AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 6062, Տպվել է` 120, Ուղարկվել է էլ.փոստով` 117

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանը բոլորովին էլ տարիքը չէ, բայց եւ, նախագահի թեկնածուներին նայելովՙ որոշ դեպքերում արխաիզմի զգացումը չի լքում հայ ընտրողին: Թվում է, թե դեռեւս 2008 թվի մեջ ենք կամ ավելի վաղուցվա, ու նույնիսկ 1995-96-ի` «Հայրիկյան, նախագահ», ու չկա գիտակցությունը, որ ժամանակ է փոխվել, որ ամեն ժամանակ իր պահանջներն է դնում (մարդկանց փառավոր կենսագրությունը հարգելով ենք սա ասում): Արդի ժամանակը պահանջ ունի նոր տիպի մտածողների, ասենք` փաստաբան Վահե Գրիգորյանի տիպի, առանց պոպուլիզմի ու իր գործն անող, ու ամենակարեւորը` երկրի, հայրենիքի զգացողությունը ոչ թե լեզվի վրա, այլ շատ խորքերում: Սակայն ունենք այն, ինչ ունենք, ու Սերժ Սարգսյանի առաքելությունը գուցե հենց նա պիտի լինի, որ այս անգամ եւս նախագահ դառնալով` հասարակությանը հետագայում պատրաստի նոր տիպի ղեկավարներ ունենալու մտայնությանը ու այդպես մնա նաեւ պատմության մեջ:

Բոլոր դեպքերում ամեն ինչից երեւում է, որ քարոզարշավի ընթացքում երկրի գործող նախագահը խնդիրներ չի ունենա, քանի որ առանձնապես ընդդիմախոս- մրցակից չունի, ու երկրորդ-երրորդ տեղերի համար պայքարի մասին խոսակցությունները անլուրջ են: Սակայն երկրի խնդիրներն այնքան շատ են, որ եթե անգամ հատուկ քարոզարշավ չկազմակերպեն գործող նախագահի կողմնակիցները, այլ ամեն անգամ որեւէ ոլորտից տուժածների հետ սովորական, հանպատրաստից հանդիպումներ ունենա նա (ասենք` մի անգամՙ դատական համակարգից տուժածներ, մի անգամՙ անտուններ, մի անգամՙ հարկային նոր մամլիչի տակ հայտնվելիք ստոմատոլոգներ, մի անգամՙ բանակում որդի կորցրած մայրեր եւ այլն), նախագահը ոչ մի խնդիր չի ունենա հանդիպումների մարդաշատության տեսակետից: Բայց եւ` այնքան խոստումներ պետք է ստիպված տա, որոնք հետո հարկ է կատարել, որ պարզապես նախագահ ընտրվելուց հետո առհասարակ քնելու ժամանակ չի ունենա ընտրարշավի ընթացքում վեր հանված պրոբլեմներն ուսումնասիրելու եւ դրանց լուծում տալու առումով:

Սակայն ավազի միջից դուրս հանենք քարերը, այն է` ապագա նախագահին ուղղված իրական պահանջները, որոնք բյուրեղացրել է հասարակությունը քաղաքական ուժերի հետ տարիներ ու հատկապես վերջին շրջանում տալ-առնելուց հետո:

Վերջին շրջանի դիտարկումները ցույց տվեցին մի բան` որքան էլ վիճելի թվա, վերջանում է ընդհանրապես Հայաստանի երեք նախագահների ժամանակաշրջանը: Անգամ Ռոբերտ Քոչարյանն ակնակեց, որ չառաջադրվելով` չի ցանկացել մասնակցել իշխանության համար պայքար մղող երեք նախագահների` երկրի համար վնասակար ձեւաչափին: Սերժ Սարգսյանը, ուզում ենք, թե ոչ, կընտրվի նախագահ, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի երեք նախագահներն ի վերջո հասկանան, որ այլեւս վերադարձի կամ իշխանություն փոխանցելու հնարավորություններ չեն լինելու հետագայում սոսկ այն պատճառով, որ մտածողություն ու սերունդ է փոխվում, համակարգն անցնում է անցյալի գիրկը: Ու իրենք պետք է թողնեն, որ ձեւավորվեն նոր իրողություններն ու դրանք կրողները:

Ռոբերտ Քոչարյանը, որքան էլ երիտասարդ թոշակառու, փառավորապես կառավարել է 10 տարի, դա մի ամբողջ կյանք է, նա մնացել է Հայաստանի պատմության մեջ, եւ իմաստ էլ չունի նրա վերադարձը հենց իսկ նրա համար (չնայած նրա վերջին հարցազրույցից երեւում է` նրա հայացքն ուղղված է հինգ տարի հետոյի նախագահական ընտրություններին), որովհետեւ առաջին նախագահի վերադարձի փորձն աչքի դեմ է. առաջինը եկավ, վերջնականապես վատնեց ունեցած ռեսուրսը եւ գնում է ոչնչով: Սակայն քաղաքական դաշտին առաջին նախագահի վերադարձի փորձը սպառնաց ամայացմամբ (իհարկե` իշխանության մասնակցությամբ, քանի որ իշխանության ջանքերն էլ ուղղված էին հնարավոր մրցակցին շարքից հանելուն): Հիմա նույնն ուզում է Ռոբերտ Քոչարյա՞նը: Հազիվ թե: Նրա պրագմատիզմն ունեցող մարդը ուրիշի հորինած հեծանիվի դասը հաշվի կառնի (ասածս բոլորովին չի նշանակում, որ նա չի կարող վերադառնալ երբեւէ` ասենք թեկուզ հենց վարչապետի տեսքով): Ժամանակը փոխվում է, եւ հենց սա պետք է ի վերջո ըմբռնեն երեք նախագահները: Վերադառնալով Սերժ Սարգսյանին, որին այժմ ոչ մի Ահարոն Ադիբեկյան էլ պետք չէ, հասկանալու համար, որ բոլոր սցենարներով ինքն ընտրվելու է, ապա նա եւս խնդիր ունի ընդունելու, որ Հայաստանի զարգացման համար պետք է թո՛ւյլ տալ, որ նոր գաղափարներ գեներացվեն: Խոսքը ոչ թե նշանակովի երիտասարդության ու նրա ձեռնաշարժերի մասին է, որն այժմ էլ անզեն աչքով երեւում է` հենց իշխանական բուրգում այդ նշանակովիները փորձում են ավագ սերնդի անպետքներին փոխել երիտասարդ սերնդի անպետքներով: Վերջին տեսակը պարզապես կկործանի եղած արժեքների մնացորդները Հայաստանում, այդ թվում` ե՛ւ ավագ, ե՛ւ երիտասարդ սերնդի անպետքներին ու պիտանիներին միաժամանակ: Քվոտաների վերաբաժանմամբ նոր իրողությունների Հայաստան հնաավոր չէ կերտել: Նշանակովի կամ վերին բուրգին հարմար մարդկանցով նոր քաղաքական համակարգ հնարավոր չէ զարգացնել: Առանց կրթության, առանց իրենց ներսում Հայաստանն ունեցողների հնարավոր չէ վաղվա օր կերտել: Միայն նյութական միջոցներ տիրապետողների որոշումներով ազգը կկորցնի կերպար ու ներուժ: Հարկավոր են իդեալ ունեցողների նոր սերունդներ, որքան էլ նրանց հետեւողականորեն ջարդել են: Ու դրանք փողոցներում բղավողները, կամ գեյերի իրավունքներից խոսողները չեն բնավ:

Հարկավոր է, որ որոշում կայացնողների խումբը հենց իր շահերից ելնելով դուրս գա իր սովորական գործելակերպից, թմրած մտածողության ստերեոտիպներից: Թույլ տա, հնարավորություն տա նորանոր շերտերի, ինտելեկտուալների` թաքնված եւ չերեւացող, բայց իրականում գոյություն ունեցող, ասպարեզ մտնել, իրավասություններ ստանձնել, վերջապես` դրամ վաստակել: Իսկ դա կարելի է անել միայն` զսպելով տգետ փողատերերին ու նրանց զավակներին, եւ նրանց դասին պատկանող, նրանց կողմից ամենուր խցկվող իդեալից զուրկ երիտասարդության փոխարեն իսկապես գիտելիքի հետեւից ընկածներին ու Հայաստանի ճակատագրով մտահոգներին թույլ տալ շնչել: Ինչպես որ պատերազմի ժամանակ ինքնաբերաբար առաջնորդի դերը իրականում քաջ ու հմուտ մարդիկ են ստանձնում, այլապես պատերազմը թշնամուն տանուլ տալու վտանգ կա, հիմա էլ մենք պետք է պատերազմի մեջ լինենք տգիտության, շփացածության, կլանային գործունեության դեմ` Հայաստանի ապագան փրկելու համար, ու դա պետք է անել հմուտ թիավարմամբ: Ու այդ պատերազմում նույն կլանային մտածողության կրողները կարող են կործանել գաղափարն ու Հայաստանը: Ու, տարօրինակ չթվա, հենց նոր նախագահից է պահանջվելու մտածողություն փոխելու առաջին քայլերը, որ թերուսները ասպարեզը զիջեն նավը վարել իմացող հմուտներին` դանդաղորեն, բայց անխոտոր ընթացքով:

Սա անողը պատմության մեջ մնալու է որպես նոր ժամանակները նախապատրաստող մարդ, որպես ապագան նախապատրաստող մոդերատոր... եթե այս իրողություններն ըմբռնի, զոհ չգնա սեփական կլանին եւ սեփական կուսակցական նեղ շահին, եթե իսկապես ընկալի այն ողջ հսկայական վտանգը, որ գալիս է արդեն հայերիս վրա նոր ժամանակների մատույցներում: Եթե Սերժ Սարգսյանն ընտրվի` հայերը նրանից են սպասելու այդ դժվարին ու ազգի համար հրատապ որոշումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.