ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ «ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ-2013» ԾՐԱԳԻՐԸ Հ. Ա. Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ մեր երկրում անցկացվում են գիտական ոլորտի եւ ստեղծագործական դաշտի մրցանակաբաշխություններ: «Ազգը» մշտապես այս` համահայկական արժեք ձեռք բերած նախաձեռնության կողքին է եղել եւ կարող է արձանագրել, որ Հայաստանի գիտական ու ստեղծագործական մտավորականության աշխատանքի արդյունավետության բարձրացման ու գործունեության ակտիվացման բնագավառը դարձել է ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-իՙ Հայաստանում ծավալած գործունեության ամենակարեւոր ուղղություններից մեկը: Ինչպես անցյալ տարիներին, այս տարի էլ մրցանակաբաշխությունն անցկացվում է սփյուռքի, գիտության եւ կրթության, մշակույթի նախարարությունների հետ համագործակցությամբ եւ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների եւ Երաժշտական ընկերության մշտական մասնակցությամբ: Մրցանակաբաշխությանը մասնակցում են մտավորականներ ոչ միայն Հայաստանից ու Արցախից, այլեւ սփյուռքից, ինչը հերթական անգամ ապացուցում է այս ծրագրի համահայկական լինելը: Միայն անցած տարիներին մրցույթին մասնակցել են մտավորականության 1250 ներկայացուցիչներ, որոնցից 150 ստացել են տարբեր մրցանակներ: «Մրցանակաբաշխություն-2013-ը» մեկնարկեց այս տարվա հուլիսին, եւ Գիտությունների ազգային ակադեմիայում ու ստեղծագործական միություներում կազմված հանձնաժողովները արդյունքները կամփոփեն արդեն 2013-ի հուլիսին: Գիտնականների համար նախատեսված «Լավագույն գիտական մրցանակ» 12 անվանակարգ ունեցող մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականներ, որոնք մրցույթին կարող են ներկայացնել միայն 2011-12-ին հրատարակված գիտական հոդվածների շարք կամ մենագրություններն ու արտոնագրված աշխատանքները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երեկ ակադեմիայում կայացած մրցանակաբաշխության մեկնարկին նվիրված ասուլիսում հայտարարեց, որ գիտնականները` երիտասարդ եւ միջին տարիքի, ինչպես ամեն տարի, այս տարի էլ մեծ ակտիվությամբ կմասնակցեն միջոցառմանը: ԳԱԱ նախագահն ընդգծեց, որ մրցանակաբաշխությունը աշխուժություն է մտցրել երկրի գիտական ոլորտում: Գրողների մրցանակաբաշխությունն անցկացվում է «21-րդ դարի հայը» խորագրով: Ի տարբերություն անցյալ տարիներիՙ գրողների համար հատկացված անվանակարգերն ավելացել են, եւ այժմ նրանք մրցանակ կստանան ոչ միայն գեղարվեստական արձակ (վեպ, վիպակ, պատմվածք) անվանակարգում, այլեւ պոեզիայում եւ դրամատուրգիայում կամ մանկապատանեկան գրականության բնագավառներում: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հատկապես կարեւորեց մանկապատանեկան գրականության հեղինակների ներառումը մրցանակաբաշխությանը, քանի որ, ըստ Անանյանի, «մենք ունենք հրաշալի մանկապատանեկան գրականություն, սակայն դրա հեղինակները 50-60 տարեկան են: Հետեւաբար սա խթան կլինի, որպեսզի այս ոլորտում հեղինակները «երիտասարդանան»: Կերպարվեստի ոլորտում սահմանված են 4 անվանակարգեր` գեղանկար, քանդակ, գրաֆիկա եւ դեկորատիվ-կիրառական արվեստ: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ անցյալ տարի մցույթին մասնակցել է 73 նկարիչ. «Այս տարի, կարծում եմ, թիվը չի պակասի, եթե չաճի», ասաց Աղամյանը: Կոմպոզիտորների եւ երաժշտագետների համար սահմանված են հետեւյալ 4 անվանակարգերըՙ վոկալ-սիմֆոնիկ, կոնցերտային երաժշտություն, գործիքային անսամբլների համար գրված ստեղծագործություններ, խմբակային, վոկալ-գործիքային երաժշտություն եւ հայ երաժշտության զարգացման նոր հեռանկարները (գիտական հոդվածների ժողովածու, երաժշտական հրատարակություն, մենագրություն): Սահմանված են անվանակարգեր նաեւ լրագրողների համար` թվով 5-ը. տպագիր մամուլ, հեռուստահաղորդումներ, ռադիոհաղարդումներ, սփյուռքահայ լրատվամիջոց եւ հատուկ մրցանակ` Ռուսաստանի հայերի միության գործունեությունը լուսաբանող լավագույն հրապարակման համար: Վերոհիշյալ ստեղծագործական միություններից յուրաքանչյուրի մրցանակային հիմնադրամը կազմում է 5,5 մլն դրամ: Իսկ երգչախմբային արվեստի հետագա զարգացման նպատակով Երաժշտական ընկերության հետ անցկացվող մրցույթը, որի հիմնադրամը կազմում է 4 մլն դրամ, կունենա 3 գլխավոր եւ 3 խրախուսական մրցանակներ` երգչախմբերի համար: Ընդհանուր առմամբ «Մրցանակաբաշխություն-2013-ի» մրցանակային հիմնադրամը կազմում է 65 մլն դրամ, որից 39 մլն-ը տրամադրվում է «Գիտական եւ ստեղծագործական աշխատանքների միջազգային մրցանակաբաշխություն-2013»-ի անցկացմանը: Իսկ 26 մլն դրամը տրամադրվում է հետեւյալ ոլորտներում իրականացվող մրցույթներին` պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվում է «Լավագույն սպա եւ լավագույն զինվոր» խորագրով մրցույթ` ՀՀ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները ներառելով: Այս մրցույթի հիմնադրամը կազմում է 20 մլն դրամ: Սփյուռքի, գիտության եւ կրթության նախարարությունների հետ համատեղ անցկացվում է «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով շարադրությունների մրցույթ ուսանողների եւ աշակերտների շրջանում, որն այս տարի կլինի 8-րդը, մրցանակային հիմնադրամը կկազմի 2 մլն դրամ: Եվ վերջապես սփյուռքի նախարարության հետ համատեղ անցկացվում է նաեւ հայկական սփյուռքի համար իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալից ավանդի համար» խորագրով մրցույթը` հետեւյալ անվանակարգերում. հայկական կրթօջախ, մայրենիի պաշտպան եւ հայկական լրատվամիջոց: Այստեղ մրցանակային հիմնադրամը 4 մլն դրամ է: «Մրցանակաբաշխություն-2013»-ին դեռ բազմիցս առիթներ կունենանք անդրադառնալու: Ինչպես Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանն է ասում. «Սկզբում սա բարեգործություն էր` միտված օգնելու ԳԱԱ-ին, վերջինի շենքային կամ տեխնիկական հարցերը լուծելիս, բայց աստիճանաբար մենք բարեգործությունից տեղափոխվեցինք գիտական աշխարհում աշխուժություն մտցնելու հարթակ: Այժմ էլ կանգնած ենք մյուս փուլի առջեւ: Մենք ստանում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գիտական ստեղծագործություններ եւ աշխատություններ, որոնք ընդգրկում են համամարդկային կյանքի բոլոր ոլորտները, սա է մեր հարցերի հարցը»: |