AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3311, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ՆՈՒՐՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԱՏԱՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ

Թարգմանեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը ծնվել է 1949-ին Հալեպում, Սիրիա: 1961ին ընդունվել է Անթիլիասի հոգեւոր ճեմարանը, որտեղ դասընկեր է եղել ներկայիս Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին: Կուսակրոն քահանա ձեռնադրվելուց հետո նա ծառայել է նախ Շվեյցարիայում, ապաՙ Իսրայելում, նախքան Թորգոմ արք. Մանուկյանի հրավերով Նյու Յորք մեկնելը: Մ. Նահանգներում նա ծառայել է Սպրինգֆիլդում (Մասաչուսեթս), Հյուստոնում (Տեքսաս) նախքան որպես եպիսկոպոս դարձյալ Երուսաղեմ վերադառնալը 1999-ին:

Անցյալ տարի ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք:

Վերջերս նա մի քանի հայկական համայնքներ է այցելել ծանոթացնելու համար տեղաբնակներին Երուսաղեմի պատրիարքարանին հուզող խնդիրների հետ: Այցելությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել Մ. Նահանգներում: Նյու Յորքի շրջանում գտնված միջոցին պատրիարքին ի պատիվ հանդիպում-ընդունելություն է կազմակերպվել Ռամկավար ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության ղեկավարներից Հակոբ Վարդիվառյանի բնակարանում (Նյու Ջերսի), որին ներկա են գտնվել ՌԱԿ-ի եւ ԹՄՄ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Օգտվելով առիթից «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանը (Ուոթըրթաուն) Սբ. Հակոբ հայկական եկեղեցում հարցազրույց է ունեցել պատրիարքի հետ, որի ընթացքում վերջինս իր ծրագրերն է ներկայացրել, ընդգծելով հատկապես ավելի շատ ներդրումներ եւ ավելի շատ ուխտավոր այցելուներ ունենալու առաջնահերթ պահանջները:

«Ես այս առիթը օգտագործում եմ այցելելու համար հայկական կազմակերպությունները, ինչպիսին է, օրինակ, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը խոստացել է նոր կենտրոն կառուցել Երուսաղեմում գտնվող ցեղասպանության արխիվների համար, որոնց մի մասը ժամանակին Կոնստանդնուպոլսի պատրիարքարանից են փոխադրվել ապահովության նկատառուներով: Այդ նպատակի համար ՀԲԸՄ-ն նվիրաբերում է 200 հազար դոլար: ՀԲԸՄ-ն նաեւ առաջարկել է օգնել վարչական եւ իրավական հարթակներում լուծելու պատրիարքապատկան անշարժ գույքի խնդիրները, որոնք չնայած վերահսկողության տակ են, բայց կարիք ունեն մեծ գումարների, որովհետեւ տարեկան եկամուտները հազիվ են ծածկում ծախսերը, իսկ արտասահմանյան նյութական օժանդակություն արդեն ավելի քան 30 տարի չի կատարվել»:

Մանուկյան պատրիարքը հավելել է, որ պատրիարքարանը շատ կշռադատված քաղաքականություն է վարում Իսրայելի եւ Պաղեստինի իշխանությունների հետ: «Ճիշտ է, մարտահրավերներ կան, բայց մենք առաջին հերթին փորձում ենք պահպանել խաղաղությունը համայնքներում» , ասել է նաՙ անդրադառնալով հույն ուղղափառ, կաթոլիկ եւ ղպտի եկեղեցիների հետ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող միջադեպերին: «Դրանք ժամանակավոր, անցողիկ խնդիրներ են, եւ մենք մեծ ուշադրություն չենք դարձնում դրանց: Հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսարանները մեկ կամ երկու անգամ պատահած դեպքեր են: Մենք փորձում ենք միշտ գտնել ոսկե միջինը եւ լուծել խնդիրները» :

Խոսելով քահանաների պակասի մասին, նա հատկապես նշել է. «Երուսաղեմում մենք առնվազն 35 հոգեւորականների կարիքն ունենք, որպեսզի կարողանանք հոգալ Մայր տաճարի, Սրբոց թարգմանչաց վարժարանի տնօրենի եւ փոխտնօրենի, ինչպես նաեւ ճեմարանի, այլեւայլ գրասենյակների եւ անշարժ գույքի հոգսերը» :

Արծարծելով ուխտագնացության հարցերը, պատրիարքը շեշտել է. «Մենք ուխտագնացությանը նոր շունչ հաղորդելու խնդիր ունենք: Իսրայելի կառավարության կարծիքով հայերի թիվը փոքր է, եթե մենք մեծ թվով ուխտավորներ ունենանք, այդ կարծիքը կփոխվի: Մյուս կողմից այցելուների պահանջն է մնալ պատրիարքարանի տարածքում, իսկ դրա համար մենք 50-60 սենյականոց մի հյուրանոցի կարիքն ունենք: Թյուր կարծիք կա, որ նվիրաբերված գումարներն անհետանում են: Ընդգծեմ այստեղ, որ մենք փող չենք ցանկանում: Ծրագրեր ունենք, որոնցով հետաքրքրվողները կարող են գալ Երուսաղեմ եւ իրենց հսկողության տակ իրականացնել այդ ծրագրերը: Ծրագրերից մեկը հյուրանոցն է, որի կառուցման դեպքում ե՛ւ ներդնողն է շահելու, ե՛ւ ուխտավորը» :

Վերջում նա տեղեկացրել է, որ բանակցությունների հետեւանքում Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հեշտացրել է Հայաստանից ուխտավորների այցըՙ վերացնելով վիզայի պահանջը: Չնայած օրենքը դեռ չի գործում, բայց շուտով կգործի: «Ապշեցուցիչ է, որ աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերը վերահսկում են եւ շարունակելու են վերահսկել Երուսաղեմի սուրբ քաղաքի մեկ վեցերորդ մասը, մեկ միլիարդի հասնող կաթոլիկների եւ մոտ 600 միլիոն ուղղափառություն դավանողների հետ միասին: Ամեն ինչ սկսվել է Երուսաղեմից: Քրիստոսն այստեղ է ծնվել եւ մահացել: Եթե Երուսաղեմը չլիներ, Հայաստանում քրիստոնեությունը չէր տարածվի: Ուստի հաստատ կարող եմ ասել, որ քանի Աստված մեզ հետ է, ոչ ոք մեր դեմ չի կարող գնալ: Աստված միշտ օգնելու է մեզ» , եզրակացրել է պատրիարքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.