AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ

Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2624, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մարտի 11-ին Դոնի Ռոստովում հայտարարությամբ հանդես եկավ Վիկտոր Յանուկովիչը: Նա իրեն համարում է Ուկրաինայի «միակ եւ լեգիտիմ նախագահ»: Պատմությունը բազում նման օրինակներ գիտի: Փաստն այն է, որ Յանուկովիչն իշխանությունը կորցրել է այն պահին, երբ լքել է Կիեւի նախագահական նստավայրը, եւ Ուկրաինայում ինչ զարգացումներ էլ լինեն` երբեք այնտեղ չի վերադառնալու:

Բայց Յանուկովիչի ելույթը հետաքրքրական է այլ իմաստով. նա ոչ մի խոսք չասաց Ղրիմի իրավիճակի շուրջ, թեեւ սեփական «լեգիտիմության» համար առատորեն մեջբերումներ էր անում Ուկրաինայի սահմանադրությունից: Ստացվում է, որ Ուկրաինայի «նախագահին» չի հուզում, թե ինչ է կատարվում իր երկրի մի հատվածում:

Բանն այն է, որ Ղրիմի խորհրդարանի ընդունած անկախության հռչակագիրը եւ մարտի 16-ին հանրաքվե անցկացնելու որոշումը ոչ մի կերպ չեն համապատասխանում Ուկրաինայի գործող սահմանադրությանը, որով թերակղզին Ուկրաինայի կազմում ինքնավարություն է հաստատված` ինչպես որ եղել էր խորհրդային տարիներին: Եւ եթե Յանուկովիչն իրեն համարում է Ուկրաինայի «միակ եւ լեգիտիմ նախագահ», այսինքն` այդ երկրի սահմանադրության երաշխավորը, նա պարտավոր էր գնահատական տալ Ղրիմի ինքնավարության իշխանությունների վերջին քայլերին:

Այսպես դատելիս, իհարկե, մենք վերացարկվում ենք Ղրիմի անկախության կամ Ռուսաստանի կազմ վերադառնալու մասին ինքնավարության խորհրդարանի եւ բնակչության կամարտահայտության շուրջ բանավեճից` օրինակա՞ն է թերակղզու անջատումն Ուկրաինայից, թե՞ ոչ: Սա բոլորովին այլ խնդիր է: Հետաքրքրականն այն է, որ քանի կար Յանուկովիչը, Ղրիմում անկախության կամ Ռուսաստանի կազմ վերադառնալու շարժում չկար նույնիսկ այն ընթացքում, երբ Ուկրաինան բանակցում էր Եվրոմիության հետ եւ պատրաստ էր ստորագրել ասոցիացման մասին պայմանագիրը:

Եւ, ընդհակառակը, հենց որ Յանուկովիչը լքեց նախագահական նստավայրը, ինչն առիթ հանդիսացավ, որպեսզի Ուկրաինայում սահմանադրական իշխանությունը փլուզվի, Ղրիմում անմիջապես հիշեցին, որ թերակղզին Եկատերինա 2-րդի ժամանակներից եղել է Ռուսաստանի մասն ու հարկ է վերադառնալ պատմական ստատուս-քվոյին:

Ճիշտ է, Ղրիմի խնդիրն արծարծվել է նաեւ Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» շրջանում, բայց այն ժամանակ ոչինչ տեղի չունեցավ. «նարնջագուն» Յուշչենկոյի նախագահության տարիներին միայն թաթարներն էին ինչ-որ շարժումներ նախաձեռնում, իսկ ինքնավարության ռուսախոս բնակչությունը հիմնականում լուռ էր: Այս անգամ, ինչպես տեսնում ենք, իրավիճակը բոլորովին այլ է. Ռուսաստանի պետական դուման մարտի 21-ին պատրաստվում է քննարկել Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեի օրինականության հարցը:

Արդեն կարելի է չկասկածել, որ ռուսաստանցի օրենսդիրները Ղրիմի մարտի 16-ի հանրաքվեն կճանաչեն «միանգամայն օրինական եւ միջազգային իրավունքին լիովին համապատասխանող». Ռուսաստանի ԱԳՆ-ն մարտի 11-ին արդեն իսկ հղում է արել Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը եւ ձեւակերպել, որ «պետության մի մասի անջատումը չի հակասում միջազգային իրավունքին»:

