ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Չնայած երեկ ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույցով էին սպասում Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին, սակայն նա բարեհաջող եւ առանց շեղվելու եկավ Ազգային ժողով, ինչպես նախատեսված էր, եւ ելույթ ունեցավ նոր Ազգային ժողովի պատգամավորների համար: Նախ ԵԽ ղեկավարին ողջունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը : Այնուհետեւ պատգամավորներին դիմեց Հերման վան Ռոմպոյը , որի խոսքի մի շարք հետաքրքրական հատվածներ ներկայացնում ենք: «Ինձ համար մեծ պատիվ է լինել ձեր հինավուրց, աշխարհի հնագույն եկեղեցիներն ունեցող երկրում», ասաց վան Ռոմպոյը` ասելով, թե Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում Հայաստանում կատարվող բարեփոխումները եւ գործադրված ջանքերը ԵՄ-ի համար նկատելի են: Չնայած նա չմոռացավ նշել, որ մի շարք ոլորտներում` մարդու իրավունքներ, ժողովրդավարության ինստիտուտներ եւ այլն, Հայաստանում խնդիրներ կան, իսկ հատկապես երկրի ներսում քաղաքական երկխոսության համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Ռոմպոյի խոսքի առաջին հատվածը հատկանշական է նրանով, որ նա ասաց, թե եկել է լսելու պատգամավորներին, քանի որ նույնիսկ պատգամավորների ոչ հաճելի հարցերը շատ ավելի դրական կազդեն Հայաստան-ԵՄ ինտեգրման գործընթացի վրա: Սակայն որքան էլ տարօրինակ` նրան հարցեր ուղղելու հնարավորություն պատգամավորների համար չէր նախատեսված, իբր նրանք կարող էին գրավոր ուղղել իրենց հարցերը, սա կարծես վերջին պահին փոխված ընթացակարգի մասին էր վկայում: Վան Ռամպոյը նշեց, թե Հայաստան-ԵՄ մերձեցման ծրագիրը կարող է իրագործվել, եթե դա ընդունելի լինի Հայաստանի քաղաքացիների համար, այնպես որ Հայաստանի պատրաստակամությունը` բարեփոխումներ իրականացնել եվրոպական արժեքների հիման վրա, շատ ողջունելի է, ու դա Հայաստանի ռազմավարական ընտրությունն է: Նա պատգամավորներին կոչ արեց շարունակել բարեփոխումները` վերացնելով կոռուպցիան, հարգելով օրենքները եւ լրատվամիջոցների ազատությունը: Նա նաեւ նշեց, որ թեեւ որոշակի խնդիրներին` վերջին խորհրդարանական ընտրությունները քայլ առաջ էին, իսկ խնդիրներն առանձնացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում: Մի խոսքով` բարեփոխումների մասով Հայաստանը ճիշտ ճանապարհով է գնում, եւ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին, Հայաստան-ԵՄ հարաբերություններում էլ առաջընթաց է նկատվում: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը` նա նշեց, թե առանց քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության բանակցությունները չեն հաջողի, ընդհանրապես` կարգավորման գործում հասարակության կամքը խիստ կարեւոր է: Նրա խոսքով` Հայաստանի զարգացման ներուժի դրսեորումը կախված է խնդրի կարգավորումից, կարգավորման բանակցությունների ձախողումը կարող է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը խանգարել: Նա նաեւ մտահոգված էր սահմանային միջադեպերով, իսկ նրա կոչը զարմանալիորեն ուղղված էր երկու կողմերին էլ` զինադադարի ռեժիմը պահպանելու եւ ուժի կիրառումից զերծ մնալու վերաբերյալ եւ հետեւելու համանախագահների երաշխավորություններին: Նաեւ ասվեց, թե Եվրոպական միությունը պատրաստակամ է լրացուցիչ աջակցել ղարաբաղյան կարգավորմանը, քանի որ համագործակցությունը տարածաշրջանում եւ ԵՄ-ի հետ կարող է իրականացվել միայն խաղաղության եւ անվտանգության պայմաններում. «Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կայունության եւ բարգավաճման բանալի է: Հակամարտության լուծումը կախված է եւ քաղաքական գործիչներից, եւ հասարակություններից: Չի կարելի լինել սեփական պատմության գերին: Անհրաժեշտ է հաղթահարել հակամարտության առաջացրած վերքերը եւ կառուցել լավագույն ապագա», հերթապահ խոսքեր ասաց նա, հերթապահ, քանի որ մենք ոչ թե մեր պատմության գերին ենք, այլ տերը: Մեզ եւ մեր հարեւանի համար էլ բերեց երկարամյա թշնամանք հաղթահարած Գերմանիայի եւ Ֆրանսիայի օրինակը, քանի որ, ըստ վան Ռոմպոյի` միասնական Եվրոպայի ստեղծումը հեշտ չի եղել, Հայաստանն էլ մի գործընկեր է, որ պատրաստ է կիսել եվրոպական արժեքները: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալովՙ Եվրոպայի խորհրդի նախագահը վերահաստատեց եվրոպական դիրքորոշումը` առանց նախապայմանների հարաբերություններ, նշելով, թե Հայաստանի հարաբերությունների հաստատումը «ընդհանուր հարեւան եւ Եվրոմիության անդամության թեկնածու Թուրքիայի հետ կարող է ապահովել կայունությունը Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս»: Եվրոպայի խորհրդի նախագահը նաեւ ազատ առեւտրի համաձայնագրի, վիզային ռեժիմի մեղմացման, ընդհանրապես` Ասոցացման պայմանագրի խնդիրները կարեւորեց` կոչ անելով Հայաստանին շարունակել ընթացքը ժողովրդավարական ճանապարհով: |