AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



ՃԱԿԱՏԱԳՐԱԿԻՑ

Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2918, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՀՈՒՅՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ 50 ՏԱՐԻՆ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

1964-ին Պոլսից արտաքսվեց 45 հազար հույն

2014 թ. մարտի 16-ին լրացավ 50 տարին այն օրվանից, երբ սկսվեց հույների զանգվածային արտաքսումը Ստամբուլից (Կոստանդնուպոլիս): Դա Թուրքիայի նորագույն պատմության քիչ հայտնի էջերից մեկն է: 1964 թվականին մի քանի ամսվա ընթացքում մոտ 45 հազար «ռում» (հունալեզու ուղղափառ) քաղաքացիներ ստիպված լքեցին իրենց տները, ունեցվածքը, իրենց ծննդավայրը, որպեսզի մեկնեն Հունաստան, որն անծանոթ երկիր էր նրանց մեծամասնության համար: Զանգվածային արտաքսումները տեղի էին ունենում Կիպրոսի պատճառով Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ծագած լարվածության պայմաններում: Ավելի վաղՙ 1920-ականներին երկու երկրները իրականացրել էին ազգաբնակչության փոխանակումներ, իսկ 1955 թվականին Ստամբուլում տեղի էին ունեցել հույների ջարդեր:

1964 թ. դեպքերի 50-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլում կազմակերպվել է հատուկ ցուցահանդես, որը կգործի մինչեւ մարտի վերջը: Այդ մասին հաղորդում է ֆրանսիական RFI ռադիոկայանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Սալիհ Էրթուրանը Ստամբուլում ֆրանսերեն լույս տեսնող «Պտի ժուռնալ» թերթին տված հարցազրույցում 1964 թ. քաղաքի հույն բնակչութան արտաքսումը անվանել է «առանձնապես դաժան եւ ցավագին իրադարձություն»: Նա ասել է, որ մինչ այդ հունական համայնքը բաղկացած էր երկու խմբիցՙ թուրքահպատակներից եւ հունահպատակներից: Վերջիններիս թիվը մոտ 13 հազար էր:

Երկու խմբերի ձեւավորման պատճառն այն էր, որ 1930 թ. Աթաթուրքը եւ Հունաստանի վարչապետ Վենիզելոսը ստորագրել էին մի համաձայնագիր, ըստ որի հունական անձնագիր էր տրվում Հունաստանում ծնված եւ Ստամբուլում հաստատված հույներին. նրանցից շատերն այդտեղ էին եկել Հունաստանի անկախացումից հետո: Տասնամյակներ շարունակ նման անձնագիր ունեցող հույները 2-3 տարին մեկ նորացնում էին Ստամբուլում իրենց կեցության իրավունքը: Սակայն 1960-ականների սկզբներին, երբ Կիպրոսի պատճառով երկկողմ հարաբերությունները վատանում են, հունահպատակ հույները քավության նոխազ են դառնում Թուրքիայի իշխանությունների համար: 1964 թ. մարտի 16-ին Անկարայի կառավարությունը միակողմանիորեն չեղյալ է հայտարարում 1930 թ. համաձայնագիրը եւ արտաքսում է Ստամբուլի 13 հազար «ռում»-երին: Իրականում մի քանի ամսվա ընթացքում Հունաստան է արտաքսվում մոտ 45 հազար մարդ, քանի որ բավական տարածված հույն-թուրքական խառնամուսնությունների պատճառով արտաքսվում էին ամբողջական ընտանիքներ:

Ի տարբերություն հույների 1955 թ. սեպտեմբերյան ջարդերի, 1964 թ. տեղահանությունը գրեթե անհայտ էջ է ներկայիս թուրք հասարակայնության համար:

Թուրք պատմաբանները 1964 թ. դեպքերին սկսում են անդրադառնալ բավական ուշ: 1994-ին թուրքական «Իլեպիշիմ» հրատարակչությունում լույս է տեսնում Ռիդվան Աքարի «Ստամբուլի վերջին արտաքսյալները» աշխատությունը, որն ավելի շուտ բացառություն է: Տվյալ թեման մնում է հանրությանը անծանոթ: Պատճառն այն ժամանակվա մամուլի, քաղաքական ընդդիմության, մտավորականների լռությունն է: Ամենքը խոսում էին միմիայն Կիպրոսի մասին, որը ընկալվում էր իբրեւ «համազգային հարց»:

Ստամբուլում բացված ցուցահանդեսը առաջին միջոցառումն է, որի միջոցով կազմակերպիչներն ուշացումով ներողություն են խնդրում քաղաքի երբեմնի հույն բնակիչներից: Ցուցադրված են արխիվային լուսանկարներ եւ այլ վավերագրեր, պատերից մեկի վրա նշված են արտաքսյալներից մի քանիսի ազգանունները: Ցուցադրությունը կոչվում է «20 դոլար, 20 կգ», քանի որ 1964 թ. արտաքսյալներին թույլատրում էին հետները վերցնել ընդամենը 20 դոլարի համարժեքը եւ 20 կգ ուղեբեռ: Մաքսատանը ատամնաբույժները ստուգում էին մեկնողներին, որպեսզի չլինեն ոսկե ատամներ: Սա հիշեցնում է նացիստական Գերմանիայի ժամանակները:

Ավելի վաղՙ 1955-1960 թթ. արդեն իրականացվել էին անհատական արտաքսումներ: Սակայն 60-ականների սկզբին Կիպրոսի հարցի պատճառով «ռում»-երը Թուրքիայում հայտնվեցին ուշադրության կենտրոնում: 1964 թ. մարտի 16-ի որոշման հենց հաջորդ օրը հունահպատակ հույներին կանչեցին Ստամբուլի ոստիկանության 4-րդ բաժանմունք եւ ստիպեցին առանց կարդալու ստորագրել մի փաստաթուղթ: Հրաժարվողներին կալանավորում էին եւ բանտարկում: Այդ փաստաթղթի վրա գրված էր, որ ստորագրողը խոստովանում է, որ ինքն օգնել է «կիպրոսցի ահաբեկիչներին», որ նրանց օժանդակել է ֆինանսապես, որ գործել է Թուրքիայի Հանրապետության շահերին հակառակ... Թուղթը ստորագրելուց հետո 2-10 օրվա ընթացքում հույները արտաքսվում էին երկրից 20 դոլարով եւ 20 կգ ուղեբեռով:

1980-ականների կեսերին նախագահ Թուրգութ Օզալը Դավոսի տնտեսական գագաթաժողովում հայտարարեց, թե 1964-ին արտաքսված հույները իբր կարող են հետ ստանալ իրենց ունեցվածքը: Արտաքսյալներից մի քանիսը փորձեցին դա անել, նրանցից հազիվ 2-3 հոգի դատական հայց ներկայացրին: Դատավարություններից մեկը տեւեց 15 տարի եւ ի վերջո հույներից մեկին հնարավորություն տվեց հետ ստանալու Բյույուքադայում գտնվող հայրական տունը: Սակայն դա առայժմ հայտնի միակ դեպքն է:

Թուրքիայում հույների ապրած սարսափները չեն մոռացվել, 1964-ի վերքը մինչեւ օրս չի սպիացել: Տեղահանության պահին շատերը հույս ունեին վերադառնալ, երբ իրադրությունը հանդարտվի: Սակայն նրանց հույսերը ի դերեւ ելան: Ունեզրկված եւ արտասքված հույները ստիպված էին ամեն ինչ զրոյից սկսել Հունաստանում, որն իրենց համար անծանոթ երկիր էր: Բավական ուշՙ 30-40 տարի անց ոմանք սկսեցին Ստամբուլ մեկնել իբրեւ զբոսաշրջիկներ. նրանք գնում-տեսնում էին իրենց տունը եւ հեռանում: Ներկայումս արտաքսյալների երրորդ սերունդը նոր-նոր սկսում է փորփրել անցյալը: Բանն այն է, որ 1964-ի դեպքերը մոռացված են ոչ միայն Թուրքիայում, այլեւ Հունաստանում. այն ժամանակվա հունական թերթերը գրեթե ոչինչ չեն գրել մոտ 45 հազար անձանց արտաքսումների մասին:

Թուրքիայում մինչեւ օրս ոչինչ չի փոխվել: Ընդդիմադիր որոշ պատգամավորներ մեկ-երկու ակնարկ են արել 1964-ի իրադարձությունների վերաբերյալ, եւ ամեն ինչ ավարտվել է միայն խոսքերով: Իսկ կառավարությունը, իհարկե, պաշտոնապես ներողություն չի խնդրել հույներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.