Դա, սակայն, Ռուսաստանի տեսակետն է, իսկ ո՞րն է Ուկրաինայի «միակ եւ լեգիտիմ նախագահ» Յանուկովիչի գնահատականը, նա նույնպես գտնում է, որ Ղրիմի անջատումն օրինակա՞ն է, թե՞ այդ մասին գերադասում է լռել, քանի որ գտնվում է Ռուսաստանում, որտեղ Ուկրաինայի մասնատումը համարում են «միջազգային իրավունքին չհակասող»:

Առեղծվածային չէ՞, որ Յանուկովիչն իր նստավայրը լքել է այն իրավիճակում, երբ ընդդիմության հետ ձեռք էին բերվել սկզբունքային համաձայնություններ, Ուկրաինայի խորհրդարանն ընդունել էր իրավական ակտեր, որ սպասում էին նախագահի կողմից վավերացման, որից հետո, գուցե, «մայդանը» կցրվեր, կյանքը կվերադառնար բնական հուն, քաղաքական ուժերը կսկսեին նախապատրաստվել տարեվերջին կայանալիք նախագահական, ապա եւ` խորհրդարանական ընտրություններին:

Արտառոց չէ՞, որ Ռուսաստանն ընդդիմություն- Յանուկովիչ բանակցություններին որպես «միջնորդ» ուղարկել էր մարդու իրավունքների պաշտպանին` նրան տալով միայն «դիտորդ լինելու» լիազորություն այն դեպքում, երբ Եվրոմիության երեք երկրներ ներկայացված էին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մակարդակով, որ ունեին ձեռք բերված համաձայնությունների «երաշխավորի» մանդատ:

Այլ մանրամասնությունների մեջ, երեւի, չարժե խորանալ: Էականն այն է, թե Յանուկովիչը որքանո՞վ էր իրազեկ, որ Կիեւից իր հեռանալը Ղրիմում արձագանքվելու է թերակղզին Ուկրաինայից անջատելու նախաձեռնողականությամբ: Հայտնի է, որ Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագիր ստորագրել-չստորագրելու երկընտրանքի մի պահի Յանուկովիչն առաջարկել էր, որպեսզի Ուկրաինա- ԵՄ բանակցություններին ներգրավվի նաեւ Ռուսաստանը:

Ի՞նչ էր թաքնված այդ առաջարկի խորքում, որն, ի դեպ, մերժվեց Եվրոմիության կողմից: Մի՞թե Յանուկովիչը Ռուսաստանին հրավիրում էր Եվրոմիության հետ «բացահայտ առեւտրի», որի առարկան Ղրիմն էր: Գուցե հարցն այնպես էր դրվել, որ Ուկրաինան կարող է ԵՄ¬ի հետ ասոցիացման պայմանագիր ստորագրել, բայց` առանց Ղրիմի՞, որի համար կողմերը կգտնեի՞ն փոխադարձաբար ընդունելի մի «հատուկ կարգավիճակ»:

Գուշակություններն անվերջ հնարավոր են, դրանից իրականությունը չի փոխվում. Ղրիմի հարցն արդեն իսկ կանխորոշված է: «Ոչ ոք պարտավոր չէ պաշտպաանել Ուկրաինայի ամբողջականությունը»,- մարտի 11-ին հայտարարել է ամերիկյան արդի քաղաքագիտության «հայր» Բժեզինսկին: Դա նշանակում է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ ՆԱՏՕ-ն որեւէ քայլ չեն ձեռնարկի` «ապահովելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:

Տեղի է ունենում այն, ինչ միակ «տրամաբանականն» է` Ուկրաինան մասնատվում է: Եւ այս իրավիճակում նաեւ Արեւմուտքի համար է ընդունելի, որպեսզի Ղրիմում հաստատվի ռուսաստանյան «պրոտեկտորատ» կամ էլ թերակղզին ուղղակի կցվի Ռուսաստանին: Քանի որ դրա այլընտրանքը Ղրիմում Թուրքիայի ազդեցության մեծացումն է:

Այս «խաղում» ո՞րն էր Յանուկովիչի դերը: Նա հուսախաբվա՞ծ է, թե՞ պարզապես տեսք է ընդունում, որ «ոչնչից տեղյակ չէր», ամեն ինչում «մայդանն» է մեղավոր: Անկախությունից ի վեր Ուկրաինան պոստխորհրդային տարածքի թերեւս ամենաանկայուն պետությունն է եղել եւ շարունակում է մնալ: Պատճառները շատ խորքային են, բայց Յանուկովիչի նախորդներին հաջողվում էր խուսափել ճակատագրական հանգուցալուծման պահից, նրանք խուսանավում էին Ռուսաստանի եւ Եվրոպայի, սեփական երկրի արեւմտյան եւ արեւելյան մարզերում իշխող հակամետ քաղաքական տրամադրությունների միջեւ, երբեմն նույնիսկ փորձում «նոր կենտրոն» դառնալ ԱՊՀ-ում (ՎՈՒԱՄ-ի «միջնաբերդն» Ուկրաինան էր):

