AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2068, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 92

«ԵՐԿԱԹԵ ԵՐԿԵՐ»-Ի ՀԵՂԻՆԱԿԻ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հակոբ Հակոբյանի քանդակի աշխարհը

Արտաքին աշխարհը «հանձնելու» ներքին տեսողության հսկողությանը, ներքուստ ունենալով գեղեցիկը տեսնելու պաշար, երեւույթների ու իրերի ամեն շերտի ու ձեւի մեջ նոր իմաստ հայտնաբերելու կարողություն, մեծ տաղանդի ու երեւակայության արդյունք է, որի շնորհիվ յուրաքանչյուր իրՙ աննշան կամ ոչ, երկրորդ կյանք է առնում, ապրում արվեստի մեջ, արվեստի օրենքներով: Այն ստանում է գեղագիտական արժեք, նոր նշանակությամբ եւ նոր բովանդակությամբ իր տեղը հաստատում այդ կյանքում: Մեր հայացքի առաջ միանգամայն կենցաղային նշանակությամբ արհեստագործական պարզ իրերըՙ ենթարկված մետամորֆոզների, արվեստի ուժ են ձեռք բերելՙ քանդակի ձեւ ու տեսք ստանալով: Նորարարական արվեստի ջատագով եւ ներկայացնող Գաֆեսճեան արվեստի կենտրոնում Հակոբ Հակոբյանի քանդակների մետաղական աշխարհը, երկաթի գույնը նախՙ զարմանքի, ապա մտածելու առիթ են տալիս: Գեղանկարիչը հիմնովին վերափոխում է այսպիսի իրերին սովորաբար անտարբերության մատնած մեր վերաբերմունքը:

Լինելով մարդակենտրոն արվեստի կողմնակիցՙ ստեղծագործական որոշակի փուլում Հակոբյանը նոր մտածողություն ու նոր կերպարներ ներմուծեց իր արվեստ. այդ աշխարհում հայտնվեցին նոր «անձեր», մարդուն, կարելի է ասել, փոխարինեցին մանեկենները. իր կտավներինՙ իբրեւ մետաֆոր սկսեցին «գործել» երկաթե սրատամ կտրիչները, աքցանները, մկրատներըՙ որպես կյանքի տագնապի ազդանշաններ, ներդաշնակությունը խախտող-վիրուսներ:

Ստեղծագործական ընթացքի մեջ երկաթե այդ գործիքներն աստիճանաբար փոխեցին իրենց ձեւերը, Վարպետի կյանքի վերջին տասը տարիներին քանդակային մարմնավորում առան:

Քանդակի նյութը նաեւ երկաթն է, որն արվեստագետի զգայուն շփումից կերպարային հաղորդականություն է ձեռք բերում, բայց այս պարագայում զարմանալին նյութը չէ, որքան առարկայի, գործիքների «անատոմիան» փոխելու երեւակայությունը եւ «մարմնի» կառույցին նոր ձեւ տալն ու շունչ հաղորդելը, այսինքնՙ կերպափոխելու հայտնի աշխարհըՙ վերամարմնավորելու այլ իրականություն- որտեղ կյանքն արտահայտված է իր ողջ բազմազանությամբ, ամենատարբեր իրավիճակներով ու ժամանակներով, մարդկային փոխհարաբերությունների ու բնության կենդանի «ձայներով»: Պողպատե գործիքների տարբեր միակցությունը հյուսում է սրտառուչ պատմություններՙ ուժի, պայքարի («Մարտիկը), կամքի, հաղթանակի, պարտության ու դաժանության («Անգղը»), խոհի («Մտասուզում») ու սիրախաղի («Սիրահետում»), սիրո ու նվիրվածության («Ընտանիք»), ճկունության, նազանքի ու պլաստիկայի («Պարողները»): Եվ որքան առնականություն, ամրություն, նույնքան քնարականություն ու քնքշություն կա այդ աշխարհում, այսինքնՙ կյանքն իր այլաձեւումներով-բեւեռումներով ներկա է, կա: Ահավասիկ արվեստագետ, որ հաղթահարել է ոչ միայն նյութի դիմադրությունը, այլեւ առարկայի ընտրության քմահաճությունը, արվեստ ու զգացմունք ներմուծելով անգամ ամենաանհաղորդ թվացող աշխարհ:

Երբ սրահը բազմամարդությունից թոթափվեց, եւ լռեցին մարդկային ձայները, քանդակները վերագտան իրենց ինքնությունըՙ մնալով իրենց ստեղծողի լուռ խորհրդածության մեջ:

Քանդակների այս խումբը հայտնաբերում է Հակոբ Հակոբյան արվեստագետի նոր աշխարհը, մարդկային էությունների ու առասպելական էակների ֆանտաստիկ աշխարհը: «Երկաթե երկերը» հաստատում են աշխարհի գեղեցկության բազմազանությունը, իրերի թաքնված ուժը, կյանքի վերափոխման հնարավորությունը, նյութի վերացարկման ու նորի հայտնաբերման հաճույքը, ազնիվ ու բարձր զգացումների առկայությունը:

...Դժվար է հավատալ, որ մեծադիր լուսանկարից նայող բարի, կենսաժպիտ հայացքով նկարիչըՙ իր անավարտ գործի առաջ, կյանքի վերջին օրերն էր ապրում: Եվ ահա մենք առաջին անգամ իր ցուցահանդեսին ներկա ենք իր բացակայությամբ: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ իր ներկայությունն այնքան անմիջական է, կենդանի, որ երբեմն տարակուսանք է ծնում...

Հակոբ Հակոբյանի դուստրըՙ ճարտարապետ, նկարիչ Նորա Հակոբյանը, շատ զգայուն ու խորունկ անձնավորություն, որ մեր այս տխուր օրերին կարծես Վարպետի զգացումների փոխանցողն է, ընտանիքի կողմից փոխադարձ հարգանքի ու շնորհակալանքի խոսք ասաց, զուսպ ու ազդեցիկ. «Վարպետն ասում էր, որ արվեստագետը իր գործը դժվար հասցնի, որովհետեւ չի կարող իմանալ, թե ինչ նոր դռներ կարող են բացվել իր առաջ: Ասում էր, եթե մինչեւ 80-ը մահանայի, այս ամբողջ քանդակների խումբը չէր լինելու: Ամենաշատը ինքը կուզենար այս ցուցահանդեսը տեսնել: Շնորհակալություն Գաֆեսճեան կենտրոնին, երիտասարդ այս համակրելի խմբին, որ սիրահոժար օժանդակեց, որպեսզի ցուցահանդեսը կայանա: Այս ցուցահանդեսը կարծես փոխհատուցումն է Հակոբ Հակոբյանի հանդեպ այս օրերի համաժողովրդական անկեղծ սիրո, հիացմունքի ու ջերմության: Այստեղ ամեն մարդ կունենա յուրաքանչյուր քանդակի իր բացատրությունը: Ցուցահանդեսը Վարպետի նվերն է բոլորիս»:

«...Իսկապես ստեղծագործական սխրանք է ազգային մշակույթի մեջ նոր բան ավելացնել, լինի գրող, լինի նկարիչ, լինի այլ ասպարեզի արվեստագետ, ցուցահանդեսի բացման խոսքում ասաց Երվանդ Տեր-Խաչատրյանը: Հակոբ Հակոբյանի ստեղծագործական ասպարեզ մտած ժամանակ տիտաններ կայինՙ Մարտիրոս Սարյանը կար, Կալենցի նման նկարիչը կար, Երվանդ Քոչարը կար, Մինասն էր ստեղծագործում, եւ Հակոբ Հակոբյանը կարողացավ իր խոսքն ասել:

...Ամեն ժողովուրդ իրերի հանդեպ իր առանձնահատուկ վերաբերմունքն ունի. ճապոնացիների համար իրերը բացառիկ պոետական են եւ անվանում ունենՙ իրերի թաքուն հմայքը: Բազմաթիվ օրինակներ կանՙ իրերի հանդեպ արվեստագետների ունեցած վերաբերմունքի, որովհետեւ իրերը ոչ միայն մարդկային գործողությունների արդյունք են, այլեւ հոգեբանության կրող եւ արտահայտիչ, ժամանակի մի մաս եւ բովանդակության բացահայտող: Եվ Հակոբ Հակոբյանը մեծ հայտնագործություն կատարեց- այն ինչ տեսնում ենք: Նկարչի արվեստանոցում, երբ դրանք բոլորը միասին, կողք-կողքի սեղանին էին, տպավորությունը ցնցող էր: Հետո հասկացանք, որ դա մեր հասարակությունն է, մենք ենք: Եթե քնքշություն ենք տեսնում, եթե հարձակվող, ագրեսիվ բան ենք տեսնում, դա մենք ենք: Արվեստագետը չի շողոքորթում, արվեստում չի կարելի շողոքորթել ոչ մեկին, նույնիսկ ժողովրդին: Նա մեր մասին ասում է ճշմարտությունը, այն ինչը բնորոշ է մեր տագնապած ժամանակներին, իր ապրած կյանքին, մեր ձգտումներին ու ցանկություններին, հոգեկան ապրումներին:

Երբ դիտում ենք այս քանդակները, պարզ երեւում է, որ ինքը չի մտածել արվեստագետի տարիքի մասին, որովհետեւ իսկական տաղանդը, մեծ տաղանդը երբեք չի ծերանում: Հակոբյանի զորավոր տաղանդը ինչպես կար իր ստեղծագործական կյանքի սկզբին, մինչեւ վերջ մնաց մեծ, հզոր, գեղեցիկ, ուժեղ եւ արտահայտիչ»:

Ներկայացնենք նաեւ Շահեն Խաչատրյանի կարծիքը, իսկ մեր մյուս զրուցակցիՙ Պողոս Հայթայանի տպավորությունը կհրապարակվի թերթի վաղվա համարում:

«Արվեստի միջազգային նոր ընթացքի, սկզբունքային նոր բնույթի ինքնատիպ լեզվի խիստ անհատական հաստատում է: Ամենակարեւորըՙ տարիքը նրան մղում էր տեսնելու աշխարհը այնպես, ինչպես այդ տարիքում միայն կարելի է տեսնել: Այս քանդակների մեջ տեսնում ենք կյանքի խորը արտահայտություններ, որ խոհեր է արթնացնում: Ինչպես 2000 տարի առաջ հունական անտիկ աշխարհում, այնպես էլ այսօրվա մեր աշխարհում բոլոր փոխհարաբերություններըՙ մարդկային, նույնն են. նոր ձեւեր, փոփոխություններ չկան եւ սա է ամենահատկանշականը: Նա տեսնում է գործիքները միանգամայն այլ հայացքով, կտրատում է այնպիսի հատվածներ, որոնք իրար միացնելով` ամբողջանում եւ յուրահատուկ սիմվոլ-արտահայտչական կերպարներ են դառնում: Այդպես չե՞ն բոլոր մարդիկ, ոմանք շատ զուսպ, սիրալիր, ոմանքՙ լուռ, ոմանքՙ չար, ագրեսիվ:

Սա աշխարհի, մարդու մասին նոր խոսք է, նոր ձեւ: Եթե մենք այս ցուցահանդեսը արվեստի միջազգային կենտրոններում ներկայացնեինք, նոր խոսք կլիներ ողջ աշխարհի համար:

Իր կյանքի վերջում էլ փայլեց Հակոբ Հակոբյանը, մնաց միշտ նորի որոնող, փնտրող արվեստագետ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.