AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3324, Տպվել է` 171, Ուղարկվել է էլ.փոստով` 153

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԾՈՎ ՉԿԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի տարբերություն ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր-նոր հաղթահարած (ըստ երկրի վարչապետի) Հունաստանի քաղաքացու, ում համար ամեն օր Աթենքի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու ծովին նայելը սովորական բան է, ֆինանսատնտեսական ճգնաժամը վաղուց հաղթահարած Հայաստանի քաղաքացու համար, օրինակ Աբովյանի փողոցի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու փողոցին նայելը շռայլություն է:

Հոգեբանները պնդում են, որ ծովին նայող մարդը բարության ու երջանիկ լինելու ավելի մեծ լիցքեր է ստանում, քան փողոցին նայողը, որովհետեւ փողոցում մեզ նման մարդիկ են, առավելագույնըՙ մի ալարկոտ մեծ շուն, իսկ ծովը մարդու երազանքների անսահմանության պատկերն է: Ես անկեղծ ասած չգիտեմ, թե կօգնե՞ր մեզ ավելի բարի ու երջանիկ լինելու գործում ծովը, եթե այն ունենայինք, բայց փաստ է, որ մենք ոչ երջանիկ ենք, ոչ էլ բարի, չնայած, ինչպես կառավարությունն է ասում, ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ չենք, իսկ ընթացիկ տարին էլ սկսել ենք դանդաղ տնտեսական աճով:

Մեր քաղաքացին, սակայն, խոսում է հեղափոխություն անելու մասին, ընդ որում այս օրերի Կիեւի պատկերը, Մայդանի իրադարձությունների լուսանկարներն ու տեսանյութերը ոչ թե ստիպում են, որպեսզի մեր քաղաքացին հետ կանգնի իր` հեղափոխություն անելու ցանկությունից, այլ ճիշտ հակառակը, ավելի են ոգեւորում: Հետեւաբար մեր քաղաքացին ոչ միայն բարի ու երջանիկ չէ, այլեւ չարացել է, որովհետեւ արյան ու դիակների տեսքը միայն չարացած մարդուն է ոգեւորում` արյուն թափելու եւ սպանելու:

Պետք է անկեղծ լինենք ու նկատենք, որ մեր երկրում հեղափոխություն անելու բոլոր նախադրյալները կան` չարացած մարդիկ կան, նրանք ամենեւին էլ միեւնույն գործունեության ոլորտի ներկայացուցիչներ չեն, հետեւաբար այս չարությունը նեղ մասնագիտական չէ: Իշխանությունների կողմից, ընդհանուր առմամբ, սեփական ժողովրդին լսելու ցանկությունն ու պատրաստակամությունը չկա, ինչը, տրամաբանորեն, ավելի է չարացնում մարդկանց, ծովը` որպես հոգեբանական եզրույթ, եթե կա էլ, ապա խիստ մշուշոտ է, կյանքը դարձել է անարժեք մի բան, որովհետեւ ապրելու հնարավորություն չկա, բայց միեւնույն ժամանակ շատերն են սկսել հասկանալ, որ կյանքը այն չէ, ինչը մեզ տրվել է, թեկուզ մեր ծնողներից, այլ այն է, ինչը մենք պետք է ստեղծենք` մեր իսկ համար: Սակայն Հայաստանի քաղաքացու մեջ այսօր կռիվ են տալիս դարերից եկած ազգային գենետիկ համբերատարությունն ու բոլորովին վերջերս ձեռք բերած` լավ ապրելու, լավ կյանք ստեղծելու քաղաքացիական պարտքն ու մղումը: Հետեւաբար Հայաստանի քաղաքացին այսօր ներքին հեղափոխական գործընթացների մեջ է, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի կայուն է, քան ՀՀ քաղաքացին, չնայած ՀՀ քաղաքացին հենց Հանրապետությունն է:

Այսօր նա կանգնած է ընտրության առջեւ. կամ, յուրովի հասկանալով նախագահ Սարգսյանին, ով ԵԿՄ վերջին համագումարի ընթացքում հայտարարեց, թե` «Միայն զինված է լինում փրկություն», զինվում է ու կանգնում փողոցում: Կամ նա ընդօրինակում է այն 3000 ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այս տարի` «չհամակերպվելով ԱՄՆ կոշտ հարկային քաղաքականության հետ», հրաժարվել են ամերիկյան քաղաքացիությունից եւ գաղթել հյուսիս, ինչը Մ. Նահանգների պարագայում նշանակում է` Կանադա: Կամ էլ համակերպվում է իրավիճակի հետ, եւ ամեն անգամ փողոցում ծանոթ տեսնելիս ասում` «Այնպես, ինչպես մենք ենք ապրում, ապրել չի կարելի»: Գուցե ծանոթներից մեկը` եւս ՀՀ քաղաքացի, նրան հրավիրի բացօթյա սրճարան, ասենք, Աբովյան փողոցի վրա, հյուրասիրի ընտիր գինի, փարիզյան սուրճ` ֆրանսիական ընտիր կրուասանի հետ, հատուկ ընկերոջ համար պատվիրի սիգար` Հավանայից «քիչ առաջ» բերված, վայելեն երկուսով այս ամենն ու փողոցին նայեն, որտեղ իրենց նման մարդիկ են, չհաշված ալարկոտ մեծ շունը, եւ ընկերը ասի` «Այո, ճիշտ ես, այնպես, ինչպես մենք ենք ապրում, ապրել չի կարելի»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.