AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



Կրթություն

Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1541, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՄՈՒՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Ռ. Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս
Մ. Զ. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆ.

Ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 75-ամյակը

Լրացավ ճանաչված բժիշկ-դեղաբան, մանկավարժ եւ հասարակական գործիչ, Երեւանի պետական բժշկական համալսարանի երկարամյա նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 75-ամյակը:

Վիլեն Հակոբյանի գործունեության մեջ ցայտունորեն առանձնանում են մի շարք հիմնական կոչումներ` գիտնական, ուսուցիչ, բժշկական բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ եւ հասարակական գործիչ:

Վ. Պ. Հակոբյանը ծնվել է 1938թ. մայիսի 1-ին Հայկական ԽՍՀ Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում: 1960թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աշխատել է Արթիկի շրջանում` որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ: 1967թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977թ.` դոկտորական թեզերը:

Վ. Պ. Հակոբյանը բարեխղճորեն աշխատել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսումնավարչական գրեթե բոլոր օղակներում` ավագ լաբորանտից հասնելով ամբիոնի վարիչի, ռեկտորի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոններին:

1987թ. ընտրվելով Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Վ. Պ. Հակոբյանը 19 տարի շարունակ դրսեւորել է կազմակերպչի եւ նորարարի մեծ հմտություն: Հիշենք թեկուզ անցումային շրջանի 1991-1994թթ., տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը: Այդ պայմաններում Երեւանի պետական բժշկական համալսարանը հանրապետության միակ բուհն էր, որը կարողացավ ունենալ անխափան էլեկտրաէներգիա եւ ջեռուցում, ոչ միայն ապահովեց իր աշխատանքի բնականոն գործընթացը, այլ նաեւ նկատելիորեն վերընթաց ապրեց:

Հիրավի, նրա անդուլ եւ հետեւողական աշխատանքների շնորհիվ մեծացավ ու խորացավ Երեւանի պետական բժշկական համալսարանի միջազգային ճանաչումը: Անուրանալի են նրա ծառայությունները արտասահմանյան ուսանողների ներգրավման, անգլիալեզու ուսուցման համակարգ ստեղծելու, սեփական համալսարանական կլինիկական հիվանդանոցներ եւ հանրակացարաններ ունենալու գործում:

Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի հետեւողական գործունեության շնորհիվ 1991թ. Երեւանի պետական բժշկական ինստիտուտը վերանվանվեց մեծն բժշկապետ Մխիթար Հերացու անվամբ, իսկ 1995թ. ինստիտուտը վերակազմավորվեց համալսարանի:

Ճանաչված գիտնականն իր ներդրումն է կատարել տեղական եւ միջազգային մի շարք հանդեսների աշխատանքներում: Բավական է նշել, որ Վ. Պ. Հակոբյանը երկար տարիներ (1989-2007թթ.) խմբագրել է ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսը: Գիտնականի եւ կազմակերպչի նրա վաստակը գնահատվել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների եւ գիտական ընկերակցությունների անդամ ընտրվելով:

Վ. Պ. Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունն արտացոլված է նրա ավելի քան 300 աշխատություններում (որոնց զգալի մասը հրատարակվել է միջազգային գիտական հանդեսներում): Նա հեղինակ է 6 մենագրությունների (որոնցից 2-ը հրատարակվել է արտասահմանում` Մոսկվայում եւ Աթենքում), 11 ուսումնամեթոդական ձեռնարկների, 3 ֆարմակոլոգիայի դասագրքերի: Իր գործընկերների հետ ստեղծած այդ ուսումնական ձեռնարկները ֆարմակոլոգիայի հայերեն լեզվով առաջին բուհական դասագրքերն են Հայաստանում: Վ.Պ. Հակոբյանն ստացել է 21 հեղինակային արտոնագիր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 6 դոկտորական եւ 18 թեկնածուական ատենախոսություններ:

Նա բազմիցս հրավիրվել է աշխարհի տարբեր երկրներ եւ զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում:

Վ. Պ. Հակոբյանն իր գիտական աշխատանքներն սկսել է տակավին ուսանողական տարիներից, տասնամյակներ շարունակ զբաղվել է կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության ուսումնասիրության հարցերով: Գիտական հետազոտությունների նոր ուղղություն դարձան նրա առաջադրած սակավաշարժության եւ ֆիզիկական ակտիվության պայմաններում ուղեղային արյան շրջանառության կարգավորման մեխանիզմներին ուղղված աշխատանքները: Նա հաջողությամբ զարգացրել է ուղեղային արյան շրջանառության ինքնակարգավորման նյարդաքիմիական տեսությունը:

Վ.Պ. Հակոբյանն ակտիվորեն մասնակցել է մեր նորանկախ հանրապետության ստեղծման ու կայացման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման արդար պայքարին, ինչպես նաեւ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը:

Պատշաճ ձեւով գնահատելով մեր անկախ պետականության համար ֆիզիկապես ամուր, առողջ եւ մարտունակ բանակ ունենալու եւ բարձրորակ զինվորական բժիշկներով ապահովելու կարեւորությունը` Վ. Պ. Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ 1994թ. Երեւանի պետական բժշկական համալսարանում հիմնադրվեց եւ մինչ օրս հաջողությամբ գործում է ռազմաբժշկական ֆակուլտետը:

Հայրենիքի պաշտպանության եւ բանակաշինության գործընթացում ներդրած ուրույն ավանդի համար ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանն արժանացել է բժշկական ծառայության գնդապետի կոչմանը, ինչպես նաեւ «Դրաստամատ Կանայանի», «Գարեգին Նժդեհի», «Սպարապետ Վ. Սարգսյանի» եւ ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտության» մեդալներով:

Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանը պարգեւատրվել է նաեւ հանրապետության մի շարք բարձրագույն պարգեւներով, ներառյալՙ «Մխիթար Հերացու» մեդալով, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին:

Իր բազմաբնույթ գործունեության մեջ Վ. Պ. Հակոբյանը միաժամանակ ծավալել է հասարակական բուռն գործունեություն, որի շնորհիվ արժանացել է «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչմանը, ինչպես նաեւ պարգեւատրվել է բազմաթիվ հուշամեդալներով եւ շնորհակալագրերով:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բարձր գնահատելով Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Վ.Պ. Հակոբյանի ազգանվեր աշխատանքը, նրան պարգեւատրեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն շքանշանով: Նա արժանացել է նաեւ «Ամենափրկիչ Քրիստոսի տաճարի» Մոսկվայի կաթողիկոսության երախտավորագրին:

Բժշկագիտության եւ մարդասիրության բնագավառում, ինչպես նաեւ հասարակական գործունեության մեջ իր արժանի ծառայությունների համար Վ. Պ. Հակոբյանը պարգեւատրվել է Ալբերտ Շվեյցերի եւ Վերնադսկու անվան «Ոսկե աստղ» բարձրագույն պարգեւներով, Ֆ. Նանսենի անվան ոսկե հուշամեդալով եւ այլն:

Ներկայումս Վ. Պ. Հակոբյանն իր կուտակած փորձն ու հմտությունը ներդնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպություններում` իրեն հոգեհարազատ բնական գիտությունների բնագավառում ծավալվող գիտական աշխատանքները նոր պահանջների ոգով կազմակերպելու եւ բարեփոխելու խնդրում:

Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի բազմաթիվ աշակերտներն ու հետեւորդները, հանրապետության եւ արտերկրի բժշկական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Վ. Պ. Հակոբյանին, զգացել են նրա հոգատար, սրտացավ վերաբերմունքը, իրենց երախտագիտության եւ հարգանքի տուրքն են մատուցում անխոնջ մանկավարժին եւ հայրենասեր քաղաքացուն, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է իր հայրենիքին ու ժողովրդին ծառայելու պատվավոր գործին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.