«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Ավանդույթի համաձայն, «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնը կմեկնարկի Սուրբ Զորավոր եկեղեցում, ծիրանօրհնեքի արարողությամբ: Փառատոնի մասին «Ազգը» պարբերաբար մանրամասնորեն ներկայացրել է: Այժմ նշենք այն նորույթները, որ ներառել են այս փառատոնի ծրագրում: Փառատոնի բացումը «Մոսկվա» կինոթատրոնում կազդարարվի Համո Բեկնազարյանի «Շոր եւ Շորշոր» ֆիլմի ցուցադրությամբ, որը կուղեկցվի հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանիՙ հատուկ ֆիլմի համար մշակած ջազային կենդանի ձեւավորմամբ: Փառատոնի բոլոր օրերի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում կցուցադրվի լուսանկարչական աշխատանքների ծավալուն ներկայացումՙ համաշխարհային կինոյի մեծ վարպետների, որոնք նախորդ տարիներին արժանացել են փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակի: Իսկ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանան ջազ համերգներ հայ եւ օտար երկրներից ժամանած երաժիշտների մասնակցությամբ: Եվս մեկ նորույթՙ փառատոնի ծրագիրը հասու կլինի նաեւ բջջային ցանցում (անվճար): Մշակվել է հատուկ ծառայություն (mobile application), որի միջոցով հնարավոր կլինի ֆիլմերի մասին հակիրճ տեղեկություն ստանալ: Փառատոնի մեկնարկից առաջ լրագրողների հետ երեկ հանդիպեցին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը , Մայր աթոռի հոգեւոր-կրթական հաստատության վերատեսուչ Տ. Գեւորգ եպս. Սարոյանը , դիզայներ Նուռը (Արամ Դավթյան): Ինչպես տեղեկացրեց Հարություն Խաչատրյանը, «Առաջին անգամ հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար սահմանվել է հատուկ մրցանակ Հայ առաքելական եկեղեցու կողմիցՙ «Եղիցի լույս»: Մրցանակի արձանիկի հեղինակն է ճանաչված դիզայներ Նուռը»: Հուլիսի 12-ին Մայր աթոռի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսասրահում Վեհափառ հայրապետը այդ մրցանակը կհանձնի նշանավոր կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: Վերջինս շուրջ 20 ֆիլմերի հեղինակ է: Նրա ֆիլմերը Խորհրդային Միության փլուզումից հետո սկսեցին արժանանալ Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Մոսկվայի, Տորոնտոյի, Վենետիկի եւ եվրոպական այլ կինոփառատոների մրցանակներին: «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում կցուցադրվի Սոկուրովիՙ Լենինի, Հիտլերի եւ Հիրոհիտոյի մասին պատմող «Արեւ», «Մողոք», «Ցուլը» եւ «Ֆաուստ» ֆիլմերը: Վերջին ֆիլմը անցած տարի Վենետիկի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե առյուծ» մրցանակին է արժանացել: Պրն Խաչատրյանը եւս մեկ նորույթ ներկայացրեց. «Առաջին անգամ հատուկ մրցանակ կստանան այն լրագրողներն ու կինոքննադատները, որոնք վերլուծական 5 նյութ կհրատարակեն հայ կինոյի ներկայի մասին: Այդ անդրանիկ մրցույթի 1-ին տեղը գրավողին կտրվի 500, 2-ինՙ 300 ԱՄՆ դոլար գումար: Նպատակն էՙ հետաքրքրություն, ուշադրություն եւ վերաբերմունք հայ կինոյի զարգացման, տարածման շուրջը»: |