AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3905, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Զորի ԲԱԼԱՅԱՆ

Ցեղասպանամոլ պետության հետ քաղաքական հարցեր կարգավորելիս, խոսք անգամ չի կարող լինել փոխզիջումների մասին

2004 թվականի փետրվարի մոտավորապես կեսերին էր։ Մենք (Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ, Դաշնակցություն կուսակցության անդամներ, Սումգայիթի եւ Բաքվի փախստականներ, Երեւանի բուհերի ուսանողներ եւ շատ այլ հայրենակիցներ) մանրազնին նախապատրաստվել էինք «սումգայիթի» եւ «բաքվի» զոհերի հիշատակին նվիրված ավանդական հավաքի անցկացմանը։ Սակայն փետրվարի 19-ի երեկոյան ողջ աշխարհը ցնցեց հրեշավոր լուրն այն մասին, որ Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՕ-ի խաղաղարար ծրագրի շրջանակներում անցկացվում էին աշխարհի տարբեր երկրների երիտասարդ զինծառայողների պարապմունքներ, ադրբեջանցի սպան կացնով կտրել է իր քնած ծառայակցի գլուխը։ Սպանել է միայն այն պատճառով, որ նա հայ էր։

Մենքՙ սպասվող հավաքի մասնակիցներս, արդեն պատրաստի ունեինք տարբեր լեզուներով գրված պաստառներ եւ կոչեր. «Սումգայիթ-1988 Բաքու-1990-ը Նյու-Յորք-2001-ը նույն շղթայի օղակներն են», «Խոջալուՙ չարաղետ կրակակետ», «Չպատժված «սումգայիթը» ծնում է նոր «սումգայիթներ»», «Պարոնայք Պուտին, Բուշ եւ Շիրակ, ծանոթացեք Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի եւ թուրք- մեսխեթցիների անկեղծ խոստովանություններին, տեղեկացեք, թե իրականում ինչ է եղել Խոջալու կրակակետում»։

Բուդապեշտյան ողբերգությունը ավելացրեց նոր կարգախոսներ. «Դահիճ Սաֆարովը ադրբեջանական հայատյաց գաղափարախոսության զոհն է», «Բուդապեշտ-2004-ը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ չկա Ղարաբաղի խնդիր, կա Ադրբեջանի խնդիր» , «Սումգայիթ-1988-ը, Բաքու-1990-ը, Բուդապեշտ-2004-ը օրինաչափություն են, ինչը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը այլընտրանք չունի», «Ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խումբը պետք է իմանա, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը Բուդապեշտում կանխորոշված գործողություն էր, Բաքվի մանրազնին մշակված ծրագրի մի մասը»։

... Ճիշտ տասը տարի է անցել այդ օրից։ Այդ բոլոր տարիների ընթացքում, փետրվարի 19-ին մենք հավաքվում ենք Գուրգենի գերեզմանի մոտ, ջանալով գոնե ինչ-որ կերպ հանգստացնել հայ սպայի ծնողների հոգին, կիսել հարազատների ու մերձավորների ցավն ու դառնությունը։ Բնականաբար, այդ ամենը կարեւոր է։ Վերջիվերջո, պարտքի եւ հիշողության մասին է խոսքը։ Սակայն մենք բոլորս գիտակցում ենք, որ դա բավարար չէ։

Ինձ թվում է, որ ամբողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտըՙ հայտնվելով մեզ համար ողբերգական Բաքվի եւ Սումգայիթի շարքում, շատերի կողմից ընկալվում է ընդամենը որպես մի ինչ-որ բնակելի կետ, որտեղ կատարվել է հերթական ահավոր հանցագործությունը։ Սպանել են երիտասարդի։ Աշխարհը վրդովվել է եւ լռել։ Աշխարհն ընտելացել է այն բանին, որ թուրքը սպանում է, մնալով անպատիժ։ Տասը տարի է անցել, եւ արդեն քչերն են ինչ-որ տեղ Ռուսաստանում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում հիշում այդ դաժան ու ստոր սպանության մասին։

Մենք բոլորս գիտենք, որ կացնավոր դահճի գործով Ադրբեջանը պետական մակարդակով մշակեց լկտի սկզբունք, որը հնչեցրեց բաքվեցի փաստաբան Ա.Իսմայիլովըՙ Սումգայիթի չպատժված «հերոսներից մեկը», որը դատարանում ներկայացնում էր Սաֆարովի ընտանիքի շահերը։ Այդ ցինիկ թեզը հանգում էր հետեւյալին. թե «քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, նման դեպքերը շարունակելու են կրկնվել» («Զերկալո», 10 մարտի, 2004թ.)։ Բայց չէ՞ որ բուդապեշտյան դատարանը, Մինսկի խումբը եւ շատերը, որպես, այսպես ասածՙ շահագրգիռ կողմեր, կամա թե ակամա շատ էլ լավ հաշվի նստեցին այդ «թեզիսի» հետ։

Պատմագետ Հայկ Դեմոյանը, որը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատալսումների ժամանակ ներկայացնում էր Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, այն ժամանակ հատեւյալ հարցը տվեց. «..իսկ ձեզ չի՞ մտահոգում այն ադրբեջանցիների ճակատագիրը, որոնք ապրում եւ սովորում են ընդհանրապես արտասահմանում եւ կոնկրետՙ հենց Բուդապեշտում։ Գուցե մտածում եք, թե հայերը ադրբեջանցիներ չեն, այդ իսկ պատճառով էլ չե՞ն իջնի Սաֆարովի եւ սաֆարովների մակարդակին»։

... Սաֆարովներն անպատիժ գործել են Ադրբեջանում դեռ շատ վաղուց, քան ղարաբաղցիները կսկսեին ողջ ձայնով հնչեցնել իրենց պահանջները, եւ, հավանաբար, Բուդապեշտի դատարանում ոչ ոք ոչինչ չգիտեր Ադրբեջանի կողմից իրագործվող անվերջանալի վայրագությունների մասին հայերի նկատմամբ, որոնք ապրում էին իրենց պատմական տարածքում, որն ընդգրկվել էր միայն 20-րդ դարի սկզբին արհեստականորեն կազմավորված, ըստ էությանՙ թուրքական հանրապետության կազմում։ Օրինակ, ո՞վ է այսօր հիշում Դաշքեսանի շրջանի (Ելիզավետապոլի նահանգ, Գարդմանք) հայկական Բանանց գյուղի հայկական հուշարձանի ողբերգական ճակատագրի մասին։ Անցած հարյուրամյակի վաթսունական թվականների կեսերին ադրբեջանցի բարբարոսները ավերեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հայրենակից-հայերի անկրկնելի հուհարձանը եւ գիշերը դրա փլատակների վրա նետեցին կացնահարված հայի դիակ։ Ականավոր գիտնական-փիլիսոփա, Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ղարաբաղյան շարժման ամենաակտիվ նախակարապետներից մեկը, դաշքեսանցի Հրանտ Եպիսկոպոսովը տարիներ շարունակ համառորեն զբաղվել է Բանանցի հերոսների հուշարձանի հարցերով, սակայն ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն պատասխանել է լռությամբ։

Ադրբեջանական բարբարոսության եւ վանդալիզմի անպատժելիությունը անչափ մեծացրեց զոհերի թիվը եւ հայկական պղծված մշակութային հուշարձանների քանակը։ Մարտունու շրջանում(Արցախ) օրը ցերեկով ադրբեջանցիները սպանեցին ութսունամյա հայ հողագործինՙ թիկունքից մահացու հարված հասցնելով գլխին: Մարդասպանները ձերբակալվեցին հայ միլիցիոներների կողմից։ Սակայն նույն օրն էլ ազատ արձակվեցին Բաքվի կարգադրությամբ(այդպես էին մեկնաբանվել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում 1921 թվականի Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրերով հռչակված լայն լիազորությունները հայերի համար)։