Յանուկովիչը մի «անսպասելի» քայլով` Կիեւի նախագահական նստավայրը լքելով, ու՞մ անակնկալ մատուցեց: Եվրոմիությա՞նը, թե՞ Ռուսաստանին: Թվում է` Եվրոմիությանը, որտեղ «մայդանի» հաղթանակը, կարծես, ընկալվեց ոչ բավարար զգուշավորությամբ, եթե չասվի, որ Բրյուսելում, ընդհակառակը, չափազանց ոգեւորված էին Ուկրաինայի «եվրոպական ընտրությամբ»:

Վերլուծաբանները, կարծես, չեն ուզում խորանալ, թե ինչու՞ Ռուսաստանը «մայդանի» ամենաեռուն օրերին, երբ քաղաքացիական պատերազմի վտանգն ավելի քան առարկայական էր, որեւէ քայլ չձեռնարկեց, նույնիսկ անհրաժեշտ կոշտության հայտարարություն չտարածեց` ի պաշտպանություն Յանուկովիչի կամ Ուկրաինայի սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության: Թվում է, լուրջ չէ, երբ ասվում է, թե Մոսկվան «սպասում էր Սոչիի օլիմպիական խաղերի ավարտին»: Տրամաբանական է պատկերվում, որ Ռուսաստանում Յանուկովիչի հետագա քայլերին տեղյակ էին ավելի, քան` Ուկրաինայի նախագահի մերձավորագույն շրջապատում:

Հակառակ դեպքում Յանուկովիչը բոլոր հնարավորություններն ուներ, որպեսզի ոչ թե Դոնի Ռոստովից, այլ` Ղրիմի մայրաքաղաքից դիմեր միջազգային հանրությանը` որպես «իշխանությունից բռնությամբ հեռացված, բայց Ուկրաինայի միակ եւ օրինական նախագահ»: Այդ դեպքում, գուցե, աշխարհն այլ կերպ ընկալեր «մայդանի» հետեւանքները, շարունակեր ճանաչել Յանուկովիչի իշխանությունը: Կիեւում ձեւավորված նոր իշխանության «ոչ լեգիտիմության» միակ հիմնավորում կլիներ Յանուկովիչի ներկայությունն Ուկրաինայում` Ղրիմում, Խարկովում կամ Դոնեցկում: Ճիշտ նույն տրամաբանությամբ «փախուստը» ոչ լեգիտիմ է դարձնում նրան, լիովին «օրինականացնում» երկրի մասնատումը:

Եւ եթե մասնատման «օրինականությունը» հիմնավորվում է Մոսկվայում, իսկ Յանուկովիչի ապահովությունը նույնպես Ռուսաստանն է երաշխավորում, ապա ի՞նչ է մնում ենթադրելու, եթե ոչ` որ ուկրաինական վերջին «հեղափոխությունը» ոչ թե արեւմտյան, այլ` Կրեմլի հետ նախապես համաձայնեցված` յանուկովիչյան քաղտեխնոլոգիական ծրագիր էր: Սա է, ահա, Յանուկովիչի ոչ ադեկվատությունը: Նա պատմության մեջ կմնա որպես Ուկրաինան մասնատած նախագահ:

Բոլորովին էլ պատահական չէ, որ Յանուկովիչը «դարակազմիկ» հայտարարություն արեց նույն օրը` մարտի 11-ին, երբ Ղրիմի խորհրդարանն ընդունեց «անկախության հռչակագիր»: Իր քայլը նա համաձայնեցրել էր Ղրիմի ինքնավարության առաջնորդների հետ: Եւս մեկ անգամ շեշտենք` հանդես գալ հայտարարությամբ, բայց ոչինչ չասել Ուկրաինայի համար ամենաճակատագրական` Ղրիմի անջատման, հարցի վերաբերյալ, նույնիսկ փորձել տպավորություն ստեղծել, թե «նման խնդիր չկա» եւ «երկրին սպառնացող գլխավոր վտանգը Կիեւում իշխանություն բռնազավթած ավազակներն են», նշանակում է միայն մի բան` Յանուկովիչը ողջունում է Ղրիմի անկախությունը կամ Ռուսաստանի կազմ վերադառնալը:

Եւ եթե նա այդ պահին իրեն դեռեւս Ուկրաինայի «միակ եւ լեգիտիմ նախագահ» է անվանել, ուրեմն կատարել է պետական ծանրագույն հանցանք` չի իրականացրել սահմանադրության երաշխավորի իր գլխավոր պարտականությունը: Իշխանությունից «բռնությամբ հեռացված նախագահը» պարտավոր էր դիմել Ղրիմի ինքնավարության առաջնորդներին, Ուկրաինայի ժողովրդին, եւ կոչ անել, որպեսզի երկրի համար դժվար պահին բոլորը համախմբվեն պետության ամբողջության եւ լիակատար ինքնիշխանության պահպանման նպատակի շուրջը, իսկ միջազգային հանրությանը, առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությանը, խնդրեր, որպեսզի ձեռնպահ մնա իրավիճակն ապակայունացնող քայլերից:

Յանուկովիչը ոչ մեկն է արել, ոչ` մյուսը: Ասել, թե նա քաղաքականապես այնքան «անգործունակ է», որ չի հասկանում, թե այլեւս երբեք իշխանության չի վերադառնալու, թվում է չափազանցություն կլինի: Բայց, գտնվելով ՌԴ հովանավորչության ներքո, նա ստիպված էր նաեւ «խեղկատակի» դեր խաղալ, «սպառնալ», թե պատրաստվում է դիմել Միացյալ Նահանգների Կոնգրեսին` քննելու Օբամայի կառավարության քայլերի «օրինականության» հարցը:

Դա արդեն Յանուկովիչ քաղաքական գործչի կատարյալ ֆիասկոն էր` գիտակցել, որ նույնիսկ Ռուսաստանի իշխանություններն այլեւս իրեն իբրեւ Ուկրաինայի «միակ եւ լեգիտիմ նախագահ» չեն ճանաչում, իսկ հակառակ դեպքում ՌԴ գոնե վարչապետը հարկ կհամարեր նրա հետ երեւալ հեռուստաէկրանին, բայց նույն ժամանակ «սուր ճոճել» Արեւմուտքի եւ հատկապես` ԱՄՆ դեմ,- այդպես միայն «խեղկատակն» է գնում ինքնաոչնչացման, ողջ աշխարհի աչքի առաջ նվաստանում:

Այդպես, սակայն, մինչեւ վերջ իրենց «դերը խաղում են» նաեւ ... գործակալները: Քաղաքական գործիչները պայքարում են մինչեւ վերջ, եթե անգամ գիտեն` իրենց մահ է սպառնում: Առավել արժանապատիվները կյանքին հրաժեշտ են տալիս ինքնասպանությամբ եւ գոնե պատմության համար փրկում սեփական ռենոմեն: Յանուկովիչը մի կրակոցով «փրկվելու» արժանապատվություն չունեցավ, որովհետեւ, ըստ երեւույթին, ոչ թե ինքնիշխան երկրի լեգիտիմ նախագահ էր, այլ` «խեղկատակ», որին վերապահված էր Արեւմուտքին եւ Ռուսաստանին հավասարապես «զվարճացնելու» դերակատարություն:

Իր «տերերին» նա լավագույնս «զվարթացրեց», բայց դա Ուկրաինայի, նրա ժողովրդի, գուցե անգամ` Արեւելյան Եվրոպայի եւ ողջ պոստխորհրդային տարածքի բոլոր երկրների ողբերգությունը կարող է դառնալ: Որովհետեւ հաշվարկել, թե Ղրիմը միայն իր եւ Ռուսաստանի «խնդիրն է», նշանակում է լինել պրոֆան: «Ջինը շշից բաց է թողնված». մարտի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Ղրիմի թաթարների «համար պատասխանատվություն է կրում»:

Չպետք է մոռանալ, որ Ղրիմը, մինչեւ կանցներ Ռուսաստանի տիրապետության տակ, մի քանի դար Օսմանյան կայսրությանն է պատկանել: Իսկ «նեոօսմանիզմի» տեսանկյունից դատելով` այնտեղ, ուր մեկ անգամ թուրքական տիրապետություն է եղել, Թուրքիան «միշտ անելիք ունի»: Հաջորդ օրը Ղրիմի թաթարների կոնգրեսի նախկին ղեկավար Ջեմիլեւը Թաթարստանի էքս-առաջնորդ Մինթեմիր Շայմիեւի միջնորդությամբ «շուրջ կես ժամյա հեռախոսազրույց է ունեցել» Պուտինի հետ: Ընդ որում, Ջեմիլեւն իր քայլը համաձայնեցրել է Ուկրաինայի դե-ֆակտո վարչապետ Յացենյուկի հետ:

Այդ առթիվ newsru.com-ի տեղեկատվությունը բավական խոսուն է. ՌԴ նախագահը մատնանշել է, որ «ԽՍՀՄ կազմից ինքնահռչակումով Ուկրաինայի դուրս գալն ամենեւին էլ օրինական չէր»: Ըստ երեւույթին, Կրեմլում նպատակահարմար են գտնում, որպեսզի թաթարները ներգրավված լինեն Ղրիմի ապագա իշխանական կառույցներում: Իբրեւ թաթարների հանդեպ վերաբերմունքի դրսեւորում, Պուտինը բերել է Թաթարստանի օրինակը` նկատել տալով, որ Ռուսաստանի կազմում Ղրիմը կունենա նույնպիսի «բարձր ինքնավարության կարգավիճակ»: Այդուհանդերձ, մարտի 12-ին Ղրիմի թաթարների կոնգրեսի նախագահ Ռեֆատ Չուբարովն արդեն հայտարարել է, որ Ղրիմի թաթարները «բացահայտ կբոյկոտեն մարտի 16-ի հանրաքվեն»:

Ընդսմին, նա ուշագրավ միտք է հնչեցրել. «Այսօր հանկարծ բոլորն սկսել են սիրել Ղրիմի թաթարներին: Ղրիմի թաթարների գործոնը կդառնա անկյունաքարային: Սա մեր հողն է, մեզնից ոչ ոք չի հարցրել, երբ մշակել են ինչ-որ ծրագրեր: Իմ կարծիքով, հանրաքվե լինել չի կարող: Մենք այն բացահայտ կբոյկոտենք, թեեւ գիտենք, որ արդյունքները կանխորոշված են»: (http://haqqin.az/news/18486) Նույն աղբյուրի տեղեկացմամբ` մարտի 16-ի հանրաքվեին չի մասնակցի նաեւ Ղրիմի «ադրբեջանական համայնքը»:

Իսկ դա արդեն լուրջ ահազանգ է. թաթարները ԽՍՀՄ-ում բռնաճնշված էին, Ստալինը նրանց աքսորել էր Միջին Ասիա: Գորբաչովյան վերակառուցման արշալույսին առաջինը Ղրիմի թաթարներն էին, որ բարձրացրին բռնաճնշված իրավունքների վերականգնման հարց: Թե խորհրդային, թե ուկրաինական իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի թաթարները Ղրիմում լուրջ էթնիկական գործոն չդառնան:

Արեւմտյան հանրությունը եւ Թուրքիան, կարելի է չկասկածել, մինչեւ վերջ պնդելու են, որ Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն օրինական չէ, քանի որ դրան չի մասնակցել թերակղզու «ավտոխտոն բնակչությունը»: Եւ այդ կերպ սրվելու է եւս մի` արդեն ներղրիմյան հարց, մեծանալու է դիմակայությունը թաթար եւ ռուսախոս բնակչության միջեւ: Ընդ որում, թաթարները հանդես են գալու ոչ թե անկախության, այլ` Ուկրաինայի կազմում Ղրիմի ինքնավար կարգավիճակի օգտին:

Ֆորմալ առումով նրանք ներկայանալու են որպես Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպան: Գործնականում, մինչդեռ, թաթարներին Ուկրաինան պետք է այնքանով, որ ստեղծված իրավիճակում նրանք կարող են իրենց համար ավելին ակնկալել, քան` եթե Ղրիմն անկախանա կամ միանա Ռուսաստանին: Այս հաշվարկում նույնպես, թվում է, Յանուկովիչը սխալվել է` հավանաբար տպավորված լինելով, թե Ղրիմի թաթարները կցանկանային միանալ Ռուսաստանին, որի կազմում Թաթարստանը գրեթե մի «անկախ» պետականություն է: Հեռանկարում, գուցե, Թաթարստան- Ղրիմի թաթարներ համախմբումը Ռուսաստանի համար դառնա «գլխացավանք», բայց փաստացի իրավիճակում Մոսկվան ձգտում է առավելագույնս նյութականացնել Յանուկովիչի ոչ ադեկվատության հանգամանքով առկա հնարավորությունները, իսկ «հետո կդատի արդեն պատմությունը»:

Միխայիլ Գորբաչովի օգնական Չեռնյաեւի հուշերում վկայված է, որ, ստանալով Բելովեժում ԽՍՀՄ լուծարման մասին պայմանավորվածության լուրը, որ փոխանցել է Բելոռուսի ԳԽ նախագահ Շուշկեւիչը, ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահը «ստորաքարշորեն» ասել է.

