AZG Daily #83, 21-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#120, 2012-07-03 > #121, 2012-07-04 > #122, 2012-07-05 > #123, 2012-07-10 > #124, 2012-07-11
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 05-07-2012



Միջազգային

Տեղադրվել է` 2012-07-04 23:50:14 (GMT +04:00)

«ԹՄՐԱՄՈԼԸ» ԴԱՐՁԱՎ «ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱ՞Ն»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մի քանի օր առաջ Բաքվում «թմրանյութերի ապօրինի շրջանառության» մեջ կասկածանքով ոստիկանությունը հիվանդանոցից տունդարձի ճանապարհին ձերբակալել էր «Թլիշի սոդո» թերթի գլխավոր խմբագիր եւ իրավապաշտպան Հիլալ Մամեդովին: Նրա բնակարանում անցկացվել էր խուզարկություն եւ «հայտնաբերվել 35 գր. թմրանյութ»: Իրավապաշտպան Լեյլա Յունուսովան Մամեդովի ձերբակալությունը միանշանակորեն որակել էր «ազգային փոքրամասնությունների դեմ բռնություն»:

Ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Հիլալ Մամեդովի ձերբակալությունը հրահանգավորել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: Պատճառն այն է, որ Մամեդովը համացանցում տեղադրել է տեսանյութ` թալիշական «մեյխանա», եւ ուղեկցել գրառումով, որ «դրանք ավելի ճանաչելի են, քան «Եվրոտեսիլ-2012»-ը», ինչը խիստ զայրացրել է Մեհրիբան Ալիեւային, քանի որ «Եվրոտեսիլ-2012»-ի գլխավոր հովանավորը նա էր:

Ինքը` Հիլալ Մամեդովը, մեկուսարանից Լեյլա Յունուսովային հղած նամակում ձերբակալությունը բացատրել է նրանով, որ, ի հակակշիռ իշխանությունների, Մասալիի շրջանում հունիսի 12-ին կազմակերպել եւ անցկացրել է թալիշական մշակույթի փառատոն: Պատկան մարմինները կարծես թե հաստատում են, որ Հիլալ Մամեդովը ձերբակալվել է թալիշական լեզուն եւ մշակույթը քարոզելու եւ թալիշ երիտասարդության շրջանում ունեցած բարձր հեղինակության համար:

Երեկ ձերբակալված թալիշ մտավորականի դատապաշտպանին հայտնի է դարձել, որ Հիլալ Մամեդովին առաջադրվել է «պետական դավաճանության» եւ «ազգամիջյան, ռասայական թշնամանք հրահրելու» մեղադրանք: Նախաքննությունը վարում է Ադրբեջանի գլխավոր դատախազության առանձնակի ծանր հանցագործությունների գլխավոր վարչությունը:

Լեյլա Յունուսովային հղած նամակում Հիլալ Մամեդովը վկայել է, որ ենթարկվել է ֆիզիկական բռնությունների, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Մամեդովը պատմել է, որ տեսակցություն է ունեցել ոստիկանության Բաքու քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` Հազի Ասլանովի հետ: Վերջինս Մամեդովին ուշադիր լսելուց հետո հայտարարել է. «Լսիր, Հիլալ, ես կարդացել եմ իմ պապի` Հազի Ասլանովի մասին քո գրածը: Դու սխալվում ես, նա թալիշ չէր, թյուրք էր, ես էլ եմ թյուրք: Գնա եւ մտածիր, Հիլալ, դու ժամանակ դեռ ունես»:

Բարձրաստիճան ոստիկանի «խորհուրդը», որպեսզի թալիշ մտավորականը հրաժարվի ազգությունից եւ թուրքանա, ըստ երեւույթին, մնացել է չպահանջված, եւ Հիլալ Մամեդովը «ճիշտ հետեւություններ չի արել»: Այդ իսկ պատճառով ձերբակալության նախնական «պատճառը» մատնվել է մոռացության: Փոխարենը Մամեդովին առաջադրվել է ավելի ծանր մեղադրանք` «պետական դավաճանություն» եւ «ազգամիջյան, ռասայական թշնամանքի հրահրում»:

Ադրբեջանում, այսպիսով, սեփական ինքնությանը հավատարիմ մնալը «պետական դավաճանություն» է, իսկ ազգային մշակույթի փառատոնի կազմակերպումը` «ռասայական թշնամանքի հրահրում»: Հիլալ Մամեդովը երկու «ծանր հանցանք է գործել»` չի հրաժարվել, որ թալիշ է եւ կազմակերպել ու աշխարհին ներկայացրել է իր ազգային մշակույթը: Ավելին, համացանցով մեկ տարածել է, որ թալիշական երաժշտությունը ավելին է, քան Մեհրիբան Ալիեւայի կազմակերպած «Եվրոտեսլի-2012»-ը:

Հետեւաբար, «նմանի տեղը բանտն է»: Հիլալ Մամեդովը, կարելի է արդեն չկասկածել, կդապարտվի երկարաժամկետ ազատազրկման: Ավելի վաղ բանտում կտտանքներից մահացել էր նույն «Թալիշի սոդո» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովը: Վերջինիս այրին, որ քաղաքական վտարանդու կարգավիճակով ապրում է Նիդեռլանդներում, օրերս հանդես էր եկել հայտարարությամբ: Նա աշխարհին տեղեկացրել էր, որ կորցրել է ոչ միայն ամուսնուն, այլեւ երկու որդիներին: Նա միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ էր արել ամեն ինչ անել, որպեսզի Հիլալ Մամեդովը եւ նրա ընտանիքը չարժանան իր դաժան բախտին:

Կանսա՞ն եվրոպացի իրավապաշտպանները Նովրուզալի Մամեդովի այրու խնդրանքին: Հիլալ Մամեդովին կհաջողվի՞ փրկվել իլհամալիեւական «գեստապո»-ի տանջանքներից: Կհամոզվի՞ աշխարհը, որ «ադրբեջանիզմի» գաղափարահենքով կառուցված Ադրբեջանում ազգային ինքնությունը պետականորեն գնահատվում է «դավաճանություն»: Ամենակարեւորը` համոզվելուց հետո միջազգային հանրությունը քայլեր կձեռնարկի՞ կանխելու Ադրբեջանի կատարյալ ֆաշիստացումը, թե՞ կշարունակի նախապատվությունը տալ այդ երկրի աշխարհաքաղաքական եւ նավթագազային «կարեւորությանը»: Սա խնդիր է ոչ այնքան Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, որքան` նույն միջազգային հանրության համար: Քանի որ ֆաշիզմը ֆաշիզմ է` անկախ երկրի չափերից եւ հավակնություններից:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 05-07-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua