AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3073, Տպվել է` 127, Ուղարկվել է էլ.փոստով` 112

ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՓՈԽՈՒՄ Է ՇԱՏ ԲԱՆ

Մ. Խ.

Երեկ Ազգային ժողովում համարյա ողջ օրը քննարկում էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` 2011 եւ 2012 թվականների աշխատանքի մասին զեկույցները, եւ մեկ օր կատարված իրադարձությունների ֆոնին առավել տեսանելի էր, թե որքան արդիական չէ այդքան ուշացումով խոսելն այդ մասին: Անգամ դա նկատել էր Կ. Անդրեասյանը եւ առաջարկում էր տարին մի քանի անգամ Ազգային ժողովում իրավիճակի գնահատականի հնարավորություն ստեղծել: Ինչ դիսոնանս է, չէ՞, մեկ օր առաջ մարդու իրավունքների տեսակետից գնահատման կարոտ իրադարձություններ էին տեղի ունեցել, իսկ ՄԻՊ-ը խոսում էր մեկ-երկու տարի առաջ կատարվածի մասին: Վերադառնանք ապրիլի 9-ին կատարվածին:

Թե իշխանությունն ուզում էր տեսնել կազմակերպված ընդդիմություն` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի (Գալուստ Սահակյան), եւ կամ ընդդիմադիր մյուս միավորները` պարտված Ր. Հովհաննիսյան, սրանք առանձին քննարկման նյութ են եւ շատ բալաստ ունեն իրենց մեջ, ու առանձին առիթով այս երկու տեսանկյունները կարելի է դիտարկել: Առայժմ արձանագրենք ակնհայտը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, իսկապես, վատ գիտե զուտ հայաստանյան իրողությունները, սա ապացուցվեց ապրիլի 9-ին: Որովհետեւ վերջին տասնհինգ տարին հանրահավաքներին հետեւած յուրաքանչյուր փորձված աչք մի հայացքով կարող է տարբերել սադրիչին եւ այլ շահեր ներկայացնողին ու սաստել, Ր. Հովհաննիսյանը դա դեռ չի կարող անել, քանի որ խորքից չգիտե մերոնց ունակությունները:

Ու մեր աչքի առաջ ու հաստատ ոչ հիմնական ցուցարարներից (որոնք, ճիշտ է, նույնպես դժգոհ էին Րաֆֆու պահվածքից, բայց նրա ասածից դուրս չէին գալիս), բոլորովին այլ մարդիկ մի քանի վայրկյանում, սուլելով ու ալտերնատիվ առաջարկներով փոխեցին Րաֆֆու տրամադրվածությունը, թեեւ նա հանգիստ կարող էր ասել, թե ով իրեն չի ենթարկվում, թող լքի հանրահավաքը: Ու ասենք այն, ինչ հարյուր տոկոսով պատկերացնում էին բոլոր փորձված մարդիկ, այդ թվում` Րաֆֆու թիմակիցներից շատերը, ու զգուշացնում դրանից` հստակ իմանալով, որ քաղաքապետարանի թույլտվության մեջ Բաղրամյան պողոտան չկա որպես երթի վայր ու պետք չէ գնալ Բաղրամյան պողոտա, այնուամենայնիվ, մի քանի վայրկյանում իրականություն դարձավ հենց այդ տարբերակը, քանի որ Րաֆֆին դեռ չի կարողանում տարբերել ազնիվ ցուցարարին սադրիչից: Ասենք` տարբերելու համար պետք է մտածել հայաստանյան իրողություններով, որը դեռեւս հարյուր տոկոսով հասանելի չէ արեւմտյան կրթությամբ եւ այլ դաստիարակություն ստացած Րաֆֆուն:

Ու նա, միգուցե, այդ տեսակ ցուցարաների հոգեբանական ճնշմանը չդիմանալով` ապրիլի 9-ի երեկոյան արեց այն, ինչն առավոտյան դեռ անհնար էր համարում: Եվ ընդհանրապես` որեւէ սթափ մարդու որոշում չի կարող համարվել մարդկանց Բաղրամյան պողոտայով Ծիծեռնակաբերդ տանելը, երբ գիտես, որ մարդկանց չեն թույլատրելու անցնել այդ ճանապարհով, գումարած, որ ցերեկն այնտեղ մի խումբ ակտիվիստների եւ ոստիկանների ընդհարում էր եղել: Այդպես էլ որեւէ հիմնավոր բացատրություն չկա, թե ո՞նց կարելի էր գրգռված եւ անելիքը չիմացող մարդկանց լրիվ անտեր ու անկողմնորոշիչ թողնել ոստիկանական շղթայում բավական երկար ժամանակ. փառք Աստծո, որ զոհեր չեղան, սակայն այն, ինչ տեղի ունեցավ` ընդհանրապես փոխեց ամեն ինչ:

Նախ ստվեր ընկավ հենց Րաֆֆու վրա, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ ընկալումը գուցե դրական շեշտադրումներով օժտվեց մի փոքր` հանրահավաքի մասնակիցներից շատերը համոզված էին, թե «Վովան չի թողնի ժողովրդին վնաս լինի»: Արմեն Մարտիրոսյանի առողջությանը գուցե եւ վնաս հասցվեց, բայց ոչ նրա վարկանիշին, անկախ նրանից` ճիշտ, թե սխալ է այդ իմաստով հանրության ընկալումը, բայց հանրային ընկալման մեջ նրա վարկանիշը շահեց, այո: Հենց Րաֆֆու կողմնակիցների մեջ (ոչ թիմակիցների) արդեն կարծիքներ են հնչում, որ նրա ղեկավարած ընդդիմությունը լիդերափոխության խնդիր կդնի միգուցե (Տիգրան Խզմալյան): Այսինքն, անկախ ամեն ինչից, ապրիլի 9 մի շարք բաներ է փոխելու: Հավանաբար նախ կփոխվի Րաֆֆու կողմնակիցների գործելակերպը` տեղի ունեցածից հետեւություններ կարվեն: Նույն կերպ հավանաբար նախագահ Սարգսյանը այդ օրվա ընդդիմադիր ուրվագիծը լավ կուսումնասիրի, ու անհնար է, որ նրա գործողությունների վրա եւս չազդի այդ օրվա լեփ-լեցուն Ազատության հրապարակը: Եվ այդ իմաստով հրաժարական տված կառավարության նոր կաբինետը հավաքելիս գուցե արտածվեն նրա հետեւությունները: Քանի որ չի կարելի հաշվի չառնել սեփական երկրի այդքան բողոքավոր զանգվածին` անկախ նրան զորաշարժող ընդդիմության լիդերներից: Դժգոհ մարդկանցով լի Ազատության հրապարակի մեսիջն այն է, որ դժգոհության կայծը մեկ մարում, մեկ անթեղվում է` մոխրի մեջ եղած կայծի պես` ամեն անգամ սպասելով իր վրա ցախ նետողին, եւ այդ դասը նախ ուղղված է իշխանությանը:

Հ. Գ. Ի դեպ, ապրիլի 9-ի երեկոյան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանական բաժանմունք բերման էին ենթարկել ուժի գործադրմամբ, վնասվել էր նրա քիթը, եւ այլ վնասվածքներ էր ստացել: Երեկ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց ԶԼՄ-ներին, որ իր վիճակը նորմալ է, հիվանդանոցում նախորդ օրը բուժօգնություն է ստացել եւ գնացել տուն: Սակայն ոստիկանությունում նա դեռ պետք է բացատրություններ տա այդ օրը տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.