AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3899, Տպվել է` 107, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ. ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները իրենց բացասական հետեւանքներ են ունենալու թե երկրի տնտեսության ու բնակչության, թե գործընկեր երկրների հետ տնտեսական հարաբերությունների վրա: Այս առումով, մեզ համար առաջին հերթին հետաքրքրական են, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենան հերթական հեղափոխության հետեւանքները այդ երկրում ապրող հայերի, մասնավորապես հայ գործարարների եւ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:

Ուկրաինայից ներմուծումը բազմակի անգամ գերազանցում է Հայաստանից արտահանմանը

Ուկրաինայում ապրում են մոտ 150 հազար հայեր, հիմնականում մայրաքաղաք Կիեւում, Օդեսայում, Խարկովում, Դոնցեկում, Լվովում, Զապորոժյեում եւ Ղրիմում: Ոչ պաշտոնական տվյալներով հայերի թիվ այս երկրում առնվազն կրկնակի ավելին է: Բացի դարեր առաջ Ուկրաինայում հաստատված հայերի սերունդներից, մեր հայրենակիցների թիվն այստեղ ավելացավ 90-ականներից հետո` Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից եւ տնտեսական փլուզումից հետո:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ուկրաինա հարաբերություններին, ապա դրանք եղել են ավանդաբար բարեկամական: Այդ հարաբերությունները որոշ չափով սառեցին նարնջագույն հեղափոխությունից հետո, երբ երկրի նախագահ դարձավ Վիկտոր Յուշչենկոն, իսկ վարչապետ` Յուլիա Տիմոշենկոն: Այդ ժամանակ ուկրաինական իշխանությունները սերտ քաղաքական եւ առեւտրատնտեսական կապեր ունեին Ադրբեջանի հետ եւ չթաքցրած ադրբեջանամետ քաղաքականություն էին վարում: Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության հակամարտության կարգավորման մասին Ուկրաինայի արտգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ էր հանդես գալիս, կարեւորելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Նշենք, որ նման հայտարարությամբ, բացի Ուկրաինայից, պարբերաբար հանդես էր գալիս եւ նաեւ հիմա հանդես է գալիս միայն Թուրքիան:

Հայաստանի քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ վերստին բարեկամական դարձան, երբ այդ երկրի նախագահ ընտրվեց Վիկտոր Յանուկովիչը: Անկախ նրանից, թե կառավարման ինչպիսի համակարգ էր նա ստեղծել Ուկրաինայում, Հայաստանի հետ հարաբերությունները ջերմացան եւ ղարաբաղյան հարցում Ուկրաինան որդեգրեց չեզոք եւ կառուցողական քաղաքականություն: Տեղեկացնենք նաեւ, որ Յանուկովիչը 1988-ին ղեկավարել է Հայաստանում երկրաշարժի հետեւանքները վերացնող շինարարական կազմակերպությունը: Բարձր գնահատելով նրա գործունեությունը մեր ժողովրդին պատուհասած աղետի ժամանակ, Հայաստանի կառավարությունը Յանուկովիչին պարգեւատրել էր «Անանիա Շիրակացի» շքանշանով, որը նրան հանձնել է նախորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իսկ Սպիտակ քաղաքում բացվել է նրա անունով հրապարակ, որի բացմանը Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցում էր նաեւ Վիկտոր Յանուկովիչը:

Տնտեսական հարաբերությունների մասին խոսելով, հարկ է նշել այն հանգամանքը, որ երկար ժամանակ Ուկրաինայի Իլյիչովսկ նավահանգստով էին Փոթի-Իլյիչովսկ երթուղով գործող լաստանավով հայկական ապրանքները արտահանվում Ռուսաստան ու ռուսական եւ ուկրաինական ապրանքները ներմուծվում Հայաստան:

Հայաստան-Ուկրաինա առետրաշրջանառությունը հիմնականում միակողմանի է եղել եւ մնում: Բացահայտ գերակշռությունը Ուկրաինայից Հայաստան ներմուծման օգտին է: 2012-ին երկու երկրների առեւտրաշրջանառութունը կազմել էր մոտ 230 մլն դոլար, 2013-ին` 241 մլն դոլար, կազմելով մեր ընդհանուր առեւտրաշրջանառության 4,1 տոկոսը: Ներմուծումը Ուկրաինայից Հայաստան 2012-ին կազմել է ավելի քան 215,5 մլն դոլար, արտահանումը Հայաստանից Ուկրաինա` 14,5 մլն դոլար: 2013-ին այդ ցուցանիշները հետեւյալն էին` ներմուծումը Հայաստան` 226 մլն դոլար, արտահանումը Ուկրաինա` 15 մլն դոլար: Բացասական տարբերությունը 2012-ին կազմել է 201 մլն դոլար, 2013-ին` 211 մլն դոլար:

Ուկրաինայից ներմուծում ենք մետալուրգիական, քիմիական, գյուղատնտեսական, սննդարդյունաբերության զանազան ապրանքներ եւ սարքավորումներ, հացահատիկային կուլտուրաներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, ավտոմոբիլներ, ավտոբուսներ, ավտոդողեր:

Հայաստանից Ուկրաինա արտահանում ենք Էլեկտրատեխնիկական արտադրության տարատեսակ ապրանքներ, կոնյակ եւ կոնյակի սպիրտ, հյութեր, տոմատի մածուկ, հանքային ջրեր, ծխախոտ եւ գյուղատնտեսական նշանակության այլ ապրանքատեսակներ:

Տագնապալի անորոշություն նաեւ Ուկրաինայի հայ գործարարների համար

Ինչպե՞ս կփոխվեն հայ-ուկրաինական հարաբերությունները այդ երկրում տեղի ունեցած հերթական հեղափոխությունից եւ իշխանության զավթումից հետո: Նկատի ունենալով այդ երկրում շարունակվող ցնցումները, դժվար է այս պահին քիչ թե շատ կոնկրետ կանխատեսումներ անել հեռանկարների մասին: Քաղաքական առումով, եթե իշխանության ղեկին մնան հեղափոխության միջոցով դրան հասած քաղաքական ուժերը, ապա հավանական է, որ շարունակեն նարնջագույն հեղափոխության առաջնորդներ Յուշչենկոյի եւ Տիմոշենկոյի վարած ադրբեջանամետ քաղաքականությունը, որի առաջին ազդանշանները արդեն հնչել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ուկրաինական հեղափոխական ուժերի ներկայացուցչի տված հարցազրույցում:

Այդուհանդերձ, քաղաքական հեռանկարի անորոշությունը նաեւ տնտեսական հեռանկարների անորոշություն է ստեղծել: Հայաստանի գործարար շրջանակները նույնպես սպասողական վիճակի մեջ են եւ մեր հարցմանն ի պատասախան, չկարողացան որեւէ մեկնաբանություն տալ հնարավոր զարգացումների վերաբերյալ, ասելով միայն, որ Ուկրաինայի իրենց գործընկերներն անգամ չեն կարող որոշակի բան ասել եւ նույնպես սպասողական վիճակում են: Նկատի ունենալով, որ Հայաստանը հիմնականում ներմուծում է Ուկրաինայից, այս իրավիճակում ուկրաինական արտահանողների կորուստներն ավելի մեծ կլինեն: Հայկական կողմից, օրինակ` կոնյակի արտահանումը կարող է վնասներ կրել, քանի որ հայկական կոնյակի հիմնական շուկաներից է Ուկրաինան:

Միեւնույն ժամանակ, իշխանափոխությանը նախորդած շրջանում կապիտալի արտահոսքն Ուկրաինայից հսկայական ծավալների է հասնում: Այդ մասին իրադարձությունների սրման փուլում, մոտ մեկ ամիս առաջ, հայտարարեց այդ երկրի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Անատոլի Կինախը: Նա նշեց, որ տեղի է ունենում կապիտալի աննախադեպ արտահոսք երկրից, դա վերագրելով քաղաքական իրավիճակի սրված լինելուն, ավելացնելով, որ այդ գործընթացը Ուկրաինայի տնտեսական անվտանգության համար շատ լուրջ վտանգ է հանդիսանում: Թերեւս ավելորդ է ասվածին ինչ¬որ բան ավելացնել, բացի նրանից, որ անցած մեկ ամսվա ընթացքում, բնականաբար, այդ արտահոսքի ծավալները շատ ավելի մեծացել են, չխոսելով արդեն հեղափոխության հետեւանքով երկրի կրած տասնյակ միլիարդավոր դոլարներով հաշվվող կորուստների մասին:

Մեր տեղեկություններով, Ուկրաինայում գործող խոշոր հայ գործարարները նույնպես հայտնվել են աննախանձելի վիճակում, քանի որ նրանց զգալի մասը սերտ կապեր ուներ իշխանությունից հեռացված նախագահի հետ: Նրանք նույնպես դուրս են հանել իրենց կապիտալը Ուկրաինայից եւ սպասողական վիճակում են, քանի որ կան նյութական ակտիվներ` անշարժ գույք, սարքավորումներ եւ այլն, որոնք երկրից հանել հնարավոր չէ, եւ հայտնի չէ, թե ինչ քայլեր են անելու նոր իշխանությունները:

Մի խոսքով, տագնապալից անորոշությունը Ուկրաինայում պահպանվում է` իր մեջ ընդգրկելով նաեւ այդ երկրում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հայաստան-Ուկրաինա քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ապագան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.