AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-03-20 23:48:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1848, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ԻՆՉՈ՞Ւ «ՀԱՆԿԱՐԾ» ԲՈՂՈՔ ԱՌԱՋԱՑԱՎ 5 ՏՈԿՈՍԻ ԴԵՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մինչեւ կուտակային կենսաթոշակային համակարգի ուժի մեջ մտնելը, այս համակարգի գործունեության համար որպես գլխավոր ռիսկային խնդիր մասնագետներն ու մեկնաբանները նշում էին այն հանգամանքը, թե կհաջողվի՞ աշխատողներին գործատուներից պահանջել իրենց դուրս բերել ստվերից եւ օրինական գրանցել: Այսինքն, որպեսզի աշխատողների համար հնարավորություն ստեղծվի ընդգրկվել այդ համակարգում եւ կուտակումներ կատարել ապագայում բարձր կենսաթոշակ ունենալու համար: Մինչ օրենքի գործարկումը ենթադրություններ անգամ չեղան այն մասին, որ սեփական կենսաթոշակի համար աշխատավարձից կատարվող վճարումը կարող է խնդիր առաջացնել:

Հիմա էլ, դիտարկելով աշխատավարձից սեփական կենսաթոշակի համար 5 տոկոս վճարումը որպես բացասական երեւույթ ներկայացնելը, կարելի է ասել, որ դա ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն ստեղծված խնդիր: Իսկ կուտակային համակարգի առավելություններին քաջատեղյակ եւ գիտելիքներ ունեցող մարդիկ էլ պարզապես չեն ցանկանում խոսել այդ մասին, վախենալով բողոքողների ստեղծած անհանդուրժողականության մթնոլորտից, պիտակավորումներից եւ վիրավորական արտահայտություններից:

Խնդրի արհեստական լինելու մասին է խոսում նաեւ այն փաստը, որ ընդամենը 1 տարի առաջ, մինչեւ 2013 թվականը, բոլորս աշխատավարձերից վճարում էինք 3 տոկոս սոցիալական վճար եւ դա բողոք չէր առաջացնում: Կրկնում ենք, այդ 3 տոկոսը պահվում էր անմիջականորեն աշխատողի աշխատավարձից, այլ ոչ թե գործատուից: Օրինակը ներկայացնենք նվազագույն աշխատավարձի վրա:

2012 թվականին, երբ նվազագույն աշխատավարձը 32500 դրամ էր, աշխատողը ստանում էր 31525 դրամ, քանի որ 32500 դրամի 3 տոկոսը կամ 975 դրամը պահվում էր որպես աշխատողի սոցվճար: Դրանից բացի, գործատուն վճարում էր 41375 դրամ կեղտոտ աշխատավարձից 8875 դրամ սոցվճար նույն աշխատողի համար: Ընդ որում, վերոնշյալ 3 տոկոսը աշխատողի գումարից ոչ թե նրա անձնական հաշվին էր կուտակվում, այլ ուղղվում էր պետբյուջե` գործող կենսաթոշակների վճարմանը, այսինքն պահվում էր անվերադարձ:

3 տոկոս սոցվճարի վճարումը ընկալվում էր որպես նորմալ երեւույթ, քանի որ պետությունը ենթադրում է բոլորի համար պարտադիր բնույթ ունեցող որոշ գործառույթներ: Հարկեր, տուրքեր եւ վճարումներ, պարտադիր զինծառայութուն, պարտադիր միջնակարգ կրթություն եւ այլն: Ի՞նչ պատահեց հիմա:

Սոցվճարն ու եկամտահարկը միավորվեցին դառնալով միասնական եկամտային հարկ, որն այժմ ամբողջությամբ վճարում է գործատուն: Այսինքն, հիմա աշխատողի «մաքուր» աշխատավարձից այլեւս 3 տոկոս նվազում տեղի չի ունենում: Նվազագույն աշխատավարձ ստացողի օրինակով դա նշանակում է, որ նա ստանում է հայտարարված 45 հազար դրամ աշխատավարձը, ոչ թե դրանից 3 տոկոս պակաս, ինչպես արվում էր մինչեւ 2013 թվականը:

Այնուհետեւ` մեր իրականության մեջ 3 կամ 5 տոկոսը երբեք լուրջ չափ չի համարվել, եւ երբ նվազագույն աշխատավարձը բարձրացվում էր օրինակ` 30 հազար դրամից 32500 դրամ, բոլորը միաբերան ծաղրում էին դա: Մինչդեռ, տվյալ դեպքում դա մոտ 8 տոկոսով բարձրացում էր: Դրանից հետո նվազագույն աշխատավարձը դարձավ 40 հազար դրամ, ապա 45 հազար դրամ, շուտով կդառնա 50 հազար դրամ, բայց դարձյալ ոչ ոք չի ասում, որ 2 տարվա մեջ նվազագույն աշխատավարձի գրեթե 60 տոկոս ավելացումը համարվում է կտրուկ բարձրացում: Եթե 8 տոկոսի բարձրացումը ծաղրանքի է արժանանում, իսկ 60 տոկոսն` անտարբերության, ապա ինչպե՞ս եղավ, որ 5 տոկոսը «հանկարծ» այդքան կենսական գումար դարձավ:

Բացի դրանից, ի տարբերություն մեկ տարի առաջվա 3 տոկոսի, ներկայումս 5 տոկոսը ոչ թե ուղղվում է պետական բյուջե, այլ մնում է աշխատողի սեփականությունը, ինչին նույն չափով` 5 տոկոս ավելացնում է պետությունը` պետական բյուջեից մնացած բոլոր աշխատավարձ եւ թոշակ ստացողների հաշվին` ինչի մասին չեն սիրում հիշատակել նոր համակարգից դժգոհողները: Այս ամենից հետո պարզապես զավեշտալի է ու շատ անարդար, որ նաեւ այլ ծախսերից կտրված եւ այս համակարգին ուղղված լրացուցիչ պետական ֆինանսավորման շնորհիվ, տարիներ հետո այս համակարգի արդյունքները վայելելու եւ բարձր կենսաթոշակ են ստանալու հենց նրանք, ովքեր այսօր բողոքում են դրա դեմ` հրաժարվելով ընդամենը մասնակից դառնալ սեփական կենսաթոշակի ձեւավորմանը:

Տարատեսակ պատճառաբանությունների` ինչպիսիք են չենք վստահում իշխանություններին, չենք վստահում կառավարիչներին, գումարները հաջորդ իշխանությունները կարող են չվերադարձնել եւ այլն, առնչությամբ տրվող պարզաբանումների եւ իրազեկման պակաս չկա: Սակայն կուտակային համակարգին դեմ արտահայտվողները լսել անգամ չեն ցանկանում այդ պարզաբանումները, հարցեր տալ պատասխանատուներին եւ մասնագետներին, ծանոթանալ նոր համակարգի գործունեության մեխանիզմներին, փարատել մտահոգությունները, եթե իսկապես դա է նրանց ցանկությունը:

Միակ առարկայական փաստարկն այն է, որ բողոքողները չեն ցանկանում այս պահին հրաժարվել 5 տոկոսը ծախսելուց: Փաստարկ, որը, թերեւս, իրավունք ունի գոյություն ունենալու, բայց այնքան զորեղ չէ, որ ի չիք դարձնի նոր համակարգի անհրաժեշտության եւ առավելությունների մասին մնացած բոլոր հիմնավորումներն ու փաստարկները:

Մի քանի տարի հետո բախվելու ենք ներկայիս կենսաթոշակային համակարգի սնանկացման խնդրին, որը կփլուզի երկրի ամբողջ ֆինանսատնտեսական համակարգը, որի հետեւանքները բոլորիս համար ծանր կլինեն, որից խուսափելու միակ արդյունավետ տարբերակը կուտակային համակարգն է: Միեւնույնն է, այդ համակարգին հարկադրված ենք լինելու անցնել` այս, թե հաջորդ իշխանությունները, ուղղակի որքան ուշ, այնքան ավելի ծանր ֆինանսական բեռով: Այլ ելք պարզապես չկա:

Հ.Գ. Մարտի 19-ի կառավարության նիստում, կուտակային կենսաթոշակային համակարգից դժգոհողներին երկխոսության կոչ ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետեւ այն դիրքորոշումըՙ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար», հայտարարեց Տիգրան Սարգսյանը, միեւնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորիս համար»:

Վարչապետի երկխոսության առաջարկը ողջունելով, «Դեմ եմ» շարժումը միաժամանակ շեշտեց, որ իրենց «պայքարը շարունակվելու է այնքան, մինչեւ իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը» եւ երբ «պատրաստակամություն կլինի պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու», այդ դեպքում պատրաստ կլինեն երկխոսության:

Ավելորդ է նշել, որ պարտադիր բաղադրիչի վերացումը կբացառի կուտակային համակարգի կայացումը եւ երկխոսելու կարիք այլեւս չի լինի: Եթե կառավարությունը համաձայնի այդ պահանջին, ապա նշանակում է, որ յուրաքանչյուր բարեփոխում մեր երկրում հիմա կամ ապագայում, հանդիպելով բնակչության այս կամ այն հատվածի դիմադրությանը, դատապարտված է լինելու թղթի վրա մնալուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 21-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.