AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 4490, Տպվել է` 207, Ուղարկվել է էլ.փոստով` 117

ԱՍՄՈՒՆՔԵԼՈՎՙ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒՄ ԷՐ

Լ. Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼՂՀ ժող. արտիստ, Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետ. թատրոնի տնօրեն-գեղ. ղեկավար

Հոկտեմբեր ամսին Բեյրութից Երեւան եկավ սփյուռքահայ տաղանդավոր ասմունքող Հակոբ Գույումջյանը եւ ունեցավ 3 ելույթ` Երեւանում, Վանաձորում եւ Ստեփանակերտում: Ստորեւ~ ռեժիսոր Լ. Հարությունյանի հատկանշական հոդվածը արցախյան ելույթի առթիվ:

Խոստովանենք, որ մեզ հաճախակի մատուցվող տարաբնույթ միջոցառումները, ոչ հաճախ կազմակերպվող փառատոները, արվեստի ճանաչված գործիչների այցելություններն ու նրանց կողմից մատուցվող բարձրարվեստ գոհարները հաճախ կորչում են առատ աճող ու անհայտությունից դեպի «Պառնասի գագաթը» գրոհող միջակությունների հորդառատ հեղեղատում:

Սակայն իսկական արվեստի վայելքից ստացած գերագույն երջանկությունը երկար ժամանակ չի լքում մեզ, եթե հասցնում ենք հեղեղատի մեջ որսալ երջանիկ պահն ու ըմբոշխնել իրական արվեստի զուլալ աղբյուրի կենսարար ջուրը:

Ահա այդպիսի զովացուցիչ ըմբոշխնումի երեկո էր հոկտեմբերի 23-ին Բեյրութի մեր հայրենակից Հակոբ Գույումջյանի հետ հանդիպումը Ստեփանակերտի երիտասարդության պալատի դահլիճում:

Նորություն չէ, ասմունքի ժանրի առանձնահատկությունը ենթադրում է լիակատար մերձեցում կատարողի եւ դահլիճի միջեւ, կատարյալ նվիրում միմյանց եւ մատուցվող նյութին:

Դահլիճը եւս պիտի պատրաստ լինի համաժամանակյա ստեղծագործության եւ, եթե կուզեք, ստեղծագործի կատարողի հետ միասին: Սա յուրահատուկ պատրաստվածություն եւ տրամադրվածություն է պահանջում հանդիսատեսից:

Ասենք, որ հենց սա էլ տվյալ դեպքում բացակայում էր, ինչի պատճառով վայելքի կատարյալ զգացումը ցավոք մնաց կես ճանապարհին: Այս մասին Հակոբ Գույումջյանը նրբորեն ակնարկեց վերջում, ասելով թեՙ «Երեկոն սպասելիքներիցս պակաս ստացվեց»: Սակայն շտապեմ ասել, որ անկախ այս ամենից, ընտրված եւ մատուցված հեղինակներն ու նրանց ստեղծագործությունները կատարելապես ներդաշնակ համադրությամբ եւ, շեշտենք, ճարտարապետորեն հիասքանչ էին փոխկապակցված:

Իմ հիմնական զգացողությունն ու սպասելիքը երեկոյից այն էր, թե հիմնականում պիտի հնչեն մերՙ արեւմտահայ պոետների սքանչելի ստեղծագործություններ, բայց արի ու տես Գույումջյանի ներկայացրածը, բացառությամբ Վահան Թեքեյանի երկու հոյակապ բանաստեղծությունների, կազմված էին Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սայաթ-Նովայի, Գեւորգ Էմինի ստեղծագործություններից: Արժե մեկ անգամ եւս շեշտել, որ դրանց համադրումը եւ դրամատուրգիական կառույցը ուղղակի կուռ էր, հստակ տրամաբանությամբ եւ ասելիքի դիպուկ նշանառությամբ: Համադրումները հեղինակ-կատարողը արել էր անթերի, ճարտարապետի մտքի թռիչքով, մեզ ներկայացնելով բանաստեղծական նյութի այնպիսի կառույց իր նրբերանգներով, որ անջատ-անջատ, իրար հետ կապ չունեցող գործերը հնչում էին ամբողջական պոեմի նման: Դրա փայլուն վկայությունները Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ», Համո Սահյանի փոքրածավալ գործերից միահյուսված շարանը, որը Գույումջյանի իսկ արտահայտությամբՙ փոքրիկ մարգարիտներից հյուսված գեղեցիկ շղթա էր...