Տասնվեցամյա հայ աղջկան Ստեփանակերտում խմբակային բռնաբարության ենթարկեցին աղդամցի տականքները, իսկ մարմինըՙ դանակահարության բազմաթիվ վերքերով, գիշերը նետեցին Երկրորդ համաշխարային պատերազմում զոհվածների հուշահամալիրի անմար կրակի մեջ։ Չարագործներից ոչ մեկը չդատապարտվեց։

Արցախի Կարադաօղլու գյուղում ադրբեջանական դպրոցի ուսուցիչը եւ հանցակիցների խումբը կացնով սպանեցին ութամյա հայ տղային։ Գյուղական ուսուցչի համար կացինը քիչ էր։ Նրա հրամանով հանեցին տղայի աչքերը, վախենալով, որ զոհի աչքերում, ինչպես ֆոտոթղթի վրա, կտպվի մարդասպանի դեմքը։ Այս անգամ հանցագործները ձերբակալվեցին։ Նույնիսկ Ադրբեջանի ՊԱԿ-ի հզոր նախագահ Հեյդար Ալիեւը ոչինչ չկարողացավ անել։ Սակայն հենց Ալիեւը կարգադրեց դատալսումն անցկացնել բուն Ստեփանակերտում, բացօթյա։ Եվ այդտեղ էլ կազմակերպեցին արյունոտ սադրանք, որի արդյունքում սպանվեց ազերիների հանցախմբի ղեկավարը, իսկ հայ երիտասարդները դատապարտվեցին մահապատժի կամ տասնհինգ տարվա ազատազրկման։

Այնպես որ, բավական լկտի է հնչում վախկոտաբար սպառնացող ակնարկը, թե, իբր, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, սաֆարովները կացիններ են թափահարելու։ Եթե խոսելու լինենք չարաբաստիկ «քանի դեռ»-ից, ապա առայժմ առաջին հերթին պետք է գործուն կերպով մտածենք ... իրՙ Գուրգեն Մարգարյանի ճակատագրի մասին։ Այո, նրա ճակատագրի։ Սպանվել է երիտասարդ միայն այն պատճառով, որ հայ էր ծնվել։ Նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած ուրիշ մի հայ, մեզանից յուրաքանչյուրըՙ բոլոր հինգ աշխարհամասերում։ Վիրավորական է, ստորացուցիչ է, աններելի է լռել, երբ կալանքից միլիարդ դոլարով ազատված մարդասպանը, որի սպայական աստիճանը բարձրացված է, որը հայտարարված է համաժողովրդական հերոսՙ ադրբեջանական երիտասարդության համար կուռքի մակարդակով, ողջ աշխարհի աչքի առջեւ ծաղիկներ է դնում Սումգայիթում եւ Բաքվում հայերի ցեղասպանությունը կազմակերպողների եւ իրականացնողների գերեզմաններին։ Այդ նույն աշխարհը մեծ հաշվով լռել է։ Եվ լռում է մինչեւ հիմա։ Սակայն դա չի նշանակում, թե պետք է լռենք մենք, երբ անտարբեր աշխարհի հայացքի ներքո դահիճը ծաղիկներ է ընդունում հենց նախագահի ձեռքից, ընդունում է ութ տարվա ընթացքում կուտակված աշխատավարձը, նոր աստղեր է ավելացնում իր ուսադիրներին։ Այս ամենը տեսնում է աշխարհը, տեսնում են Գուրգենի ծնողները։ Լռում է Միավորված ազգերի կազմակերպությունը, որը պատասխանատվություն է կրում «Մարդու իրավունքների մասին» եւ «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատիժ կրելու մասին» Գլխավոր ասամբլեայի համաձայնագրերի խստիվ կատարման համար։

