AZG Daily #37, 21-11-2014

Armenian Genocide

American Councils for International Education: ACTR/ACCELS

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #105, 22-06-2013



Խարդախության զոհեր

Տեղադրվել է` 2013-06-22 11:40:37 (GMT +04:00)

ԴԱՏԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԾԻԿՈՒՄ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քարոլին Բաղումյանն ամերիկահայ բժիշկ-ատամնաբույժ է: Նա վաղուց երազել է հաստատվել Հայաստանում եւ ցանկացել, որ իր դուստրը մեծանա հայրենիքում:

2005 թվականին Քարոլին Բաղումյանը գնել է հողամաս Երեւանի Նորք-Մարաշի 13 փողոցում ու այնտեղ սկսել կառուցել իր առանձնատունը: Նա Երեւան ժամանել է 2004-ին, մինչ այդ արդեն համացանցի միջոցով բնակարան է վարձած եղել: Տան բանալին նրան փոխանցել է Նունուֆար Հովհաննիսյանը, որն ասել է, թե շինարար է, ունի շինարարական խումբ ու կարող է Քարոլին Բաղումյանին օգնել Հայաստանում մշտապես բնակություն հաստատելու հարցում: Արդեն 2005-ին հողամաս գնելու ու առանձնատուն կառուցելու գործողությունները կատարել է Քարոլին Բաղումյանի լիազորած Նունուֆար Հովհաննիսյանը, իսկ այդ ընթացքում տիկին Բաղումյանն ապրել է Միացյալ Նահանգներում եւ այցելել Հայաստան երբեմն ու մի քանի օրով: Սակայն գումարային բոլոր վճարումները` հողի գնման, շինարարության ու բանվորների վարձատրման համար կատարել է բանկով, ու մի փոքր մասն էլ կատարել է առձեռն, եւ ունի վճարումների բոլոր կտրոններն ու ստացականները: Քարոլին Բաղումյանի պատմությանն անդրադարձել է նաեւ Hetq.am-ը, որից բառացիորեն մեջբերում ենք մի հատված. «ՆունուՖար Հովհաննիսյանի հետ պայմանավորվեցինք, որ իմ միջոցներով պետք է գնի հողամաս եւ դրա վրա կառուցի առանձնատուն: Նրան փոխանցեցի համապատասխան ձեւի ու բովանդակության լիազորագրեր, որ իմ փոխարեն կատարեր գործարքներ: Ընդհանուր վերցրած` բանկային փոխանցումներով եւ կանխիկ, Նունուֆարին տվել եմ 539 հազար դոլար (բոլոր փաստաթղթերը կան, եւ նա չի հերքում, որ այդքան գումար է ստացել)», պատմել է Քարոլին Բաղումյանը: 2005 թվականին Նորքի 13 փողոցում Նունուֆար Հովհաննիսյանը 45 հազար դոլարով 550 քմ հողամաս է գնել (ավելի ուշ պարզվել է, որ հողամասի իրական գինը 38 հազար է եղել-հեղ.) եւ սկսել առանձնատան շինարարությունը:

Սակայն տան շինարարությունը ձգձգվել է մինչեւ 2009 թվականը, այդ ժամանակ էլ գալով Երեւանՙ Քարոլին Բաղումյանը տեսել է, որ 5 տարվա մեջ կառուցվել է հազիվ մի կիսակառույց շինություն: Իսկ Նունուֆար Հովհաննիսյանը նրանից տարիներով գումարներ է պահանջել առանձնատունը վերջնական տեսքի բերելու համար: Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վարչության պետի գրության համաձայն` տեղատեսությամբ պարզվել է, որ կիսակառույցում առկա են նախագծային շեղումներ: Իսկ շենքը, ըստ 2010-ի դեկտեմբերին կատարված գնահատման, արժե 114 միլիոն դրամ, այսինքն` շուրջ 200 հազար դոլարով պակաս գումար է ներդրվել դրա վրա, քան Քարոլինը հատկացրել է Նունուֆար Հովհաննիսյանին: Պարզվել է նաեւ, որ Նունուֆարը շինարարական գործունեություն ծավալելու լիցենզիա չի ունեցել, հաշվապահություն չի վարել ու շինաշխատանքներ կատարելիս որեւէ մեկի հետ համապատասխան պայմանագրեր չի կնքել:

Հասկանալով, որ խաբված է, Քարոլին Բաղումյանը դադարեցրել է իր հարաբերությունները Ն. Հովհաննիսյանի հետ, եւ ինչպես տիկին Բաղումյանն է ասում, այստեղից էլ սկսվել է իր կյանքի մղձավանջային շրջանը. «Նունուֆարն օգտվելով հայերենի իմ վատ իմացությունից, ՀՀ օրենքները չիմանալուց եւ ամենացավալի փաստից` հային հավատալու հանգամանքից, ինձ ներքաշել է դատական մի քաշքշուկի մեջ, ինչից չեմ կարողանում ոչինչ հասկանալ: Եվ հիմա ստացվել է այնպես, որ ես պարտք եմ Ն. Հովհաննիսյանին` իբրեւ անհիմն հարստություն, եւ իմ ողջ ունեցվածքը` հող, տուն, մեքենա, լրիվ գրավ է դրված, եւ ես սնանկացած, զրկված իմ վաստակած գումարով Հայաստանում տուն ունենալու եւ ապրելու երազանքից` պիտի լքեմ Հայաստանը»: Ի դեպ, Նունուֆար Հովհաննիսյանը մինչ տիկին Քարոլինի դեմ դատարան դիմելը Տերյան 65 հասցեի 12 բնակարանը, որը պատկանում է հենց իրեն, գրանցել է ուրիշ անձի անունով, բայց հիմա բնակվում է հենց նույն բնակարանում:

Նունուֆար Հովհաննիսյանը, դիմելով դատարան, պահանջել է հօգուտ իրեն տիկին Քարոլինից բռնագանձել 40 հազար դոլար ու սրան էլ գումարել համապատասխան տույժ-տուգանքի տոկոսագումարը:

Ըստ Hetq.am-ի` Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը դատարանում Քարոլինին հարցրել է` ընդունո՞ւմ ես: «Նիստի ձայնագրությունը կա. 5 անգամ ասում եմ` ոչ, ոչ...Բայց դատավորը «պեչատում է», որ ես համաձայն եմ, հաշտության համաձայնագիրն իր որոշմանը չի էլ կցում (ինչն օրենքով պարտավոր է) եւ իմ փոխարեն որոշում է, որ հաշտությանը համաձայն եմ», պատմել է Քարոլին Բաղումյանը: Ոչինչ չեն փոխել նաեւ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները: Ի դեպ, Նունուֆար Հովհաննիսյանը դատավոր Գայանե Կարախանյանի հորաքրոջ աղջիկն է, ինչն էլ հեշտացրել է կաշառքով եւ ծանոթ-բարեկամների միջոցով դատական հարցերը հօգուտ իրեն լուծելու գործը:

Ըստ տիկին Քարոլինի փաստաբանի` ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Տիկին Քարոլինը դիմել է նաեւ սփյուռքի ու արդարադատության նախարարներին, սակայն ոչինչ չի փոխվել, իսկ նախագահականից պատասխանել են, որ տիկին Քարոլինի` իրենց ուղղված դիմումը մակագրվել է գլխավոր դատախազություն:

Հայտնվելով խաբեբայությունների, կեղծարարությունների շղթայում` տիկին Քարոլինը մեր անկատար իրավական համակարգից փոխանակ պաշտպանություն ստանալու, տեսել է հակառակ մոտեցումը ու հիմա սեփական հայրենիքում հայտնվել մոլորության մեջ: Տիկին Քարոլինը արդեն մի անգամ բաց նամակով դիմել է հանրապետության նախագահին, նամակում ասում է. «Չեմ ուզում արժանանալ այն սփյուռքահայերի բախտին, որոնք այստեղ որոշ խաբեբաների հանդիպելուց հետո լքել են հայրենիքը` այլեւս չուզենալով լսել նրա մասին: Ես համագործակցում եմ ԱՄՆ-ի բժիշկ իմ գործընկերների հետ, եւ ունենք մեծ ծրագիր օգնելու հայ հիվանդ մանուկներին: Սակայն մի քանի խաբեբաներ դրդում են, որ հրաժարվեմ նաեւ բարեգործական այս ծրագրից»:

Քարոլին Բաղումյանը միակ սփյուռքահայը չէ, որն ուզում է ապրել հայրենիքում, ուզում է իր աշխատանքն ու ավանդը դնել ոչ թե ուրիշ երկրի զարգացման մեջ, այլ` հայրենիքի, սակայն իրավական ու գերատեսչական մարմինների անարդար, մարդկային հոգեբանության հանդեպ անտարբեր ու հայրենիքի բարօրությամբ, տվյալ դեպքում, կարող ենք ասել, բացարձակապես չհետաքրքրված վերաբերմունքը ոչ միայն չի դրդում հայրենադարձության, այլեւ դրդում է արտագաղթի: Եվ Քարոլինի հետ պատահածը, ժողովրդի լեզվով ասած, «խաբող ու քցող» վերաբերմունքը ցույց են տալիս, որ հաճախ իր երկրում հայ մարդն անպաշտպան է, մարդն իր շահերը չի կարողանում պաշտպանել օրենքով: Ու նույնիսկ օրենքի պաշտպաններն են արհամարհում օրենքն ու իրենց դիմած քաղաքացիներին, որոնք օրենքով պաշտպանվելու կարիք ու հայրենիքում ապրելու ցանկություն ունեն:

Այնուամենայնիվ, տիկին Քարոլինը, ի տարբերություն շատ սփյուռքահայերի, թեեւ հուսահատված, բայց շարունակում է պայքարել իր հայրենիքում ապրելու եւ հայ զավակ դաստիարակելու համար: Եվ արդարության հույսով ու վստահությամբ նա իր երկրորդ նամակն է ուղղում հանրապետության նախագահին: Կից ներկայացնում ենք նախագահին ուղղված նրա երկրորդ նամակը:

Նկար 1. «Շինարար» Նունուֆար Հովհաննիսյանը

Նկար 2. Քարոլին Բաղումյանի կիսակառույց սենյակներից մեկը

Նկար 3. Կիսակառույցից մեկ այլ պատկեր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #105, 22-06-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.