AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



ԱՆԿԱՐԱՅԻՑ ԲԱՔՈՒ

Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3795, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ԷՐԴՈՂԱՆԸ ՍԱՍԱՆՈՒՄ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՄՈՆՈԼԻՏԸ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անկարայում պատրաստված «բաղադրատոմս» Իլհամ Ալիեւի համար

Բաքվից ստացվում են շատ հետաքրքրական լուրեր: Իլհամ Ալիեւի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական ապահովության բաժնի պետ Էլնուր Ասլանովը: Ընդսմին, բաժինը նոր ղեկավար չի ունենա, քանի որ այն փաստացի լուծարվել է, իսկ աշխատակիցների մեծ մասն` ազատ արձակվել: Այսուհետ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում տեղեկատվական ապահովության խնդիրները կլուծվեն քաղաքական հարցերով բաժնի պետ Նովրուզ Մամեդովի «գրասենյակի» մակարդակով:

Էլնուր Ասլանովի դեմ, ըստ որոշ տեղեկությունների, դատախազության ծանր հանցագործությունների վարչությունում քրեական գործ է հարուցվել, բայց նա շարունակում է մնալ ազատության մեջ: Ասլանովն իր մասին հասարակությանը հիշեցրել է facebook սոցիալական ցանցի միջոցով, երբ շաբաթասկզբին Բաքվի տեսարժան վայրերի լուսանկարներ է տեղադրել` դրանք անվանելով «սեփական արտադրության»: Haqqin.az-ը, որ Ասլանովին անվանում է «նուրսիական իմամ», իսկույն ծաղրել է Ադրբեջանի արդեն նախկին թիվ մեկ նյուզմեյքերին` նրան անվանելով «սկսնակ ֆոտոռեպորտյոր»:

Բայց դա, երեւի, haqqin.az-ի «սեփականատեր» Ֆաթուլլաեւի անձնական վերաբերմունքն է իր ոչ այնքան վաղեմի «շեֆի» հանդեպ. ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «խղճի կալանավոր» Ֆաթուլլաեւը հավակնում է Իլհամ Ալիեւի տեղեկատվական կցորդի պաշտոնին:

Հետաքրքրականն այն է, որ Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքում (www.president.az) Էլնուր Ասլանովին պաշտոնից հեռացնելու մասին հրամանագիրը տեղադրված չէ: Ավելին, ադրբեջանական եւ ոչ մի լրատվամիջոցի այդպես էլ չի հաջողվել ստանալ Իլհամ Ալիեւի հրամանագրի ամբողջական բովանդակությունը: Հայտնի չէ, թե ի՞նչ պատճառաբանությամբ է նա շնորհազրկել Ասլանովին, որն, ի դեպ, վերջին տարիներին ուներ «երիտասարդ եւ խոստումնալի քաղաքական գործչի» համարում եւ դիտվում էր իբրեւ Իլհամ Ալիեւի «նորարական ուղեգծի ամենաեռանդուն ջատագով»:

Էլնուր Ասլանովի պաշտոնանկությունը հետաքրքրական է նաեւ նրանով, որ նրա մայրը` Ռիբայաթ Ասլանովան, կառավարող «Ենի Ազարբայջան» կուսակցությունից պատգամավոր է եւ գլխավորում է Միլլի մեջլիսի կոմիտեներից մեկը, այսինքն` իշխող վարչախմբի «նեղ շրջապատի» ներկայացուցիչ է: Տեղեկություններ կան, որ Էլնուրը Ռիբայաթ Ասլանովայի արտաամուսնական «չարաճճիությունների» պտուղն է, մայր եւ որդի ապրում են նույն հարկի տակ, եւ «հաջողակ» զավակն իր սրընթաց առաջխաղացումների համար պարտական է մորը:

Բայց սրանք կենցաղային մանրամասնություններ են, որ մենք ներկայացնում ենք «աղուպղեղի» համար: «Ճաշատեսակը», որ պատրաստվել է Իլհամ Ալիեւի խոհանոցում, մինչդեռ, քաղաքական մի այնպիսի «նրբախորտիկ» է, որի բաղադրատոմսն ակնհայտորեն պաշտոնական Անկարան է պարտադրել: Այո, Էլնուր Ասլանովը զբաղեցրած պաշտոնից ազատվել է որպես «Ադրբեջանի նուրսիական իմամ», որը, ինչպես Բաքվի որոշ լրատվամիջոցներ են պնդում, «ստեղծել եւ գլխավորում էր մի բավական ազդեցիկ կառույց»:

Տարեսկզբից, ինչպես հայտնի է, Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը սրված է: Վարչապետ Էրդողանը ձեռնարկել է մի շարք կտրուկ քայլեր, որպեսզի հակակշռի Գյուլենի ստեղծած «գաղտնի խմբակներին»: Արդյունքում Գյուլենն ստիպված էր Թուրքիայից դուրս քաղաքական ապաստան խնդրել, իսկ կառավարությունն էլ իր հերթին մեղմացրեց այսպես կոչված «Էրգենեկոն»-ի գործով մեղադրյալների եւ նույնիսկ արդեն դատապարտվածների հանդեպ իր դիրքը, որոնցից մի քանիսն արդեն իսկ ազատ են արձակվել:

Էրդողանն այդ կերպ փորձեց սքողել կոռուպցիոն սկանդալը, որտեղ խոսք կար նաեւ նրա եւ որդիների մասնակցության մասին: Թուրքիայի վարչապետն անընդհատ շեշտում է, որ դա «արտաքին սադրանքն է» իր կառավարության դեմ, եւ «կան ուժեր, որոնց Թուրքիայի հզորացումը ձեռնտու չէ»:

Բայց ի՞նչ կապ ունի թուրքական ներքաղաքական ճգնաժամի հետ Իլհամ Ալիեւի աշխատակազմի պաշտոնյան: Վստահաբար կարելի է ասել` կապն ուղղակի է, եւ դրա մասին է վկայում Էլնուր Ասլանովի պաշտոնանկության շուրջ Էրդողանի չափազանց նյարդային արձագանքը: Haqqin.az-ը, հղում անելով թուրքական մի քանի լրատվամիջոցների, ներկայացրել է Էրդողանի արձագանքը: Ըստ այդմ, Թուրքիայի վարչապետը «ողջունել է Ասլանովին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումը»:

Շարունակությունն ուղղակի սենսացիոն է հնչում. «Բայց Էլնուր Ասլանովի հովանավորը շարունակում է մնալ իշխանության մեջ եւ զբաղեցնել չափազանց ազդեցիկ դիրք»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանի «նախագահը կձեռնարկի նաեւ ավելի հեռուն գնացող քայլեր»:

Պաշտոնական Բաքուն «եղբայրական» Թուրքիայի վարչապետի կոչին դեռեւս չի արձագանքել: Ադրբեջանի իշխող վերնախավը, սակայն, չի էլ հերքել, որ Էլնուր Ասլանովը շնորհազրկվել եւ նրա դեմ քրեական գործ հարուցվել է թուրքական կողմի պահանջով: Իսկ դա իր հերթին հիմք է տալիս ենթադրելու, որ Էրդողանը խիստ է դրել Իլհամ Ալիեւի շրջապատը նուրսիականներից մաքրելու հարցը, սակայն վերջինս բավարարվել է միայն Էլնուր Ասլանովի զոհաբերությամբ, ինչը Թուրքիայի վարչապետը բավարար փոխհատուցում չի համարում:

Ո՞ւմ նկատի ունի Էրդողանը «Էլնուր Ասլանովի հովանավորը շարունակում է մնալ իշխանության մեջ եւ զբաղեցնել չափազանց ազդեցիկ դիրք» ասելով: Ամենահետաքրքրականը, թերեւս, դա է: Ադրբեջանի քաղաքական վերնախավում Իլհամ Ալիեւից հետո երկրորդ ազդեցիկ դեմքը նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւն է, որն այդ պաշտոնն զբաղեցնում է դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակներից:

Ադրբեջանի գրեթե բոլոր ոչ իշխանական աղբյուրները Մեհթիեւին անվանում են «գորշ կարդինալ»: Բաքվի քաղաքական վերնախավում շատերն էին հույս փայփայում, որ նախագահական «ընտրություններից» հետո Մեհթիեւը հրաժեշտ կտա պաշտոնին, մանավանդ որ նրա տարիքը մոտենում է 80-ին, բայց «անխորտակելի նավը», ի հեճուկս բոլորի, մնաց «մեծ ծովում եւ շարունակում է նավարկել»:

Մեկնաբանները միաձայն պնդում են, որ Ռամիզ Էնվերովիչը, ինչպես նախագահի աշխատակազմի ղեկավարին անվանում են Բաքվում, Իլհամ Ալիեւի իշխանության մեջ ներկայացնում է «մոսկովյան վեկտորը»: Ոմանք նրան ուղղակի անվանում են «Կրեմլի դրածո» կամ «Ռուսաստանի գործակալ»: Մեհթիեւը հետաքրքրական կենսագրություն ունի. Հեյդար Ալիեւի կոմունիստական «թագավորությունում» նա զբաղեցրել է կոմկուսի կենտկոմի «գաղափարական գծով քարտուղարի» պաշտոնը:

Մեհթիեւն այս «ուղեբեռով», իհարկե, ներկայիս ադրբեջանական իշխանության առանցքային դեմքերից մեկն է, բայց պատկերացնել, որ նա առանց Իլհամ Ալիեւի գիտության Ադրբեջանում «նուրսիական օրդեն» է հիմնադրել եւ պարագլուխ կարգել Էլնուր Ասլանովին, ըստ երեւույթին, կլիներ չափազանցություն: Մանավանդ որ անցած տասնամյակում Ադրբեջանում ձեւավորվել է ալիեւների «անխախտ իշխանության» երկրորդ լուրջ հենասյունը` ի դեմս առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հայրական ընտանիքի, որ ոչ միայն աչալուրջ վերահսկում է ներքաղաքական կյանքը, այլեւ մի քանի անգամ փորձել է խորտակել Ռամիզ Էնվերիչի «նավը»:

Իսկ դա նշանակում է, որ աշխատակազմի ղեկավարը չէր կարող «ինքնասպանության» գնալ եւ հովանավորել Էլնուր Ասլանովին, եթե չունենար Իլհամ Ալիեւի «հայրական օրհնությունը»:

Ըստ ամենայնի, Ադրբեջանի ներքաղաքական կյանքի ոչ մի մանրուք Թուրքիայում գաղտնիք չէ, եւ Անկարայից վաղուց էին «նետահարում» Իլհամ Ալիեւին` պահանջելով վերաբերմունք արտահայտել մերթ քրդական, մերթ` «նուրսիական օրդենի» հարցով: Պաշտոնական Բաքուն որոշ ժամանակ կարողանում էր «չնկատելու» տալ այդ պահանջները: Թուրքիայի վերջին քաղաքական զարգացումներն, ամենայն հավանականությամբ, Էրդողանի համբերության բաժակը լցրել են, եւ նա պահանջել է ուղղակի քայլեր ձեռնարկել:

Իլհամ Ալիեւն ստիպված է եղել լուծարել նաեւ իր աշխատակազմին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որը գործում էր Էլնուր Ասլանովի անմիջական հսկողության ներքո եւ համարվում էր ադրբեջանական «ուղեղային կենտրոն»:

Այսօր, սակայն, Թուրքիայի վարչապետը պահանջում է Էլնուր Ասլանովի հովանավորի «արյունը»: Էրդողանի կողմից դա չափազանց կոպիտ քայլ է, որին նա երեւի չէր գնա, եթե իր համար վտանգը մեծ չլիներ: Մի քանի օրից Թուրքիայում սպասվում են տեղական ընտրություններ: Դրանք Էրդողանի համար չափազանց կարեւոր են. եթե նրա կուսակցությունը չհաղթի, ապա կառավարության եւ անձամբ վարչապետի քաղաքական ապագան ակնհայտորեն կմթագնի:

Չի կարելի բացառել, որ Ադրբեջանի կողմից կան Թուրքիայի ընտրություններին միջամտելու ինչ-ինչ ծրագրեր: Բաքվի իշխող վարչախումբը, որպես Հեյդար Ալիեւի քաղաքական ավանդույթների կրող, հանդիսանում է աշխարհիկ-քեմալակամ Թուրքիայի արժեհամակարգի կրող, Էրդողանը, մինչդեռ, «չափավոր» իսլամականության ջատագով է: Շատ հնարավոր է, որ Բաքվի «նուրսիական օրդենը» միայն անունով է իսլամական, իսկ իրականում քեմալական է եւ` Էրդողանին ընդդիմադիր:

Առհասարակ անզեն աչքով իսկ նկատվում է, որ իր քաղաքական հավակնություններում Իլհամ Ալիեւը սահմաններ այլեւս չի ճանաչում եւ ձգտում է թուրքական աշխարհում լուրջ դերակատարության: Բացառված չէ, որ այդ հարցում նա Էրդողանին դիտում է որպես մրցակից եւ առիթը բաց չի թողնում, որպեսզի վերջինիս անհարմար դրության մեջ թողնի: Իր հերթին Թուրքիան զերծ չէ Ադրբեջանում քաղաքական իսլամականություն ձեւավորելու նպատակադրվածությունից:

Այս համատեքստում, կարծում ենք, Էլնուր Ասլանովի հովանավորին բացահայտելու եւ իշխանությունից հեռացնելու` Իլհամ Ալիեւին Թուրքիայի վարչապետի կողմից ներկայացված պահանջը «նուրսիական օրդենի» դեմ պայքարից զատ ավելի խորքային հետեւանքներ կարող է ունենալ: Էրդողանը փաստացի փորձում է սասանել Իլհամ Ալիեւի իշխանության «մոնոլիտը»:

Եթե Էրդողանը հասնի նրան, որ իշխանությունից հեռացվի նաեւ Էլնուր Ասլանովի հովանավորը, որն, անկասկած, աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւն է, որը ոչ միայն նախագահի աշխատակազմն է լիովին վերահսկում, այլեւ, ինչպես ադրբեջանցի որոշ վերլուծաբաններ են պնդում, «խորհրդարանի գրեթե կեսը եւ կառավարության մեկ երրորդը»:

Մեհթիեւն պաշտոնազրկել` նշանակում է փոխել նախարարական կազմի մեկ երրորդը, նախագահի աշխատակազմի անդամներին եւ Միլլի մեջլիսի պատգամավորների կեսին: Իսկ դա արդեն իշխանափոխություն է բառիս բուն իմաստով: Պնդել, թե Էրդողանը չի հասկանում, թե ինչ անիրագործելի պահանջ է ներկայացնում իր «եղբայր» Իլհամին, միամտություն կլիներ:

Ի՞նչ քայլեր կձեռնարկի Իլհամ Ալիեւը: Վստահաբար կարող ենք պնդել` նա չի կատարի Էրդողանի պահանջը: Փոխարենը կփորձի ամեն ինչ անել, որպեսզի «միջադեպն անաղմուկ հարթվի»: Իշխանության վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցներին կհանձնարարվի «փակել նուրսիական օրդենի» թեման, մոռացության մատնել Էլնուր Ասլանովին: Հնարավոր է` իշխող վարչախումբը նոր կոռուպցիոն գործարքների կգնա Էրդողանի կառավարության հետ:

Բայց այդ ամենից ըստ էության քիչ բան կփոխվի: Վերլուծաբան Արիֆ Յունուսովի կարծիքով, Ադրբեջանում արժեհամակարգային ճգնաժամը չափազանց խորն է, հասարակությունը «հայտնի պատճառներով չի վստահում ռուսաստանյան ուղղությանը, հավասարապես հիասթափված է նաեւ Արեւմուտքից»: Նա կարծում է, որ նման իրավիճակում «իսլամականության քաղաքականացումն այլընտրանք չունի»:

Իսկ ինչո՞ւ բացառել, որ Ադրբեջանում քաղաքական իսլամականության այլընտրանքը հենց թուրքական նախագիծ է: Էրդողանն, ըստ երեւույթին, «նուրսիական օրդենի» առիթն օգտագործում է, որպեսզի սասանի Իլհամ Ալիեւի աշխարհիկ-քեմալակամ համակարգի «մոնոլիտը»: Պատահական չէ, թերեւս, որ այսօր հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ կռվում են Սիրիայում, ընդ որում` երկու կողմից, Աֆղանստանում, Պակիստանում, ամենուր, որտեղ նրանց կոչում է իսլամական համերաշխությունը:

Նման պայմաններում որեւէ երաշխիք չկա, որ Ադրբեջանում, իրոք, իսլամականությունը դառնա ներկայիս քաղաքական «մոնոլիտի» այլընտրանք` Թուրքիայի աջակցությամբ կամ պահանջով:

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.