AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014



Տեղադրվել է` 2014-02-28 15:10:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3435, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՙ ԱՌԱՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԴԱՏԻ՞

Զորի ԲԱԼԱՅԱՆ

«Մի ամբողջ շաբաթ, օր ու գիշեր, ոչ մի րոպե Բաքվում չէին դադարում հայկական ջարդերը»։ Այդպես հետագայում գրեցին շատ թերթերՙ «մի ամբողջ շաբաթ»։ Սակայն 1990 թվականի հունվարի 13-ց դեռ չորս օր առաջ, հունվարի 9-ին, Հայաստանի կառավարությունը դիմել էր ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ Մ.Ս.Գորբաչովին. «Բաքվում, Շահումյանի, Խանլարի շրջաններում, Գետաշեն, Ազատ, Կամո գյուղերում եւ այլ բնակավայրերում ապրող հայկական բնակչության դեմ Ադրբեջանի ծայրահեղական ուժերի կողմից իրագործվող անթաքույց ռազմական գործողությունների արդյունքում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Տուժում են անմեղ երեխաներ, կանայք, ծերեր։ Տեղի են ունենում սպանություններ, հրկիզումներ, պատանդառություններ, շրջափակվում են ճանապարհներ, կամուրջներ։ Այս ամենը հանգեցրել է իրավիճակի ծայրահեղ սրմանը Հայաստանում։ Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված վիճակը, հանրապետություն Գերագույն Խորհուրդը Ձեզ է դիմում խնդրանքովՙ անհետաձգելի քայլեր ձեռնարկել ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, կասեցնել բարբարոսական գործողությունները, որոնք կարող են հանգեցնել անուղղելի աղետալի հետեւանքների ողջ տարածաշրջանում»։

1990 թվականի հունվարի 10-ին պետության ղեկավարը ստորագրեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշումը «Նախիջեւանի ԻԽՍՀ տարածքում պետական սահմանի վերաբերյալ օրենքի կոպիտ խախտումների մասին»։ Հիշեցնենք, որ այդ որոշումն ընդունվել էր արդեն այն բանից հետո, երբ մի ամբողջ ամիս Իրանի հետ սահմանագծի ողջ 700 կիլոմետրերի վրա տեղի էին ունենում ավերածություններ, ապամոնտաժումներ(հիշենք Ստալինի կողմից կազմակերպված Կարսի պայմանագիրըՙ Նախիջեւանը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ներառելու մասին, «առանց երրորդ կողմին հանձնելու իրավունքի»)։ Մի խոսքով, այն օրը, երբ Գորբաչովը իր համար արդեն ավանդական դարձած աններելի ուշացումով արձագանքեց Նախիջեւանի վանդալիզմին, հայկական տներ էի վառվում ոչ միայն Բաքվում, այլեւ Ադրբեջանի ողջ տարածքում։ Այդ նույն օրը թերթերում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշման կողքին տեղադրված էր ՏԱՍՍ-ի տեղեկատվությունը. «Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում հակաիրավական գործողությունների կասեցման ժամանակ ադրբեջանական միլիցիայի աշխատակիցների կողմից վիրավորվել են լեյտենանտ Ի.Ցիմբալյուկը եւ կրտսեր սերժանտ Է.Սապիլովը։ Այսօր լեյտենանտ Ցիմբալյուկը մահացավ Թբիլիսիի ռազմական հոսպիտալում... Զինված հարձակումներ են կատարվել հայկական Վերիշեն, Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ եւ Շահումյանի շրջանի Հայկական Բորիսներ գյուղերի վրա»։

Սակայն զանգվածային լրատվության խորհրդային միջոցները դեռ երկար ժամանակ չէին արձագանքում Բաքվում կատարվող իրադարձություններին։ Այսպես ասած, կողմնորոշվում էին, սպասում էին սահմանված ցուցումների։ Ճիշտ է, «Բակինսկի ռաբոչի»-ն տպագրեց երկու տողանոց համեստ տեղեկատվություն այն մասին, որ հունվարի 14-ին Բաքու են ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, Միությունների Խորհրդի նախագահ Ե.Մ.Պրիմակովը եւ ԽՄԿԿ Կենտկոմի(ազգությունների հարցերով զբաղվող) քարտուղար Ա.Ն.Գիրենկոն։ Իսկ հայկական «Կոմունիստ» թերթը հաղորդեց այն մասին, որ Երեւան են ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ն.Ն.Սլյունկովը եւ ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահի տեղակալ Ի.Ս.Սիլաեւը։ Դրանից բառացիորեն մեկ ժամ անց Երեւան հասցվեցին Բաքվի առաջին հայ փախստականները։ Մոսկովյան թերթերը տպագրեցին առաջին ժլատ տեղեկատվությունը Բաքվի ջարդերի մասին։

Հենց այդ օրը, հունվարի 16-ին, որը Բաքվում հայերի ցեղասպանության չորրորդ օրն էր, եթե որպես սկիզբ ընդունենք հունվարի 13-ը, հրապարակվեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագիրըՙ արտակարգ իրավիճակ մտցնելու... Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում եւ մի քանի այլ շրջաններում, որոնց համաձայն պետք էր «արգելել ժողովների, հավաքների, փողոցային երթերի, ցույցերի անցկացումը, վերահսկել զանգվածային լրատվության միջոցները(ոչ թե Բաքվում, որտեղ հեղվում էր հայերի արյունը, այլ Ստեփանակերտում, որը հարյուրավոր կիլոմետրերով հեռու էր գտնվում ողբերգության վայրից( !), «պարտավորեցնել տվյալ տեղանքի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիներին հեռանալ... (ոչ թե Բաքվից, որտեղ մոլեգնում էին բարբարոսները, այլ Ղարաբաղից, որն արդեն ընդունում էր Սումգայիթի հայ փախստականներին!)։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը դարձավ յուրօրինակ փորձադաշտՙ արտակարգ իրավիճակի ստուգման համար, քանզի երկրում գոյություն չուներ այդ «ծայրահեղ քայլի» գործնական կիրառումը կարգավորող որեւէ իրավական նորմ։ Քանի որ ԼՂԻՄ-ի օրինական իշխանությունը լուծարված էր, ենթադրվում էր ոչ թե արտակարգ, այլ ռազմական վիճակի ներդրում։ Եվ հավանաբար հնարավոր ապօրինություններն ինչ-որ կերպ կանխելու նպատակով, հրամանագիրը պարունակում էր 10-րդ խորամանկ կետը. «Անհրաժեշտ համարել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդում արագացնելու Արտակարգ դրության իրավական ռեժիմի վերաբերյալ օրենքի նախագնծը, որը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հանձնարարությամբ մշակել է ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը»(շուտով մենքՙ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներս ընդունեցինք այդպիսի օրենք)։ Իսկ առայժմ Ղարաբաղում փաստորեն հաստատեցին իրավազրկության ռեժիմՙ բնակչության համար եւ ամենաթողության ռեժիմՙ պաշտոնական(իմաՙ ադրբեջանական) իշխանությունների համար։

