AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3801, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ. «ԵՍ ԳԻՏԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Վերջերս մոսկովյան մի միջոցառման ժամանակ, որտեղ մթնոլորտն ամբողջությամբ շնչում էր Հայաստանով, ես ծանոթացա անչափ հետաքրքրական մի մարդու հետ, կարելի է ասել` օրը ցերեկով դեմ առ դեմ եկա ռուսական հողում աճած, սակայն արմատներով մինչեւ Հայաստան ձգվող մի հսկա կաղնու, տարիների բեռով իմաստնացած հայի, որի հայրենասիրությամբ ապրող եւ շնչող տեսակը, պետք է խոստովանեմ, մեր օրերում այնքան էլ շատ չէ...

Այդ առինքնող մարդը, որ փայլուն տիրապետում է մեսրոպյան խոսքին եւ միաժամանակ` հայերեն եւ ռուսերեն լեզուների հռետորական արվեստին, միջոցառման մասնակիցների առաջ այնպիսի խանդավառ ու անկեղծ ելույթ ունեցավ, այնպիսի ճշմարիտ գույներով ներկայացրեց Հայաստանում այսօր տիրող սոցիալ-տնտեսական դժվարին վիճակն ու դրանք հաղթահարելու ուղիներ ուրվագծեց, որ երբեւէ չէիր մտածի, թե իր ապրած կյանքի ավելի քան 70 տարիների մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում...

Նա «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար», «Մոսկվայի պատվավոր շինարար» կոչումների, «Ռուսաստանի փառք», «Ժողովուրդների բարեկամության» եւ «Պատվո նշան» շքանշանների, «Աշխատանքային փառքի» եւ «Աշխատանքի վետերան» մեդալների դափնեկիր, արմատներով ղարսեցի Վարդգես Բագրատի Արծրունին է, ով ունի նաեւ ինչպես հայաստանյան, այնպես էլ ԼՂՀ նախագահից ստացած նվիրական պարգեւներ:

Վարդգես Արծրունին, որ Հայրենիքում առաջին անգամ ոտք էր դրել 17 տարեկանին, դրանից շատ տարիներ անց, 1987 թվականին, Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարության ժամանակ հրավիրվել է Հայաստան եւ մեր ժողովրդի համար այն դժվարին ու ճակատագրական տարիներին ստանձնել ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի, ապա ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահի պաշտոնները` Հայաստանում մնալով մինչեւ 88-ի դեկտեմբերյան աղետի հետեւանքների վերացման աշխատանքները այս կամ այն չափով բնականոն հուն մտնելը:

Ծնվել է 1941 թվականի հոկտեմբերին, Կիսլովոդսկ քաղաքում: «Հորս ծնողները ապրել են Կարսում, տատիկիս եղբայրը` Բզնունիների տոհմից, եղել է Կարսի քաղաքապետը, ավագ հորեղբայրս` Սարգիսը, բանակի պորուչիկ էր, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, իսկ նրա կրտսեր եղբայրը` Արտաշեսը, Հայաստանում հայտնի լրագրող էր, ապա խմբագիր, եթե չեմ սխալվում, աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում: Նրան բանտարկեցին 1937-ին, հենց խմբագրությունում էին ձերբակալել, գաղափարական ինչ-ինչ անհեթեթ մեղադրանքով, եւ ազատ արձակեցին միայն 1954-ին, Ստալինի մահից հետո: Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, հայրս ընտանիքին ուղարկեց «խորը թիկունք»` Կիսլովոդսկ, իսկ երբ հիտլերականներին վռնդեցին Մոսկվայի մատույցներից, մենք վերադարձանք մայրաքաղաք: 1956 թվականից, 8-րդ դասարանն ավարտելուց հետո, աշխատել եմ շինարարությունում, հայրս երեք տարի առաջ էր մահացել, հարկավոր էր օգնել ընտանիքիս: Իսկ վերջին երկու դասարաններն ավարտել եմ երեկոյան դպրոցում: Իմ կառուցած առաջին շենքը` աղյուսից մեծ բնակելին, գտնվում է մետրոյի « » կայարանի հարեւանությամբ: Իսկ հետո 4 տարի ծառայել եմ բանակում, ապա ընդունվել Մոսկվայի շինարարական ինստիտուտը...»:

Վարդգես Արծրունին 1966 թվականից ղեկավար պաշտոններ է զբաղեցնում շինարարության բնագավառում: 1991 թվականին աշխատել է Մոսկվայի կառավարության շինարարական դեպարտամենտում, որպես ղեկավարի տեղակալ, ապա` «Մոսինտերշին» միավորման պետ: Ներկայումս Ռուսաստանում հայտնի «Արտսինվեստ» հոլդինգի գլխավոր տնօրենն է: Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի թեմական խորհրդի անդամ է, Շուշի քաղաքի «Վերածնունդ» հիմնադրամի հոգաբարձու: Տիկինը հայուհի է, ունեն 2 դուստր եւ 3 թոռ: Թոռնիկներից մեկը հայկական դպրոց է հաճախում:

90-ականների սկզբներին Հայաստանում տիրող համատարած խավարի եւ ցրտի դժվարին տարիներին, երբ զանգվածային արտագաղթ սկսվեց հատկապես դեպի Ռուսաստան, Վարդգես Արծրունին այն եզակի մարդկանցից է եղել, որ անշահախնդիր օգնության ձեռք է մեկնել իր շատ ու շատ հայրենակիցների, հաճախ բոլորովին անծանոթ մարդկանց, որոնցից մի քանիսն անգամ չէին կարողանում հոգալ իրենց ընտանիքների տարրական պահանջմունքները (Արծրունին էր նրանց կերակրում), հետագայում լավ գործի տեր են դարձել, հզորացել եւ այսօր միլիոնատերի համարում ունեն Ռուսաստանում...

Ըստ համացանցում հրապարակված հարցումներից մեկի արդյունքների` Ռուսաստանում բնակվող ամենահայտնի հայերի լավագույն հարյուրյակում ընդգրկված ամենատարբեր մասնագիտության ու գործունեության տեր անձանց ցուցակում Վարդգես Արծրունին զբաղեցնում է 100-ի համար, թերեւս, պատվավոր 17-րդ տեղը:

Անցյալ տարի Մոսկվայի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացված Հայկական եկեղեցական համալիրը, որը գտնվում է Օլիմպիական եւ Տրիֆոնովյան փողոցների խաչմերուկում, զբաղեցնում է 1,32 հեկտար տարածք: Այսօր քչերին է հայտնի, որ այդ հսկա տարածքը, այն էլ ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովից, ունեցած անձնական կապերի, գործադրած մեծ ջանքերի շնորհիվ եւ աներեւակայելի արգելքներ հաղթահարելով` ձեռք է բերել Վարդգես Արծրունին` իր այդ ազգանվեր արարքի համար արժանանալով շքանշանի եւ հավատավոր քրիստոնյաների օրհնանքներին: «Համալիրը, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2006 թվականին, իրականություն է դարձել բացառապես Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ազգանվեր ջանքերի, հայապահպան մտահոգության շնորհիվ եւ Ռուսաստանում ապրող մեկենասների աջակցությամբ: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ հպարտության արժանի կառույց է, որի տաճարի 21 մետր տրամագծով գմբեթն առայժմ ամենախոշորն է հայ եկեղեցաշինության մեջ»:

1997 թվականին, Մոսկվայի 850-ամյակի կապակցությամբ, ՌԴ մայրաքաղաքում` «Նիկիտյան դարպասների» մոտ, կանգնեցվել է ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» հուշարձանը, որի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրեր եւ Ամենայն հայոց կաթողիկոսը: Այդ ինքնատիպ հուշարձանի մտահղացումը Վարդգես Արծրունու կնոջ` Շողերինն է, ստեղծագործությունը կյանքի է կոչել ՌԴ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը, իսկ հուշարձանի տեղի, հողահատկացման, Մոսկվայի քաղաքապետարանի հետ բանակցությունների եւ ֆինանսավորման հարցերը դարձյալ հոգացել է ՌԴ վաստակավոր շինարար Վարդգես Արծրունին: Ի դեպ, անցյալ տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւանում գտնվելու օրերին Հայաստանի մայրաքաղաքում տեղադրված հուշարձանը, դարձյալ «Միասնական խաչ» անվանումով, իր հորինվածքով նույնն է, ինչ մոսկովյան համանուն կոթողը:

Վարդգես Արծրունու հովանավորությամբ Մոսկվայում ստեղծվել է նաեւ Տարածաշրջանային հասարակական գիտահետազոտական կազմակերպությունՙ Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտ: Ուշագրավ է 2013 թ. սեպտեմբերին «Լիտերատուրնայա գազետայում» տպագրված Վարդգես Արծրունու եւ նշված ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի «Պատմական ճշմարտության իրավական պաշտպանության անհրաժեշտության մասին» հոդվածը, որը արժանի հակահարված է ռուսաստանյան նեոֆաշիստական շրջանակներին, որոնց համար հիտլերական վայրագությունները եւ Թալեաթ-Էնվեր-Ջեմալ-Աթաթուրք ցեղասպանների արարքները դատապարտելի չեն: Այդ ծավալուն հոդվածը, որը, ի դեպ, տպագրվել է նաեւ «Ազգ»-ում (տես` http://www.azg.am/AM/2013090313) մեծ արձագանք գտավ ոչ միայն ռուսաստանյան քաղաքական շրջանակներում, այլեւ հակահայկական հիստերիայի ալիք բարձրացրեց թուրք պատմաբանների շրջանում: Ի դեպ, Վարդգես Արծրունին նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների համակարգման Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովի համանախագահն է եւ պատմում է, որ մինչեւ հոդվածի հրապարակումը ՌԴ մայրաքաղաքում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության100-ամյակի միջոցառումների հիմնադիր նիստը, որի ավարտին ընդունվեց Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: «Մեր հանձնաժողովի խորին համոզմամբ` հնարավորինս շատ թվով պետությունների եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր քաղաքական նշանակություն ունի, եւ ես որպես այդ հանձնաժողովի համանախագահ` ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր գործունեությամբ նպաստենք Ռուսաստանում Հայոց ցեղասպանության թեմային ավելի հնչեղություն տալուն: Մեր ժողովուրդը արհավիրքներ շատ է տեսել, բավական է...»: Վերջին նախադասությունն արտաբերում է անհուն տխրությամբ եւ որտեղից որտեղ հիշում 1988-ի դեկտեմբերի 7-ի առավոտը:

Այդ օրը ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ եւ միաժամանակ` ՀԽՍՀ պետշինի նախագահ Վարդգես Արծրունին կառավարական շենքի իր աշխատասենյակում սովորականի պես խորհրդակցություն էր անցկացնում: «Երբ սկսվեցին ցնցումները, շատերն անմիջապես չհասկացան, թե ինչ է տեղի ունենում, սակայն ես արդեն ունեի տաշքենդյան ավերիչ երկրաշարժի դառը փորձը եւ անմիջապես աշխատակիցներին հրահանգեցի դուրս գալ փողոց, միայն իմ տեղակալ Լեւոն Շահբազյանին նստեցրի կառավարական հեռախոսների մոտ, իսկ ես, մտածելով, որ երկրաշարժի ժամանակ ամենաշատը տուժում են դեռեւս ավարտին չհասցված նորակառույցները, անմիջապես մեկնեցի Դավիթաշեն, որտեղ այդ ժամանակ հսկայածավալ շինարարություն էր ընթանում: Հասնելով այնտեղ` կարգադրեցի անմիջապես դադարեցնել աշխատանքները եւ հսկա կռունկները հեռացնել շինհրապարակից: Վայրկյաններ անց ինձ կանչեցին հեռախոսի մոտ: Զանգը ՀԿԿ Կենտկոմից էր: Դավիթաշենից անմիջապես մեկնեցի օդանավակայան, այնտեղից էլ հանրապետության առաջին դեմքերի հետ ուղղաթիռով` Լենինական... Այն, ինչին ականատես եղա` սոսկալի էր: Քաղաքը չկար, ամենուրեք կործանված շենքեր էին, հրաշքով ողջ մնացած անօգնական մարդկանց հուսահատ աղաղակներ, որ փորձում էին փլատակների միջից հանել հարազատներին... Ակնհայտ էր մեկ բան` Լենինականում մեքենա եւ տեխնիկա այլեւս գոյություն չուներ: Մեծ դժվարությամբ զանգահարելով Երեւան` տեղակալիս հրահանգեցի իմ անունից հրաման արձակել. ամբողջ հանրապետության շինհրապարակներում անմիջապես դարարեցնել աշխատանքները, շինարարական տրեստների հիման վրա կազմավորել մեքենայացված շարասյուներ եւ ուղարկել աղետի գոտի` «Երեւանշինը»` Լենինական, «Երարդշինը»` Սպիտակ, «Երքիմշինը»` Կիրովական: Ժամեր անց տեխնիկան արդեն երկրաշարժի գոտում էր... Հաջորդ օրերին Հայաստան ժամանեցին նաեւ օգնական ուժեր Ռուսաստանից, տարբեր հանրապետություններից եւ աշխարհի ամենատարբեր երկրներից. մեր ցավը կիսող ամենատարբեր ազգությունների մարդկանց բարի կամքի շնորհիվ աղետի գոտի հասավ շինտեխնիկա, սնունդ, դեղորայք... Մեծ թափով սկսվեցին փրկարարական, մաքրման եւ աղետի հետեւանքների վերացման դժվարին աշխատանքները, իսկ երբ վիճակը աղետի գոտում սկսեց քիչ թե շատ նորմալանալ` ինձ կանչեցին ԽՍՀՄ պետշին` Ռուսաստանում այլ աշխատանքի...»:

Երկար տարիներ ապրելով եւ աշխատելով Ռուսաստանում եւ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով` Վարդգես Արծրունու միտքը մշտապես Հայաստանում է եւ ակտիվորեն հետեւում է հայրենիքում ընթացող ամենատարբեր զարգացումներին: «Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի դիրքորոշումը ես չափազանց կարեւոր եւ հրատապ եմ համարում, այդ քայլը Հայաստանի նախագահի հերթական հեռատես քայլերից է: Հավատացնում եմ, որ մաքսային միությանն անդամագրվելու դրական կողմերն ակնհայտ են. Հայաստանի տնտեսության զարգացման համար ցանկալի ապագա է ուրվագծվում, ռուսական շուկան բավականին մեծ է, որտեղ հայերը կարող են իրացնել իրենց արտադրատեսակները, ինչպես նաեւ զարգացնել երկրի արդյունաբերությունը: Հայ գործարարներից շատերն արդեն իսկ իրենց արտադրանքը իրացնում են Ռուսաստանում եւ նրանց հոգեհարազատ է մաքսային միությանն անդամակցելը: Երբեք չպետք է մոռանանք, որ ոչ մի երկիր Հայաստանին այնքան ձեռք չի մեկնել, որքան Ռուսաստանը, եւ ես համոզված եմ, որ այսուհետեւ էլ այդպես է լինելու: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների հեռանկարին, ապա ներկայումս կարծես թե ուրվագծվում է այդ հարաբերությունների կարգավորումը: Նշանակում է, որ այդ գործընթացի ցանկալի հետեւանքներից կլինի նաեւ 1992 թվականից փակված Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը, որը Հայաստանի համար ուղիղ կապ կստեղծի Ռուսաստանի հետ եւ առավել կխորանան մեր երկրների հարաբերությունները»:

Վարդգես Արծրունին մտահոգ է նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս բարդ վիճակով, արտագաղթի փաստով եւ գտնում է, որ դրանք հաղթահարելու միակ եւ ճիշտ ճանապարհը երկրի տնտեսության վերականգնումն է, եւ այդ ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում: «Ինձ համար Հայաստանի փլուզված արդյունաբերության եւ գյուղատնտեսության վերականգնումը առաջնահերթ խնդիր է: Սակայն դրանք բուժելու համար հարկավոր է վերադառնալ սխալների ուղղմանը, առաջին պատճառին, որը 1990-ականներին տեղի ունեցած, այսպես ասած, սեփականաշնորհումն էր, արագ եւ անօգուտ, ինչպես դա տեղի ունեցավ նաեւ Ռուսաստանում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հրահանգով: Այն ժամանակ Հայաստանում ամենեւին հաշվի չառան երկրի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները, արդյունաբերության ներուժը, անգամ բնակլիմայական պայմանները: Իսկ ներկայումս ի՞նչ է ստացվել. Արարատյան դաշտավայրում հողերի զգալի մասը չի մշակվում, եւ որ առավել տագնապալի է` այնտեղ բնակվող մարդիկ, որ պետք է մշակեին եւ վայելեին այդ հողի պտուղները` արտագաղթում են, մի մասը` սեզոնային, իսկ մյուսները գնում են ընտանիքներով` օտար ափերում օրվա հացի գումար վաստակելու ակնկալիքով: Նույնը կարելի է ասել նաեւ սեփականաշնորհված արդյունաբերության եւ մինչ օրս չգործող բազմաթիվ գործարանների մասին...»:

Վարդգես Արծրունին, Հայաստանի հանդեպ տածած մեծ սիրո եւ հայրենիքին օգնության ձեռք մեկնելու ազնիվ մղումներով` ցանկանում է Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հրավիրել իր կարեւոր առաջարկության վրա. «Ես գիտեմ Հայաստանը ծանր վիճակից դուրս բերելու եւ շենացնելու գաղտնիքը»,- ասում է նա եւ կոչ անում ՀՀ նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարությանը, որ բոլոր այն գործարաններն ու արտադրությունները, որոնք ժամանակին տարբեր անձանց կողմից ձեռք են բերվել շատ էժան, գրեթե ջրի գնով եւ ներկայումս չեն օգտագործվում, հետ պահանջել, սեփականատերերին վերադարձնել գումարներն եւ ըստ սահմանված կարգի դրանք վաճառել գրագետ, բանիմաց եւ սրտացավ գործարարների, նրանց, ովքեր կարող են եւ ի վիճակի են ոտքի կանգնեցնելու, ժամանակակից շունչ հաղորդելու այդ արտադրատարածքներին, աշխատատեղեր ստեղծելու, հայրենական արտադրությանը նոր թափ հաղորդելու: Ինչու չէ, նոր գնորդների թվում կարող են լինել նաեւ Ռուսաստանում ապրող հայ մեծահարուստներ, ովքեր պատրաստակամ են եւ սիրով կընդունեն այդ առաջարկները:

Արծրունին համոզված է, որ Հայաստանի Ազգային ժողովը կարող է օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերականգնել արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնականոն գործունեությունը: «Պետք է հստակ օրենք սահմանվի, որ եթե սեփականատերը վեց ամիս կամ մեկ տարի չի սկսել արտադրությունը, նրա բիզնեսը պետք է վաճառվի մրցույթով: Տեղական, եւ համոզված եմ նաեւ Ռուսաստանի հայ գործարարներս առանձնակի պատվախնդրությամբ կմասնակցենք այդ մրցույթներին եւ դրանից միմիայն կշահի երկիրը: Ես պատրաստ եմ այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Ռուսաստանում ստեղծել ռուս-հայկական գործարար խորհուրդ, որը կլինի կամուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Ահա սա կարող է Հայաստանում դառնալ բարձր տնտեսական աճի հիմքը, եւ հայրենիքի հզորացումը: Չէ որ շեն, ծաղկուն եւ հզոր հայրենիք ունենալու տեսլականը յուրաքանչյուր հայի երազանքն է»:

Նկար 1. Վարդգես Արծրունի

Նկար 2. Վարդգես Արծրունին իր աշխատասենյակում

Նկար 3. Վարդգես Արծրունին դստեր հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.