AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1033, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՕԲԱՄԱՆ ԱԿԱՄԱ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Եթե որեւէ հարց սակարկության առարկա է դառնում, հարցի շուրջը համաձայնության գալը կողմերից մեկի համար ենթադրում է գին վճարել: Մինչեւ հիմա Թուրքիան «ցեղասպանություն» բառի դիմաց ինչ գին է վճարել պաշտոնական Վաշինգտոնին, չգիտենք, բայց որ գնից զատ միաժամանակ հսկայական էներգիա է ծախսել եւ մի քանի ամիս շարունակ ապրել է ապրիլի 24-ի խուճապը, անհերքելի փաստ է:

Թուրքիայի այս տարվա վստահությունը նախագահ Օբամայի ուղերձի առումով ըստ երեւույթին պետք է պայմանավորված լիներ «Ազատ Սիրիայի բանակի» մարդասպանների ցուցաբերած անվերապահ աջակցությամբ, PKK-ի հետ հաշտեցման ձեռնարկումներով եւ հատկապես Թուրքիա-Իսրայել հարաբերությունները վերականգնելու պատրաստակամությամբ:

Նշված հարցերում ԱՄՆ-ի շահագրգռության մասին Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է: Թերեւս Օբամայի ուղերձում «ցեղասպանություն» արտահայտությունը չօգտագործելու գինը Թուրքիան այս տարի վճարել էՙ ընդառաջելով ԱՄՆ-ի շահագրգռություններին: Սակայն դա չի խանգարել, որ Թուրքիայի արտգործնախարարությունը հենց ուղերձի հրապարակման օրըՙ ապրիլի 24-ին հանդես գա հայտարարությամբ եւ խնդրահարույց համարելով դատապարտի նախագահ Օբամայի ուղերձը, թե դա կանխակալ է, կանխարգելում է պատմության ճիշտ ըմբռնումն ու խրախուսում իրադարձությունների անաչառ ուսումնասիրությունից խուսափող հայկական կողմին:

Ինչո՞վ բացատրել Թուրքիայի արտգործնախարարության այս հայտարարությունըՙ Բարաք Օբամայի ուղերձի բովանդակությամբ: Ուղերձում ԱՄՆ նախագահը մատնանշում էր 1,5 մլն հայերի բնաջնջումը կամ դեպի մահ տանող բռնի տեղահանությունը Օսմանյան կայսրությունում, փաստերի լիակատար բացահայտ եւ արդար ընդունման կոչ էր անում, ընդգծում էր, որ 1915-ի առնչությամբ չի փոխել իր դիրքորոշումը:

Այլ կերպՙ նախագահ Օբաման ուղերձում առանց արտասանելու տվել է ցեղասպանության սահմանումը: Ինչ վերաբերում է իր դիրքորոշումը անփոփոխ պահպանելու հանգամանքին, չմոռանանք, որ նա նախքան նախագահ ընտրվելը 1915-ի իրադարձությունները բազմիցս ցեղասպանություն էր որակել: Օբաման դիրքորոշման մասին նշելիս Թուրքիային հասկացնում է, որ 1915-ի իրադարձությունները իր համոզմամբ ցեղասպանություն են, եթե ինքը չի օգտագործում այդ բառը, ապա դրա պատճառը ոչ թե իրագործված ցեղասպանության մասին կասկածանքն է, այլ քաղաքական հաշվարկները:

Թերեւս այս ամենի առումով կարելի է համաձայնել Ամերիկայի հայկական համագումարի կարծիքին. «Նախագահ Օբաման վերահաստատեց Հայոց ցեղասպանության լիակատար բացահայտ եւ արդար ճանաչման կարեւորությունը»: Չպետք է, սակայն, մոռանալ, որ ՄԱԿ-ի կոնվենցիան կոչվում է «ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժման» կոնվենցիա: Որքան էլ նախագահ Օբաման ուղերձում տա ցեղասպանության սահմանումը, «Մեծ Եղեռն» բառակապակցությամբ Թուրքիային ձերբազատում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան ստորագրելու միջոցով ստանձնած պարտավորություններից:

Ավելին, ուղերձում «ցեղասպանություն» բառի փոխարինումը «Մեծ Եղեռն» արտահայտությամբ նախադրյալներ է ստեղծում, որ Հայոց ցեղասպանության բանաձեւերը շարունակ մերժվեն ԱՄՆ Կոնգրեսում, իսկ այդ մերժումով անուղղակի խրախուսվի թուրքական մերժողականությունը:

Ի վերջո, որքան էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սպառման փաստի առջեւ կանգնեցնի թուրքական ժխտողականության դիրքերը, դրանց լիարժեք սպառման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դրա անհրաժեշտ նախապայմանն էլ ցեղասպանության ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Իսրայելի կողմից ճանաչումն է: Այդ դեպքում արդեն ժխտողականությունից կառչելը իմաստ չի ունենա Թուրքիայի համար, Ցեղասպանության միջազգային ճանաչումը կդառնա անհամեմատ լիարժեք, եւ թուրքական կողմը ստիպված կլինի տեղի տալ սեփական պատմության հետ առերեսվելու նախագահ Օբամայի հորդորներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.