Վ. ՓԻԼԻԿՅԱՆԻ ՊԻԵՍԸ ՅՈՒՐՈՎԻ Է ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ «ՄԵՐԺՎԱԾՆԵՐԻՆ» Հ. Ծ. «Բորոտների գաղութը» վերնագիրն է Վոոն-Վահան Փիլիկյանի նոր բեմադրության, որը ներկայացվում է Լոնդոնի Հեքնի Ռիքի «Յարդում»: Պիեսը հասարակությունից մերժվածների մասին է, որոնք իրենց կամքից անկախ ի մի գալով ստեղծում են իրենց գաղութը, որն իրենց հարազատ տունն է դառնում: Բեմում կարճ ժամանակ հայտնվելով եւ հակիրճ խոսքեր արտասանելով նրանցից ոմանք «դուրս են ցանկանում գալ» կամ «տուն գնալ», բայց ի վերջո հասկանում են, որ դա է իրենց վերջնական հանգրվանը: Նրանք առանձնապես անելու բան չունեն, անգործ նստում են, կամ պառկում, երբեմն էլ որպես հակազդեցություն իրենց շրջապատող առարկաներն են ջարդում: Մարդկային էակն էլ իր հերթին ջարդուփշուր է լինում այդ գաղութում: Կորում է ամեն տեսակի ֆիզիկական եւ հոգեւոր պահանջ ինչ-որ բան կատարելու, ստեղծելու: Եվ իրենց «աշխարհից» դուրս կատարվող իրադարձությունները ոչ մի ազդեցություն չեն թողնում իրենց վրա: Նրանք համարյա անզգա էակներ են դարձած, բայց նրանք պահպանել են մի կարեւոր հատկանիշ, մի «անցաթուղթ», որով կարող են մուտք գործել «մյուսների»ՙ մնացած իննսունինը տոկոսի «աշխարհը»: Դա իրար հանդեպ բռնություններ չկիրառելու հատկանիշն է: Նրանք բռնություններ գործադրում են շրջապատող առարկաների հանդեպ, բայց ոչ երբեք իրար նկատմամբ: Այս յուրահատուկ սյուժեի մտահղացողը տաղանդավոր մտավորական, գրող եւ թատերագետ պրոֆ. Հովհաննես Փիլիկյանի երեք որդիներից միջնեկն էՙ Վոոն-Վահան Փիլիկյանը, ծնված 1974-ին, որն ուսանել է Օքսֆորդ, Քեմբրիջ եւ Հարվարդ համալսարաններում եւ առայժմ ապրում եւ ստեղծագործում է Լոնդոնում: Նրա կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր կինոփառատոներում: Նրա «Hammer and Flame» ֆիլմը 2005-ին արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին Երեւանի «Ոսկե ծիրան» փառատոնում, իսկ դրանից առաջ, 2003-ին, «Mummers» ֆիլմը ստացել էր ձայնային էֆեկտի լավագույն մրցանակը Անգլիայի «Ֆիլմստոք» փառատոնում: Նրա մյուս ֆիլմերից են «They Met with Darkness in the Daytime» (1997), «Machine for Swallowing the Sun» (2003), «Urgendwo» (2003) եւ «Household Gods»-ը (2008): Նա հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է «Unruowe» (2001) գրական-գեղարվեստական կինոընկերության: Հեղինակ է նաեւ «At Eclipse» խորագրով բանաստեղծությունների ժողովածուի: |