Ջարդերի առաջին իսկ օրը Բաքվում եւ այլ քաղաքներում ամբողջովին շարքից հանվեց ողջ հեռուստատեսային տեխնիկան։ Բայց փոխարենը Լեռնային Ղարաբաղի կենտրոնիցՙ Շուշի քաղաքից օր ու գիշեր եթեր էին արձակվում հակահայկական քարոզչությունն ու փողոցային հայհոյանքները։ Պարետությունն անկարող էր որեւէ բան անել, քանզի Շուշիում, որտեղ այդ ժամանակ հայեր չէին մնացել, պարետային ժամը փաստորեն չէր գործում։ Շուշիի այդ կամայականությունների մասին գրեց «Սովետական Ղարաբաղ» թերթը։ Արտակարգ իրավիճակի Հրամանագրի երկրորդ կետի հիման վրա հոդվածի հեղինակին ձերբակալեցին եւ ուղարկեցին Ռուսաստան։ Մեկ օր անց «Պրավդա»-ում հայտնվեց տեղեկատվություն. «Ազգամիջյան խժդժություններ բորբոքելու համար Ստեփանակերտում վարչական կարգով ձերբակալվել է «Սովետական Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ա.Ա.Ղուկասյանը»(Լեռնային Ղարաբաղի հանրապետության ապագա նախագահը-Զ.Բ.)։ Նույն թղթակցությունը հաստատում էր, որ Ադրբեջանի Ժողովրդական ճակատը իրագործում է ոչ միայն հայերի, այլեւ ուրիշ ազգերի ու ազգությունների ներկայացուցիչների ցեղասպանություն. «Ժողովրդական ճակատը շարունակում է հանդես գալ սուր արտահայտված ազգայնամոլական դիրքերից։ Այսպես, այն սպառնում է լիովին ոչնչացնել ուդիների ցեղախումբը, որը 6000 մարդ քանակով բնակվում է Ադրբեջանի Կուտկաշենի շրջանի Նիջ գյուղում»։ (Այդ հինավուրց ազգությունը դավանում է ուղղափառություն)։

Արտակարգ դրության շրջանի առաջին(արդեն օրինական) պարետ նշանակվեց գեներալ-մայոր Յու.Ա.Կոսոլապովը։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ Վաչագան Գրիգորյանի եւ Բորիս Դադամյանի հետ այցելեցինք նորաթուխ պարետին եւ անհանգստություն արտահայտեցինք այն կապակցությամբ, որ ադրբեջանական իշխանությունները շահարկելով Հրամանագրով իրենց տրված հնարավորությունները, շարունակում են իրարանցումից օգտվելով «օրինական» հիմքերով տարհանել հայկական բնակչությանը։ Սակայն պարետի հետ զրույցի ընթացքում մենք հասկացանք, որ նա մեզ մոտ ժամանակավոր մարդ էր։ Եվ չէինք սխալվել։ Բառացիորեն մեկ-երկու օր անց Կոսոլապովին փոխարինեց ներքին զորքերի ոչ անհայտ գեներալ Վ.Սաֆոնովը, որն առաջին իսկ օրերից իրեն դրսեւորեց որպես սադրիչ համարյա բոլոր հակահայկական գործողություններում, ինչպես բուն Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում։

Մի քանի ամիս էլ չէր անցել, երբ նա ընտրվեց Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, Մութալիբովի ձեռքից ստանալով «մարտական» պարգեւներ, թանկարժեք նվերներ։ Շուտով Բաքվից նրան օգնության հասավ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ.Պոլյանիչկոն, որը հանրապետության ղեկավարության կողմից նշանակված էր Լեռնային Ղարաբաղի գծով կազմկոմիտեի նախագահ։ Դա նենգ մտահղացում էր. ռուսների ձեռքով անօրինություններ գործելով, հակառուսական տրամադրություններ բորբոքել հայերի մոտ։ Ի դեպ, գորբաչովյան Հրամանագրից էլ առաջ Ստեփանակերտում գործում էր պարետային ժամ։ Իսկ հիմա այն երկարաձգեցին օրը եւս երկու ժամով։ Ղարաբաղը սուզվեց ամենաիսկական դժոխքի մեջ։ Միակ բանը, որ մեզ մնում էր անել, դա Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիական անհնազանդություն հայտարարելն էր. հրամանագրով պայմանավորված պարետային ժամի եւ դաժան ռեժիմի տակ քողարկված, վստահ իրենց անպատժելիության մեջ, ադրբեջանցի օմոնականները ամեն օր քշում-տանում էին անասուններին, հրկիզում խոտի դեզերը։ Պայթեցրին Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը անջատեցին գազն ու էլեկտրական հոսանքը։ Իսկ դիմադրողներին այսպես ասածՙ «ֆիլտրում» էին եւ ծեծից կիսամեռ արված ուղարկում Շուշիի բանտ, որտեղից կենդանի կարելի էր ելնել միայն ահռելի գումարների գնով։

