AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-04-03 23:26:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 3007, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 119

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՑ ՀԵՏՈ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մի քանի օր հետո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստով տեղի կունենա Հայաստանի նախագահի երդմնակալությունը:

Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը նույն օրը խոստանում է ալտերնատիվ երդմնակալություն` բազմահազար միտինգավոր- մասնակիցներով: Թե ի՞նչ է դա` դեռեւս հստակ պատկերացում չկա, րաֆֆիականները մանրամասները գաղտնի են պահում: Օրինակ` Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասել էր, թե` «մեր հարյուրհազարավոր ներկայությամբ Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երդմնակալությունը վերածենք մի խղճուկ միջոցառման, հրաժեշտի երեկույթի»: Չնայած Ր. Հովհաննիսյանի երկրորդ նամակին` ուղղված Սերժ Սարգսյանին, եւ դրան նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի կոշտ արձագանքին` կանխատեսողների կարծիքները բաժանվում են առ այն, թե մինչեւ երդմնակալության օրը նախագահ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպե՞ն, թե՞ ոչ: Երկրի շահը պահանջում է, որ, այնուամենայնիվ, նրանք հանդիպեն եւ հրապարակորեն բոլոր հարցերի պատասխանները բարձրաձայնեն, թեեւ, մյուս կողմից, հավասարապես թվում է, որ նրանք քննարկելու բան չունեն, քանի որ նրանց պատկերացումները տրամագծորեն տարբեր են, եւ շատ քիչ բանի շուրջը կարող են նրանք տեսակետներով մերձենալ:

Սակայն, մեր կարծիքով, այս դիմակայության լուծումը կարող է տեղի ունենալ ոչ թե ապրիլի 9-ին կամ էլ դրանից առաջ ու հետո Սարգսյան-Հովհաննիսյան հնարավոր հանդիպմանը, այլ ավելի ուշ: Իշխանության եւ ընդդիմության հետագա պահվածքը վճռվելու է մայիսի 5-ի Երեւանի քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքներով: Այնպես որ` այս օրերի նյարդային շարժումները, որ դրսեւորում են իշխանական քաղաքական ուժ ՀՀԿ-ն` հանդեպ ընդդիմությունն ու այլընտրանքը առանձին-առանձին, եւ ընդդիմադիր միավորները` միմյանց եւ ՀՀԿ-ի հանդեպ, հենց պայմանավորված են այդ վճռորոշ ընտրությունների քարոզարշավի մոտենալով:

Ինքներդ դատեք` Երեւանի ընտրողների թիվը 817 հազարից ավելի է, սակայն եթե նկատի ունենանք քաղաքից բացակայողների զգալի շերտը, եւ անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցության թվերը, ապա մայիսի 5-ի քվեարկությանը, պատռի-տրաքի, կարող է մասնակցել առավելագույնը կես միլիոն ընտրող: Ասում ենք` լավագույն դեպքում, քանի որ նախորդող ընտրություններին մասնակցությունը մեր նշած թվից 5-6 տասնյակ հազարով պակաս էր: Եվ էլի նկատի ունենալով խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին քաղաքական ուժերի ստացած քվեի տոկոսային պատկերը` այս անգամ այդ պատկերը կախված է լինելու նրանից, թե քաղաքական ուժերից ով ում հետ է համագործակցելու: Իշխանական կողմում ՀՀԿ-ի կողքին միայն ՕԵԿ-ն է այս պահին: Նրանց երկուսի ձայները, եթե նկատի ունենանք անցյալ ընտրությունների փորձը, էլի լավագույն դեպքում կարող է միայն հասնել ընտրությունների մասնակցողների թվի կեսին: Եթե ԲՀԿ-ն կարողանա համաձայնության գալ ՀՅԴ-ի , գուցեեւ ՀԱԿ-ի հետ` հետընտրական համագործակցության առումով, ու եթե նկատի ունենանք այդ ուժերի` նախկինում խորհրդարանական եւ քաղաքային ավագանու ընտրություններում ստացած ձայների հանրագումարը (նաեւ այն, որ այդ միավորները միասին կարող են լրջորեն վերցնել եւ ՀՀԿ-ի, եւ «Ժառանգության» («Բարեւ, Երեւանի») սպասելիք ձայներից), ապա պատկերը կարող է բավական խայտաբղետ լինել: «Բարեւ, Երեւանը» թեեւ հույս ունի կրկնելու նախագահական ընտրությունների էֆեկտը, սակայն ակնհայտ է, որ դա նրան թույլ չի տա այս անգամ ընտրություններին մասնակից ԲՀԿ-ն: Կարող է ստացվել այնպիսի պատկեր, որ ԲՀԿ-ն ու մյուս միավորները, եւ «Բարեւ, Երեւանը» միասին ստանան ընտրողների ձայների երկու երրորդը: Ու ՀՀԿ-ի` ավագանիում որոշող լինելու ճակատագիրը կախված կլինի նրանից, թե մյուս միավորներն իրար հետ հակամարտելո՞ւ են, թե՞ միանալով` փորձելու են սեփական թեկնածուին քաղաքապետ դարձնել: Կամ` համագործակցելո՞ւ են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, թե՞ «Բարեւ, Երեւանը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Կամ միգուցե ՀՀԿ-ն դեռ հույսը չի կորցրել ԲՀԿ-ին սանձահարելուց: ԲՀԿ-ն ու «Բարեւ, Երեւանը», փաստորեն, առանձին-առանձին մրցակցելու են եւ ՀՀԿ-ի, եւ միմյանց հետ, ու ստացվելու է եռակի մրցակցություն: Վերջին երկուսը մրցակցելու են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներն իրենցով անելու եւ միմյանցից առաջնությունը խլելու համար:

Ի դեպ, այնքան էլ երկրորդական չէ, թե ԲՀԿ-ն կմասնակցի՞ նախագահ Սարգսյանի երդմնակալությանը, թե ո՞չ: Եվ մասնակցելու, եւ չմասնակցելու դեպքում կարելի է հեռահար եզրակացությունների հանգել: ԲՀԿ-ականներն այդ հարցին պատասխանում են, թե իրենք դեռ այդ հարցը չեն քննարկել: Հիշեցնելու համար ասենք, որ երդմնակալության հատուկ նիստը գումարելու օրինագծին ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել, որն այդպես էլ ՀՀԿ-ականներն անհասկանալի համարեցին:

Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն պատրաստվում է ամբողջ թափով, ու անգամ արագ արձագանքման ջոկատներ է ստեղծում, որոնք Երեւանի 464 ընտրատեղամասերում մանրամասն վերահսկողություն են իրականացնելու, ներառյալ նկարահանումները, նշելով, որ ողջ Հայաստանի տարածքում գուցեեւ հնարավոր չէ վերահսկելը, սակայն միայն Երեւանում հնարավոր է, եթե կենտրոնացնեն իրենց ռեսուրսները եւ ՀՀԿ-ին թույլ չտան 40 տոկոս ձայն հավաքել:

Վերն ասվածի ֆոնին հասկանալի են ե՛ւ վերջին օրերի ԲՀԿ-ՀՀԿ փոխհրաձգությունը, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի «հաթաթան»` ուղղված ԲՀԿ-ին, ե՛ւ ՀՀԿ-ի նյարդային պահվածքը, ե՛ւ Երեւանի քաղաքապետանի պատասխան- հիշեցումը Վարդան Օսկանյանին, թե Երեւանի խնդիրներն այն օրից են, երբ Օսկանյանը կառավարության անդամ էր, ու որեւէ մտահոգություն չի արտահայտել այն ժամանակ (Օսկանյանն իր ֆեյսբուքի էջում կետ-կետ անդրադարձել էր Երեւանի պրոբլեմներին): Ու Րաֆֆին էլ երեկ Աբովյանում, աբովյանցիների հետ հանդիպմանը ասում էր, թե ԲՀԿ-ի համար մոտենում է ճշմարտության պահը` նա պետք է որոշի, թե ո՞ր կողմում է կանգնում: Եվ առհասարակ` յուրաքանչյուրի համար մոտենում է որոշում կայացնելու ժամանակը, լինի ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն , ՕԵԿ-ը, թե արտախորհրդարանական կուսակցությունները: «Եթե ԲՀԿ-ն ասելիք ունենա, կլինի պաշտոնական կարծիք, տեղեկություն... Ի՞նչ է նշանակում` ԲՀԿ-ի համար մոտենում է ճշմարտության պահը: Այդ հարցը ինքնին տեղին չէ, որովհետեւ ԲՀԿ-ն ամեն օր աշխատում է, որպեսզի կարողանա կազմակերպել ավելի բարեկեցիկ, լավ երկիր դառնալու գործընթացը, եւ մեր գործունեությունը թափանցիկորեն երեւում է նաեւ խորհրդարանում,- երեկ Րաֆֆուն պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.