Այդ փաստաթղթերում սեւով սպիտակի վրա գրված է, որ ցեղասպանության որակման համար կիրառելի չէ հանրահաշվի սկզբունքը։ Այնպես որ, Գուրգեն Մարգարյանը ցեղասպանության զոհ է։ Դա նշանակում է, որ դահիճը պետք է պարտադիր կարգով պատժվի, եւ ոչ միայնՙ որպես քրեական հանցագործ։ Բայց հանկարծ, ի դեմս ՄԱԿ-ի համապատասխան կառույցներիՙ համաշխարհային հանրության լուռ համաձայնության ներքո ոչ միայն ազատ են արձակում ցեղասպանություն իրագործած հանցագործին, այլեւ նրան բարձրացնում են ազգային հերոսի աստիճանի։ Ադրբեջանում աճում է մի սերունդ, որի համար հայի սպանությունը հերոսություն է, իսկ Մինսկի խումբը հանգիստ ականջ է դնում Ադրբեջանի նախագահի խոստումներին Ղարաբաղի հայերին տրվելիք լայն ինքնավարության մասին։ Եվ ահա այս լկտի, անմարդկային խորապատկերի վրա Մինսկի խումբը պատրաստվում է այսօր-վաղը փոխզիջումներ գտնել եւ ձեռք զարկել ղարաբաղյան խնդրի լուծմանը մադրիդյան կամ ցանկացած այլ փաստաթղթի շրջանակներում։

Ինչպե՞ս կարելի է շարունակել «Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների» քննարկումը, երբ ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու դժվարին որոնումների ընթացքում Ադրբեջանի նախագահը պարզապես ազատություն է գնում վախկոտ հանցագործի համար։ Ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները այդ ինչպե՞ս են քննարկելու մադրիդյան փաստաթղթի հետեւյալ կետը. «Հայկական զինված ուժերի դուրսբերում նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքներից»։ Այդ ինչպե՞ս են լռությամբ աչք փակելու մարդկության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների վրա , եւ մյուս կողմիցՙ առաջարկելու դուրս բերել զորքերը, որոնք «նախկին ԼՂԻՄ-ի» խաղաղ բնակչության (բնիկների) անվտանգության միակ երաշխավորն են։

Ես կարծում եմ, առաջին բանը, ինչ այսօր պետք է անեն երեք հզոր տերությունների ղեկավարներին ներկայացնող, ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի մեծարգո անդամները, դա այն է, որ միջազգային իրավական նորմերի հիման վրա, Գուրգեն Մարգարյանին սպանողին վերադարձնեն Բուդապեշտՙ կրելու հունգարական դատարանի վճռով սահմանված պատժաժամկետը։ Եվ ողջ սարսափն այն է, որ այսՙ տրամաբանորեն արդարացված առաջարկությունը ոմանք կարող են ընդունել որպես պարզամտություն, թեեւ, հակառակ դեպքում, արդեն գործնականում չեն կիրառվի մարդկության ամենագլխավոր փաստարկներըՙ արդարությունը եւ բարոյականությունը։

Ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի մեծարգո անդամներն առաջին հերթին պետք է ընդունեն, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ադրբեջանի պետական գործողությունն էր ։ Սաֆարովը բոլորովին էլ պատահաբար չէր հայտնվել Բուդապեշտում։ Դեռեւս 90-ականների սկզբին նա որպես սպա ռազմական պատրաստականություն էր անցել Թուրքիայում, որտեղ, ինչպես ինքն է խոստովանել, ստացել է մի որակավորում, որի էությունն էր «սպանել հայերին»։ Չակերտներում վերցված են մարդասպանի արտասանած բառերը Բուդապեշտում անցկացված հարցաքննությունից։ «Իմ նպատակը այն էր, որ կռվեմ հայերի դեմ եւ ավելի շատ սպանեմ նրանց, - հայտարարեց Սաֆարովը դատարանում։- Ես ափսոսում եմ, որ մինչեւ հիմա չեմ սպանել ոչ մի հայի... Եթե այստեղ ավելի շատ հայեր լինեին, ես կցանկանայի նրանց բոլորին սպանել... Եթե ես քաղաքացիական անձ լինեի, ապա կվարվեի նույն կերպ։ Իմ կոչումն էՙ սպանել բոլոր հայերին»։ Հայկ Դեմոյանը պատմում է, թե ինչ սարսափով էին համակվել հունգարացի քննիչներըՙ սեփական ականջներով լսելով նման խոստովանություններ։