Իսկ այդ ժամանակ Բաքվում չէին մտածում ոչ միայն արտակարգ դրություն, այլեւ նույնիսկ պարետային ժամ սահմանել, թեեւ ադրբեջանական մայրաքաղաքում վառվում էին հայերի տներն ու բնակարանները, սեփական կացարաններից դուրս էին քշվում եւ ողջակիզվում մարդիկ։ Ճիշտ է, ՏԱՍՍ-ի առաջին հաղորդագրություններում այդ ամենը մտուցվում էր ավելի քան մեղմացված. «Երեկոյան խուլիգանական տարրերի կողմից Բաքվում սադրվել են անկարգություններ եւ անօրինություններ։ Տեղի են ունեցել ողբերգական դեպքեր, կան մարդկային զոհեր»։ Նրանց համար, ովքեր այսօր արդեն մոռացել են այն ժամանակների լրագրային ոճը, կներկայացնեմ ՏԱՍՍ-ի հիշատակված հաղորդագրության շարունակությունը. «Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմը, Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահությունը եւ հանրապետության Մինիստրների Խորհուրդը վճռականորեն եւ զայրագին դատապարտում են խուլիգանական տարրերի հանցավոր գործողությունները եւ կոչ անում Բաքու քաղաքի բնակիչներին, ողջ հանրապետության աշխատավորությանը հանդես բերել բարձր պատասխանատվություն, առավելագույն զսպվածություն եւ կազմակերպվածություն, ամենայն աջակցություն մատուցելով իրավապահ մարմիններին»։ Այդ փարիսեցիական դեմագոգիայի էությունը հեշտորեն պարզաբանել է, մասնավորապես, Լ.Յունուսովան(Ժողովրդական ճակատի վարչության անդամ, մամլո կենտրոնի ղեկավար), որն անկեղծորեն հայտարարեց ՍԻԱ գործակալությանը. «Այդ գործողությունները սատարված էին պաշտոնական ղեկավարության կողմից, որը դեռ անցած աշնանը Ժողովրդական ճակատը անվանում էր ծայրահեղականներ, հանցագործներ, իսկ հիմա դադարեցրել է հարձակումները, քանի որ ճակատի աջ թեւի գաղափարները նրան հարազատ են։ Հանրապետության ղեկավարությունը աչք է փակում նաեւ ճակատի աջ թեւիՙ Հայաստանի հետ առճակատումը շարունակելու ձգտման վրա։ Օրինակների համար պետք չէ հեռու գնալ. Բաքվում հրկիզվեց հայկական եկեղեցին։ Ի դեպ, միլիցիան չարձագանքեց այդ վանդալիստական գործողությանը... »։

Հունվարի 13-ից հետո, երբ տեղեկատվական վեկտորն ուղղված էր հիմնականում Բաքվի վրա, թվում էր, թե Նախիջեւանի եւ Ադրբեջանի այլ շրջանների իրադարձությունները մոռացված են։ Հունվարի 16-ին «Իզվեստիա» թերթը գրել է. «Յուրաքանչյուրն, ով հետեւում է Անդրկովկասի իրավիճակին, չի կարող չնկատել, որ Բաքվում տեղի ունեցած ողբերգությունը կապված է իրանա-ադրբեջանական սահմանագծի դրան նախորդած իրադարձությունների հետ»։ Հենց հունվարի 16-ին, այն օրը, որը թերեւս Բաքվի ջարդերի յուրօրինակ բարձրակետն էր, Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց Խատինի, Սոնգմիի վերածել Շահումյանի շրջանի հայկական Մանաշիդ փոքրիկ գյուղը։ Ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցին հայտնել է փոխգնդապետ Վ.Վ.Խարիչկինը, «գյուղի վրա տեղում է հրետանակողությունը։ Զինյալներն ունեն հակակարկտային կայանքների զենիթային մարտկոց եւ եւս մեկը ադրբեջանական Աջենդ գյուղի շրջանում։ Դրանցով գնդակոծվում են Ազատ, Գետաշեն եւ այլ հայկական բնակավայրեր։ Կրակում են նաեւ ռազմական ուղղաթիռների վրա»։ Եվ այդ ամենը տեղի էր ունենում թվում է, թե գործող խորհրդային իշխանության օրոք։

Հունվարի 17-ին մենք Ստեփանակերտում Բաքվի ռադիոյով լսեցինք բազմահազարանոց միտինգի ռեպորտաժը, որտեղ ելույթ ունեցավ Ե.Մ.Պրիմակովը։ Չդադապարտելով բարբարոսությունը, նա միտինգավորների խոստացավ «վճռական քայլեր ձեռնարկել Ղարաբաղում արտակարգ վիճակ մտցնելու մասին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության Հրամանագրի կատարման ուղղությամբ»։

Այդ օրը միտինգ տեղի ունեցավ նաեւ Երեւանում։ Այս անգամ ժողովուրդը հավաքվել էր ոչ թե Թատերական հրապարակում, այլ Կոմերիտմիության Կենտկոմի շենքի մոտ։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն տպագրեց տեղեկատվություն. «Անհանգստացած Բաքվի իրենց ազգականների ճակատագրով, մարդիկ նետվում են հաստատությունից հաստատություն, փորձելով գոնե ինչ-որ հուսադրող լուր ստանալ։ Բայց դժվար է տեղեկանալ որեւէ բանի մասին։ Չէ՞ որ շատերը ցրվել են երկրի տասնյակ տարածաշրջաններով մեկ։ Եվ ահա այդ մարդկանց ճակատագիրը պարզելու նպատակով Կոմերիտմիության Կենտկոմը, արդեն ունենալով Սպիտակի փորձը, որոշեց կազմակերպել անհետ կորածների որոնման շտաբ։ Մամուլում հաղորդվեցին շտաբի հասցեն եւ հեռախոսահամարները»։ Նույն օրը երեկոյան Նախիջեւանի ԻԽՍՀ-ից սկսեցին գնդակոծվել սահմանամերձ հայկական գյուղերը։ Հայկական Երասխ գյուղում զոհվեց երեք մարդ։

Հայկական ջարդերին տարբեր կերպ արձագանքեցին Թուրքիան եւ Իրանը։ Եթե Իրանը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ, թե «Իսլամը սահմաններ չի ճանաչում, երբ խոսքը մարդկային հոգիների մասին է, բայց վճռականորեն մերժում է նույնիսկ բուն միտքըՙ պետական սահման խախտելու մասին», ապա Թուրքիան, հայերի նկատմամբ իր մշակած ավանդույթների շրջանակներում 90 թվականի հունվարի համարյա բոլոր սեւ օրերի ընթացքում շռայլաբար մեկնաբանում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի Մինխորհի նախագահ Ա.Մութալիբովի այցը Անկարա։ Բաքվում հայկական ջարդերի մանրազնին նախապատրաստման ամենաեռուն պահինՙ հունվարի 5-ից 10-ը Մութալիբովը ուղեւորություն կատարեց Թուրքիա, որտեղ հրահանգավորում ստացավ թուրքական փորձառու մասնագետներից, թե ինչպես կազմակերպել կոտորածը ջրից չոր դուրս գալու եւ զոհին մեղադրելու համար։

Եվ Ա. Մութալիբովը, որ մոտալուտ ապագայում զբաղեցնելու էր Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպես կգնահատի այն փաստը, որ հայերն աղմուկ են բարձրացնում արդեն Բաքվում սկսված ջարդերի առիթով, լկտիաբար նետեց. «Շոեււնը հաչում է, քարավանը գնում է»։ Այդ կեղտոտ ցինիզմի մասին մենք տեղեկացրինք ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նստաշրջանի ամբիոնից։ Մութալիբովը վախկոտաբար չքմեղացավ.«Ինձ այնպես չեն հասկացել»։

