AZG Daily #8, 18-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #102, 19-06-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-06-18 23:31:40 (GMT +04:00)

ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժամանակն է նայելու դեպի արեւելք, իսկ ավելի որոշակի ` դեպի Հնդկաստան. այս գաղափարին համամիտ են հայ-հնդկական հարաբերություններով հետաքրքրված եւ այդ հարաբերություններն ամրապնդելուն կոչված անձինք, որոնց մի փոքր մասը հունիսի 17-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հանդես եկավ հայ-հնդկական հարաբերությունները զարգացնելու իր գաղափարներով ու առաջարկներով:

Կոնֆերանսի կազմակերպիչը «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպությունն էր, իսկ ընտրված թեման էր` «Հայ-հնդկական հարաբերություններ. մարտահրավերներ ու հեռանկարներ»:

Մշակույթի, կրթության, գիտության, առեւտրի, սպորտի, բիզնեսի ու այլ ոլորտների ներկայացուցիչների, նաեւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալված քննարկման ընթացքում փոխանակվեցին առաջարկներ, որոնք հետագայում թերեւս ներգրավվեն համագործակցության ծրագրերում:

Քանի որ կոնֆերանսն ինտերակտիվ բնույթի էր, հնչեցին նաեւ հարցեր ու պատասխաններ:

Մինչ բուն քննարկմանն անցնելը «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նախագահ ու համահիմնադիր Ռանանջայ Անանդը հակիրճ ներկայացրեց կազմակերպության պատմությունը եւ առ այսօր Հայաստանում ու Հնդկաստանում նրանց կատարած աշխատանքները, որոնք եղել են ցուցահանդեսների, հայկական եւ հնդկական տոնակատարությունները նշելու եւ այլ միջոցառումների տեսքով:

Ռանանջայ Անանդի փոխանցմամբ` կազմակերպությունն ի սկզբանե ձեւավորվել է որպես ֆեյսբուքյան էջ, ու հենց սկզբից նպատակ է հետապնդում երկու երկրներում փոխադարձաբար ներկայացնելու երկու երկրների մասին տեղեկատվություն եւ իր մասով խթանելու հայ-հնդկական համագործակցությունը:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան դոկտոր Սուրեշ Բաբուն, որը նույնպես ներկա էր կոնֆերանսին, շարունակելով հայ-հնդկական հարաբերությունների թեման` նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո դրանք մտան նոր փուլ, եւ Հնդկաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունն ու հիմնեց դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ: Ի դեպ, մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 20-ամյակը նշվեց անցյալ տարի: «Ամփոփելով վերջին 20 տարիների հայ-հնդկական հարաբերությունները` պետք է ասեմ, որ դրանք ընթանում են ճիշտ ուղղությամբ: Ունենք քաղաքական գերազանց փոխըմբռնում եւ փոխգործակցություն տարբեր մակարդակներով: Եվ հիմա աշխատում ենք փոխգործակցության այս ավանդույթն ընդլայնելու եւ առաջ տանելու ուղղությամբ», հավելեց Սուրեշ Բաբուն:

Հայաստանն ու Հնդկաստանն ունեն համագործակցություն նաեւ միջազգային տարբեր հարթակներում եւ աջակցում են մեկը մյուսի թեկնածուներին միջազգային կազմակերպություններում:

Ինչ վերաբերում է մշակութային կապերին, դեսպանի դիտարկմամբ` Հնդկաստանում հայկական մշակութային խմբեր հանդես եկել են, սակայն դրանց թիվը շատ չի եղել. «Կուզենայինք տեսնել ավելի շատ հայ կատարողների Հնդկաստանում, որոնք հանդես կգան հնդիկ հանդիսատեսի առջեւ` ներկայացնելով հայկական մշակույթը, քանի որ Հնդկաստանում Հայաստանի մասին ըստ պատշաճի տեղյակ չեն»:

Հայկական մշակույթը ներկայացնելու հարցում կարող են դեր խաղալ նաեւ հետաքրքրված կազմակերպությունները, տուրօպերատորները եւ ուրիշներ, որոնք, սակայն, պետք է փոքր-ինչ վճռական լինեն:

Սուրեշ Բաբուն խոսեց հատկապես առեւտրատնտեսական հարաբերությունների մասին` ընդգծելով, որ հայ-հնդկական հարաբերությունների շղթայում սա ամենաթույլ օղակն է, եւ կարիք ունի ամրապնդման ու զարգացման. «Թե մեր դեսպանատանը, թե մեր արտգործնախարարության ներսում մտածում ու խորհրդակցում ենք, թե ինչպես ընդարձակենք առեւտրատնտեսական մեր հարաբերությունները: Սրանք խորացնելու համար պահանջվում են հավելյալ ջանքեր ու լրացուցիչ խթանում»:

Այնպես չէ, որ որեւէ ոլորտում Հայաստանը չունի բավարար ներուժ համագործակցությունը զարգացնելու համար: Դեսպանն ասում է` հայերը ստեղծագործ են, խելացի եւ ունեն մտավոր բնատուր ուժ հիմնարար գիտություններում: Նրա դիտարկմամբ` աշխարհում Հայաստանն ունի լավագույն ուղեղները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Հնդկաստանի դեսպանը հիշեցնում է` երբ Հնդկաստանը ձեռք բերեց իր անկախությունը, Խորհրդային Միությունն օգնեց Հնդկաստանին ոտքի կանգնելու, եւ Հայաստանը, լինելով Խորհրդային Միության երկրներից մեկը, նույնպես իր ավանդն է ունեցել Հնդկաստանի զարգացման մեջ: Այսօր էլ Հնդկաստանն է իր աջակցությունը ցուցաբերում է Հայաստանին, եւ դրա մի օրինակն էլ ITEC ծրագրով հայ մասնագետների վերապատրաստումն է Հնդկաստանում, ինչի համար ֆինանսական ծախսերը հոգում է հնդկական կողմը:

«Մենք շարունակելու ենք ցուցաբերել մեր աջակցությունը Հայաստանին` մեր համեստ ճանապարհով», եզրափակեց Սուրեշ Բաբուն:

Առեւտրատնտեսական հարաբերությունների մասով Արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ միության անդամներն այսօր ունեն բիզնես համագործակցություն Հնդկաստանի հետ, եւ պատրաստակամ են ստեղծելու նոր կապեր հայ ու հնդիկ գործարարների միջեւ: Իսկ «Էսկուլապ» ընկերության արտադրանքի մենեջեր Հարություն Սարաֆյանը տեղեկացրեց, որ «Էսկուլապը» 1996 թվից աշխատում է հնդկական արտադրողների հետ. «Ու միգուցե այս կոնֆերանսը կտա անհրաժեշտ վստահություն հայ սպառողներին, քանի որ վերջիններս որոշակի թերահավատություն ունեն հնդկական դեղորայքի հանդեպ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ դրանք բնավ չեն զիջում տեղականին ու եվրոպականին»:

Համագործակցության վերաբերյալ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն էլ իր առաջարկները ներկայացրեց` նախ ասելով, որ Պետական բժշկական համալսարանը բաց է առողջապահական ու բժշկագիտական հետազոտությունների համար: «Մենք հետաքրքրված ենք նաեւ ավելի շատ իմանալու հնդկական ավանդական բժշկության` յոգայի, այուրվեդայի մասին, եւ կուզենայինք ձեռք բերել գործնական գիտելիքներ ու հմտություններ դրանց վերաբերյալ», ասում է պարոն Նարիմանյանը: Ի հավելում վերջինիս առաջարկի` դեսպանը նշեց` Հնդկաստանի կառավարությունն առաջարկում է բակալավրի անվճար կրթություն հնդկական ավանդական բժշկություն սովորել ցանկացողներին»:

Հայ-հնդական հարաբերություններին առնչվող այս կոնֆերանսը, ըստ Ռանանջայ Անանդի, թերեւս չլինի իրենց կողմից կազմակերպվող այս թեմայով վերջին կոնֆերանսը. «Արդեն պլանավորել ենք եկող տարի անցկացնելու միջազգային կոնֆերանս»:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #102, 19-06-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.