AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1995, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ - ԻՌԼԱՆԴԻԱ... ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒ ԳՐԱՎԻՉ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանաբնակներս լսած չկանք, որ մեր երեք նախագահներից ու մեկ տասնյակից ավել վարչապետներից որեւէ մեկը անցած 20 ու ավելի տարիներին աֆրիկյան երկիր այցելած լինի, չհաշված Եգիպտոսը: Մեզանից անգամ ամենահամեստը կտարակուսի, թե ինչ ունեն այդ մայրցամաքի երկրներից սովորելու մեր ղեկավարները: Փոխարենը մերոնք հաճույքով են այցելում զարգացած երկրներ, միայն թե տարօրինակն այն է, որ դրանց ավարտից հետո որեւէ ձեւով չեն անդրադառնում այցի նպատակներին, սահմանափակվելով «քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակում են, տնտեսականը հարկ է հասցնել այդ աստիճանին» ընդհանուր ձեւակերպումներով: Այնպես որ վերնագիրը թերահավատորեն ընդունողներին խորհուրդ եմ տալիս չշտապել: Ոչ այն պատճառով, որ ձմեռային կարճատեւ հանգիստը, ըստ որոշ լրատվամիջոցների, նախընտրել էր հեռավորարեւելյան երկրում անցկացնել մեր երկրի Նախագահը: Կորեական թերակղզու հարավային, ՀՀ-ի գրեթե երեք տարածքն ունեցող այս երկիր յուրաքանչյուր տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ ու հանգստացողներ են այցելում, որոնց թողած գումարները վերջին տարիներին կազմում են մոտ 14 մլրդ դոլար: Թե ինչ թիվ է այն մեր 450 մլն դոլարի դիմաց, նշենք, որ 1 կորեացու հաշվով ստանում ենք 300 դոլար, հայաստանցիներիս պարագայումՙ մոտ 150 դոլար: Իսկ ինչ են փնտրում մարդիկ մեր պես 40-րդ հորիզանականում գտնվող այս երկրում եւ ինչ չկա առայժմ բաց թանգարան հռչակվող Հայաստանում, փորձենք պարզել որոշ թվերի ու փաստերի օգնությամբ, քանզի հարավկորեական բազմաբնույթ արտադրանքն ինքն է եկել մեզ մոտ եւ գերժամանակակից հեռուստացույց ու ավտոմեքենա ունենալու համար հազարավոր կիլոմետրեր կտրելու անհրաժեշտություն չկա:

Վստահ կարելի է պնդել, որ մեր պատմական վայրերից բացի պակաս հարմարավետ ու գրավիչ չեն հայաստանյան հյուրանոցները, որոնց գները չէ որ էապես խոչընդոտում են նորանոր զբոսաշրջիկների այցերին: Կորեական թերակղզին չունի նաեւ մանրավազ լողափեր եւ ալպյան լեռնադահուկուղիներ: Զբոսաշրջային միջավայրի համար առաջնահերթ այսօրինակ հնարավորությունների անլիարժեքությունը թերեւս լրացվում է այլ առաջնահերթություններով, որոնց մասին հանրությանը առավել սպառիչ տեղեկատվություն կարող են տալ, ասենք, ՀՀ նախագահի շրջապատի այն ներկայացուցիչները, որոնք նպաստել են կորեական ընտրության հարցում: Տողերիս հեղինակը կփորձի տալ Հարավային Կորեայի հանրապետության տնտեսության վերաբերյալ որոշ տեղեկատվություն, որը վերցրել է ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2014» տեղեկատուից:

Հանրահայտ է, որ նավթ ու գազ չունեցող այս երկիրն աղքատ է նաեւ առանձին վերցրած յուրաքանչյուր երկրի պարենային ապահովության համար նպաստավոր համարվող վարելահողերով: Արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու համար անհրաժեշտ այս հողատեսակը 1 կորեացու հաշվով հազիվ 300 քառակուսի մետր է, երբ ՀՀ-ում այս ցուցանիշը 1600 քմ է: Բայց չգիտես ինչ միջոցների օգնությամբ, երկրի աշխատունակ բնակչության հազիվ 6 տոկոսը կազմող կորեացի հողագործները կարողանում են տարեկան մինչեւ 7 մլն տոննա իրենց առաջնահերթ պահանջը բավարարող բրնձի արտադրություն իրականացնել, երբ մեր գյուղոլորտի պատասխանատուները տարիներ շարունակ նշում են ՀՀ բնակչության ցորենով ապահովվածության հազիվ 30-40 տոկոսի մասին: Հարավկորեական ցուցանիշները տպավորիչ են նաեւ կենդանական ծագման սննդատեսակների առումով: Երկրի 1 բնակչի հաշվով տարեկան 60 կգ ձկան արտադրություն ապահովելով հանդերձ ուշադրության կենտրոնում է պահվում նաեւ բնակչությանը ընտանի կենդանիների մսատեսակներով ապահովելը: Այդ նպատակով պահվում է 10 մլն-ից ավելի խոզ, 150 մլն հավ, շուրջ 3,5 մլն խոշոր եղջերավոր: 2010 թ.-ի տվյալներով երկրի 1 բնակչի կողմից տավարի, խոզի ու հավի մսի սպառումը կազմել է 54 կգ, երբ իրենց հյուսիսային ազգակիցների մոտ ցուցանիշը 8 կգ է, ՀՀ-ում արտադրվածը մոտ 20 կգ: Թերեւս մեզանում ոմանք չհամաձայնվեն տողերիս հեղինակի այն մոտեցմանը, որ երկրների բնակչության որոշակիից մինչեւ հիմնական հատվածը իշխանության հանդեպ իր վերաբերմունքը պայմանավորում է գերազանցապես կենդանական ծագման սննդատեսակներով ապահովվածության ու սպառման հնարավորությամբ: Այս խնդիրը Հայաստանում լուծված չէ. ավելինՙ այն լուծելու ուղղությամբ լիարժեք աշխատանք չի տարվում, հաճախ էլ խոսվում է ինչ-ինչ ինքնաբավության ու անգամ արտահանման հնարավորության մասին, չնկատելու տալով ահռելի ներկրումները:

