AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 826, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀՐԱԺԵ՞ՇՏ «ՀԵՅԴԱՐԻԶՄԻՆ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Օրերս Իլհամ Ալիեւն արժանացել է «ադրբեջանական մամուլի բարեկամ» մրցանակի: Այդ առթիվ նա լրագրողների համար ընդունելություն է կազմակերպել: «Մամուլի բարեկամի» եւ լրագրողների հանդիպումից հետաքրքրական մանրամասնություններ են հայտնի դարձել:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն, օրինակ, խորին շնորհակալություն է հայտնել, որ Իլհամ Ալիեւը Մամեդ Էմին Ռասուլզադեի հոբելյանը պետականորեն նշելու մասին կարգադրություն է ստորագրել:

Եթե այդ կարգադրությունը գործի, ապա փաստորեն 1993թ.-ից հետո Ադրբեջանում առաջին անգամ պաշտոնապես կխոսվի այսպես կոչված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնադիրներից մեկի մասին: Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո այդ թեման տաբու էր, իսկ Իլհամ Ալիեւը խստորեն պահպանում էր ավանդույթը:

Բանն, իհարկե, այն չէ, թե ում հոբելյանն ինչպես է նշվում: Խնդիրը խորքային է: Ժամանակակից Ադրբեջանի «ճարտարապետ» համարվում է Հեյդար Ալիեւը, պետական քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմով հանրությանը ներշնչում է, որ «եթե Հեյդար Ալիեւը չվերադառնար իշխանության, ապա Ադրբեջանը կկորցներ անկախությունը»: Սլաքն ուղղված է Ադրբեջանի ժողովրդական ճակատ եւ «Մուսավաթ» կուսակցություններին, որոնց իշխանությունը տապալելու միջոցով է Ադրբեջանը «կործանումից փրկել» Հեյդար Ալիեւը:

Մինչեւ վերջերս իշխող վարչախումբը հանրության համար օրինակելի եւ միակ ճիշտ ուսմունք ներկայացնում էր «հեյդարիզմը», որի առանցքում իշխանության ժառանգականության գաղափարն էր դրված: Լրագրողների հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւը շատ անսպասելի հայտարարել է, որ «Մամեդ Էմին Ռասուլզադեն, Ֆաթալի խան Խոյսկին, Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության մյուս գործիչներն ու նրանց կերպարը պետք է ընդօրինակելի լինեն յուրաքանչյուր ադրբեջանցու համար»:

Իսկ ո՞ւր մնաց «հեյդարիզմը»: Մի՞թե երրորդ ժամկետով «վերընտրվելուց» հետո Իլհամ Ալիեւն իրեն այնքան ապահովագրված է զգում, որ հորդորում է «խորապես ուսումնասիրել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնադիրների գործը եւ նրանց գաղափարները», որոնք որեւէ առնչություն չունեն «հեյդարիզմի», այն է` իշխանության ժառանգականության եւ «ուժեղ ձեռքի» ու անհատի պաշտամունքի հետ:

Ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում «նորին մեծություն» բռնապետի հետ: Ըստ երեւույթին, նա հարկադրված է քաղաքական որոշակի բարեփոխումներ ձեռնարկել, այլապես «եռացող կաթսան» կպայթի: Բայց քանի որ իրական փոփոխությունները նույնպես կտանեն դեպի սեփական իշխանության կորուստ, Իլհամ Ալիեւը, հավանաբար, նպատակադրվել է ԱԴՀ «հայրերի առողջ նացիոնալիզմը պատվաստել հեյդարիզմի ծառին»:

Թե ի՞նչ «պտուղ» կստացվի արդյունքում, ցույց կտա ժամանակը: Նույն հանդիպմանն Իլհամ Ալիեւը եւս մի չափազանց ուշագրավ հայտարարություն է արել, որ «ժամանակակից Ադրբեջանը ԱԴՀ իրավահաջորդն է»: Ընդսմին, նա խիստ քննադատության է ենթարկել բոլշեւիկներին, որ անցյալ դարասկզբին «խլել են մեր (Ադրբեջանի) վերջին հարստությունը` անկախությունը»:

Ձեւակերպման անտրամաբանականությունը մի կողմ թողած,- որովհետեւ անկախությունը ոչ թե վերջին, այլ` առաջին եւ միակ իրական հարստությունն է որեւէ ժողովրդի համար,- նշենք, որ «ժամանակակից Ադրբեջանը ԱԴՀ իրավահաջորդն է» ասելով Իլհամ Ալիեւը փաստացի եւ իրավական առումով ջնջում է իր երկրի պատմության խորհրդային շրջանը:

Իսկ դա այն միակ ժամանակահատվածն է, երբ Լեռնային Ղարաբաղը «թողնված էր» Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության կազմում: Ստացվում է, որ Իլհամ Ալիեւը չեղյալ է հայտարարում բոլշեւիկների կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ընդունված որոշումը, բոլոր այն իրավական ակտերը, որ Ադր. ԽՍՀ եւ ԽՍՀՄ իշխանություններն ընդունել են 1988-91թ.թ.` հիմք ընդունելով ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի հայտնի որոշումը:

Սա արդեն նորություն է, քանի որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը երբեք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ոչ փաստացի, ոչ, մանավանդ, իրավական իրավազորություն չի ունեցել: Եթե Իլհամ Ալիեւն իր նկատառումներում իրոք անկեղծ եւ որպես Ադրբեջանի նախագահ լիովին գործունակ է, նշանակում է, որ նա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը պետք է մոտենա ոչ թե խորհրդային դարաշրջանի, այլ` ԱԴՀ ժամանակների իրողություններից ելնելով:

Իսկ դա նշանակում է, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանը պետք է դիտվի երկիր, որի սահմաններն ինքնահռչակված են եւ ենթակա են վերջնական ճշգրտման` հարեւան երկրների հետ բանակցությունների ճանապարհով: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի խնդիրն Ադրբեջանի համար պետք է դուրս գա «տարածքային ամբողջականության տիրույթից» եւ դիտվի որպես արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքի հարց:

Իսկ գուցե Իլհամ Ալիեւն իրո՞ք հոգնել է «հեյդարիզմի» բեռից, որի մի մասն էլ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է եւ անկեղծորեն ուզում է հրաժարվե՞լ այդ ավելորդությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.