Ես լիովին համոզված եմ, որ այդ ողջ ցինիզմի մեջ ոչ մի զարմանալի բան չկա։ Դահիճը շատ էլ լավ գիտեր, որ իրեն ուշի-ուշով հետեւում է Բաքուն, եւ որ նրա «հերոսական» բառերը շնչակտուր մեջբերելու են Ադրբեջանում։ Վստահ էր նաեւ նրանում, որ իրեն փրկելու են։ Չէ՞ որ նրան դա խոստացել էին, եւ իրենց խոստումը պահեցին։

Այսօր Ադրբեջանում անհոգնում կրկնում են տասը տարի առաջ ձեւակերպված կոչը. «Սաֆարովի արարքը հայրենասիրության օրինակ կդառնա ադրբեջանական երիտասարդության համար»։ Իսկ վերջերս ինչ-որ մեկը Սաֆարովի «սխրանքին» հրապարակավ հակադրեց «Քարե երազներ» գրքի հեղինակ Ակրամ Այլիսլիի «դավաճանությունը»։ Հետաքրքիր է. ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի հարգելի անդամներն արդյոք գիտե՞ն, որ Այլիսլին ընդամենն անկեղծորեն պատմել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող հայկական հինավուրց քաղաք Ագուլիսի մասին։

1978 թվականին, ճամփորդելով Նախիջեւանով, Հայկական ԽՍՀ-ով եւ Արցախով, ես գրեցի «Օջախ» գիրքը, որտեղ մանրամասն պատմեցի Ագուլիսի ողբերգական պատմությունը։ Այնտեղ կային այսպիսի խոսքեր.«Իմ ճամփորդական ուսապարկում կար Ագուլիսի լուսանկարը 19-րդ դարավերջին։ Լեռան թեք լանջով վեր է ձգվում կանաչի մեջ թաղված դրախտ-քաղաք, եկեղեցիների փայլուն գմբեթներով։ Միայն արհեստանոցների թիվը Ագուլիսում հասնում էր հարյուր հիսունի, որտեղ բազմաթիվ արհեստավորներ էին ստեղծագործում։ Մեկ դյուժին տաճարներ, եկեղեցիներ, մատուռներ եկեղեցաշինության իսկական գլուխգործոցներ են։ Հարուստ խանութներ, բազմաթիվ դպրոցներ, առեւտրի ուսումնարան, դեղատներ, բաղնիքներ, շուկաներ, գրադարաններ, հյուրանոցներ։Տասնյոթ աղբյուր։ Ամեն ինչ ավերված է այդ հեքիաթային հայկական քաղաքում։ Այսօր ոչինչ չի մնացել։ Ամեն ինչ կործանված է։ Բարբարոսներ են անցել այստեղով։ Մնացել են միայն սառնորակ աղբյուրները։ Ես կանգնել էի քաղաքի ստորոտում, եւ սրտիցս արյուն էր կաթում։ Ճարտարապետական գլուխգործոցների փլատակները նման են մեռած ծառերի։ Ես գիտեմ, այնտեղՙ ամենավերեւում Սուրբ Ստեփանոս եկեղեցին էր, քիչ ցածՙ Սուրբ Թովմայի տաճարը, կողքինՙ Սուրբ Մինասն ու Սուրբ Քրիստոփորը։ Ամեն ինչ միաձուլվում է։ Աչքերիս առջեւ մշուշ է։

Կգա ժամանակ, եւ Ագուլիսը կվերականգնվի։ Եթե նույնիսկ մինչ այդ նրանից հետք էլ չմնա երկրի վրա։ Քանզի հողի վրայից հետքը կարող է անհետանալ, բայց ժողովրդի հիշողության մեջ մնում է հավերժ։ Իսկ առայժմ թող Ագուլիսն իր տխրամած տեսքով հիշեցնի մեր ժամանակակիցներին ոչ վաղ անցյալի վանդալների մասին։ Ագուլիսը հիշողություն է։ Ագուլիսը հիշեցում է։ Ագուլիսը տակնուվրա արեց հոգիս... »։