Հատկանշական է, որ Մութալիբովի Թուրքիա կատարած ուղեւորության մասին ռեպորտաժը «Բակինսկի ռաբոչի» թերթում հրապարակվեց հենց հունվարի 13-ին։ Միտինգի ժամանակ հռետորներից մեկը, կոչ անելով հանրապետությունում արգելել ռուսաց լեզուն, որպես փաստարկ մեջբերեց թերթից Մութալիբովի խոսքերըՙ «թուրքաբանական հետազոտությունների գծով Թուրքիայի հետ գիտական հատազոտությունների փոխանակման անհրաժեշտության, թուրքագիտության հարցերով գիտահավաքների կազմակերպման, Ադրբեջանում թուրքերեն լեզվի հետագա զարգացման մասին»։ Ինչ-որ մեկն էլ բավական ազնվությամբ ասաց. «Եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք թուրքեր ենք»։ Հակառուսական հիստերիայի խորապատկերին ինչ-որ մեկը միտք զարգացրեց, թե նախքան Խորհրդային Միությունից դուրս գալը պետք է վերջնականապես հաշիվները մաքրել հայերի հետ։ Այդ եւ նման հաղորդումները միտինգավորներին հասցնում էին մոլեգնության, եւ վերջապես ինչ-որ մեկը անսպասելիորեն գոռաց բարձրախոսից.«Հենց նոր ոմն հայ Ավանեսով, երբ փորձում էին նրան դուրս հանել բնակարանից, գործի դրեց կացինը եւ սպանեց երկու ադրբեջանցիների... »։ Մեկնաբանելով չգիտեմ ում կողմից «Կրակոցՙ Սարաեւոյում» անվանված այդ դրվագը, իրադարձությունների ականատես, Բաքվի փախստական Ռ.Բաիլյանը այն ժամանակ տաք հետքերով գրեց հայկական «Կոմունիստ»-ում. «Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ էր կատարվում Ավանեսովի բնակարանում, եթե մարդը, ում կյանքն անկասկած սպառնալիքի տակ էր, ձեռքն է առել կացինը։ Պետք է խոստովանել, որ այդ օրերին բոլոր բաքվեցիներն էին կացինը պահում բարձի տակ, լավ իմանալով, որ ցանկացած պահի կարող են հարձակման ենթարկվել։ Չեմ կասկածում, որ հրապարակում «սեւ» լուր բերողի հայտնվելը ծրագրված էր միտինգի կազմակերպիչների կողմից։ Իսկույն կոչ նետվեց ամբոխին, եւ հազարավոր բանդիտներ նետվեցին ավերելու հայերի բնակարանները։ Ջարդերն սկսվեցին միաժամանակ ամենուրՙ եւ՛ կենտրոնում, եւ՛ ծայրամասերում։

Բաքվում սպանում էին ոչ միայն հայերին, ռուսներին, հրեաներին, այլ ազգությունների ներկայացուցիչներին, այլեւ այն ադրբեջանցիներին, որոնք փորձում էին օգնել հայերին։ Բարձրահարկ շենքերի պատուհաններից ու պատշգամպներից վառվող ջահերի պես ցած էին թափվում ոչ միայն իրեր եւ գրքեր, այլեւ կենդանի մարդիկ։ Իսկ այդ ժամանակ Կրեմլում բանավիճում էինՙ զորքեր մտցնել քաղաք, թե՞ ոչ։ Միայն հունվարի 19-ին Գորբաչովը ստորագրեց Հրամանագիւր «Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին», որը «Պրավդա»-ում տպագրվեց միայն 48 ժամ անց, կիրակի օրը, հունվարի 21-ին։

Հրամանի կատարումը հանձնարարվել էր օդա-դեսանտային զորքերին, ավելի ճիշտՙ Տուլայի օդա-դեսանտային դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ա.Ի.Լեբեդին, որը տարիներ անց իր «Տերության համար եմ ցավում» գրքում գրելու էր. «Թերթերը, հեռուստատեսությունը մի ինչ-որ սովորական, գորշ, առօրեական ձեւով պատմում էին այն մասին, որ Բաքվում նորից կոտորածներ են։ Նշվում էր զոհերի քանակը։ Համաշխարհային եւ միութենական հասարակայնությունը բողոքում էր մի տեսակ ծուլորեն ու «հերթապահ» դարձվածքներով։ Սպաներն ամեն օր զարմանում էին. «Ախր ո՞նց կլինի, Բաքվում կոտորած է, իսկ մենք դեռեւս Տուլայում ենք»։ Ես չգիտեմ, թե մի շաբաթ շարունակ ինչ ջանքեր էր գործադրել արյունալի ազգամիջյան բախումները դադարեցնելու համար, բայց հավանաբար սպառելով բոլոր փաստարկները, մտաբերեցին այն բանաձեւը, թե «Օդա-դեսանտային զորքեր գումարած Ռազմա-տրանսպորտային ավիացիաՙ հավասար է Խորհրդային իշխանությանՙ Անդրկովկասում», հունվարի 18-ին դիվիզիան օդ բարձրացավ տագնապի ազդանշանով»։

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ժողովրդական ճակատի զինյալները տեղատարափ կրակ բացեցին այն զինծառայողների վրա, որոնք մարտերով օդանավակայանից քաղաք էին հասել մի քանի ժամում։ Լեբեդը պատմում է, որ յուրաքանչյուր երկու-երկուսուկես կիլոմետրը մեկ ստիպված էին հաղթահարել հիմնավոր բարձրացրած բարիկադներ։ «Երկու անգամ հակազդող կողմը,-գրում է Ա.Ի.Լեբեդը,-կիրառեց այսպիսի հնարք. ավտոճանապարհով, որով պետք է անցներ գունդը, սլանում է տասնհինգ տոննա տարողությամբ ջրցանը, փականը բացվում է, եւ բենզինը հորդում է ասֆալտի վրա։ Վառելիքը դատարկված է, ցիստեռնն անջատվում է, իսկ հարակից խաղողի այգիներից ասֆալտի վրա են թռչում ջահեր։ Շարասյանը դիմավորում է կրակի համատարած ծով։ Այդ երեսուն կիլոմետրերի վրա ռյազանցիներն ունեցան հրազենային վնասվածքներով յոթ վիրավորներ եւ էլի երեք տասնյակ հոգի, որոնց վնասվածքներ էին հասցվել աղյուսներով, ամրանային ձողերով, խողովակներով եւ ցցերով... »։

Այդ հետո էին պնդելու թե խորհրդային զորքերը Բաքվում «գնդակահարեցին երազանքը անկախ Ադրբեջանի մասին» եւ արդեն «մոռանալու» էին, որ այդ գիշերվն նախօրեինՙ հունվարի 19-ի ցերեկը « Ժողովրդական ճակատի մի խումբը ոչնչացնում էր փողոց նետված հայերին, մյուսը դիակապտությամբ էր զբաղվում, երրորդը բռնաբարում էր կանանց, չորրուրդը հարձակումներ էր գործում սպաների ընտանիքների վրա»(ՏԱՍՍ)։ Ստեփանակերտում միութենական ռադիոյով մենք լսեցինք մամուլի տեսությունը. «շարունակվում է զինծառայողների կանանց եւ երեխաների էվակուացումը քաղաքից»(«Իզվեստիա»)։ Նույն տեղում բերված էր Ժողովրդական ճակատի վերջնագիրը. «եթե բանակը դուրս չկորչի Բաքվից, ապա հունվարի 21-ի առավոտյան կսկսենք կոտորել ռուսալեզու բնակչությանը»։ Իսկ մեկ օր անց մամուլի տեսությամբ հնչեցվեց «Կոմսոմոլկայում» տպագրված տեքստը. «Մոսկվայում Ադրբեջանական ԽՍՀ-ի Մշտական ներկայացուցչությունը լուրեր է տարածել հազարավոր զոհվածների մասին, այն մասին, որ իբր մեկուկես հազար դիակներ թաքցվել են «Ղազախստան» լաստանավում։ Դա լկտի սուտ է»։ Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում ջարդերի ողջ ընթացքում ոչ մի խոսք չեղավ այն մասին, որ գազանաբար սպանվել են հարյուրավոր հայեր եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Աստվա՜ծ իմ։ Եվ այս ամենը արդեն մոռացված է։ Հիրավի հիշողության հրեշավոր կորուստ։

Հունվարի 22-ի երեկոյան կենտրոնական հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ Մ.Ս.Գորբաչովը։ Ստեփանակերտում նրա ելույթի տեքստը լսում էինք ԲՄՊ-ների վրա տեղադրված բարձրախոսներից. «Ռազմատենչ ազգայնական-կարիերիստները(?-Զ.Բ.) շարունակում էին շիկացնել իրավիճակը, կազմավորել զինյալ ջոկատներ, սկսեցին շրջափակել ճանապարհները, օդանավակայանները։ Հաճախակի դարձան հարձակումները զինծառայողների, զինապահեստների, իրավապահ մարմինների վրա»։ Ստեփանակերտում արդեն գտնվում էին Բաքվի հազարավոր փախստականներ։ Նրանք ուշի-ուշով ականջ էին դնում տեքստին եւ սպասում, թե Գորբաչովը իրենց էլ կհիշի։ Բայց տեքստը հասցեագրված չէր. «ջարդեր, սպանություններ, իրենց բնակարաններից հանրապետության սահմաններից դուրս քշված ոչ մի մեղք չունեցող մարդիկ... ինչ-որ մեկի տունը դժբախտություն մտավ»։ Իսկ Բաքվում ծայրահեղականների բուն գործողությունները, պարզվում է, կրել էին բոլորովին էլ ոչ թե հակահայկական, այլ «հակապետական, հակասահմանադրական, հակաժողովրդական բնույթ»։

Պատահականության բերումով Մ.Ս.Գորբաչովի ելույթի տեքստը եւ արտակարգ իրավիճակի հայկական հանրապետական խորհրդի հերթական նիստի մասին ծավալուն տեղեկատվությունը հայտնվեցին «Կոմունիստ» թերթի նույն էջում։ Իրավիճակը Հայաստանում իրոք արտակարգ էր։ Մեկ տարուց քիչ ավելի էր անցել աղետալի երկրաշարժից, որը խլեց 27 հազար կյանք եւ անօթեւան թողեց մոտ մեկ միլիոն մարդու։ Ութ ամիս հանրապետությունը գտնվում էր շրջափակման մեջ։ Եվ ի լրումն բոլոր դժբախտությունների միայն մի քանի օրվա ընթացքում, հունվարյան սառնամանիքներին, ինչպես հաղորդվում էր Հայաստանի արտակարգ իրավիճակի Խորհրդի նիստի ռեպորտաժում, Բաքվից Երեւան հասան մոտ ութ հազար ծեծված, խեղված փախստականներ։ Պետք էր նրանց տեղավորել, չմոռանալով, որ եւս մոտ հարյուր հազար բաքվեցի հայեր ողբերգական քարավաններովՀայաստանի կողմն են շարժվում տարանցիկ Մոսկվայի, Կրասնովոդսկի եւ երկրի այլ բնակավայրերի միջով։ Այն ժամանակ դեռ գործածության մեջ չէր «հումանիտար աղետ» տերմինը։

Ես հանդիպել եմ բազմաթիվ փախստականների հետ ինչպես Արցախում, այնպես էլ Երեւանում։ Անվերջանալի զրույցներից գծագրվում էր կատարված ողբերգության իրական պատկերը։ Շատ բան այլ կերպ կդասավորվեր, եթե զորքերը Բաքու մտնեին հունվարի 13-ին, կամ դրանից մեկ շաբաթ առաջ, երբ սկսվել էին ջարդերը։ Բայց այդ մասին համառորեն լռում էին։ Եվ այդուհանդերձ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զորքերի մուտքը Բաքու կանգնեցրեց մինչեւ ատամները զինված բանդիտների մի ողջ հորդայի, ճիշտ է, ավելի քան երեսուն զինվորներ եւ սպաներ իրենց կյանքով վճարեցին դրա համար։

Տարիներ անց, հյուընկալվելով Արցախում, Ալեքսանդր Լեբեդը ասելու էր. «Ամեն տարի հունվարի 20-ին, երբ Հայաստանում ի հիշատակ Բաքվում զոհված հայրենակիցների հնչում են մահազանգերը, մենք պետք է հիշենք, որ նրանք հնչում են նաեւ Խորհրդային բանակի եւ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զոհված մարտիկների համար»։

Այն ողբերգական օրերին մենք պատկերացնել անգամ չէինք կարող, որ ամենամեծ լկտիությունը դեռ առջեւում է։ Այդ ժամանակից ի վեր ամեն տարվա հունվարյան օրերին, առանձնապես ամսի 20-ին, բառացիորեն ծանակելով իսկական անմեղ զոհերի հիշատակը, Բաքվում կազմակերպում են քաղաքական շոուՙ իբր «ադրբեջանական ժողովրդավարության» գնդակահարման մասին։ Մասնակիցների մեջ կարելի է տեսնել ջարդերի կազմակերպիչներից ու կատարողներից շատերին։ Եվ ապաշխարանքի ոչ մի խոսք։ Ասես չեն սպանվել, վիրավորվել, խեղվել եւ բռնությամբ տարհանվել ավելի քան երկու հարյուր հազար հայեր, իսկ ավելի քան երեսուն հազար հոգիՙ Խորհրդային բանակի եւ Ռազմածովային նավատորմի զինծառայողների ընտանիքների անդամներՙ էվակուացվել Ադրբեջանական ԽՄՀ-ից։ Լկտիաբար մոռացված է հանրապետությունից ստիպված հեռացած այդ ընտանիքներին օգնելու նպատակով հիմնադրամի ստեղծումը, որի համար ԽՍՀՄ Պետբանկը բացեց ընթացիկ 140274 հաշվեհամարը։

Մոռացված է աննկարագրելի մարդկային ողբերգությունը։ Մոռացված են նույնիսկ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի երեք երկար նստաշրջանները, որտեղ քննարկվում էին Բաքվի հունվարյան իրադարձությունները։ Կանխամտացված էր դրանց անցկացումը խստիվ փակ դռների հետեւում։ Ոչ մի տող հրապարակում, ոչ մի մեջբերում չեղավ պատգամավորների բազմաթիվ զեկուցումներից ու ելույթներից, որոնք հնչեցին նստաշրջանների ամբիոնից։ Եվ այսօր, կարծում եմ, սուր անհրաժեշտություն կա թեկուզ համառոտ պատմել մի քանի ելույթների մասին, որոնք այն ժամանակՙ 1990 թվականի մարտի 5-ին մեզ այնուամենայնիվ հաջողվեց ծածուկ գրի առնել մագնիսային ժապավենի վրա(շուտով մենք կարողացանք գրի առնված այդ բոլոր տեքստերը հրապարակել «Ավանգարդ» թերթում, ինչի համար գլխավոր խմբագիր Լեւոն Մանուկյանը ստացավ կուսակցական նկատողություն)։ Բայց չէ՞ որ այդ ամենը ավելի քան հրատապ է այսօր, երբ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խումբը հայտնում է իր մտադրությունը շուտափույթ լուծելու Արցախի հարցը, նույնիսկ չհիշատակելով Բաքվում եւ Սումգայիթում հայերի ցեղասպանության գործոնը։

... ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ Ե.Մ.Պրիմակովը իր ելույթի սկզբում ներկայացրեց վերլուծություն այն իրադարձությունների, որոնց խորապատկերին տեղի էր ունեցել կոտորածը։ Մեջբերումը կներկայացնեմ բառ առ բառ. «Մենք ականատես ենք եղել,-խոստովանեց Պրիմակովը,-թե ինչպես ստեղծված իրադրության մեջ, երբ սկսված հակահայկական վայրի ջարդերը հանգեցրին մարդկային բազմաթիվ զոհերի, հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զրկվեցին տանիքից, տարհանվեցին հանրապետությունից»։ Զեկուցողն ազնվորեն նկատեց, որ հայկական ջարդերին «նախորդել էր Իրանի հետ պետական սահմանի աննախադեպ ավերումը, բայց միաժամանակ տարօրինակ է, որ այստեղ, այս դահլիճում այսօր ոչինչ չի խոսվում այդ մասին»։

Նստաշրջանուկմ այդ թեման զարգացրեց ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, գնդապետ Ն.Ս.Պետրուշենկոն.«Արդեն մոռացվում են սումգայիթյան հանցագործները։ Վերեւից հրաման է տրվել դատալսումները ցրել ամբողջ երկրով մեկ, եւ հիմա դրանք անցկացվում են տարբեր քաղաքների 12 դատարաններում։ Քանի դեռ մենք չենք հանձնարարել Գերագույն Խորհրդին նորից անդրադառնալ սումգայիթյան գործին, անպատժելիությունն ու անօրինությունը ծնելու են այնպիսի իրավիճակներ, որոնցում մենք այսօր հատնվել ենք։ Որպես այդ իրադարձությունների ականատես ես կասեմ, որ ամբողջ Բաքուն հիանալի գիտեր, որ քաղաքում պարետային ժամ է հայտարարվելուի եւ զորքեր են մտցվելու։ Իսկ հիմա այս դահլիճում հանրապետության ղեկավարներն անմեղ են ձեւանում, իբրՙ չգիտեինք, տեղյակ չէինք, թե զորքերը մտնելու են Բաքու։ Ընդ որում, ջարդերի թեժ պահին նրանք անվերջ խնդրանքով դիմում էին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդ, որպեսզի արտակարգ դրություն հայտարարվի տեղերում, շրջաններում, միայն ոչ Բաքվում ։ Արդյոք այդպես չէի՞ն վարվում միայն այն պատճառով, որ լավ գիտեինՙ Ժողովրդական ճակատը փաստորեն Բաքվում մտցրել էր եւ՛ «իր» պարետային ժաամը, եւ՛ «իր» արտակարգ դրությունը»։

ԽՍՀՄ ներքին գործերի մինիստր Վ.Վ.Բակատինը զայրույթ արտահայտեց այն առիթով, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարները կալանքից ազատել են Բաքվի հայկական ջարդերի գործնականում բոլոր կազմակերպիչներին, որոնք ձերբակալվել էին, եւ արդեն քննություն էր ընթանում։ «Մասնավորապես, ազատ է արձակվել ոչ անհայտ Պանախովը,-ասաց Վադիմ Վիկտորովիչը,-որին մենք հիմա փնտրում ենք, եւ որը կազմակերպել էր կոտորածը»։

Ներքին գործերի մարմինները բարդ պայմաններում, երբ տեղական իշխանությունները փաստորեն միայն խանգարում էին նրանց, արդեն հունվարի 20-ից հետո բացահայտել էին ավելի քան երեք հարյուր հանցագործություններ։«Վերջերս,-նշեց Բակատինը,-բացահայտվել է եւս մեկ բարբարոսական հանցագործություն հայ ժողովրդի դեմ։ Գյանջայի շրջակայքում հայտնաբերվել են տասներկու հայ հաշմանդամների դիակներ։ Այդ սպանությունն արդեն բացահայտված է եւ հանցավորները ձերբակալված են»։

Մենք, Արցախի հինգ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներով ընդմիջման ժամանակ պատգամավորական հարցումով դիմեցինք ՊԱԿ-ի նախագահ Վ.Ա.Կրյուչկովին, խնդրելով մեզ տվյալներ տրամադրել սպանված հաշմանդամների վերաբերյալ։ Մեկ օր անց ստացանք պատասխանը։ Խոսքը ծերանոցի կանաց եւ տղամարդկանց մասին էր։ Նրանք բոլորը տանջամահ էին արվել, մարմիններն այլանդակված էին։ Որորշ մանրամասների մասին պարզապես անհնար է գրել։

Հաշվի առնելով, որ ադրբեջանական պատգամավորները համառորեն փորձում էին Բաքվի դեպքերը վերագրել խուլիգանական տարրերի պատահական եւ տարերային գործողություններին, Վադիմ Բակատինն ասաց.«Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարությունը, եւ մասնավորապես համապատասխան մարմինները, չէին կարող չիմանալ, որ հատուկ կազմակերպված միտինգում նախորոշված սադրանք է կազմակերպվածՙ իբր հայերը սպանում են ադրբեջանցիներին։ Եվ նույն պահին հինգ հազար միտինգավորներ ցրվեցին քաղաքով մեկ,ձեռքներին ունենալով հայկական բնակարանների հասցեները։ Այդ իրադրության մեջ դժվար էր ինչ-որ բան ձեռնարկել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ներքին զորքերի գործողությունները արգելակվում էին այն պատճառով, որ բանդիտները որպես կենդանի վահան օգտագործում էին կանանց եւ երեխաներին»։ Մինիստրը հարց ուղղեց.«Ի՞չ դասեր քաղեցին ադրբեջանական իշխանությունները այդ ողբերգությունից»։ Եվ ինքն էլ պատասխանեց. «Ոչ մի... »։

- Իշխանությունները լռում էին,-հռետորին ընդհատեց ինքըՙ նախագահող Գորբաչովը,-բայց միաժամանակ իրենց մոտ, Կենտկոմում խոստովանել են, որ եթե Ադրբեջանը չմաքրեն Ժողովրդական ճակատի ծայրահեղականներից, ապա ոչինչ չի ստացվի։ Բոլորըՙ վերեւիռ մինչեւ ներքեւ ահաբեկության էին ենթարկված։ Նախիջեւանի ինքնավար հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահից, որն ի դեպ, կին է, ատրճանակի սպառնալիքի տակ պահանջեցին փաստաթուղթ ստորագրել ԽՍՀՄ կազմից Նախիջեւանի դուրս գալու մասին։

- Նրանք չէին լռում, Միխայիլ Սերգեեւիչ,-շարունակեր ներքին գործերի մինիստրը,-օրինակ, նույնիսկ շատ էլ բարձր բողոքում էին, երբ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահությունը արտակարգ դրություն մտցրեց Բաքվում։ Այնպես որ, դա լռություն չէր։ Դա դիրքորոշում էր, որն ամբողջությամբ եւ լիովին համընկնում է Ժողովրդական ճակատի ծայրահեղականների դիրքորոշման հետ։

Իսկ չէ՞ որ այս ամենի մասին պետք է իմանա ղարաբաղյան կարգավորման Մինսկի խումբը։

... ԽՍՀՄ պաշտպանության մինիստր Դ.Տ.Յազովն իր ելույթում շատ ավելի կոնկրետ էր. «Բաքվի իրադարձությունների նախօրեին բանդիտները թալանեցին սահմանամերձ ուղեկալների ամբողջ զինապահեստներ... Մեկ այլ տեղում նրանք առեւանգեցին 133 ինքնաձիգ, 500 նռնակ, զինամթերքի ահռելի քանակ... Աղդամում ադրբեջանցիները հարձակվեցին ռադիոլոկացիոն դասակի վրա։Զինվորներին կապեցին, գողացան 40 ինքնաձիգ եւ շարքից հանեցին ռադիոլոկացիոն կայանը... »։

Պաշտպանության մինիստրը արձագանքեց իրենից առաջ ելույթ ունեցած ադրբեցանցի պատգամավորի խոսքին.«Կցանկանայի պատասխանել ակադեմիկոս Աբասովին, որն այս ամբիոնից հայտարարեց, թե իբր զորքերը քաղաք են մտել գիշերով մթության քողի տակ, մտել են անսպասելի։ Դա ի՞նչ անսպասելիություն էր, եթե մի ողջ շաբաթ իրենք էին իսկական ամրոցներ կառուցում։ Կառուցում էին ոչ թե ինչ որ մնացորդների եւ մետաղալոմից, այլ ԿՐԱԶ-ներով ու ԿԱՄԱԶ-ներով, որոնց արանքում պարտադիր կարգով կանգնած էին բենզատարներ, որոնց կողքերից կախված էին դյուրավառ հեղուկով շշեր։ Մի՞թե դա կարելի է անվանել անսպասելիություն։ Համարյա թե բոլոր մարդատար եւ բեռնատար մեքենաները, տաքսիները եւ ավտոբուսները գտնվում էին բանդիտական կազմավորումների տրամադրության տակ, որոնք զինված էին ոչ միայն զենքով, այլեւ կապի միջոցներով։ Ի՞նչ մթության քողի մասին, ի՞նչ անզսպասելիության մասին կարող է խոսք գնալ, եթե ծայրահեղականները գիտեին զինվորականների յուրաքանչյուր քայլի մասին»։

... Յազովի հնչեցրած յուրաքանչյուր պարբերություն ուղեկցվում էր բղավոցներով։ Դրանք մեծամասամբ կանայք էինՙ ադրբեջանական պատգամավորությունից։ Գորբաչովի դիտողություններին նրանք ուշադրություն չէին դարձնում։ Հանկարծ Ադրբեջանի բոլոր պատգամավորները, ակնհայտորեն հրամանով, միանգամից վեր ցատկեցին տեղերից եւ աղմուկ-աղաղակով լքեցին դահլիճը։Դմիտրի Տիմոֆեեւիչը շարունակեց խոսել. «Ափսոս, որ նրանք գնում են, այնինչ կուզենայի հենց նրանց հիշեցնել ամենաիսկական սրբապղծության մասին, երբ 49 դիակների համար հատուկ փորեցին 150 գերեզման։ Եվ այդ ամենն արվում էր իրենց վրանից պատասխանատվությունը հանելու համար։ Քարոզչական նպատակներով հորինված խոսակցություկնները իսկույն հայտնվում էին եթերում եւ մամուլի էջերին։ Նրանց խոսքերը բարձրաձայն կրկնում էր ընկեր Կաֆարովան(Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության նախագահը.-Խմբ.), մեզ մեղադրելով արտակարգ դրություն մտցնելու համար։ Հարգելի շեյխը զայրույթ արտահայտեց, թե իբր մի ծեր կնոջ վրա զինվորներն արձակել են 73 գնդակ։ Ես ասում եմ հարգելի շեյխին, որ նման բան չէր կարող լինել, եկեք պաշտոնական արտաշիրմում կատարենք, ինչպես ընդունված է օրենքով։ Իսկ հարգելի շեյխն ինձ պատասխանում է, թե իրենք ունեն իրենցՙ մահմեդական օրենքը, որով արտաշիրմումն արգելված է»։

