AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Ռեպորտաժ

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2322, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 103

ԵՐԵՔ ՕՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Չինարի, Տավուշի մարզ

Չինարի. «Պատերազմը չի ավարտվել է, ես տեսնում եմ պատերազմը»

Պատերազմը Չինարում սկսվեց 1990-ին: Գյուղը տասնմեկ զոհ տվեց: Գիտեինՙ հանուն ինչի են կռվում ու իրենց պայքարի նշանակությունը որքան կենսական է: Այստեղ ոչ թե Ղարաբաղի պաշտպանության կամ ազատագրման հարց էր դրված, այլ առաջնահերթը սեփական գյուղի ու տան պաշտպանությունն էր: Այդ տարիներին գյուղում բոլորն էին զինվոր, տուն չկար, որտեղ պատերազմը չէր թակել դուռը, որտեղ զոհեր կամ վիրավորներ չեն տեսել:

1992-ի դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ամբողջ տարածքով լայնամասշտաբ հարձակում էր: Չորս ուղղությամբ կրակում էին Չինարիի վրա: Թշնամին մի քանի ջոկատներով գյուղին էր մոտենում: Այդ ժամանակ ութ եւ տասնմեկ տարեկան Անդրանիկ եւ Ալիկ Պետրոսյանները գնացել էին դաշտՙ նապաստակ որսալու: Վերադարձի ճանապարհին նրանք նկատում են ադրբեջանցի զինվորներին, ովքեր սկսում են երեխաների հետ զրուցել: Լուրը տարածվում է, որ թուրքերը մտնում են գյուղ: Այդ ժամանակ Չինարին ընդամենը 28 ավտոմատ ուներ, սակայն գյուղացիները ճիշտ դիրք ընդունելով, կարողանում են թվաքանակով կրկնակի շատ թշնամուն հաղթել ու պաշտպանել գյուղը: Ականատեսները պատմում են, որ այդ օրը ադրբեջանցիները խուճապի մատնվեցին: Դա չի կարելի նույնացնել զինվորական կարգով նահանջի հետ, դա խուճապ էր, սարսափ, որովհետեւ թշնամին համոզված էր, որ չինարցին շուտ է հանձնվելու: Փոխհրաձգության ժամանակ Անդրանիկն ու Ալիկը զոհվեցին: Կրակել էին թիկունքից, երբ երեխաները վազել էին դեպի տուն: Ամբողջ գիշերը գյուղը ռմբակոծվել է: Այդ օրը հայկական կողմը վեց զոհ տվեց. տասնյակ վիրավորներ ու նյութական հսկայական վնաս, սակայն Չինարին չընկրկեց: Երկու օր անցՙ ամանորյա գիշերը սկսվեց հրետակոծությունը, եւ Չինարին ապրեց դժվարագույն երկու շաբաթ: Ութ հենակետերից մի քանի տանկով, ականանետով ու թնդանոթով էին կրակում, սակայն այս անգամ էլ գյուղը դիմակայեց ու դիմացավ: Սա պատմություն է, որ գրեթե բոլորն անգիր գիտեն: Սա խաղաղության հաստատման պատմություն է, խաղաղություն, որ հաստատվեց թղթի վրա, բայց ոչ երբեք Չինարիում: Այսօր էլ Չինարիում պատերազմը շարունակվում է: Սահմանամերձ այս բնակավայրում շաբաթական մի քանի անգամ լսվում են կրակոցներ, բնակիչներն արդեն սովորել են, խուճապի չեն մատնվում: Նրանք թաքնվում են նկուղում, ու կրակոցների ավարտից մեկ ժամ անց կյանքը վերադառնում է նույն հունին:

Այսօր սահմանամերձ Չինարի գյուղում ապրում է 1256 մարդ: Պատերազմից հետո շատերը լքեցին գյուղն ու հաստատվեցին Ռուսաստանում: 78-ամյա տիկին Քնարիկի երկու որդիներն էլ ժամանակին բռնեցին արտագաղթի ճամփան, այսօր որդիներից մեկը Մոսկվայում է, մյուսըՙ Ռոստովում: Մեր այցելության ժամանակ Քնարիկ տատիկն այգում վարդեր էր տնկում: Ասում էՙ հետո ինչ, որ կրակում են, բա իմ բակը սիրուն չլինի՞, բա իմ գյուղում ծաղիկներ չլինե՞ն: «Թող տեսնեն, որ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, որ էստեղ ենք: Մեր երեխեքը գնացել են Ռուսաստան աշխատելու, թոռնիկներս էլ վախենում են գյուղ գան, կրակոցները լսում են, սկսում են լաց լինել: Ես նրանց չեմ կարող ստիպել, որ էստեղ ապրեն, ոչ աշխատանք կա, ոչ բան կա, հետն էլ էս կրակոցը, բայց մենք ո՞ւր գնանք, էս մեր հողն ու տունն է: Էս վերջերս շուտ-շուտ կրակում են, դե մենք էլ վախենում ենք, նկուղներում ենք պախկվում», պատմում է Քնարիկ տատիկը:

Որ թշնամին ակտիվացել է հատկապես 2008-ից հետո, փաստում է նաեւ գյուղապետ Սամվել Սաղոյանը : «Գիշերային ժամերին հիմնականում կրակում են ԴՇԿ-ից, իսկ ողջ օրվա ընթացքում գյուղացիներին հսկում է դիպուկահարը: Ամեն վայրկյան լարված սպասում ենք, որ կարող է կրակեն, բոլորն էլ գիտեն իրավիճակը, սակայն քչերն են մտածում հեռանալու մասին», ասում է գյուղապետըՙ հավելելով, որ անգամ փոքրիկները խուճապի չեն մատնվում, քայլում են պատերի տակով. գիտենՙ մի անզգույշ քայլ, ու ողբերգությունն անխուսափելի է:

Մանկապարտեզը գյուղի ամենավիրավոր կառույցներից է: Մանկապարտեզը գտնվում է հենց ադրբեջանական դիտակետի դիմաց: Դրսից անզեն աչքով էլ նկատելի են գնդակների հետքերը: Երեխաները բակում գրեթե չեն խաղում. վտանգավոր է:

Փառանձեմ Աղասյանը մանկապարտեզի տնօրենն է: Նրա պատուհանից երեւում է թշնամու հենակետը: «Շատ վախենալու է, ամբողջ օրը լարված վիճակում ենք աշխատում: Մենք թիրախում ենք, ու թշնամին էլ գիտի, որ այստեղ երեխաներ են, բայց դա որեւէ նշանակություն չունի, որովհետեւ մանկապարտեզը շատ հաճախ է գնդակոծվում: Պատերի մեջ կան բազմաթիվ չպայթած փամփուշտներ: Մանկապարտեզի ներսում թաքստոց կա: Երեխաներն արդեն սովորել են, առանց խուճապի մատնվելու վազում են թաքստոցը: Արդեն հասկանում ենՙ դիմացից կրակում են, ուրեմն պետք է պաշտպանվել», ասում է տիկին Աղասյանը:

Մանկապարտեզում երեխաները ցույց են տալիս, թե որտեղ են թաքնվում, երբ հնչում են կրակոցներ, ու հավելում ենՙ թաքնվում ենք, բայց չենք վախենում: «Ի՞նչ երգ գիտես» հարցին մանկապարտեզի շուրջ երեք տասնյակ երեխաները շարք են կանգնում ու սկսում կատարել «Արծիվ, սլացիր» ստեղծագործությունը: Փառանձեմ Աղասյանը հավելում է, որ գյուղում ծնված երեխաների երակներում արդեն եռում է հայրենասիրությունը: «Նրանք մեր ապագան են, նրանց հայրենասիրությունից եւ քաջությունից է կախված Չինարիի հետագա ճակատագիրը»:

57-ամյա Սամվել Միրզոյանը 2008-ի հունիսի 18-ի դեպքը շատ լավ է հիշում: «Վերեւում անասուններ էի պահում, իմացա, որ ադրբեջանցիները մի տղայի են խփել, անունըՙ Լեւոն: Իմ տղայիս անունն էլ է Լեւոն: Վախեցա, զանգում եմ տղայիս, հեռախոսը չի պատասխանում: Մի քանի անգամ զանգեցի: Պատասխանեց. «Պապ, ես լավ եմ, բայց մեր հարեւան Լեւոնին են խփել»: Գնացի, որ դիակը բերեմ, մի մետր տեղափոխեցի, ադրբեջանցին մի հատ խփեց, պառկեցի, մի հատ էլ խփեցՙ կպավ ոտքիս: Հետո տղաները եկան օգնության, ինձ տարան հիվանդանոց: Մի քանի ամիս պառկեցի, հիմա փայտով եմ ման գալիս», ասում է Սամվելն ու հավելում, որ գյուղացին ընդամենը մեկ բան է ցանկանումՙ խաղաղություն: Նա հավելում է, որ չինարցիները հողին, ջրին ու տանը նվիրված մարդիկ են, բայց չեն կարողանում հողագործությամբ զբաղվել, որովհետեւ թշնամին թույլ չի տալիս, ապրում են վախը սրտում: «Ոչ ապրելու է, ոչ էլ փախչելու: Գյուղացին մնում է, բայց ուզում է, որ վերջը լավ լինի, որ գոնե իր երեխաներն ապահով ապրեն, որ գոնե թոռներն էս ամենի միջով չանցնեն: Մենք ընդամենը մի բան ենք ուզումՙ խաղաղություն, բայց շատ մեծ ու թանկ բան է, ու էս քսան տարի իրականություն չի դառնում», ասում է Սամվելը:

Չինարիի գերեզմանատունը հենց թշնամու սարի լանջին է: Գյուղացիները հիշում են 2008-ի դեկտեմբերը, երբ հուղարկավորության ժամանակ թշնամին սկսեց կրակել: Դրանից հետո գյուղում հուղարկավորությունները գիշերն են կատարում:

Նունե Խոջոյանի բնակարանը թշնամու սահմանից ընդամենը 700 մետր է: Նրա տան պատերն ամբողջությամբ ավերված են, տան փոքրիկ պատուհաններին դրսի կողմից տախտակ է ամրացրել, ներսից մուգ կարմիր վարագույր կախել, որպեսզի լույսը չընկնի, ու թշնամին երեկոյան չկրակի: Թեպետ առանց դրա էլ Նունեի ընտանիքի անդամները հաճախ են կրակոցների թիրախ դառնում: Նախորդ տարի մարտի 8-ին թշնամին կրակել է հենց Նունեի ոտքերին. բարեբախտաբար գնդակը ոտքերին չի դիպել: Տիկին Նունեն պատմում է, որ ուժեղ կրակոցների ժամանակ մի քանի անգամ լքել են տունը, գնացել են հարեւան գյուղՙ բարեկամների մոտ են ապրել, կրկին հետ են եկել, որովհետեւ հասկացել ենՙ տունը, հողը լքել չի կարելի: 17-ամյա Ելենան մեզ հետ զրույցի ժամանակ չէր կարողանում զսպել արցունքները: Ասում էՙ հունիսի դեպքերից հետո, երբ գյուղում երկու հոգի մահացավ, շատ վախեցավ: «Դուք ասում եք, որ պատերազմն ավարտվել է, բայց պատերազմը չի ավարտվել, ես լսում եմ կրակոցներ, մեր գյուղացիները վիրավորվում են, զոհվում, անցյալ տարի մայրիկիս վրա էին կրակել, ես վստահ չեմ, որ դպրոց գնալու կամ վերադառնալու ճանապարհն անվտանգ է, յուրաքանչյուր վայրկյան ինձ կամ քույրիկիս վրա կարող են կրակել: Նշանակում էՙ պատերազմը չի ավարտվել, ես տեսնում եմ այդ պատերազմը»:

Սրանք մարդկային պատմություններ եւ իրական հերոսներ, նրանք ապրում են, աշխատում, ստեղծում ու ամուր կառչած հայրենի հողինՙ փորձում են գոյատեւել. գոյատեւել բառի բուն իմաստով:

Կյանքի վտանգի սպառնալիքով նրանք հերոսաբար դիմակայում եւ ապրում են սահմանամերձ այս բնակավայրում, սակայն պետությունը նրանց չի աջակցում: Կառավարության սահմանած արտոնությունը, որ սահմանամերձ գյուղերն ազատվում են հողի հարկից, ըստ էության որեւէ կերպ չի թեթեւացրել գյուղացու հոգսը: Տասնամյակներ շարունակ այս տարածաշրջանում բնակիչները հիմնականում զբաղվել են խաղողագործությամբ: Այսօր համայնքի շուրջ 1070 հա հողերից միայն 200 հա-ն է մշակվում: Պատճառը դիրքն է, հողատարածքները շատ մոտ են թշնամու հենակետերին եւ պարբերաբար գնդակոծվում են: Գուցե կառավարությունը ուղիներ փնտրի, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչներն էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի համար ավելի քիչ վճարեն, քան սակագինն է: Գուցե նախագահը կամ վարչապետը քաղաքաշինության նախարարությանը հանձնարարեն ուսումնասիրել եւ աշխատանքներ սկսել սահմանամերձ գյուղերի ավերված տները վերականգնելու ուղղությամբ: Երբ մենք ասում ենք, որ պետության պաշտպանությունը սկսվում է սահմանից, ապա պետք է պաշտպանենք նախ սահմանում ապրող բնակչին, քիչ թե շատ թեթեւացնենք նրա հոգսերն ու ոչ միայն բառերով, այլեւ գործով ապացուցենք, որ պետությունը մտածում է նրա մասին:

Հ. Գ. - Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր այցելությունը իրականացել է «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) աջակցությամբ:

Նկար 2. Մանկապարտեզում

Նկար 3. Ելենան

Նկար 4. Փառանձեմ Աղասյան

Նկար 5. Նունե Խոջոյան

Նկար 6. Սամվել Միրզոյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.