Հարավկորեացիները վերջին տարիներին արտահանում են շուրջ 600 մլրդ դոլարի արտադրանք, որը 1 բնակչի հաշվով կազմում է 12 հազար դոլար: Մի պահ երազենք նման ցուցանիշ հայաստանցիներիս համար. կպահանջվի 35 մլրդ դոլարի արտահանում: Դժվար է ասել, թե 21-րդ դարում կունենա՞նք արդյոք այս ցուցանիշը: Նկատենք, որ ասենք նախկին սոցիալիստական 2 միլիոնանոց փոքր տարածքով նավթ ու գազ չունեցող Սլովենիան 1 բնակչի հաշվով այսօր արդեն ունի 14 հազար դոլար արդյունք:

Համանման վիճակ է ՀՀ տնտեսության մի այլ ոլորտում, էլեկտրաէներգետիկայում: Արդեն 20-րդ տարին է, ինչ ՀՀ-ում էլեկտրաարտադրությունը 6 մլրդ կվտժ-ի սահմաններում է, այն ոչ մի կերպ չի աճում: Ի՞նչ ցուցանիշ է 1 բնակչի հաշվով տարեկան մեր 2000 կվտժամը, արդյոք հնարավո՞ր է դրանով արտադրություն զարգացնել, զբոսաշրջային ենթակառուցվածքներ պահել, երկիրը գրավիչ դարձնել: Համեմատության համար նշենք, որ 2000 թ.-ին Հարավային Կորեայում այն 5000 կվտժամ էր, հիմա 10000 կվտժամ: Այլ կերպ հնարավոր չէր երբեմնի ծայրահեղ աղքատ երկիրը այսօրվա տեսքին բերել, երբ 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն հասնում է 34 հազար դոլարի, ՀՀ-ի 3000 դոլարի դիմաց:

Համանման պատկեր է Իռլանդիայի պարագայում: Տասնամյակներ տեւած արտագաղթից հետո այժմ 4,5 մլն բնակչությամբ այս երկրի ՀՆԱ-ն վերջին 10 տարում գրեթե եռապատկվել է, 1 բնակչի հաշվով մոտենալով 45 հազար դոլարի, բնակչությունն ավելացել է ամբողջ 1 մլն-ով: Տարածքով փոքր այս երկրում 8 մլն գլխից ավել խոշոր եղջերավոր ու խոզ է պահվում, երբ ՀՀ-ում անգամ 1 մլն նման գլխաքանակ ունենալու հեղինակի մոտեցմանը տնտեսագիտության 50 դոկտորներից մեկը գործընկերների ներկայությամբ հակադարձեց, թե «ինչ է, մենք խաշնարած ժողովուրդ ե՞նք» խոսքերով: Չեմ կարծում, թե 1 իռլանդացու հաշվով 2 խոշոր կաթնա-մսատու պահելը, չխոսելով մի քանի միլիոն այլ կենդանիների մասին, իռլանդացիներին նման ազգի բնորոշում է տալիս, քանզի ծանոթ ենք բնական տեսանելի աճ ունեցող այս մարդկանց կենցաղի գերժամանակակից դրսեւորումներին: Հիմքում, ինչքան էլ դա անսովոր ու անընդունելի լինի հայ տնտեսվարների ու տնտեսագետների համար, կենդանական ծագման որակյալ եւ մատչելի սննդի լիարժեք ապահովումն է, որը մեզանում փոխարինվում է «թող արդյունաբերությունն աշխատի, մենք սնունդ որտեղից ասես կգնենք» մոտեցմամբ: Փաստ է, որ անցնող տասնամյակները այս դիրքորոշման օգտին չեն խոսում, ՀՀ-ից առաջնահերթը հեռանում են ներկրումների արդյունքում աշխատելու հնարավորությունից օտարվող գյուղաբնակները, քանզի մեզանում ոչինչ չի արվում նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՀՀ բնակչության զգալի հատվածը նշում է, որ մեր երկրի ղեկավարների տարբեր պետություններ, պետական լինի, թե պաշտոնական, այցերը ցանկալի արդյունքների չեն հանգեցնում, ՀՀ տնտեսությունում ու մարդկանց կենցաղում մեզ գոհացնող փոփոխություններ չեն արձանագրվում: Հուսանք որ ՀՀ նախագահի Հարավային Կորեա անաղմուկ այցին հաջորդած կուսակցական այցը Իռլանդիա կխախտի ավանդույթը եւ 2014 թվականը կդառնա իրոք բեկումնային տարի, երբ մեր հարյուր հազարավոր համերկրացիները հնարավորություն կունենան իրենց հանգիստը վայելել չքնաղ Դիլիջանում ու Ջերմուկում, հիասքանչ Ծաղկաձորում ու Սեւանում, Հայաստանն էլ դարձնելով արդյունավետ ու գրավիչ տնտեսություն ունեցող երկիր:

06.03.2014 թ., Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.