Հիշեցնեմ, որ այդ ամենը տեղի էր ունենում Կրեմլում, 1990 թվականի մարտի 5-ին։ Բաքվում հայերի ցեղասպանությունից երկու ամիս անց։ Թվում էր այն բանից հետո, երբ պետական բարձր մակարդակով, մեծ տերության բարձրագույն առաջնորդների մակարդակով հնչեցվեցին պաշտոնական իրավաբանական փաստաթղթեր եւ փաստեր հայերի ցեղասպանության մասին, պետք է հաջորդեր համալիր հրամանագիր, որը ներառելու էր իրավիճակը լիովին կարգավորող, իրավական տեսանկյունից կազմակերպված հանցագործությանը պետական վերաբերմունքի նույնանշանակ գործողություններ ու որոշումներ։ Ոչ մի նման բան տեղի չունեցավ։ Ոչ ոք չպատժվեց։

Եվ այդ ժամանակից ի վեր պաշտոնական Բաքուն ոչ մի անգամ չհիշատակեց բաքվեցի հայերի մասին, որոնք զոհ գնացին պաշտոնական կառույցների կողմից կազմակերպված բարբարոսական ջարդերին ու սպանություններին։ Ասես այդ մարդիկ գոյություն էլ չեն ունեցել աշխարհում. կրելով ահավոր տառապանքներ, նրանք իրենց գլուխը դրեցին մոռացոեււթյան խոտին եւ վերջ։ Ոչ մի դատ։ Ոչ մի ապաշխարանք։ Զոհերը նույնիսկ գերեզման չունեն։ Ավելին, այսօ Բաքվում նորից զենք է շաչում։ Ասես հայ ժողովրդի համբերությունն անսպառ է, անվերջանալի։ Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։

Բաքվի արյունալի օրերին մեծ գիտնական, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Դմիտրի Լիխաչովը, նկատի ունենալով եւ՛ «սումգայիթը», եւ՛ «բաքուն», ասաց.«Հիշողությունը մեզ պետք է ոչ թե վրեժի համար, այլ որպեսզի գործուն հիշեցում ունենանք մարկության եւ մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների դիմաց պատժի անխուսափելիության մասին։ Դմիտրի Սերգեեւիչը «սումգայիթը» եւ «բաքուն» համարում էր ցեղասպանություն։ Սակայն Մ.Ս.Գորբաչովը գտնում էր, որ Բաքվի եւ Սումգայիթի հանցագործությունները չի կարելի որակել որպես ցեղասպանություն։ Իբր, «ձեւաչափերն» այն չեն։ Եվ կրթությամբ իրավաբան այդ անձնավորությունը ղեկավարում էր մի երկիր, որը վավերացրել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած Համաձայնագիրը ցեղասպանության եւ դրա համար պատժվելու մասին։ Այնտեղ սեւով սպիտակի վրա ձեւակերպված է.«Ցեղասպանության տակ հասկանում ենք հետեւյալ գործողությունները, որոնք կատարվել են որեւէ ազգային, ռասայական կամ կրոնական խմբի որպես այդպիսին լիովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ... քանակական բնութագիրը որոշիչ նշանակություն չունի ցեղասպանության որակման համար։ Ցեղասպանություն է համարվում նույնիսկ ազգային խմբի մի քանի ներկայացուցիչների սպանությունը, եթե այդ սպանությունը կատարվել է տվյալ ազգային խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով»։

Ամեն տքարի հունվարին եւ փետրվարին սրտի ցավով հիշելով եւ հրապարակավ նշելով Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների փաստը, մենք մեր պարտքն ենք կատարում մեր հայրենակիցների հիշատակի առջեւ, որոնք հրեշավոր բարբարոսության զոհը դարձան։ Մինչդեռ, ինչպես ասում էր լեգենդար Մայր Թերեզան, պարտքը առաջին հերթին գործողությունների մղելն է։ Ահա արդեն քսանվեց տարիՙ «սումգայիթից» եւ քսանչորս տարիՙ «բաքվից» անց մեզ գործելու է մղում կարեւորագույն եւ պարտավորեցնող մի փաստաթուղթՙ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Համաձայնագիրըՙ ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատիժ կրելու մասին։ Իսկ դա նշանակում է, որ Սումգայիթում եւ Բաքվում հայերի ցեղասպանությունը կազմակերպողների եւկատարողների պատվելուց, մարդկության հանդեպ կատարված այդ հանցագործությունների համար Ադրբեջանի կողմից իր պատասխանատվությունն ընդունելուց հետո միայն կարելի է խոսել ղարաբաղյան համալիր եւ լիարժեք կարգավորման մասին։

Ագուլիսի ողբերգական ճակատագիրըՙ Ադրբեջանի պետական կառույցների որոշմամբ ավերված իր տասը եկեղեցիներով, Ջուղայի ճակատագիրըՙ Ի.Ալիեւի ղեկավարությամբ պաշտոնական Բաքվի որոշմամբ ոչնչացված իր Տաս հազար խաչքարերով եւ ընդհանրապես ողջ Նախիջեւանի երկրամասով,որտեղից արդեն երկու տասնամյակ ջնջում են հազարամյակներով բնակված հայերի կենսագործունեության հետքերը, Գանձակի (Ելիզավետպոլ, Կիրովաբադ), Շահումյանի շրջանի, Գետաշենի, Չարդախլուի եւ ընդհանրապես ողջ Գարդմանքի ողբերգական ճակատագիրը ցեղասպանության աղաղակող վկայություններ են։ Եվ դրանք բոլորը զավթված են Ադրբեջանի կողմից։ Ի՞նչ «ղարաբաղյան կարգավորման» մասին կարող է խոսք լինել նախքան Ադրբեջան անունը կրող հանցավոր կազմավորման դեմ դատ բացելը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 28-02-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.