AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 5038, Տպվել է` 132, Ուղարկվել է էլ.փոստով` 120

ՐԱՖՖՈՒՆ ԱՍԵԼ ԵՆՙ ՈՉ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ բավական ստվար բազմություն էր սպասում Ազատության հրապարակում` վերջապես պարզելու, թե ի՞նչ է խոսվել նախագահ Սարգսյանի եւ նրա հանդիպման ընթացքում: Եվ, առհասարակ, ի՞նչ քայլեր է առաջարկում նա վերջապես իր ընտրողին: Հանրահավաքի էմոցիոնալ եւ ռոմանտիկ շեշտադրումները մի կողմ թողնելով` միանգամից փոխանցենք տեղեկատվական մասը: Պատասխանելով նրա կողմնակիցների կողմից հաճախ հնչող հարցին, թե ինչո՞ւ գնաց հանդիպման Սերժ Սարգսյանի հետ, նա բացատրեց, թե ինքը բարդույթ չունի, վախ չունի սեփական հայրենիքում` հարգելու մարդուն եւ պահանջելու նրա քաղաքացու իրավունքը: Իր խոսքովՙ նա ասել է Սերժ Սարգսյանին. «Ճանաչեք ժողովրդի հաղթանակը», նրան ասել են` ոչ: Ասել է` շամպայն խմելու փոխարեն` նոր ընտրություն, ասել են` ոչ, ասել է` սահմանադրական ճգնաժամը հաղթահարելուն, նոր ընտրության պատրաստ չեք, պատժեք ուրեմն կեղծարարներին` մարզպետներին, նախարարներին, պատգամավորներին, բոլորին, ովքեր կեղծել են, վախ են սփռել: Իսկ որ նախագահը պատրաստ չէ նոր ընտրության եւ Արցախյան պատերազմի հերոսներից մեկը լինելով` ուժ չունի ժողովրդի հաղթանակը ճանաչելու, ուրեմն թող չնեղանա Րաֆֆուց, ինքն այլեւս ասելիք չունի իշխանություններին: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներից մեկն էլ Ս. Սարգսյանին եղել է համամասնական կարգի անցնելն ու նոր խորհրդարան ձեւավորելը: Ու նորից պատասխանը եղել է` ոչ:

Ասենք, որ երեկվա հանրահավաքը նախօրդ օրվա նման մարդաշատ էր, ելույթներով լի, հատկապես ներկայացված էին երիտասարդ ելույթ ունեցողներ, այդ թվում` «Մարիոթ-Արմենիայում» դիտորդներին պահանջ ներկայացրած աղջիկներից մեկը:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթն սկսեց «Բարեւ, Հայաստան» բառերով, իսկ մինչեւ օրվա օրակարգային սպասումը բավարարելը, այն է` ինչ պետք է անեն առաջիկայում, խոսեց հեռահար բաներից: Ասաց, որ հակազգային հայ-թուրքական արձանագրությունների ժամանակն անցել է, եւ 2015 թվականին կամ Հայաստանը հարաբերություններ կունենա Թուրքիայի հետ առանց նախապայմանների եւ արձանագրությունների, կամ Թուրքիային կներկայացնի իր ազգային պահանջները: Իսկ ԼՂՀ-ի ճանաչումն էլ արկածախնդրություն չէ, եւ Կոսովոն ու Արեւելյան Թիմորը ճանաչած աշխարհը պետք է ճանաչի ԼՂՀ-ն, այլ պետությունների հետ էլ` Ռուսաստանի, Ամերիկայի, մյուսների, ազգային շահը հաշվառած եւ արժանապատիվ հարաբերություններ պետք է կառուցենք:

Րաֆֆին ասում էր, թե զինվորը պետք է պահպանի սահմանը, երկրի տարածքային ամբողջականությունը, եւ նրան չպետք է հրամանատարն ուղղի ժողովրդի դեմ. «Ով զինվորին ուղղի ժողովրդի դեմ` գործ կունենա իմ ու ժողովրդի հետ, իսկ այն ոստիկանը, որ կատարելու է անօրեն հրաման, պատասխան է տալու»: Չնայած նշեց, որ մոտ ժամանակում հանդարտ, հետեւողական եւ սահմանադրական պայքար են տանելու: Նրա խոսքից հայտնի դարձավ, որ նրա կողմնակիցները, հանրահավաքի մասնակիցները պետք է երկարատեւ պայքարի պատրաստվեն. «Այս ժողովրդական շարժումը չի մարելու, մենք գնալու ենք դեպի հաղթանակ», ասաց:

