ողբերգություն է, ազգի ողբերգությունը»: Սա այն հիմնական պատասխանն էր, որ ասում էին Վահեի զինվորական ընկերներըՙ դժվարանալով զսպել արցունքները: «Վահեն բազմաթիվ կյանքեր է փրկել, իսկ կյանք փրկողին, մարդուն վերստին կյանք պարգեւողի կյանքը չեն խլում: Ես միայն մի բան եմ ուզում, որ մեղավորները պատժվեն, որ Վահեի դեպքը լինի վերջինը: Եթե երկրային օրենքն էլ չպատժի, Աստված կպատժի», ասում է հարեւան, ընտանիքի բարեկամ Գեւորգ Մինասյանը : Բոյկոտել «Հարսնաքար» ռեստորանը: Սա անուղղակի կոչ է, որ մի քանի օր շարունակ անում են հարյուրավոր քաղաքացիներ: Երեկ այս կոչին անուղղակիորեն միացավ նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը : «Կա իրավական պատիժ, բայց կա նաեւ հանրային պատիժ: Երբ Արեւմուտքում մարդիկ բոյկոտում են այս կամ այն ընկերությանը, երբ հակաօրինական որեւէ բան են տեսնում: Նույնը պետք է անել այստեղ եւ այդ կերպ պատժել», ասում է նա: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում էՙ գործը բացահայտվելու է, մեղավորները պատժվելու են. «Հարսնաքարի» դեպքից հետո արդեն երկրորդ անգամ է ոստիկանապետը նման հայտարարություն կատարում, անընդհատ շեշտելով, որ գործի քննությունն ընթանում է արդար, թափանցիկ: Թե գործում որքան է «Հարսնաքարի» տիրոջՙ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատասխանատվությունը, ոստիկանապետը շեշտում է. գործը նախաքննության փուլում է, բոլոր մեղավորները կպատժվեն: Երեկ հայտարարություն է արել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը : Վերջինս ասել է, որ դեպքից հետո զրուցել է «Հարսնաքարի» սեփականատիրոջ հետ եւ պարզվել է, որ Հայրապետյանն էլ է դատապարտում երեույթը: «Հարուցվել է քրեական գործ, որի ողջ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Մեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, սակայն մենք հանդուրժող ենք, եւ պետք է օրենքները հարգենքՙ լինի հասարակ քաղաքացի, թե սպա, քանի որ ժամանակ առ ժամանակ հարաբերություններում կրքեր են բորբոքվում եւ ամեն մեկը փորձում է իր «ես»-ն առաջ տանել: Լավ է, որ «Հարսնաքարի» ղեկավարությունն էլ է դա ընդունում»: Մինչ հասարակությունը քննադատում է, պահանջում արդար պատիժ, Հայրապետյանը մի քանի լրատվամիջոցի ներկայացուցիչներին հայհոյելուց հետո, փակել է ֆեյսբուքյան իր էջը, մինչդեռ ֆեյսբուքում «Հարսնաքարը» փակելու, մանդատից զրկել պահանջողների թիվը ժամ առ ժամ ավելանում է: Թեպետ շատերն են արդարացնում «Հարսնաքարը» պայթեցնել ցանկացող փոխգնդապետին, սակայն դա ինքնադատաստան է ընդամենը, դատապարտելի նույնքան, որքան մայորին ծեծի տակ սպանողների արարքը: Մեզ հարկավոր է օրինական արդարություն եւ արդարադատություն, մինչդեռ հաստավիզները մարդկանց կյանք են խլում, բայց ազատության մեջ վայելում են կյանքը: Մինչդեռ Վահե Ավետյանի տեղում կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը: Անվտանգության աշխատակիցը, թիկնապահը, վարորդը, հարուստ տղան, օլիգարխը յուրաքանչյուր վայրկյանի կարող են ձեռքերին ազատություն տալ ու մահվան աստիճան ծեծել, ասենք, սուպերմարկետում ժամկետանց թթվասեր հայտնաբերած գնորդին, կանաչ լույսի տակով անցնող ու այդ պահին «Համմերին» կանգնեցրած հետիոտնին, սրճարանում սուրճ խմող զույգին եւ այլն: Զուգադիպությամբ, Վահեի գերեզմանի հենց դիմացի ուղղության վրա է գտնվում «Հարսնաքար» ռեստորանը: Զեյթունի գերեզմանատանն ու ռեստորանին ընդամենը մի քանիՙ կյանքի-մահվան կիլոմետր է բաժանում... |