AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



Տեղադրվել է` 2014-03-20 23:48:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2416, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ԻՍԿ ԶՈՒԳԱՀԵՌԸ ԶՈՒԳԱՀԵՌԻ ՀԵՏ ՉԻ՞ ՀԱՏՎՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ղրիմի հանրաքվեն մարտի 17-ին դարձել է պատմություն: Բայց այդ մասին դեռ երկար կխոսվի: Մարտի 18-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ համերգ-միջոցառում: Նախօրեին Ղրիմի հանրաքվեի առթիվ տեսակետ էր հայտնել ԼՂՀ ԱԳՆ-ն, հետեւել էր ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը: Ղարաբաղյան կողմը ողջունել է ինքնորոշման իրավունքի իրացման հերթական նախադեպը, իսկ խորհրդարանականների կարծիքով էական է, որ միջազգային ասպարեզում եւս մեկ անգամ ինքնորոշումը գերադասվում է պետության տարածքային ամբողջականությանը:

Մինչ Ստեփանակերտում համերգի էին նախապատրաստվում, Երեւանից ինձ անընդմեջ հարցում էին.

- Մի՞թե ԼՂՀ-ն պաշտոնապես կհայտարարի, որ ճանաչում է Ղրիմի անկախությունը:

- Իսկ Ղրիմն անկախացե՞լ է,- հարցին հարցով էի պատասխանում:

Ես գիտեի, թե ինչ են ուզում ինձնից լսել, նրանք հասկանում էին, որ ես ավելին չեմ ասելու: Որովհետեւ, իրոք, Ղրիմը ոչ թե անկախանում, այլ ինքնավարության կարգավիճակով վերամիավորվում է Ռուսաստանի կազմում, վերականգնվում է թերակղզու այն կարգավիճակը, որ կար մինչեւ 1954թ.-ը:

Քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների ավագ սերունդը, երեւի, կհիշի, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու պահանջը հիմնավորելիս հայկական կողմն ավելի շատ հղում էր անում Ռուսաստանի կազմից Ղրիմն Ուկրաինային անցնելու նախադեպին: Այո, եղել էր այնպես, որ Նիկիտա Խրուշչեւի մի կամային որոշմամբ Ղրիմն անցել էր Ուկրաինային: Եւ եթե այդպես մեկ անգամ հնարավոր էր, ինչու՞ հնարավոր չէր Լեռնային Ղարաբաղի դեպքում,- հայ հրապարակախոսության փաստարկներից մեկն էլ սա էր:

Հետխորհրդային տարածքում թյուրըմբռնում կա, թե վերակառուցման դարաշրջանում ազգային հարց առաջինը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնությունը: Իրականությունը մի փոքր այլ է. ազգային հողի վրա առաջին հուզումներն արձանագրվել են 1986թ.-ին` Ղազախստանում, երբ այնտեղ կոմունիստական առաջնորդ էր նշանակվել ազգությամբ ռուս Կոլբինը` այդ հանրապետության երկարամյա կոռումպացված ղեկավար Դինմուհամեդ Կունաեւի փոխարեն:

Փաստացի` վերակառուցման ուղեգծի դեմ կատաղի դիմադրությունը, որի գաղափարախոսները ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ երեք մուսուլման «կոմունիստներն» էին` Հեյդար Ալիեւը, Դինմուհամեդ Կունաեւը եւ Շարաֆ Ռաշիդովը, Ալմա-Աթայի 1986թ. արյունալի բախումներով ստացել է ազգամիջյան-կրոնա-մենթալ հակասությունների տեսք: Եւ, որքան էլ ոչ օրինաչափ թվա, հաջորդ ահազանգը հնչեցվել է Ղրիմից, որտեղ բարձրացվել է 1944թ.-ին բռնատեղահանված թաթար բնակչության իրավունքների վերականգնման հարցը:

ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի 1988թ. փետրվարի 29-ի նիստի արձանագրությունը վաղուց գաղտնազերված, բազմիցս հրապարակված է: Ահա այդ նյութերից իմանում ենք, որ փետրվարի 26-ին Գորբաչովն ընդունել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին եւ գրող-հրապարակախոս Զորի Բալայանին: Հայ պատվիրակները պահանջել են, որպեսզի ԼՂ հարցով ստեղծվի կառավարական հանձնաժողով: «Մի՞թե Քաղբյուրոյի որոշումը ձեզ չի բավարարում»,- խուսանավել է Գորբաչովը:

- Իսկ ինչու՞ Ղրիմի թաթարների հարցով հանձնաժողով ստեղծվել է,- հակադարձել են Կապուտիկյանը եւ Բալայանը:

- Մենք, այո, թաթարների հարցով հանձնաժողով ստեղծել ենք, բայց իրականում ոչինչ չենք անելու,- անկեղծացել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարը:

Ինչպես տեսնում ենք, Ղրիմի հարցը Լեռնային Ղարաբաղի խնդրին առնվազն առնչվել է` 1988թ.-ին: Մի դեպքում` թերակղզին Ռուսաստանից Ուկրաինային հանձնելու, մյուսում` թաթարների հարցով ԽՍՀՄ կառավարական հանձնաժողով ստեղծելու իմաստով: Երկու անգամ էլ կենտրոնական իշխանությունները ԼՂ պարագայում Ղրիմը նախադեպ չեն համարել:

Վերջերս Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը հիշեց, որ երբ Բելովեժյան թավուտում պետք է գրվեր ԽՍՀՄ «դամբանականը», Ելցինին հարցրել է.

- Ի՞նչ ենք անելու Ղրիմի հետ:

- Քեզ վերցրու,- մի կարճ դադարից հետո հարցը փակել է «ցար» Բորիսը:

Լեռնային Ղարաբաղի հարցում նման ջենտլմենական պայմանավորվածությունը բացառված էր: Ուստի 1991-ի տարեվերջին արդեն պարզ էր, որ խնդիրը «կամ-կամ» է. կամ Լեռնային Ղարաբաղի 150 հազ. հայությունը մնում է իր հողում, կամ էլ ենթարկվում նվազագույնը բռնատեղահանության: Ղրիմն այդպիսի խնդիր չուներ, եւ հանրաքվե այնտեղ չանցկացվեց, Ելցինի որոշման դեմ ոչ ոք չըմբոստացավ:

Ավելին, 1991թ. մարտի 17-ի ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին Ղրիմը մասնակցել է, Լեռնային Ղարաբաղը` ոչ: Ղրիմի ինքնավարությունն, այսպիսով, որոշ պատասխանատվություն ունի միասնական պետության վերականգնման քաղաքական նախագծի համար: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղը 1991թ. դեկտեմբերի 10-ին հռչակել է անկախություն, քանի որ արդեն ակնհայտ էր, որ ԽՍՀՄ-ը փլուզվում է եւ չի կարող երաշխավորել ԼՂ հայ մեծամասնության անվտանգությունն ու խաղաղ զարգացումն իր հայրենիքում, իսկ Ադրբեջանի պետական նպատակադրվածությունը ոչ թե քաղաքացիական համերաշխության հասնելն է, այլ` նախկին ինքնավար մարզի տարածքի բռնակցումը` հայ բնակչության էթնիկական զտումով հանդերձ:

Գործնականում Ղրիմն Ուկրաինայից անջատվել, վերադարձել է Ռուսաստանի կազմ, քանի որ Ռուսաստանի նախագահը Կիեւի նոր իշխանություններին այլեւս չի կարող ասել` «Ղրիմը ձեզ պահեք»: Թե ինչո՞ւ` կարելի է անվերջ բացատրություններ գտնել եւ ներկայացնել: Բայց դա` պատմության համար: Իրական քաղաքականության տեսանկյունից խնդիրն այն է, որ աշխարհակարգի փոփոխությունն արդեն փաստ է, եւ Ռուսաստանն Արեւմուտքին «վճարում է նույն մանրադրամով»:

Դա արդեն միտում է. 2008-ին` Աբխազիան եւ Հարավային Օսիան, 2014-ին` Ղրիմը: Մի դեպքում` պատերազմով, մյուսում` հանրաքվեով: Որոշման հիմքն, այսպիսով, կարող է թե մեկը լինել, թե մյուսը: Լեռնային Ղարաբաղի դեպքում առկա է եւ հանրաքվեն, եւ պատերազմով ինքնապաշտպանությունը: Եւ ոչ մեկն է հնարավոր անտեսել, ոչ, մանավանդ, երկրորդը, քանի որ առկա իրավիճակն ուժով փոփոխելու որեւէ փորձ հղի է նոր պատերազմի վտանգով, պատերազմ, որ այլեւս չի կարող «տեղային» լինել:

Ուկրաինան, ինչ խոսք, դիվանագիտական քայլեր կձեռնարկի: Բայց Ղրիմի անցումն Ռուսաստանի իրավազորությանն արդեն անդառնալի է: Թերեւս կծագի նաեւ գոնե Հարավային Օսիան Ռուսաստանին միավորելու անհրաժեշտություն, որովհետեւ ՌԴ-ն իր կազմում ունի Օսեթական ինքնավարություն: Տեսանելի ապագայում Ռուսաստանին, գուցե, կմիանա նաեւ Աբխազիան. եթե Ռուսաստանի նախագահը ԽՍՀՄ կազմից Ուկրաինայի անջատումն «այնքան էլ օրինական» չի համարում, ապա ինչո՞ւ նույնը չպետք է վերաբերի նաեւ Վրաստանին:

Ղրիմի եւ նախկին վրացական իքնավարությունների դեպքում, այսպիսով, Ռուսաստանը վերացնում է խորհրդային իշխանության թույլ տված սխալները` ոչ մի անհրաժեշտություն չկար, որպեսզի Աբխազիայի հանրապետությունը լուծարվեր եւ որպես ինքնավարություն մտցվեր Վրաստանի կազմ, իսկ Օսեթիայի մասնատում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ արդեն իսկ անհեթեթություն է, ինչպես նաեւ` Ղրիմն Ուկրաինային «նվիրաբերելու» Խրուշչեւի որոշումը:

Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ասել է, որ Ուկրաինայից հետո Պուտինի հաջորդ «թիրախը կդառնա Ադրբեջանը»: Բաքվում, ըստ երեւույթին, ոչ թե սեփական «բռից», այլ ինչ-որ աղբյուրներից «ինչ-որ հոտ առել են»: Գործի է դրվել քարոզչական մեքենան: Մարտի 17-ին vesti.az-ն անդրադարձել է 1991-ի նույն օրը ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին` զրուցակից ունենալով վերակառուցման դարաշրջանի հայտնի գաղափարախոսներից մեկին` պատմաբան Ռոյ Մեդվեդեւին, որ երանությամբ վերհիշել է, թե որքան «կազմակերպված եւ արդյունավետ էր այդ հանրաքվեն Ադրբեջանում»:

Ադրբեջանական քարոզչությունը նաեւ «վերակենդանացրել է» նախկին նախագահ Այազ Մութալիբովին, որը haqqin.az-ին տված հարցազրույցում տառացիորեն հայտարարել է, թե ԽՍՀՄ պահպանման հարցով «հանրաքվեի օրինականությունը չի կարելի դնել կասկածի տակ»: Մութալիբովը միաժամանակ ասել է, որ «Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին քվեարկել է հօգուտ ԽՍՀՄ-ի պահպանման»:

Ըստ երեւույթին, 23 ամյա վաղեմության թեմայի այժմեականացումն ամենեւին էլ պատահական չէ. Բաքվում ակնհայտորեն փորձում են «քաղաքական ուղեգիծ» մշակել այն կտրվածքով, որ Ադրբեջանը «երբեք էլ Խորհրդային Միության պահպանմանը դեմ չի եղել»: Անշուշտ, դա Ղրիմի հանրաքվեի ազդեցությամբ արվող «ուժերի վերադասավորում է»: Այդ կերպ, սակայն, «թիրախավորվում է» դարձյալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Ղրիմի դեպքում, ինչպես ասացինք, գործել է նաեւ «պատմական արդարության վերականգնման» տարբերակը: Այս պարագայում չափազանց կարեւորվում է, թե ի՞նչ նոր շեշտադրումներ կարող է անել Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի պատմականության տեսակետից: Չէ՞ որ հայտնի է, որ 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական ժամանակավոր համաձայնագրով Նախիջեւանը, Սյունիքը եւ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել են «ժամանակավորապես զբաղեցված տարածքներ, որոնց վերջնական կարգավիճակը պետք է որոշվի կողմերի միջեւ ամենամոտ ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագրով»:

Նման պայմանագիր, հայտնի է, չի ստորագրվել, Նախիջեւանի ճակատագիրը տնօրինվել է 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով, իսկ նույն տարվա հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կոմկուսի Կովկասյան բյուրոյի որոշմամբ «թողնվել է Ադրբեջանի կազմում»: Այսօր ի՞նչ մոտեցում ունի պաշտոնական Մոսկվան թե ռուս-թուրքական պայմանագրի, թե կոմկուսի Կովկասյան բյուրոյի որոշման նկատմամբ: Համարո՞ւմ է դրանք «օրինական», թե՞ գտնում, որ ԽՍՀՄ կազմից ապօրինի անջատվելով` Ադրբեջանը կորցրել է Նախիջեւանի եւ ԼՂ հանդեպ իրավազորությունը: Ահա, թերեւս, գլխավոր «ինտրիգը» դրանում է, եթե, իհարկե, բացառենք, որ ՌԴ պետդումայի փոխխոսնակ Ժիրինովսկին, երբ խոսում է ԼՂ-ն Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին, միայն անձնական տեսակետ է արտահայտում:

Երկրաչափության աքսիոմաներից մեկը սահմանում է, որ «զուգահեռները չեն հատվում», բայց դա դասական «նախագիտելիք» է ընդամենը, քանի որ եթե երկրագունդը կլոր է, ապա ուղիղ գիծ եւ չհատվող զուգահեռներ չեն կարող լինել: Ի տարբերություն գիտության, քաղաքականությունը միշտ պրագմատիկ-ուղղագիծ է, եւ այնտեղ զուգահեռները չեն հատվում ոչ թե ի սկզբանե, այլ` որոշումներ ընդունողների ցանկությամբ:

Ղրիմի հանրաքվեն Ռուսաստանի բուռն ցանկությամբ խաչվեց Կոսովոյի անկախության հռչակագրին: Լեռնային Ղարաբաղի խնդիրը «շարունակում է մնալ» ԵԱՀԿ ՄԽ համանախագահության «կոնսենսուսի» տիրույթում, եւ ամերիկացի համանախագահը հույս ունի, որ Ղրիմի հարցում իր երկրի եւ Ռուսաստանի տարաձայնությունները չեն խոչընդոտի, որպեսզի իրենք ԼՂ հարցում «արդյունավետ համագործակցեն»:

Թե` ինչպե՞ս կամ ի՞նչ սկզբունքներով` մնում է ենթադրություններ անել: Բայց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Նովրուզ Մամեդովն արդեն հասցրել է ամերիկացի համանախագահի ասածի ենթատեքստում «հայկական հետք տեսնել»: Բաքվում Ղրիմի հանրաքվեից հետո ցույց են տալիս, թե «վերադառնում են» ամենասկզբին, երբ Ղարաբաղյան շարժումը համարում էին «ԽՍՀՄ ամբողջականության դեմ ուղղված արեւմտյան սադրանք»:

Կուլ կտա՞ Մոսկվան այդ խայծը, թե... զուգահեռներն իրոք չե՞ն հատվում:

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.