AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 5358, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ԱՐՏԱՔԻՆ ԴԱՍԵՐ, ՆԵՐՔԻՆ ԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հիմա առավել ակնառու, քան մի քանի ամիս առաջ էր, պարզ դարձավ, որ օրվա ընդդիմությունն ու իշխանությունը միայն ու միայն մեկ օրակարգ ունեն` երկուսն էլ ուզում են հենց իրենք գլխավորել Հայաստանի մուտքը Մաքսային միություն, չնայած Ուկրաինայում տեղի ունեցողը ՄՄ-ի կազմավորման հետ կապված գործընթացների հարթ ընթացքը կարծես կասկածի տակ է դնում: Ու էլի չնայած, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հանդիպմանն ասել է, թե արդեն իսկ կարելի է անցնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի պատրաստմանը: Ու մինչ միջազգային կառույցներն, ի դեմս Եվրոպայի եւ ԱՄՆ-ի, գործի են դնում Ռուսաստանի վրա ազդելու բոլոր գործիքների համակազմը` անցանկալի անձանց հաշիվների սառեցումից, վիզաների չտրամադրումից մինչեւ Ուկրաինային պարզեցված կարգով ՆԱՏՕ ընդունման խոստում կամ Ասոցիատիվ պայմանագրի կնքում, իսկ Ռուսաստանին` Մեծ ութնյակից վտարելու եւ այլ սպառնալիքների տեսքով (Ղրիմում պատերազմական գործողությունների սկսման դեպքում), ու նույն կերպ վարվում է Ռուսաստանը` իր հին մեթոդները գործի դնելով, Հայաստանում մի այնպիսի դադար ու սպասում է, որպիսին մինչեւ հիմա չի եղել: Անգամ այն պարագայում է լռություն, երբ տարբեր առիթներով ու տարբեր հարթակներում արտահայտվում են իրենց այլընտրանք հայտարարած, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժերի լիդերները: Լռությունը եւ սպասումը թանձր նստած են նրանց ասելիքի մեջ, նրանց խոսքում շփոթեցնելու աստիճանի այլաբանություն կա հաճախ:

Եւ անկախ նրանից, որ արդեն արտահայտված բոլոր լիդերների ելույթներում Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության հստակ, նպատակային եւ ծրագրային քայլեր չեն նախանշվել, բացի նրանից, որ իշխանությունը կոռումպացված է կամ չի կարողանում տնտեսություն զարգացնել, ու հենց իրենք կարող են դա անել` իշխանության գալով, այնուամենայնիվ` նրանց ելույթները պարունակում են արդեն մոտակա օրերին քաղաքական գարունը թեժացնելու նախանշաններ: Դե իսկ հասարակ քաղաքացին թե ինչո՞ւ պիտի այս էլ որերորդ անգամ հավատա, որ մարդկանց պարզ փոխարինումն այլ մարդկանցով պետք է փոխի իր, խոստովանենք, դժոխային ներկա կյանքը, թողնենք ընդդիմադիր ֆունկցիոներների խղճին: Մանավանդ` մեր հասարակությունը քանիցս է տեսել, թե ինչպես է արդարությունից, բարեփոխումներից, իրավական պետությունից խոսող քաղաքական գործիչն իշխանության մեջ հայտնվելուց հետո մոռանում իր իսկ խոսքերը եւ սկսում ջրել միայն սեփական բոստանը:

Այնուամենայնիվ` ի՞նչ մեսիջներ փորձեցին հասցնել հանրությանը վերը նշված լիդերներն այս տարի, մինչեւ այս պահը հանրությանը. հստակ ոչինչ, բայց տողատակերում, այնուահանդերձ, որոշ բան կա:

Գագիկ Ծառուկյանը . ԲՀԿ 7-րդ համագումարի իր «անկեղծ» ելույթում նա խոսում էր քաղաքական լայն կոնսոլիդացիայի մասին` երկրում առկա մթնոլորտը փոխելու համար, բայց կոնկրետ քայլերի անվան տակ ներկայացրեց միայն հանրության ականջի համար հաճո կարգախոսներ, իսկ իր ասած ճանապարհային քարտեզն ու միասնական օրակարգը դեռ չեն երեւում:

Արդյո՞ք խորհրդարանական չորս կուսակցությունների` այսպես կոչված «Չորսի օրակարգը» վերաբերում է միայն կառավարության հրաժարականին եւ սեփական վարչապետ ունենալուն, որից հետո իրենց հարցերը լուծված են համարելու` չորս ուժերից նախարարներ նշանակելով եւ այդպես միայն երկիրը «փոսից հանելով»: Մանավանդ` չկա երաշխիքների վերաբերյալ պատասխան ոչ միայն ներդրումները պաշտպանելու, այլ բոլոր առաջ քաշված հարցերի առումով, ու նախ եւ առաջ` անկեղծության: Բացի` որեւէ սցենարի պատրաստ լինելու առկայության պարագայից իհարկե: Վերջինը հենց ինտրիգի պարունակիչ է` այո, որեւէ սցենարի, քանի որ առայժմ հրապարակային որեւէ սցենար չկա, բայց ոչ հրապարակային` անշուշտ, կլինի, հարցն այն է, թե ո՞րը, եւ ո՞վ է այդ սցենարի ռեժիսորը:

Լեւոն Տեր -Պետրոսյանը. Մարտի մեկի հանրահավաքում նրա մի շարք հայտարարություններ երկմտանք են առաջացրել հանրության մոտ: Դե` ոչ իհարկե Ռուսաստանին ուղղված ռեւերանսները, որ նորություն չեն, եւ աշխարհագրական այս տարածքում սեղմված երկրի նախկին նախագահի առումով` էլի ոչ այնքան զարմանալի: Ու ոչ էլ զարմանք է հարուցում այս էլ որերորդ անգամ Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին ուղղված գուրգուրանքը` անֆինանս քաղաքական ուժ ներկայացնողի պարագայում անգամ դա հասկանալի է: Զարմացնում է այդ բոլորից հետո ԵԽԽՎ բանաձեւերի չկատարման մասին խոսակցությունը` մարտի մեկի դեպքերի ընթացքում տասն անձանց սպանության ոճրագործներին չհայտնաբերելու առումով: Առհասարակ` այդ հարցը խորհրդարան բերելն ու նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի տեսքով քննարկելը թվում է երեսպաշտություն, քանի որ ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ կառավարող լիդերներին վաղուց ամեն ինչ պարզ է այս առումով: Օրինակ` Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ջհանգիրյանը եթե համարձակություն ունենային եւ անցնեին քաղաքական շահախնդրության գետը` կբարձրաձայնեին, թե ո՞ր օլիգարխների թիկնազորներն էին ներքաշված այդ հանցագործություններում, անգամ անուններ կհնչեցնեին, քանի որ այս փոքր երկրում բոլորը բոլորին ճանաչում են, Տեր-Պետրոսյանն ու Ջհանգիրյանն էլ հազիվ թե ինֆորմացիայի պակաս ունենան, ոստիկանության եւ ցուցարարների ալիբին էլ սպանություններին մասնակից չլինելու առումով կարծես քրեական գործերով հաստատվել է: Հարցը կփակվեր, պետությունը ստիպված կլիներ ցրել հասարակության համար սպառնալիք հանդիսացող օլիգարխական թիկնազորները, որոնք պատրաստ են ամեն հրահանգ կատարել, ու կհետեւեր, որ նոր ընտրություններին ընդառաջ այդպիսիք չստեղծվեին: Դրա փոխարեն Տեր-Պետրոսյանը խոսում է Մաքսային միություն գնալու անշրջելիության մասին, գլխավորը թողած` ընկնում է լոկալ միջոցառումներում հաջողության եւ դրանցում իր դավանած ուժի մասնակցության հետեւից, գովում խորհրդարանի` իրենց մասով մասնակցության աշխատանքը, համակարգված անվանելով խորհրդարանական չորս ուժի աշխատանքը: Հայաստանի նախագահին «խոհեմաբար հրաժարականի» կոչելով` առաջ է քաշում` «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից, կամ Ռենատ Ահմեդովից, կամ Սերգեյ Տիգիպկոյից» կարգախոսը` երազանքներ, երազանքներ: Իսկ Հայաստանի համար փրկության «գերնպաստավոր պահի» համար առաջարկում է արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Ումո՞վ եւ ու՞մ համար, միգուցե հիմիկվանից բացեիք խաղաթղթերը: Իսկ չորսից (չորս խորհրդարանական ուժերից) Տեր-Պետրոսյանը սպասում է կառավարության հրաժարականի պահանջ: Այս բոլորով հանդերձ ուզում ենք հարցնել` այդ որտե՞ղ է երեւում Հայաստանում իրավիճակը փոխելու նպաստավոր իրավիճակը. եթե դա մարդկանց կյանքի պայմանների վատթարացմանն է վերաբերում` միգուցե, բայց արդյո՞ք որեւէ նոր քաղաքական շերտ կամ դեմք, կամ մի նոր ուղեղային կենտրոն է հայտնվել, որոնք չեն գործել բոլոր այն սխալները, որ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմությունն է գործել: Եւ այդ ո՞վ կամ ի՞նչն է ֆորա տվել Տեր-Պետրոսյանին` նույն հոգնած դեմքերով իրավիճակի փոփոխության մասին խոսել. եթե ֆինանսական խոստումներըՙ ապա չենք կարծում, որ ուրիշի մեջքին իշխանության գալու հույսն առհասարակ իշխանափոխության լավագույն տարբերակն է, իսկ հասարակության համար ոչ մի գաղտնիք չկա` բոլորը գիտեն ով ով է եւ ինչի է ընդունակ:

Վերը նշվածի խորապատկերում` Քոչարյանի նրբանկատ տնտեսական դիտարկումները Մաքսային միությանն անդամակցելիս հնարավոր տնտեսական դժվարությունների մասին, որոնք, անշուշտ, երկրի նախագահին են ուղղված իրենց ենթատեքստում, ու միգուցե` շատ հիմնավոր, հուշում են բոլոր այս մակընթացությունների խորքում գտնվող ուղղորդիչ հոսանքի մասին: Զարմանալի ոչինչ չկա. ժամանակին Տեր-Պետրոսյանը աջակիցներ էր ուղարկում Ղարաբաղ, որպեսզի Արթուր Մկրտչյանի փոխարեն Քոչարյանը դառնա ԼՂՀ ԱԺ նախագահ (ընտրությանը տողերիս հեղինակը ներկա է եղել), Տեր-Պետրոսյանի լուռ հովանավորությամբ նրա նշանակած վարչապետ Քոչարյանը հետո սահուն ու անցնցում նախագահ դարձավ: Հավանաբար Տեր-Պետրոսյանը նորից մտածում է հերթական ու «բնականոն ռակիրովկայի» կնքահայրը դառնալու մասին, որի արդյունքում իր գլխավորած ուժը շնչելու օդ կունենա: Ահա թե ինչու նոր մարդկանց տորպեդահարում են նաեւ ընդդիմությունում, իսկ ընդդիմադիր մյուս միավորները հանդուրժում են վաղ ժամանակի իրենց քաղաքական հակառակորդներին: Իսկ ընդհանրապես` ունենք այն, ինչ ունենք, եւ ավելի լավ է խելոք սպասենք Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությանը «Ուկրաինայի հողին» վրա, ինչպես անում եք, քանի որ այս կամ այն հանգուցալուծումը կարող է ողջ աշխարհին, այդ թվում` Հայաստանին, ու նրա հոգնատանջ քաղաքական ուժերին շատ նոր իրողություններ պարտադրել:

Ուկրաինայի բաց դասը

Ուկրաինական զարգացումներին մեր եվրոպասերների եւ ռուսասերների հուզախռով արձագանքը, հատկապես սոցիալական ցանցերում իրար ոչնչացնող մոտեցումները, զարմանալի են: Շատ քիչ տեսակետների ենք հանդիպում, որոնք փորձում են վերլուծել- առանձնացել այդ զարգացումների դրական եւ բացասական հետեւանքները Հայաստանի համար, թեեւ այդպիսիք պատահում են:Մարդիկ երկար տարիներ սովորել եւ ենթարկվել են կուսակցական`շահամետ քարոզչության էքսպանսիային, եւ չեն կարողանում ազատագրվել դրանից ազատ մտածելուն: Իսկ ազատ մտածողներ Հայաստանին հիմա պետք են առավել, քան երբեւէ: Մեզ համար արժեքավոր պետք է լինեն այն տեսակետները, որոնք ոչ եվրոպական, եւ ոչ ռուսական ուղեղլվացումը կսղղացնեն, այլ Հայաստանի` ուրիշների ձեռքին մանրադրամ չդառնալու ուղիները կփնտրեն:

Պետք չէ ուրախանալ Ղրումում սկսվող գործընթացներից` թե Ղրիմի անկախացումը նախադեպ կլինի Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւս ճանաչելի դարձնելու տեսակետից: Կամ, հակառակն, ուրախանալ Ղրիմում պատերազմական տրամադրված Ռուսաստանի քայլերից, քանի որ Ռուսաստանի ձեռքերը պատերազմով կապվելու դեպքում արձակվում են Ադրբեջանի ձեռքերը: Կամ էլ հենց ուղիղ իմաստով Ադրբեջանը կարող է օրինակ վերցնել Ռուսաստանից: Բացի այդ` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բա որ մեզ հիշեցնե՞ն ՀԱՊԿ կազմում ռազմական գործողությունների մասնակցության անհրաժեշտության մասին, իսկ Թուրքիան, մեր ոխերիմ հարեւանը` մեկ-երկուս, Դավութօղլուի բերանով հայտարարում է Ղրիմում ունեցած շահերի մասին: Ու թե մի հայ զինվոր հայտնվի այնտեղ ՀԱՊԿ ուժերի կազմում, Թուրքիան դա չի՞ շահարկելու, կամ գուցե ռուսները պատերազմական գործողությունների ժամանակ օգտվելու են Գյումրիի իր ռազմակայանի՞ց... Թուրքիան ու Ադրբեջանը միշտ որս փախցնող շակալների նման կանգնած են` բոլոր այս կարգի էքստրեմալ իրավիճակների համար, մեր մշտական հոգս որպես: Ու ոչ էլ պետք է Ուկրաինայում տեղի ունեցածից շատ ոգեւորվել` այնտեղ անգամ ընդդիմության տարբեր լիդերների շահերն են բախվում այս պահին, տնտեսությունն է քանդվում, դատարկ բյուջեն այդ երկիրը երկար ժամանակով կախվածության մեջ է դնում. առայժմ` Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, իսկ եթե Ռուսաստանը հանկարծ ու մի հրաշքով (ինչը խիստ կասկածելի է) դեպքերի ընթացքն իր օգտին շուռ տա` Ռուսաստանից: Ու Աստված գիտե` այդ երկիրը քանի տարի հետո կհասնի հանրահավաքներից առաջվա ստարտային վիճակին, որքան էլ որ ժողովուրդը զզվել էր Յանուկովիչի եւ նրա մերձավոր շրջապատի կոռուպցիայից եւ շփացած բարքերից, եւ իսկապես էլ, անկախ կազմակերպիչների շահերից, ոտքի էր ելել իր իրավունքների ու երկրի ապագայի համար: Այս իմաստով` ե՛ւ մեր ընդդիմադիր, ե՛ւ իշխանական լիդերները սովորելու, հետեւություններ անելու բան ունեն ուկրաինական զարգացումներից. առաջինները չկրկնելու համար ուկրաինական հեղափոխության կիքսերը, երկրորդները` հասկանալու, որ բոլոր դեպքերում արհամարհված ու ոտքի տակ ճզմված ժողովուրդն ինքնասիրություն ունի ու մի օր կարող է ամեն ինչ ոտնատակ անել: Ի դժբախտություն իրեն ու երկրի, եւ միշտ լավ կյանքի հույսով...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.