- Հուսամ, որ դուք ինձ համար մի որեւէ պաշտոն նախատեսե՞լ եք...

Ոչ, ԱՊՀ-ում նրա համար ոչ ոք որեւէ պաշտոն չէր նախատեսել: Նրան տրվել են անձնական ապահովության եւ ունեցվածքի անձեռնմխելիության երաշխիքներ:

Ուկրաինայի «բելովեժյան համաձայնությունն», ըստ երեւույթին, տեղի է ունեցել Սոչիի օլիմպիական խաղերի մեկնարկի օրը, երբ Յանուկովիչը հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին: Ավելի վաղ Ռուսաստանը նրան մի քանի միլիարդ դոլարի օգնություն էր խոստացել` ԵՄ¬ի հետ ասոցիացման պայմանագրից հրաժարվելու դիմաց: «Մայդանի» թեժ օրերին Մոսկվան հայտարարեց, որ «իրավիճակի անորոշության պատճառով» առկախում է գումարների փոխանցումը:

Հարցրե՞լ է Յանուկովիչը, թե իր համար «ինչ պաշտոն են նախատեսում» Ուկրաինայի մասնատումից հետո: Նա, գուցե, հույս է ունեցել, որ կդառնա Ղրիմի ինքնավարության առաջնո՞րդ կամ անկախ Ղրիմի «նախագա՞հ»: Այս հարցի ոչ լրիվ պատասխանը, հավանաբար, կիմանան 21-րդ դարակեսի սերունդները` ինչպես որ միայն 60 տարի անց որոշ տեղեկություններ հայտնի դարձան 1930-ական թվականներին «Արեւմտյան Ուկրաինայի» մասին:

Բոլորը խոսում են Արեւմուտք- Ռուսաստան «դիմակայությունից»: Արտաքուստ ամեն ինչ այդպես էլ կա: Գերմանիայի կանցլեր Մերկելը Ղրիմում Ռուսաստանի գործողություններն անվանել է «անեքսիա»: Իսկ ինչո՞ւ բացառել, որ ամեն ինչ «Մոլոտով- Ռիբենտրոպ» մի նոր «պակտի» արդյունք է, եւ մեր աչքի առաջ տեղի է ունենում «աշխարհի եւս մեկ վերաբաժանում»:

Բայց նույնիսկ այդ դեպքում Յանուկովիչը դիտվում եւ, երեւի, դիտվելու է որպես ոչ ադեկվատ քաղաքական գործիչ: Իր երկրի մասնատման «ճարտարապետ» չլինելու, պատմության մեջ սեւ տառերով սեփական անունը չարձանագրելու համար նա ուներ բոլոր, բայց ամենից առաջ` արժանապատվորեն հեռանալու, հնարավորությունները: «Գողական աշխարհի» ներկայացուցիչը, սակայն, չկարողացավ արժանի լինել պետության ղեկավարի շատ պատասխանատու կոչմանը:

Եւ նրա, պետք է համոզված լինել, վերջին հրապարակային ելույթը «գողի» հայտարարություն էր: Նրա խոսքում չկար երկիր կործանած մարդու պարագայում պարտադիր` ապաշխարության նշույլ իսկ: Իր երկրին եւ ժողովրդին նա օտար էր: Յանուկովիչը կարող էր լինել որեւէ իմպերիական համակարգի` Եվրոմիության կամ Ռուսաստանի,- նշանակություն չունի,- դրածո, կամակատար, «գեներալ-գուբերնատոր», բայց ոչ` ինքնիշխան երկրի նախագահ, քաղաքական ֆիգուր, որ ունակ լիներ գնալու անձնական զոհաբերության, անգամ զրկվել կյանքից` հանուն իր երկրի:

... Լինել 50 մլն. բնակչությամբ երկրի նախագահ եւ «գողի» պես ճողոպրել` սա ոչ ադեկվատ մարդու վարք է: Ավելին, սա «գործակալի» քայլ է: Աններելի...

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.