AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-03-14 20:38:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1945, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԼԵՆՈՒՂԻ. 120 ԲՆԱԿԻՉ ԱՊՐՈՒՄ Է «ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ»ՙ ԱՌԱՆՑ ԿՈՄՈՒՆԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԳԱԶԻ ԵՎ ՋՐԻ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ազգ»ը նախորդ համարում անդրադարձել էր Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի բազմաբնակարան վթարային շենքերին, որտեղ գործում են անմարդկային պայմաններ եւ ամեն վայրկյան առաստաղը կարող է փուլ գալ բնակիչների գլխին: Հոդվածի հրապարակումից մի քանի օր անց խմբագրություն զանգեցին նույն մարզի Լենուղի համայնքիցՙ տեղեկացնելու, որ նույն պատկերն էլ իրենց համայնքում է. գյուղի չորրորդ փողոցի թիվ տասնմեկ, տասներկու, տասներեք շենքերում բնակվող 120 բնակիչներ ապրում են անմարդկային պայմաններում:

Վերոնշյալ հասցեները պայմանական են, քանի որ երեք հատ երկհարկանի շենքերը հասցե չունեն, բնակիչներն էլ` բնակարանների վկայականներ: Շենքերը կառուցվել են հեռավոր 1930-ականներին որպես հանրակացարաններՙ զուրկ կոմունալ որեւէ հարմարությունից: Թեպետ բնակիչներին անընդհատ խոստացել են, որ հանրակացարում բնակվելը ժամանակավոր բնույթ է կրում եւ շուտով կապահովվեն նորմալ բնակարաններով, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դարձել:

60-70-ական թվականներին տարածքում երկու անգամ խոշոր հրդեհ է բռնկվել, սակայն պետությունը որեւէ կերպ չի օժանդակել շենքերի նորոգմանն ու ամրացմանը: Հերթական հարվածն արդեն կիսավեր շենքերին հասցվել է 1988թ. երկրաշարժին: Շենքերն այսօրն ունեն վթարային չորրորդ կարգի աստիճան եւ անգամ ամենափայլուն շինարարական աշխատանքն ու ամրացումները չեն կարող մեջտեղից կիսված բնակարաններին փրկել:

Լենուղու բնակիչների ներկայացմամբՙ բազմիցս դիմել են մարզպետարանին` հարցը լուծելու պահանջով, սակայն պատասխանը մեկն է` դիմեք կառավարությանը: Գործադիրն էլ այս հարցում առանձնահատուկ ոգեւորություն եւ սրտացավություն չի ցուցաբերում: Բնակիչների նամակներին, պահանջներին եւ խնդրանքներին պատասխանում է մեկ բառովՙ փող չկա:

Բնակիչները հիշում են, որ 1988թ. երկրաշարժից հետո մի քանի ամիս վրաններում են ապրել: Այն ժամանակվա իշխանություններն արգելում էին վթարային շենքում ապրել, սակայն ձմռան ցուրտ ամիսներին վրաններում ապրելուց հետո, բնակիչները նախընտրեցին ոչ թե ցրտից փայտանալ, այլ վախով ապրել պատերը ճաք տված բնակարաններում: Երկհարկանի շենքերի տանիքները կամ փայտից են, կամ կիսավեր: Առաջին անձրեւից հետո բնակիչները ստիպված են տանն անձրեւանոցով շրջել, սենյակների անկյուններում թաշտեր տեղադրել: Անձրեւից հատակը փտել է: Նկուղներում փայտյա սյուներ են տեղադրել, որպեսզի սենյակները չփլվեն: Տանն աշխատում են քիչ քայլել, հատակն այնպես է ճռռում ու ճոճվում, որ թվում է, թե սենյակները կբաժանվեն երկու մասի: Շենքերի հիմքերը նույնպես կիսավեր վիճակում են, ոչ միայն թեթեւ քամուց, այլեւ հարեւան քաղաքում անցկացվող հրավառությունից են շենքերը ճոճվում:

Չորրորդ կարգի վթարային երեք շենքերում այսօր բնակվում է 29 ընտանիք` շուրջ հարյուր քսան հոգի: Այդ ավերակներումՙ կեղտի ու գարշանքի մեջ ծնունդներ ու մահեր են գրանցվում ու կյանքը շարունակում է ընթանալ նույն մռայլ գույներով: Բացի նրանից, որ շենքերը վթարային են, բնակիչները յոլա են գնում առանց զուգարանի, բաղնիքի ու ջրի: Տարածքի հարյուր քսան բնակչի համար նախատեսված է երկու զուգարան, այն էլ շենքերից դուրսՙ դիմացի մայթին: Զուգարանները երկու բանալի ունեն, որ հերթականությամբ փոխանցվում են հարեւաններին: Բնակիչները ծաղրանքով ասում են, որ հաճախ հերթ են կանգնում զուգարանից օգտվելու համար: Ամռանը զուգարաններն օգտագործում են նաեւ որպես բաղնիք, իսկ ձմռանը լողանում են կամ գոմերում, կամ տանը` թաշտի մեջ: Շենքի դիմաց գտնվող փոքրիկ աղբյուրն էլ բնակիչներին ջրով է ապահովում: Օրական երկու ժամով ջուր են տալիս ու բնակիչներն այստեղ էլ են հերթ կանգնում, որպեսզի ջուր կրեն: Հարսները պայմանավորվել են. օրական մեկն է լվացք անում, որպեսզի ջուրը բավականացնի:

Ծովինարը վեց անչափահաս երեխաների մայր է: Ասում է` օրական 10-15 անգամ ջուր է կրում, որպեսզի կարողանա լվացք անել, ճաշ եփել: Ծովինարի 11 հոգանոց ընտանիքը բնակվում է երկու սենյականոց բնակարանում: Երեկոյան սենյակում, անկողնու մեջ խավարասերներ են վազվզում: Մի անգամ էլ մուկն է փոքրիկին կծել: Գրեթե նույն պատկերն է նաեւ Նաիրայի բնակարանում: Երկու որդիներն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեն: Մի քանի վիրահատություններից հետո երեխաներին արգելել են խոնավ սենյակում, թաց անկողնու մեջ քնել: Նաիրան որդիներին ուղարկել է հարեւան գյուղՙ ծնողների մոտ, իսկ ինքն ու ամուսինը գնորդ են ման գալիսՙ բնակարանը... վաճառելու համար:

Շենքի մեկ այլ բնակիչՙ Հմայակ Խաչատրյանն էլ ցույց է տալիս նամակների տրցակը, որ ուղարկել են տարբեր գերատեսչություններ: Պատասխանել են, որ փող չկա ու այսօրվա դրությամբ հնարավոր չէ իրենց խնդրին լուծում տալ: «Բա որ մեր խնդրին չեք ուզում լուծում տալ, որն է ձեր գոյության իմաստը, որ ձեր հարյուրից ավելի քաղաքացիների անվտանգությունը չեք կարողանում ապահովել»,- ասում է Խաչատրյանը:

Գյուղապետ Գեղամ Ղազարյանը հավաստիացնում է, որ բոլորից լավ է հասկանում բնակիչների խնդիրն ու ցավը: Տարիներ շարունակ ապրել է այդ պայմաններումՙ առանց ջրի, վառելիքի ու կոմունալ որեւէ հարմարության: Գյուղապետի խոսքերով, ձմռանը այն տպավորությունն էՙ կարծես բաց երկնքի տակ ես գտնվում, առաստաղից երկինքը երեւում է: Սակայն գյուղապետարանի հատկացրած բյուջեն չի կարող լուծել բնակիչների խնդիրը:

Շենքի բնակիչները հավաստիացնում են, որ եթե մոտ ապագայում կառավարությունը ոչինչ չձեռնարկի, ապա իրենք կդիմեն գործնական քայլերի եւ կառավարության շենքի դիմաց վրաններ կտեղադրեն եւ այդպես կարտահայտեն իրենց բողոքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 14-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.