AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



ՕՐԻՆԱԳԻԾ

Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2710, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ «ՖԵՅՔ» ԵՆՔ...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե քաղաքական գործիչը կարող է իր քաղաքական գործունեությանը զուգահեռ երբեմն, կամ հաճախ հոդվածներով, կամ հրապարակախոսություններով հանդես գալ, դա չի նշանակում, որ լրագրողը, կամ հրապարակախոսը կարող է իր գործունեության ընթացքում երբեւիցե քաղաքականությամբ զբաղվել, անգամ, եթե քաղաքական գործիչներն իրականում քաղաքականությամբ չէ, որ զբաղված են: Անգամ, երբ լրագրողը գրում է քաղաքական թեմաներով, հատկապես, երբ գրում է քաղաքական թեմաներով:

Հետեւաբար քաղաքականապես խիստ ակտիվ հասարակարգով մեր դարում եւ երկրում շատ կարեւոր են սահմանագծումները` լրագրության մեջ, լրագրողներիս համար: Օրինակ, եթե ճշմարտության բարձրաձայնումը լրագրողի հիմնական առաքելություններից է, ապա արդյոք ամեն ճշմարտություն կարելի՞ է բարձրաձայնել: Եթե լրագրողն իրավունք ունի նաեւ սեփական կարծիքը հայտնել, ապա արդյոք այդ կարծիքի բարձրաձայնումը դրա պարտադրանքը չէ՞...

Քաղաքականությունն` ընդդեմ լրագրության

Եթե երկիրը ծանր ճգնաժամից դուրս բերելու գործընթացը քաղաքական ուժերի համախմբում չի առաջացնում, ապա «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» խորհրդարանում շրջանառության մեջ դրված օրինագիծն այդ համախմբումն առաջացրել է: Մասնավորաբար հիշյալ օրինագծի տակ ստորագրել են խորհրդարանական բոլոր` վեց խմբակցությունների ներկայացուցիչները` գումարած` անկախ պատգամավոր` Էդմոն Մարուքյանը, ինչպես նաեւ` Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանը` ՀՀԿ-ից, Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը` ԲՀԿ-ից, Արմեն Ռուստամյանը` ՀՅԴ-ից, Թեւան Պողոսյանը` «Ժառանգություն»-ից, Ստեփան Դեմիրճյանն ու Գագիկ Ջհանգիրյանը` ՀԱԿ-ից եւ Հեղինե Բիշարյանը` ՕԵԿ-ից: Այսինքն, կարող ենք տրամաբանել, որ այն ինչ ցանկանում են հաստատել հիշյալ օրինագծով, ցանկանում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, համենայնդեպս նրանք, ովքեր ներկայացված են խորհրդարանում:

Օրինագծով, որի դրույթները, ինչպես համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն է պնդում` «վերջնական չեն, եւ ենթակա են փոփոխությունների` շահագրգիռ քննարկումների արդյունքում», նախատեսվում է, որ այսուհետ լրատվամիջոցը պատասխանատվություն է կրելու ոչ միայն իր հրապարակած նյութի համար, այլեւ այդ նյութին ուղղված մեկնաբանությունների, որոնք կարող են լինել անհայտ հեղինակներից, որոնք կարող են լինել սոցիալական ցանցերում տվյալ նյութերի հղումների ներքո, եւ որոնք պարունակում են բացահայտ վիրավորանք եւ զրպարտություն:

Ընդհանուր առմամբ օրինագծի համահեղինակներն իրավացի են, երբ պնդում են, թե պրոֆեսիոնալ լրատվամիջոցները չպետք է մտահոգվեն այս օրինագծով, բայց կան որոշ մտահոգիչ մանրուքներ: Օրինակ, օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը news.am-ի հետ զրույցում ասել է, թե «օրինագիծը սահմանում է, թե ի՞նչ է նշանակում տեղեկատվության անհայտ աղբյուր հասկացությունը»: Օրինագծի տեքստում, սակայն, այս առումով կարդում ենք` «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել նրան»: Իսկ, թե ի՞նչ է նշանակում` «ողջամիտ ջանքեր», ո՞րն է դրա սահմանները, ասենք «ողջամիտ ջանքեր»-ի մեջ ներառվա՞ծ է շահագրգիռ անձի կողմից, դիցուքՙ Ազգային անվտանգության ծառայությանը դիմելը, կամ ո՞վ կարող է ասել, թե ե՞րբ եւ ինչո՞ւ են ավարտվում օգտատերին նույնականացնելու «ողջամիտ ջանքերը»: Ընդ որում անանուն տեղեկատվական աղբյուր լինելը սահմանվում է Եվրոպական խորհրդի (որի անդամ է նաեւ Հայաստանը) հռչակագրով, մասնավորաբար` «ԵԽ անդամ երկրները պետք է հարգեն մարդու` անանուն լինելու իրավունքը»:

Ըստ օրինագծի, եթե սպառվում են օգտատերին նույնականացնելու «ողջամիտ ջանքերը», ապա շահագրգիռ անձը կարող է դատի տալ տվյալ օգտատերի` վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հրապարակած (եւ այն չջնջած) լրատվամիջոցին: Ինչպես պնդում են համահեղինակները` «սա պրոֆեսիոնալ աշխատող լրատվամիջոցներին չպետք է մտահոգի, որովհետեւ պրոֆեսիոնալները իրենց նյութերում ձգտում են վիրավորանք կամ զրպարտություն չտարածել, իսկ մեկ այլ խումբ լատվամիջոցներ` պարզապես հարթակ են տրամադրում որոշ օգտատերերի` վիրավորանք եւ զրպարտություն պարունակող մեկնաբանություններ հրապարակելու համար»: Գուցե... Օրինակՙ մեզանից յուրաքանչյուրը վստահաբար չի կարող ասել, թե ի՞նչ կանի, եթե, ասենք google որոնման համակարգով գտնի իրեն եւ իր մասին համացանցում կարդա վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանություններ: Դաշտում իրոք խնդիրներ կան, բայց արդյոք այն ինչ առաջարկում են մեր օրենսդիրները` խնդրի միակ ճիշտ լուծո՞ւմն է:

Նախադեպն ու հիմնավորումները

Վերջին ժամանակներում Եվրոպայում մեծ աղմուկ հանեց Մարդու իրավունքերի եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Delfi-ին ընդդեմ Էստոնիայի (Delfi AS v. Estonia) գործը: Նշենք, որ Delfi լրատվամիջոցը եվրոպական դատարան էր դիմել` ընդդեմ Էստոնիայի հայցով, որովհետեւ Էստոնիան մեղադրել եւ պատասխանատվության էր հրավիրել լրատվամիջոցին, որի հրապարակած նյութերից մեկին ընթերցողներից մեկը` «վիրավորանք եւ զրպարտություն պարունակող» մեկնաբանություններ էր արել: Դատարանում լրատվամիջոցը փորձել էր ապացուցել, որ ինքը պատասխանատու է բացառապես իր հրապարած նյութի համար, ոչ թե դրա` ընթերցողական մեկնաբանության, սակայն ՄԻԵԴ-ը վճռեց, որ լրատվամիջոցը պատասխանատու է նաեւ իր նյութին մեկնաբանությունների համար:

ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի համահեղինակները օրինագծի` հիմնավորման տեքստում մեջբերել են այս նախադեպը, այն երանգով, որ փաստորեն, իրենց հեղինակած օրինագիծը համապատասխանում է եվրոպական իրավունքին, հետեւաբար, գոնե այս առումով այն անառարկելի է:

Ներկայացնելով օրինագծի այլ հիմնավորումներ` համահեղինակներն ասել են, թե սա հնարավորություն է պայքարելու սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի («ֆեյքերի») դեմ, որոնց կեղծ, վիրավորանք եւ զրպարտություն պարունակող հայտարարությունները «կարող են խախտել մի շարք անձանց` Սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը»: Այս ձեւակերպումը, նկատենք, օրինագծի առաջին մանրուքն է: Տեսեք, խնդիրն այն է, որ իրավաբանական տեսանկյունից այս ձեւակերպումը ճիշտ չէ: Մասնավորաբար, սոցիալական ցանցերում որեւէ օգտատեր չի կարող խախտել այլ անձանց` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները, այն պարզ պատճառով, որ մասնավոր անձինք, ինչպիսին հանդիսանում են սոցցանցերի օգտատերերը, Սահմանադրությամբ, կամ միջազգային կոնվենցիաներով ամրագրված իրավունքների հասցեատերեր չեն: Իսկ, եթե ինչ-որ իրավունքի հասցեատեր չես, ուրեմն չես կարող այն խախտել:

Ստացվում է, որ այն ինչ նախաձեռնել են մեր օրենսդիրները` բոլոր խմբակցություններից, ճիշտ է, բխում է Ազգային ժողովի` սահմանադրական պարտականություններից, մասնավորաբար, խորհրդարանը` որպես պետական մարմին պարտավոր է պաշտպանել մասնավոր անձանց հիմնարար իրավունքը, սակայն իրավաբանորեն ճիշտ չի ձեւակերպված օրինագծի հիմքը:

Ո՞րն է էլեկտրոնային լրատվամիջոցը

Նման սահմանում Հայաստանում չկա: Հիշյալ օրինագիծը, թվում է, պետք է հստակեցում մտցներ այս հարցում գոնե, բայց օրինագծի տեքստում կարդում ենք` «Հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում այն համացանցային կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով մարդկանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական եւ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից»: Ստացվում է, որ Հայաստանում կոնկրետ, առնվազն մեկ միլիոն «հրապարակային էլեկտրոնային կայք», այսինք լրատվամիջոց կա` ի դեմս կոնկրետ Ֆեյսբուք սոցցանցի հայաստանցի օգտատերերի (չհաշված բլոգերներն ու այլ սոցցանցերում գրանցված ակտիվ քաղաքացիները): Ստացվում է նաեւ, որ իրեն վիրավորված, կամ զրպարտված զգացող յուրաքանչյուր ոք կարող է, համաձայն օրինագծի, դատի տալ եւ շահել դատը` ընդդեմ, օրինակ, Ֆեյսբուք սոցցանցում օգտատերի, որը կարող է լինել ոչ մի տեղ չաշխատող, եւ իր ազատ կարծիքը բարձրաձայնելու իրավունքից օգտվող ՀՀ քաղաքացի:

Հետեւաբար, այս օրինագիծը ոչ այնքան ճնշման մեխանիզմ է մեդիա դաշտին, որքան հայաստանյան` «հեղափոխական» Ֆեյսբուքին: Ինքը` օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն ասել է, թե սա «կկարգավորի մեկնաբանությունների դաշտը»... Հարց է առաջանում` ինչո՞ւ: Արդյո՞ք սովորական քաղաքացիների մեկնաբանությունների դաշտի կարգավորումը չի ենթադրում նաեւ հաջորդիվ` սովորական քաղաքացիների մտքերի ու գաղափարների դաշտի կարգավորում...

Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասը

Հիշյալ հոդվածով ՀՀ Սահմանադրությունն ասում է` «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»: Սակայն Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասը թույլ տալիս է խախտել այս հոդվածը` «օրենքով եւ կոնկրետ նկատառումներով»: Այսինքն Սահմանադրությունը ինքը հստակ սահմանագիծ է դնում, թե ե՞րբ է թույլատրելի ազատ արտահայտել անձնական կարծիքը, երբ` ոչ: Այս առումով պետք է նկատել սեփական կարծիքի արտահայտման եւ փաստի պնդման տարբերությունը: Օրինակ, եթե ես ասում եմ, թե` «Սողոմոն Պեպոյանը ամեն գիշեր ծեծում է իր կնոջը», ես զբաղված եմ փաստի պնդմամբ, ինչը կարող է ճիշտ լինել, կարող է` ճիշտ չլինել, բայց ամենակարեւորը` այն ենթակա է ճշտման, որովհետեւ այն կարող է կա՛մ ճշմարիտ լինել, կա՛մ` կեղծ: Իսկ, եթե ես ասում եմ, որ` «Սողոմոն Պեպոյանը հիմար եւ ապուշ է», ես արտահայտում եմ իմ կարծիքը, որը կարող է խելամիտ լինել, կարող է` ոչ, դրա հետ կարելի է համաձայնել, կարելի է` ոչ, բայց կարեւորն այն է, որ այն ոչ ճշմարիտ է, ոչ էլ` կեղծ: Այլ կերպ ասած` սեփական կարծիքը փաստի պնդումից հենց տարբերվում է նրանով, որ փաստի պնդումը կարող է կա՛մ ճշմարիտ լինել, կա՛մ` կեղծ, իսկ սեփական կարծիքը` ոչ ճշմարիտ է, ոչ` կեղծ, հետեւաբար վերջինս` ճշտման կարիք չունի: Հիմա, Սողոմոն Պեպոյանը պարտավոր չէ հանդուրժել իմ, կամ որեւէ այլ անձի կողմից իր մասին կեղծ փաստերի պնդումը, հետեւաբար, երբ ես գրում եմ, թե` «Սողոմոն Պեպոյանը գիշերը ծեծում է իր կնոջը», նա կարող է պատասխանատվություն հրավիրել ինձ: Բայց, սեփական կարծիքի բարձրաձայնումը փոքր ինչ ավելի ներողամիտ վերաբերմունքի է զուտ մարդկայնորեն արժանի, եթե, իհարկե, դրանում ընդգծված վիրավորանք չկա (վերոհիշյալ պարագայում կա): Այսինքնՙ ամեն ճշմարտություն չէ, որ կարելի է բարձրաձայնել: Այստեղ պետք է նժարին դնել ճշմարտությունը հրապարակայնացնելու շահն ու «տուժողի» անհատականությանն ու պատվին սպառնացող վտանգը: Օրինակ, եթե ես վստահ իմանամ, որ ոմն Պերճուհի Գոհարյանը սեռական կապի մեջ է իր տնօրենի հետ, ունենալով ամուսին եւ չորս երեխա, ես չեմ կարող այս ճշմարտությունը հրապարակայնացնել` տալով տիկին Պերճուհու անունը, քանի որ այս տեղեկության հրապարակայնացան` իմ (կամ հասարակական) շահը ավելի նվազ է, քան տիկին Պերճուհու անհատականությանը հասցված վնասը:

Ինչպես ասում են անգլիացիները...

Անգլիացիները պնդում են, որ` «սատանան մանրուքների մեջ է»: Այս օրինագծում, ինչպես տեսանք, կան մանրուքներ:Նույն անգլիացիների մեկ ալ պնդմամբ` «Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին խոսում են». օրինագծի համահեղինակները մարտի 31-ին բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում են բաց քննարկումների, պատրաստակամություն հայտնելով` առնվազն լսել նրանց կարծիքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.