Եվ մոտակա օրերի պայքարի ուղին ու արվող քայլերը նշեց. գնալու են մարդկանց հետ հանդիպելու Աշտարակում, Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում, իսկ կիրակի օրը վերադառնալու են Երեւան, Ազատության հրապարակ եւ ժամը 3-ին էլի հանրահավաք են անելու: Քաղաքապետարանը «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը երեք օր հանրահավաք անցկացնելու մասին, այդ թվումՙ կիրակի օրը, ի գիտություն չէր ընդունել: Ր. Հովհաննիսյանը տեղում առաջարկեց քաղաքապետարանին` ի գիտություն ընդունել:

«Միասին պետք է կերտենք մեր ապագան, պատրա՞ստ եք ինձ օգնելու», հարցրեց նա հանրահավաքավորին: Հանրահավաքավորը պատրաստ էր: Եվ ապա հանրահավաքավորին Ր. Հովհաննիսյանն ուղղորդեց երթի` Երեւանի փողոցներում «Բարեւի հեղափոխությունն» ավետելու: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի պահ կասեցրեց Րաֆֆուն, ասելով, որ հասարակական կարգ են խախտում, դա Աբովյան փողոցում «Մարկո Պոլո» սրճարանի մոտ էր: Ր. Հովհաննիսյանն էլ հրահանգեց իր կողմնակիցներին մայթերով շարժվել, ու նրանք գնացին տարածելու «Բարեւի հեղափոխությունը» Մաշտոցի պողոտայով եւ հետո կրկին վերադառնալու Ազատության հրապարակ:

Այս հանրահավաքին, բացի «Ժառանգության» նախկին ու ներկա պատգամավորներից, մասնակցեցին եւ ելույթներ ունեցան Ռուբեն Հախվերդյանը, ժամանակին անավարտ հեղափոխություն սկսած ու չավարտած ոչ անհայտ Արկադի Վարդանյանը, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, Կարապետ Ռուբինյանն ու այլք: Հայտարարվեց, որ ՀՅԴ-ն միանում է Րաֆֆու պայքարին:

Անդրիաս Ղուկասյանը շնորհավորեց Րաֆֆուն` ասելով, որ նա արեց այն, ինչ տարիներ շարունակ չէր կարողանում անել ընդդիմությունը, եւ անգամ ասաց, թե ձեռք բերածն արժե պահպանել կյանքի գնով:

Նիկոլ Փաշինյանը մի լավ տաքացրեց հանրահավաքն իր հռետորաբանությամբ` նշելով Հայաստանում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին, երբ կա մի բեւեռ` իշխանությունը, եւ երկրորդ բեւեռ` Ժողովուրդն ու նրան գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա որպես պայքարի մինիմում ծրագիր նշեց` ժողովուրդը չպետք է պարտվի, եւ պետք է բացառվի ուժի կիրառումը ժողովրդի հանդեպ, իսկ մաքսիմում ծրագիրը` հասնել նրան, որ ժողովրդի ընտրությունը տեղ հասնի եւ Րաֆֆին հռչակվի դե յուրե նախագահ:

«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի խոսքում մի այսպիսի պահ կար` ուղղված իշխանություններին, թե այլեւս «որեւէ կերպ, անգամ դիպուկահարներով չեք կարող կանգնեցնել մեր ընթացքը»:

Իսկ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նշելով, որ հրապարակում այս քանի օրը սպասում էին Դաշնակցությանը, դիմեց. «Մենք այստեղ ենք, մենք եկել ենք, Դաշնակցությունը ձեր կողքին է»: Փետրվարի 18-ի ընտրություններում Րաֆֆու ստացած քվեի վերաբերյալ էլ ասաց. «Սա ընդվզում էր անհուսության, անարդարության, արտագաղթի դեմ»:

Առայժմ բավարարվենք տեղեկատվական նյութով, մինչեւ մոտակա երեք օրը Րաֆֆին ու իր կողմնակիցները հրապարակային միջոցառումներում ավելի կպարզեն իրենց օրակարգը, իսկ արդեն շաբաթվա սկզբին կարելի է նաեւ վերլուծել ստեղծված քաղաքական իրավիճակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.