Սայաթ-Նովային նվիրված Չարենցի ու Սիլվա Կապուտիկյանի միահյուսված ոտանավորները:

Հակոբ Գույումջյանի հիմնական մասնագիտությունըՙ ճարտարապետությունը օգնել է նրան մեր դասականներիՙ ստեղծագործությունները ներկայացնել նորովի, խոսքային կերտվածքի այնպիսի համադրությամբ, որ մեզ քաջածանոթ, բազմիցս լսված, ասված ու ասվող տողերը հնչում էին նոր լույսի տակ, նոր ենթաիմաստներով, նոր շեշտադրումներով: Այս ամենը մատուցելով անթերի հայերենի երկու լեզուներովՙ արեւելահայերենով եւ արեւմտահայերենով: Իսկ Սայաթ-Նովայի բանաստեղծությունների ընթերցման պարագայումՙ նաեւ գրագետ թիֆլիսահայ բարբառով:

Ընդհանրապես Հակոբ Գույումջյան անհատականությունը իր կիրթ ու զուսպ շարժուձեւով չափազանց ասկետական էր, ժլատ, բայց եւ հիանալիորեն խոսուն:

Բանաստեղծությունների ներքին կերպարայնությունը հաղորդում էր իր գեղեցիկ հնչեղ ձայնի նրբերանգներով, առանց անհարկի ձայնային գունավորման, միեւնույն ժամանակ չափազանց ճկուն, շեշտադրումների սահուն, մտերմիկ ու կարծես միայն քեզ համար ասվող երանգով: Հարազատի պես, ինչպես կասեր հայրը սեփական զավակին, ներքին ցավից ծնված ու վերահաս վտանգից պատսպարելու, հեռու պահելու հորդոր-աղերսով:

Ասմունքի ասպարեզում, ուր չափածո խոսքը ինքնին մղում է հանգի շեշտադրմանը, ի պատիվ Գույումջյանի արձանագրենք, որ նրա մատուցումը զերծ էր վերամբարձ, չափածո երգայնությունից, լալահառաչ ու կեղծ պաթոսից: Դրա փայլուն վկայությունը հենց սկզբից Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն էր, այնքան հարազատ, հայի արյան միջով հոսող տողերի արտաբերումը, չափազանց շոշափելի էր ներքին մորմոքի ու հպարտության զգացումով:

Երբեմն մտքի ցայտունության համար շատ վարպետորեն ընդգծված էին ձայնավորները: Զրույց-ցավից ու կյանքի հարվածներից իմաստնացած հայ հավաքական հոգու, մտքի, անձի հետ, որը տագնապում է քեզ համար, հայի համար, մարդու համար, մարդկության համար: Այս մտքի արտահայտման կիզակետը եղավ Պ. Սեւակի «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին ու ճշգրիտ սարքերին» բանաստեղծության ընթերցումը:

Սեւակի հանճարի թափանցումով ապագան կանխագուշակված ու գույումջյանական վարպետ վերարտադրման ուժով բանաստեղծությունը 50 տարի անց այսօր հնչում էր որպես ահազանգ նորօրյա մարտահրավերներին, այսրոպեական ու հրատապ իր թարմությամբ ու անսպասելիությամբ: Ապշեցուցիչ կանխատեսություն, դիպուկ ընտրություն եւ մատուցման պարզ ու հոգեթով եղանակ:

Գեւորգ Էմինի «Սասունցիների պարը» մի ուշագրավ ու եզակի հնչողությամբ արժանի է ունկնդրության, որպես վարպետության դաս, ասմունքի սիրահարների նաեւ ասմունքողների համար: Հակոբ Գույումջյանն այստեղ էլ յուրահատուկ ու անսպասելի էր: Այս ստեղծագործությունը բազմաթիվ կարդացողներից եմ լսել: Քիչ կամ շատ տարբերությամբ համարյա բոլորն էլ սկսում ու վերջացնում են այն հախուռն թափով, իրենց ձայնի հզորության ցուցադրմամբ: Անշուշտ բանաստեղծությունից բխող տոնայնությունն է ստիպում, եւ արտաքուստ ուրիշ կերպ էլ դժվար է պատկերացնել: Սակայն հենց այդ դժվար պատկերացնելիին էլ ականատես եղանք Գույումջյանի ընթերցման ընթացքում:

Անչափ զգացմունքային, մտերմիկ, տեղ-տեղ աղոթքի ներանձնությամբ եւ գեղեցիկ, հնչեղ ձայնի խելացի չափի օգտագործմամբ, ինչը խոսում է վարպետի վերլուծական մտածողության, կոնցեպտուալ կառուցվածքային ներքինի մասին:

Չափազանց առինքնող էր հոգուց-հոգի փոխանցվող պոեզիայի մտերմիկ շեշտը, ինչին անհաղորդ եղան էժանագին շոուների աղմկոտ աղանդավորական կերակրով սնվող սակավաթիվ այն երիտասարդները, որոնք լքեցին դահլիճը:

Իսկ նրբազգաց, տաղանդավոր վարպետը, այդ թյուրիմացությունը վերագրեց անհետաքրքրության...Ո՛չ, դա զուտ անգիտությունից է... Հարգելի վարպետ: Դառնանալ պետք չէ:

Սպասենք բարեբաստիկ մյուս այցելության, հույս ունենալով կրկին հանդիպել տաղանդավոր մարդու, մտավորական հայի, Հակոբ Գույումջյանի նոր ու բոլոր առումներով իմաստուն ու թարմ ընթերցումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.