Ակրամ Այլիսլիի բախտը, կարելի է ասել, բերել է։Նրա ժամանակ դեռ ինչ-որ բան պահպանվել էր հակական Ագուլիսում։ Եվ նա պատմել է այդ կախարդական քաղաքի մասինՙ չթաքցնելով իր հարգանքը նրա նախկին տերերի հանդեպ։

«Օջախ» գրքի հրատարակումից հետո, դեպի Մոսկվա, ավելի ճիշտՙ Կրեմլ թռան հազարավոր ու հազարավոր նամակներ Ադրբեջանից։ Եվ ամենից շատ ինձ դատափետում էին Ագուլիսի պատճառով։ Եվ ահա երկար տարիներ անց, հիմնականում դարձյալ Ագուլիսի նկարագրության համար, թիրախ դարձավ Ակրամ Այլիսլին։ Թերթերում կարդում եմ, որ «ադրբեջանական կեղծ հայրենասերների զայրույթն առաջացրել են այն կարեկցական երանգները, որոնցով հեղինակը նկարագրել է հայերին։ Նրան զրկել են Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչումից, նախագահական կենսաթոշակից, կինը եւ որդին ազատվել են աշխատանքից։ Գտնվել է մի գործարար, որը մեծ պարգեւ է խոստացել գրողի կտրված ականջների համար»։

Հիշեցնենք, որ Ագուլիսը գտնվում է Նախիջեւանի երկրամասում, որտեղ միայն Ջուղա քաղաքի հայկական հինավուրց գերեզմանոցում 20-րդ դարի սկզբում հաշվվում էին տասը հազար անկրկնելի խաչքարեր, որոնցից յուրաքանչյուրի տակ հանգչում էին մեր հայ նախնիները։ Հիմա, արդեն նախագահ Ալիեւ-կրտսերի օրոք չի մնացել ոչ մի շիրմաքար։ Ավելի քան երկու հարյուր հայկական եկեղեցիներից չի մնացել ոչ մեկը։ 1921 թվականին Թուրքիայի ճնշման ներքո բոլշեւիկները ստեղծեցին Նախիջեւանի(հայկական) Ինքնավար Հանրապետությունըՙ գերակշռող հայ բնակչությամբ։ Խորհրդային իշխանության օրոք եւ վերակառուցման տարիներին տեղահանվեց ողջ բնիկ հայ բնակչությունը։

Ես կցանկանայի իմանալ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբիցՙ եթե մադրիդյան փաստաթղթի համաձայն բոլոր արտաքսված անձինք եւ փախստականները ինքնակամ վերադառնալու իրավունք են ունենալու, ապա այդ նույնը տարածվո՞ւմ է Նախիջեւանի(հայկական) Ինքնավար Հանրապետության բնիկ-հայերի վիճակի վրա։ Ո՞վ ասաց, թե «կարգավորել» պետք է միայն Լեռնային Ղարաբաղի Արցախ հանրապետության հարցերը, արհամարհելով Նախիջեւանի հայկական Ինքնավար Հանրապետության ճակատագիրը։ Եթե գտնում են, թե Նախիջեւանում հայեր չեն մնացել, ապա պետք է որոնեն այն հարցի պատասխանը, թեՙ «Ո՞ւր անհետացավ բնիկ հայ բնակչությունը»։ Չէ՞ որ, համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաձայնագրիՙ ցեղասպանությունը ոչ միայն մարդկանց ֆիզիկական ոչնչացումն է, այլեւ պատմական օբյեկտների, ազգային մշակույթի ոչնչացումը, ինչպես նաեւ բնիկ բնակչության համար կյանքի անտանելի պայմանների ստեղծումը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք այն մասին, որ ցեղասպանության համար պատիժը, ներառյալ Գուրգեն Մարգարյանի սպանությունը, վաղեմության ժամկետը չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.