AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3541, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կենսաթոշակային նոր` կուտակային համակարգի ներդրումը վերջին տարիների ամենալայնածավալ եւ արմատական բարեփոխումն է Հայաստանում` առաջադրված խնդիրներով, նպատակներով եւ հանրային ընդգրկվածությամբ: Համակարգի ներդրումը առավել քան անհրաժեշտ է, նկատի ունենալով աշխատողներ-կենսաթոշակառուներ ստեղծված համամասնությունը:

Կենսաթոշակային ներկա` բաշխողական համակարգը, երբ աշխատողները վճարում են եկամտային հարկ կենսաթոշակառուների համար, կենսունակ չէ, քանի որ աշխատողներ-կենսաթոշակառուներ համամասնությունն այժմ 1:1-ի է: Գործող համակարգը կարող է քիչ թե շատ արդյունավետ գործել, երբ նվազագույնը 3 աշխատողների վճարած եկամտային հարկն ուղղվի 1 կենսաթոշակառուի թոշակի վճարմանը: Նկատի ունենաով ժողովրդագրական իրավիճակը, երբ աստիճանաբար կենսաթոշակի են անցնում 50-ականներից հետո ծնելիության «բումի» ժամանակ ծնվածները, իսկ նրանց աշխատաշուկայում փոխարինում են անհամեմատ ավելի նվազ թիվ կազմող 90-ականներին ծնվածները, ինչպես նաեւ ավելանում է կենսաթոշակառուների կյանքի միջին տեւողությունը, հետեւաբար նաեւ նրանց վճարվող կենսաթոշակները, ակնհայտ է, որ գործող կենսաթոշակային համակարգը մի օր կարող է պարզապես սնանկանալ: Եվ այդ օրը սարերի հետեւում չէ:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դեռեւս 2005-ին անցկացրած հետազոտության համաձայն, 2021-ին արդեն համակարգը լուրջ խնդիրների առջեւ կկանգնի, իսկ 2026-ին` վերջնականապես կփլուզվի: Եթե նկատի ունենանք, որ պետական բյուջեի ծախսերի ամենամեծ բաժինը` շուրջ 20 տոկոսը բաժին է ընկնում կենսաթոշակներին, ապա դժվար չէ հասկանալ, որ այս համակարգի փլուզումը` առանց գույները խտացնելու, նշանակում է երկրի ֆինանսա-տնտեսական փլուզում : Սրանով է պայմանավորված գործող կենսաթոշակային համակարգին այընտրանքային համակարգի ներդրումը երկրում:

Առաջ անցնելով նշենք, որ նման խնդրի առջեւ կանգնել են աշխարհի բոլոր այն երկրները, որոնք ունեն ժողովրդագրական, այսինքն` ծերացող բնակչության խնդիր: Ընդ որում, նաեւ այն երկրները, որոնք ոչ միայն արտագաղթի խնդիր չունեն, այլեւ ունեն ներգաղթի կասեցման խնդիր: Բոլոր այդ երկրներում կենսաթոշակային բաշխողական համակարգը լուրջ մտահոգության առարկա է եւ լուրջ փոփոխություններ է պահանջում: Կոնկրետ Հայաստանում աշխատողներ-կենսաթոշակառուներ ներկայիս համամասնությունը սկսել է ձեւավորվել դեռեւս 80-ականներից: Ի՞նչ լուծումներ կան կենսաթոշակային այս թնջուկի առնչությամբ: Տարբերակները երեքն են` եկամտային հարկի դրույքաչափի բարձրացում, կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացում եւ կամ կուտակային համակարգի ներդրում: Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրը:

Եկամտային հարկի բարձրացում` բեռ բիզնեսի եւ աշխատողների համար

Հայաստանում անցյալ տարվանից վերացան սոցիալական վճարներն ու եկամտահարկը, դառնալով մեկ միասնական` եկամտային հարկ: Նրա նվազագույն դրույքաչափը 24,4 տոկոսն է: Այսինքն, յուրաքանչյուր աշխատողի ստացած աշխատավարձի այդքան մասը փոխանցվում է պետական բյուջե, որտեղից էլ վճարվում են կենսաթոշակները: Սակայն այդ գումարը բավարար չէ կենսաթոշակների վճարման համար, որոնց մի մասն էլ վճարվում է պետական բյուջեի այլ մուտքերից: Բարձրացնե՞լ եկամտային հարկը: Դժվար չէ պատկերացնել, որ հարկային բեռի բարձրացումը դժգոհությամբ կընդունեն եւ աշխատողները, եւ բիզնեսը:

Միեւնույն ժամանակ, որքա՞ն պետք է բարձրացնել, որպեսզի այդ գումարնեով բավարար կենսաթոշակ վճարվի: Ներկայումս կենսաթոշակները կազմում են կենսաթոշակառուների` աշխատանքային տարիքում ստացած միջին աշխատավարձի 20 տոկոսը: Կուտակային համակարգով նախատեսվում է, որ այդ միջին ցուցանիշը պետք է կազմի առնվազն 40 տոկոս: Հետեւաբար, եկամտային հարկի անգամ կրկնակի բարձրացումը չի կարող հանգեցնել նրան, որ հավաքվի այնքան գումար, որով հնարավոր կլինի ապահովել թոշակառուների համար իրենց նախկինում ստացած աշխատավարձերի 40 տոկոսի չափով կենսաթոշակ : Եկամտային հարկի նման բարձրացումը անխուսափելիորեն ծանր բեռ կլինի բիզնեսի համար` նվազեցնելով տնտեսական ակտիվությունը, հետեւաբար եւ եկամտային հարկից վճարումները, ապա նաեւ` դրանցից վճարվող թոշակները:

Տեղեկացնենք, որ եվրոպական երկրներում այժմ գործում են եկամտային հարկի խիստ բարձր տոկոսադրույքներ: Նվազագույնը Լեհաստանում է` 32 տոկոս, առավելագույնը` Շվեդիայում` 56 տոկոս: Եվրոպական մնացած բոլոր երկրներում եկամտային հարկի միջին ցուցանիշը գտնվում է 48-50 տոկոսի միջեւ: Նույն այդ երկրները, իրենց զարգացած տնտեսությամբ, բախվել են այս խնդրի հետ եւ փորձում են լուծումներ գտնել: Այդ երկրներում բարձր կենսաթոշակներ են վճարում եւ նոր համակարգին անցնելը կապված է ահռելի միջոցների հետ: Սակայն նրանք եւս գտնում են, որ նոր համակարգին այընտրանք գոյություն չունի: Միջազգային ֆինանսական կառույցների փորձագետները փաստում են, որ Հայաստանը հիմա ունի «հնարավորություն պատուհան» այդ անցումը կատարելու համար , քանի դեռ ներկայիս կենսաթոշակների բեռը, անկախ ժամանակ առ ժամանակ դրանց բարձրացումից, դեռեւս այնպիսին է, որ հնարավորություն տալիս է ավելի սահուն եւ առանց մեծ միջոցների անցում կատարել կուտակային համակարգին:

Կենսաթոշակային տարիքի բարձրացում` ժամանակավոր լուծում ի վնաս քաղաքացու

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի են անցնում 63 տարեկանից: Ինչպես արդեն նշեցինք վերեւում, անցնելով թոշակի, քաղաքացու եկամուտն կտրուկ նվազում է` 161 հազար դրամ միջին աշխատավարձից դառնալով 36 հազար միջին կենսաթոշակ, որի արդյունքում նա հայտնվում է աղքատության մեջ: Որպես տարբերակ ավելացնել կենսաթոշակային տարիքը, 63 տարեկանից հասցնելով` ենթադրենք 67 տարեկանի, կարող է որոշակի ժամանակահատվածում արդյունք տալ` բյուջեում կենսաթոշակների գումարային բեռը թեթեւացնելով: Սակայն դա կլինի ժամանակավոր լուծում եւ ի վնաս քաղաքացու, քանի որ այդպես նրան ստիպում են ավելի երկար աշխատել, իսկ կենսաթոշակի անցնելիս, նա, միեւնույնն է, ստանալու է իր աշխատավարձի մոտ 20 տոկոսը կազմող թոշակ: Բացի դրանից, կենսաթոշակային տարիքում մարդը ցանկանում է անցնել վաստակած հանգստի, բայց արժանապատիվ թոշակով: Թոշակային տարիքին անցնելու շեմը բարձրացնելը միանշանակ բացասական կընդունվի, ինչն օբյեկտիվ կլինի: Հիշեցնենք, որ կենսաթոշակին անցնելու տարիքը 2 տարով բարձրացնելը բուռն բողոքների տեղիք տվեց, օրինակ, Ֆրանսիայում:

Պարտադիր կուտակային համակարգ` բարձր թոշակ եւ ցածր տոկոսներով վարկեր

Պարտադիր կուտակային համակարգը, ինչպես նշեցինք, ենթադրում է ապահովել այդ համակարգում ընդգրկված անձանց համար իրենց ստացած աշխատավարձի 40 տոկոս եւ ավելի չափով կենսաթոշակ: Այսինքն, այս դեպքում թոշակի անցնելուց հետո մարդու եկամուտները չեն ունենա այնպիսի կտրուկ անկում, ինչպես հիմա է: Սակայն դրա համար պետությունը առաջարկում է պատասխանատվությունը կիսել ապագա կենսաթոշակառուների հետ:

Կոնկրետ Հայաստանում, կուտակային համակարգում ընդգրկվածները ստանալու են ե՛ւ նվազագույն սոցիալական կենսաթոշակը, որը տրվելու է բոլոր կենսաթոշակառուներին, ե՛ւ կուտակման տարիների ընթացքում պետությունից աշխատողի աշխատավարձի 5 տոկոսի չափով որպես համաֆինանսավորում տրվող գումարները, ե՛ւ յուրաքանչյուրի աշխատավարձից 5 տոկոսի չափով նրա հաշվին փոխանցվող գումարը: Ընդ որում, կուտակային համակարգում ընգրկված կենսաթոշակառուները ստանալու են տարեկան միջին գնաճով ինդեքսավորված կենսաթոշակ, ինչպես նաեւ ֆոնդերի կառավարինչների կողմից գումարների կառավարման արդյունքում ստացված շահույթից հավելյալ գումարներ: Առավել քան տեսանելի են այս համակարգի առավելությունները ներկայիս գործող համակարգի, ինչպես նաեւ եկամտային հարկի կամ կենսաթոշակին անցնելու տարիքային շեմի բարձրացման տարբերակների նկատմամբ:

Նոր համակարգի համար նշվում են մտահոգություններ: Առաջինը` անվստահությունը աշխատավարձից վճարված գումարները հետ ստանալու մասին:

Աշխատավարձի 5 տոկոսը, որ պետք է այս համակարգում ընդգրկված յուրաքանչյուրի աշխատավարձից փոխանցվեն ապագա կենսաթոշակին, տնօրինելու են միջազգային ճանաչում ունեցող եւ ահռելի գումարներ կառավարող ընկերություններ, որոնք իրենց հայաստանյան կազմակերպություններն են բացել:

Մասնավորապես, «Ամունդի» ընկերությունն այսօր կառավարում է մոտ 1,4 տրիլիոն դոլար, իսկ «Ցե կվադրատը»` մոտ 900 մլն դոլար: Ամբողջ աշխարհում բազմաթիվ անձինք, կազմակերպություններ, այդ թվում հարյուրավոր ապահովագրական ընկերություններ իրենց գումարների կառավարումը հանձնել են այս ընկերություններին, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվում են այս գործունեությամբ եւ տնտեսական ճգնաժամերի ժամանակ անգամ շարունակել են արդյունավետորեն ակտիվներ կառավարել: Այս առումով խոսել Հայաստանից ակնկալվող 50 կամ 100 մլն դոլար գումարը նրանց կողմից գրպանելու կամ վատնելու մասին, անլուրջ է: Մյուս կողմից, կառավարիչները ոչ թե ստանալու են այդ գումարները, այլ միայն կառավարելու են` դրանք ներդնելով հարյուրավոր պարտատոմսերում, բաժնետոմսերում եւ այլ արժեթղթերում, ստանալով դիվերսիֆիկացված շահույթ` իրենց եւ իրենց վստահած հաճախորդների համար : Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն էլ իրականացնելու է նրանց գործունեության վեահսկողությունը:

Հաջորդը խորհրդային ավանդների փոշիացման վախն է: Այն ժամանակ սակայն գոյություն ուներ պետություն եւ պետական բանկ: Կործանվեց պետությունը, իր հետ փոշիացնելով իր բանկում եղած խնայողությունները: Ինչպես արդեն նշեցինք, այս գումարները ներդրվելու են ոչ թե մեկ տեղ, այլ հարյուրավոր ակտիվներում:

Հարկ է նշել նաեւ, որ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը Հայաստանում ստեղծելու է այսպես կոչված «երկար փողեր»` որը հնարավորություն կտա ձեռնարկություններին եւ անհատներին ձեռք բերել երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկեր, ինչն այնքան չի հերիքում մեր տնտեսությանը : Կառավարիչները Հայաստանից ստացվող գումարների առնվազն 60 տոկոսը պետք է ներդնեն դրամային ակտիվներում, իսկ 40 տոկոսը` արտարժութային: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվում ե՛ւ տեղի կապիտալի շուկան զարգացնել, ե՛ւ օգտվել կապիտալի միջազգային շուկայի միջոցներից:

Մնում է միայն ավելացնել, որ կուտակային համակարգը ստեղծվել եւ առաջինը ներդրվել է Չիլիում 1981-ին եւ հիմա առավել քան արդյունավետ գործում է, դարձնելով այդ երկիրը Լատինական Ամերիկայի ֆինանսապես ամենակայուն երկիրը բոլոր ցնցումների ժամանակ, ապահովելով տնտեսության աճ եւ արմատապես լուծելով կենսաթոշակային անլուծելի թվացող խնդիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.