AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Հարցազրույց

Տեղադրվել է` 2013-07-17 23:40:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 4739, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՉԵԶՈՔԱՑՆԻ ԲԼԻՑ-ԿՐԻԳԻ ԱՄԵՆ ՄԻ ՓՈՐՁ

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բակո Սահակյանի բացառիկ հարցազրույցը «Ազգ» օրաթերթին

Նախորդ տարվա հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ վերընտրվեց գործող նախագահ Բակո Սահակյանը: Ընտրություններից մեկ տարի անց «Ազգ» օրաթերթի հետ հարցազրույցում Բակո Սահակյանը ներկայացրեց կատարված աշխատանքն ու անելիքները:

- Պարոն Սահակյան, նախ շնորհակալություն հարցազրույց անցկացնելու առաջարկը չմերժելու համար: Նախորդ տարիՙ նախագահական ընտրություններից առաջ «Ազգ»-ի հետ հարցազրույցում Դուք ներկայացրիք մի շարք ծրագրեր, որոնք նախատեսում էիք իրագործել վերընտրվելու պարագայում: Անցել է մեկ տարի, այդ ծրագրերից որո՞նք են իրագործվել կամ ընթացքի մեջ են:

- Մեկ տարին կարճ ժամանակահատված է խոշոր ծրագրերի իրականացման համար: Այդ ժամանակահատվածում կարելի է մշակել ռազամավարական նշանակություն ունեցող ծրագրեր եւ մեկնարկ տալ դրանց, սակայն ավարտին հասցնելու համար պետք է ավելի երկար ժամանակահատված: Չնայած դրանՙ մենք ունենք մի շարք կարեւորագույն ծրագրեր, որոնց իրականացումն սկսվել է մի քանի տարի առաջ: Դրանցից որոշներն արդեն իսկ ավարտված են, մյուսները ընթացքի մեջ են:

Վերջին երկու-երեք տարիներին լուրջ հաջողություններ են գրանցվել բանակաշինության, հանքարդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության, բնակարանաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտներում:

Միեւնույն ժամանակ, դեռեւս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պետք է լուծում տանք: Այս տարի նախատեսում ենք համայն հայության օգնությամբ իրականացնել ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող մի նախագիծ` Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները: Այս շնչերակը մեծապես կնպաստի ամբողջ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նախատեսում ենք նաեւ մի շարք այլ նախագծերի իրականացումը եւ համոզված ենք, որ ի վիճակի կլինենք հաջողությամբ ավարտին հասցնել դրանք:

- Անընդհատ խոսվում է Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին, սակայն բացումն այդպես էլ հետաձգվում է: Ի վերջո ե՞րբ կբացվի օդանավակայանը: Կա՞ն հստակ ժամկետներ:

- Օդանավակայանը կբացվի այն ժամանակ, երբ լուծված լինեն դրա հետ կապված բոլոր խնդիրները: Մենք դեռեւս ունենք տեխնիկական եւ մի շարք այլ հարցեր, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Դրանք հաջողությամբ ավարտելուց հետո օդանավակայանը կսկսի գործել:

- Պարոն նախագահ, բազմաթիվ ռազմական փորձագետների գնահատմամբՙ Ադրբեջանը ոչ թե պատերազմ կսկսի, այլ այսպես կոչված բլից-կրիգի տարբերակով կփորձի ակնթարթային հարձակում գործել եւ ծանր հետեւանքներ թողնել: Մեր պաշտպանության բանակը որքանո՞վ է պատրաստ նման անակնկալների:

- Պաշտպանության բանակը, բնական է, պատրաստ է դիմակայելու թշնամու ամեն մի ոտնձգության, այդ թվում նաեւ` չեզոքացնել բլից-կրիգի փորձ: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս սցենարն ուղղակի անհնարին է մի շարք պատճառներով: Մենք ունենք հզոր պաշտպանական համակարգ, որն ի վիճակի է կասեցնել նման հարձակումը, եւ երկրորդՙ եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա այս պատերազմը նույնպես կլինի հայրենական պատերազմ, որին կմասնակցեն ողջ Արցախն ու համայն հայությունը, իսկ նման դեպքում բլից-կրիգ ուղղակի հնարավոր չէ իրականացնել:

- Խոսելով Արցախի ապագայի մասին` չի կարելի շրջանցել ազատագրված տարածքներում վերաբնակեցման հարցն ու դեմոգրաֆիկ աճը: Այս առումով ո՞րն է պետության հստակ դիրքորոշումն ու ի՞նչ հաջողությունների ենք հասել:

- Ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ «ազատագրված տարածքներ» հասկացությունը մեզ մոտ վաղուց արդեն չի գործածվում: Արցախի Հանրապետությունն ունի սահմանադրությամբ ամրագրված սահմաններ ու վարչատարածքային բաժանում, եւ այստեղ այլ դասակարգում անընդունելի է:

Ինչ վերաբերում է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ապա մեր պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է, եւ իշխանությունների կողմից լուրջ աշխատանք է տարվում այս ուղղությամբ: Արդեն իսկ գրանցվել է դրական դինամիկա: Բնակչության աճը տեսանելի է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում, ընդ որում` աճի ամենաբարձր տեմպն առկա է Քաշաթաղի շրջանում:

Խոսելով ժողովրդագրական իրավիճակի մասին` անհրաժեշտ է չմոռանալ, որ դրա բարելավումը սերտորեն կապված է տնտեսության համապատասխան զարգացման հետ: Իհարկե, մեր պարագայում մեծ նշանակություն ունի նաեւ հայրենասիրությունը, սակայն, եթե համակարգված աշխատանք չիրականացվի տնտեսության զարգացման ոլորտում, ապա անհնարին կլինի հասնել ցանկալի արդյունքի, հատկապես երկարաժամկետ հեռանկարով:

- Տնտեսության զարգացման առումով պետության համար գերակա ճյուղերը որոնք ենՙ գյուղատնտեսությո՞ւն, զբոսաշրջությո՞ւն, հանքարդյունաբերությո՞ւն, եւ ի՞նչ նախադրյալներ կան այդ ոլորտներն առավել զարգացնելու համար:

- Ձեր կողմից նշված բոլոր ուղղություններն էլ պետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ճյուղեր են, եւ արվում է հնարավորը դրանց զարգացման համար:

Ինչ վերաբերում է նախադրյալներին, ապա բոլոր այդ ճյուղերի զարգացման համար կան լուրջ հիմքեր եւ հնարավորություններ: Հաջողության բանաձեւն այստեղ ներառում է քրտնաջան աշխատանք, իրատեսական ծրագրերի մշակում, ինչի հիմքում ընկած կլինի միջազգային առաջատար փորձի կիրառումն` Արցախի յուրահատկությունները հաշվի առնելով հանդերձ:

- Բազմաթիվ բիզնեսմեններ կան, որ ծնունդով ղարաբաղցի են, սակայն իրենց բիզնես գործունեությունը ծավալում են Հայաստանում կամ Ռուսաստանում: Այս առումով միակ բացառությունը թերեւս Լեւոն Հայրապետյանն է: Ի՞նչ ծրագրեր են մշակվում, որպեսզի նրանք գան Արցախ եւ ներդրումներ կատարեն հայրենի հողում:

- Այդ առումով այսօր ստեղծվել է լիովին այլ իրավիճակ: Մենք ունենք մի խումբ հայազգի խոշոր ձեռներեցներ, ովքեր նույնպես օգնում են Արցախին` մեծ ներդրումներ իրականացնելով մեր տնտեսության տարբեր ոլորտներում:

Եվ այստեղ էական չէ` բարերարն արմատներով արցախցի է, թե պատմական Հայաստանի այլ վայրից: Նման տարբերակումներն, ըստ իս, տեղին չեն: Բոլոր այն բարերարները, ովքեր անշահախնդիր օգնում են Արցախին, դառնում են նրա մի մասնիկը:

- Խոսք գնաց ներդրումների ու բիզնեսի մասին, նախորդ տարի մի քանի սիրիահայ ընտանիքներ ցանկություն հայտնեցին հաստատվեու Արցախում ու աշխատելու: Դուք հանդիպե՞լ եք նրանց հետ, ինչպե՞ս են սիրիահայերն իրենց զգում Արցախում:

- Արցախում բնակություն են հաստատել տասնյակ սիրիահայ ընտանիքներ: Նրանք արդեն իսկ ապրում են հանրապետության տարբեր վայրերում եւ անցել են իրենց բնականոն կյանքին: Սիրիահայերը շատ աշխատասեր են եւ Արցախ են ներմուծել աշխատանքի յուրատիպ մշակույթ: Նրանք մեր երկրում մշակում են նույնիսկ մերձարեւադարձային կուլտուրաներ:

Համոզված եմ, որ սիրիահայերն իրենց աշխատանքով ու հայրենասիրությամբ կնպաստեն Արցախի զարգացմանն ու զորացմանը եւ արժանի տեղ կզբաղեցնեն նրա կյանքում:

- Ղարաբաղում ջրի խնդիրը հայտնի է բոլորին: Թեպետ 2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվությունների մեծ մասն ուղղվել է ԼՂՀ-ում, մասնավորապես, Շուշիում ջրի խնդիրը կարգավորելուն, սակայն այսօր էլ թե՛ Շուշիում, թե՛ Ստեփանակերտի բազմաթիվ թաղամասերում այդ հարցը չի կարգավորվել, եւ ծորակից շարունակում է ժանգոտած ջուր հոսել: Այս ամբողջ ծրագիրն անարդյունավե՞տ էր, թե որոշ օղակների անբարեխիղճ աշխատանքի հետեւանք:

- Ես համաձայն չեմ հարցի նման դրվածքին եւ համարում եմ ժամկետանց: Այո, այդպես էր մի քանի տարի առաջ: Սակայն վերջին տարիներին այս ուղղությամբ իրականացվել է հսկայական աշխատանք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում ջրամատակարարման խնդիրների բարելավման համար անցկացրել է երկու հեռուսամարաթոն` 2010 եւ 2011 թվականներին: Այս ծրագրերը մեծապես նպաստեցին ջրամատակարարման բարելավմանը:

Ջրային հիմնախնդրի լուծման համար մեծ գումարներ են հատկացվել նաեւ պետական բյուջեի խողովակներով: Մենք ունենք լուրջ առաջընթաց այս ոլորտում: Մայրաքաղաք Ստեփանակերտում 13 գոտիներից 8 գոտիներում ունենք 24-ժամյա ջրամատակարարում: Մի բան, որ չի հաջողվել տասնամյակների ընթացքում: Շուշի քաղաքում այսօրվա դրությամբ ջրով բավարարված է բնակչության մոտ 60 տոկոսը, եւ այս արդյունքներին հասել ենք վերջին 2-3 տարիների ընթացքում մեր աշխատանքների շնորհիվ: 2007 թվականից ջրային ցանցի բարելավման աշխատանքներ են իրականացվել 72 բնակավայրերում:

Իհարկե, անելիքները դեռեւս շատ են, եւ անհրաժեշտ է թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրով ապահովել բազմաթիվ բնակավայրեր: Բացի դրանից, պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշիում եւ այլ խոշոր բնակավայրերում իրականցվում է լայնածավալ շինարարություն, կառուցվում են բնակելի թաղամասեր, որոնք նույնպես պետք է ապահովվեն ջրով:

Այնուամենայնիվ, այս բոլոր խնդիրները տեխնիկական են: Արցախը, ունենալով հսկայական ջրային պաշարներ, ի վիճակի է իր բնակչությանն ապահովել կարեւոր այս ռեսուրսով, եւ մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ:

- Պարոն նախագահ, մենք մի քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես եք երեկոյան շրջում Ստեփանակերտում կամ Շուշիում առանց թիկնապահների ուղեկցության եւ հաճախ զրուցում քաղաքացիների հետ: Այդ հանդիպումների ժամանակ քաղաքացիներն ինչպիսի՞ հարցեր են բարձրացնում, ի՞նչն է այսօր առավելապես անհանգստացնում արցախցուն:

- Ես հաճախակի եմ շփվում մեր քաղաքացիների հետ եւ ոչ միայն Ստեփանակերտում ու Շուշիում, այլեւ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում: Այդ շփումները ոչ միայն մեծ բավականություն են պատճառում ինձ, այլ նաեւ կարեւոր են աշխատանքային տեսանկյունից: Հարցերը զանազան են եւ կրում են թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական բնույթ: Որոշ հարցեր լուծվում են տեղում, մյուսների համար պահանջվում է ավելի երկար ժամանակ:

Ընդհանուր առմամբ, այդ բոլոր հանդիպումներից կարելի է ենթադրել մեկ բան` արցախցին ամուր է կանգնած իր հողի վրա, վստահ է ապագայի հանդեպ եւ պատրաստ է սեփական ուժերով բարելավել իր կյանքն ու զորացնել հայրենիքը: Կարծում եմ` այս հույսը, հավատը եւ նվիրվածությունն են մեր բոլոր հաջողությունների գրավականը:

Հ. Գ. «Ազգ»-ի տեղեկություններովՙ Շուշի քաղաքի ջրամատակարարման խնդիրներով զբաղվող «Տեխնոֆիտ» ընկերությունը լրիվ չի կատարել իր առջեւ դրված պարտականությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.