AZG Daily #84, 22-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#120, 2012-07-03 > #121, 2012-07-04 > #122, 2012-07-05 > #123, 2012-07-10 > #124, 2012-07-11
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 05-07-2012



Տեղադրվել է` 2012-07-04 23:50:14 (GMT +04:00)

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԱԿ-ԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Կարծես ցույց տալու համար, որ ինքը հանձնակատար է, այլ ոչ թե ինքնուրույն դերակատար

Վերջերս «Սիրիայի բարեկամները» Ֆրանսիայի ղեկավարությամբ հանդիպել էին Ժնեւում: Հակառակ Ռուսաստանի առաջարկին, այսպես կոչված բարեկամ երկրները հանդիպմանը Իրանին չէին հրավիրել: Սակայն Ռուսաստանը հաստատակամ մնաց իր որդեգրած դիրքորոշմանը, անընդունելի համարելով ռազմական որեւէ միջամտություն Սիրիայում: Նրա դիրքորոշումը պաշտպանում է նաեւ Չինաստանը:

Թեեւ վերջին տարիներին Թուրքիան զգալի մերձեցել է Ռուսաստանին եւ հարաճուն զարգանում են ռուս-թուրքական հարաբերությունները, սակայն դա չի խանգարում, որ Անկարան Սիրիային մոտենա ճիշտ հակառակ տեսանկյունից: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս մոտեցումն իրականում միանգամայն տրամաբանական է, որովհետեւ ռազմավարական դաշնակիցներն անգամ ոչ բոլոր հարցերում են համագործակցում միմյանց հետ, իսկ Ռուսաստանը ընդամենը Թուրքիայի գործընկերն է:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրը գործընկերությունը չէ, այլ Սիրիայի դեմ ռազմական միջամտության նախադրյալներ ստեղծելու եւ այդ միջամտությունը անմիջականորեն իրականացնելու թուրքերի անզուսպ մղումը: Թերեւս այդ առումով պատահական չէ «Սիրիայի բարեկամների» ժնեւյան հանդիպումից հետո միջամտության նախադրյալներ ստեղծելու նկատառումով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Թուրքիայի ներկայացրած դիմումը:

Դիմումի մասին հուլիսի 2-ին գրել են թուրքական թերթերը, մասնավորապես «Ենիչաղը»: Թուրքիան այդ դիմումով պահանջել է, որ ուժի մեջ դրվի ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածը, որն ուղղակի սահմանում է «խաղաղության ապահովման հարցում Անվտանգության խորհրդի լիազորությունները»: «Սիրիայի բարեկամների» ժնեւյան հանդիպմանը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի հանգամանքը մատնացույց էր արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որի օրինակին հետեւել է նաեւ նրա ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի՞ Սիրիայի դեմ «խաղաղության ապահովման առաջադրանքով ռազմական գործողություններ ձեռնարկելու» Թուրքիայի դիմումը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց որ Ռուսաստանը, ըստ երեւույթին, Չինաստանի հետ, վետո կդնի դիմումի վրա, կասկած չի հարուցում: Այդ դեպքում ո՞րն է դիմումի իմաստը: Հարցը թուրքական թերթերը պայմանավորում են Սիրիայի վրա հավելյալ ճնշում գործադրելու Անկարայի առաջարկով: Իրականում, սակայն, դիմումի պատճառը ոչ այնքան հավելյալ ճնշումն է, որքան Սիրիայի հարցում նախաձեռնությունն իր ձեռքում պահելու եւ այդ մասին միջազգային հանրությանը մեկ անգամ եւս իրազեկելու թուրքական առաջադրանքն է, որն, ըստ ամենայնի, բխում է Վաշինգտոնի համապատասխան հրահանգից:

Այլ կերպ, եթե նախագահ Բաշար Ասադի վարչակարգը թուրքական նախաձեռնությամբ տապալվի, Թուրքիան նոր իշխանության համար ճանապարհ հարթողի կարգավիճակով Սիրիայում դիրքեր ամրապնդելու, ելնելով այդ դիրքերիցՙ իր ազդեցությունը տարածաշրջանում ծավալելու հաշվարկներ է անում:

Իրատեսակա՞ն են թուրքական հաշվարկները: Ամենայն հավանականությամբՙ ոչ: Նախ իրատեսական չի թվում նախագահ Ասադի վարչակարգի տապալումը, ՆԱՏՕ-նՙ ի դեմս գլխավոր քարտուղար Ռասմուսենի , հայտարարել է, որ Սիրիայում ռազմական միջամտության նպատակ չի հետապնդում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հազիվ թե հաստատի Թուրքիայի դիմումը, մեծ են նաեւ Սիրիայում դիրքեր ամրապնդելու Ֆրանսիայի շահագրգռությունները, էլ չենք խոսում Ռուսաստանի մասին, եւ գլխավորըՙ ԱՄՆ-ի նախանձախնդիր վերաբերմունքն է, որը նա ցուցաբերում է տարածաշրջանը այլ երկրների ներթափանցումից եւ նախաձեռնություններից զերծ պահելու հարցում:

Այս ամենը ի սկզբանե ձախողման է դատապարտում թուրքական նախաձեռնությունը, եւ Թուրքիան Սիրիայում «ռազմական միջամտության» նախադրյալներ ստեղծելով ընդամենը խորացնում է թուրք-սիրիական հակասությունները, համոզելու համար տարածաշրջանի երկրներին, արաբական եւ իսլամական աշխարհին, որ ինքը հանձնակատար է, հետեւաբար չի կարող ինքնուրույն որեւէ դերակատարման հավակնություն ունենալ:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 05-07-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua