ՀԱՅՏՆԻ Է ԵՎՐՈՏԵՍԻԼԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԸ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-ին եւ 16-ին տեղի կունենա Եվրոտեսիլի նախընտրական փուլը, իսկ 18-ին` եզրափակիչ երգի մրցույթը: Ահա եւ հայտնի է Եվրոտեսիլ երգի մրցույթ 2013 հայաստանյան ներկայացուցչի անունը` «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյան: «Ազգի» հետ զրույցում Եվրոտեսիլի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանն ասաց, որ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն այս տարի հայաստանյան մասնակցի ներքին ընտրություն է կատարել: Մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրոտեսիլ երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցույթային երգերը»: Ինչպես նշված է Առաջին ալիքի պաշտոնական կայքում, երգի մրցույթին կարող են մասնակցել առնվազն 16 տարեկան ստեղծագործողները, քանի որ բեմում կարող են լինել ոչ ավել, քան 6 հոգի, ուստի երգի մեջ ձայնագրված ձայների քանակը կարող է լինել ոչ ավել քան 6-ը, մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչեւ 01.10.2012-ը, ինչպես նաեւ երգի տեւողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Քաղաքական, գովազդային, վիրավորական եւ նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են: Հայտերն ընդունվում են մինչեւ փետրվարի 20-ը: Նշենք, որ օրերս Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի է ունեցել Եվրոտեսիլ 2013 երգի մրցույթի մասնակից երկրների տեղաբաշխման վիճակահանությունը: Հայաստանը կներկայանա մայիսի 16-ին 2-րդ կիսաեզրափակչում Լատվիայի, Ադրբեջանի, Մալթայի, Իսլանդիայի, Սան Մարինայի, Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Իսրայելի, Նորվեգիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի հետ միասին, նշված է Եվրոտեսիլի պաշտոնական կայքում: Այս տարի Եվրոտեսիլ երգի մրցույթի խորհրդանիշը թիթեռն է, իսկ նշանաբանը «We Are One»: |