AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2019, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 86

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՑՈԼՎԵԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՎՐԱ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անհնար է գողանալ հարյուրհազարավոր ձայներ եւ ստանալ միջազգային դիտորդների դրական գնահատականը

Հայաստանում նախագահական ընտրություններից հետո մի տեսակ ավանդույթ է դարձել, որ պարտված թեկնածուն հայտարարում է իր հաղթանակի մասին: Ընդ որում, հետաքրքրական է, որ ե՛ւ 2008-ին, ե՛ւ հիմա, պարտված թեկնածուները խոսում են նույն` 80 տոկոս ձայն ստանալու մասին: Եվ որ ամենակարեւորն է, այս ամենն ուղեկցվում է ժողովրդի անունից խոսելով, նրանով հիանալով` բնականաբար, նկատի ունենալով միայն իրենց ընտրողներին:

Պարտված թեկնածուի կողմնակիցների համար հաղթած թեկնածուին ընտրողներ պարզապես գոյություն չունեն, իսկ եթե կան էլ, ապա «կաշառված» են, «վախեցած» են կամ էլ «իշխանության կողմից» են: Այսինքն, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հաղթող թեկնածուն ընդհանրապես ընտրազանգված չունի, եւ նրան ընտրողները նույն ժողովուրդը չեն ներկայացնում: Եվ պիտակավորված չլինելու եւ ամբոխավարական հարձակումների չենթարկվելու համար գործող նախագահին ընտրողները խուսափում են ասել, թե ում են ընտրել: Մինչդեռ իրականում Սերժ Սարգսյանին ընտրողները ունեն պատճառներ նրան ընտրելու, եւ այդ պատճառները, իմ կարծիքով, ավելի հիմնավոր են, քան նրա մրցակցի օգտին քվեարկողների ընտրությունը:

Անցած 5 տարիների ընթացքում գործող նախագահի ձեւավորած կառավարությունը կատարել է քայլեր, որոնք ընդգրկված են եղել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում եւ իրենց բնույթով եղել են ոչ ստանդարտ եւ աննախադեպ Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է պետության մասնակցությամբ սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերին: Ի՞նչ քայլերի մասին է խոսքը, որ արվել են Հայաստանի կառավարության կողմից վերջին տարիներին:

Պետական բյուջեից մոտ 25 մլրդ դրամ հատկացվեց 2011-ին եւ 2012-ին բանկերի կողմից տրվող գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար: Պետությունը իր վրա վերցրեց 14 տոկոս գյուղվարկերի 4 տոկոսի ֆինանսավորումը, իսկ լեռնային եւ սահմանային գյուղերում` 6 տոկոսի ֆինանսավորումը: Այդ երկու տարում այդ վարկերից օգտվեցին 37 հազար գյուղացիական տնտեսություններ: Սրան էլ ավելացնենք պետության կողմից վառելիքի եւ պարարտանյութերի գումարի մի մասն իր վրա վերցնելը: Այսինքն, գյուղացիների այդ ընտանիքներն ունեցել են լուրջ պատճառներ ձայն տալու գործող նախագահին եւ նրանց զգալի մասը այդպես էլ արել է:

Կառավարության մյուս խոշոր սոցիալական ծրագիրը սոցփաթեթի ներդրումն է պետական աշխատողների համար, որից անցած տարի օգտվեցին 120 հազար մարդ` իրենց ընտանիքի անդամներով: Անկախ այն բանից, որ նոր ներդրված համակարգն ունեցավ բազմաթիվ թերություններ, այնուամենայնիվ, մարդիկ տեսան եւ զգացին, որ պետությունն անմիջականորեն մասնակցում է իրենց առողջության, հանգստի անցկացման, վարկերի եւ ուսման վճարների մարման ծախսերին: Եթե ավելացնենք, որ 2013-ին սոցփաթեթից օգտվող 120 հազարին ավելանալու է եւս 30 հազարը, իսկ բյուջեից այդ նպատակով հատկացվելու է 21,5 մլրդ դրամ, ապա պարզ է դառնում, որ այս քայլով գործող իշխանությունը դարձյալ հող է ստեղծում հարյուրհազարավորներին իր օգտին քվեարկելու համար:

Երիտասարդ ընտանիքիների համար հիփոթեքային վարկերի տոկոսների մի մասի պետության կողմից ֆինանսավորումը, համալսարանականների համար մատչելի գներով բնակարանային համալիրի կառուցումը, նույն ձեւով մանկավարժների, լրագրողների, մարզիկների համար կառուցվող բնակելիները, սոցիալական շենքերի կառուցումը, արտերկրի լավագույն բուհերում ուսանելու մեկնողների ծախսերի ֆինանսավորումը եւ բառացիորեն վերջերս ուսանողական վարկերի տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորումը այն կոնկրետ քայլերն են, որ պետք է նպաստեն տվյալ իշխանության վարկանիշի բարձրացմանը եւ դրա արտացոլմանը ընտրությունների ժամանակ: Չպետք է մոռանալ, որ այս ծրագրերի հետեւում եւս միլիարդավոր դրամներ են եւ հազարավոր մարդիկ:

Կառավարության իրագործած խոշորագույն մեկ այլ ծրագիր էր աղետի գոտում բնակարանաշինությունը, որին հատկացվեց 85 մլրդ դրամ, եւ վերջին երեք տարիներին մոտ 6 հազար ընտանիքներ բնակարաններ ստացան` 20 տարուց ավելի տնակներում ապրելուց հետո: Սա կարո՞ղ էր լրացուցիչ ձայներ բերել գործող նախագահին: Բնականաբար կարող էր: Այլ հարց է, որ օբյեկտիվ` սոցիալական, քաղաքական, կենցաղային, ինչպես նաեւ սուբյեկտիվ` հոգեբանական պատճառներով աղետի գոտում դժգոհությունները մեծ են գործող իշխանություններից, եւ ընդհանուր առմամբ գործող նախագահն այստեղ պարտվեց:

Այստեղ չենք ներկայացնում կառավարության քայլերը բիզնես միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, պետական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու եւ այլ քայլերի մասին, քանի որ այդ ամենը ներկայացրել ենք, մատնանշելով նաեւ այդ գործընթացների թերությունները: Չենք ասում նաեւ, որ դրանով իշխանությունները «լավություն են արել» ժողովրդին: Նրանք կատարել են իրենց պարտականությունը, ինչը պետք է պարզապես տեսնել, ճիշտ այնպեսՙ ինչպես եւ չկատարված պարտականությունները: Այնուամենայնիվ, կատարվածի համար պետք է գնահատել եւ այդ գնահատականը տալ ընտրությունների ժամանակ: Ինչն էլ ընդհանուր առմամբ տեղի է ունեցել:

Մնում է միայն ավելացնել, որ բացի սոցիալական մոտիվացիա ունեցողներից, ինչպես ամեն մի թեկնածուի, այնպես էլ Սերժ Սարգսյանին, ընտրել են նրա կողմնակիցները, կուսակիցները եւ պարզապես մարդիկ, որոնք նրա թիմում չեն, չեն օգտվել վերոնշյալ սոցիալական ծրագրերից, բայց իրենց աշխարհայացքով նախագահի թեկնածու առաջադրված 7 թեկնածուներից նախընտրել են հենց գործող նախագահին: Այսինքն, չի կարելի մարդկանց հիմարացնել եւ ասել, թե պարտված թեկնածուն ստացել է 80 տոկոս ձայն ու այդ ձայները նրանից գողացել են: Հնարավոր չէ գողանալ հարյուրհազարավոր ձայներ այնպես, որ բոլոր միջազգային դիտորդները դրական գնահատական տան ընտրություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.