AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014



ՀԱԿԱԶԴԵՑԻԿ

Տեղադրվել է` 2014-03-27 23:21:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3634, Տպվել է` 134, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ՔԵՍԱԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ` ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մաքսատուրքեր թուրքական ապրանքների նկատմամբ, թուրքական ապրանքների եւ հանգստավայրերի բոյկոտ

Հայերիս ինքնապահպանման բնազդը ժամանակ առ ժամանակ բթանալու հատկություն ունի, ինչն անխուսափելիորեն ծանր հետեւանքներ է ունենում մեզ համար: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է թուրքական տարրի հետ մեր հարաբերություններին: Օրինակներ` որքան ուզեք:

1908-ին հավատացինք երիտուրթերի եղբայրության եւ հավասարության խոստումներին, 1909-ին ստացանք Ադանայի կոտորածը, դա էլ բավական չէր` 1915-ին` Հայոց մեծ եղեռնը: 1918-1920 թվականներին Բաքվում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դարձյալ դաս չեղան մեզ, եւ խորհրդային տարիներին շարունակեցինք հավատալ, որ թուրքը փոխվել է: Արդյունքում` 1988-ին ունեցանք Սումգայիթը, 1991-ին` Բաքվի ջարդերը: Ըստ էության նույնն է տեղի ունենում նաեւ հիմա` շարունակում ենք հանգստանալ Թուրքիայում, Թուրքիայից ներմուծում ենք ահռելի քանակությամբ ապրանքներ, մի քանի հազար հայաստանցիներ էլ արտագաղթել եւ ապրում են այդ երկրում: Ի՞նչ ենք ստանում արդյունքում: Ստանում ենք Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա թուրքական պետության անմիջական մասնակցությամբ գրոհ եւ բնակավայրի հայաթափում:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան չի ցանկանում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ եւ թշնամաբար է տրամադրված մեր դեմ: Այդ երկիրը փակ է պահում Հայաստանի հետ իր սահմանը` շարունակելով շրջափակման քաղաքականությունը, միջազգային բոլոր ատյաններում միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին, արգելում է հայկական ապրանքների մուտքը իր երկիր, չխոսելով Հայոց ցեղասպանության փաստի եւ այն ժխտելու պետական քաղաքականության մասին: Իսկ ի՞նչ ենք ի պատասխան անում մենք` որպես երկիր եւ ժողովուրդ: Ոչ միայն ոչինչ չենք անում, այլ ընդհակառակը, շարունակում ենք բթանալ` նպաստելով մեր թշնամի երկրի տնտեսական զարգացմանը:

2013-ին Թուրքիայից Հայաստան ներմուծել ենք 210 մլն 858 հազար դոլարի ապրանք` հագուստ, շինանյութեր, կենցաղային իրեր եւ այլն: Սա մեր ներմուծման 4,7 տոկոսն է կազմում: Հայաստանից Թուրքիա արտահանումը մոտ 1,5 մլն դոլար է: Ինչպես նշվեց, Թուրքիայում հայկական ապրանքների նկատմամբ 1000 տոկոս մաքս է սահմանված, ինչը նշանակում է, որ հայկական որեւէ ապրանք այդ երկիր մուտք գործելուց թանկանում է 10 անգամ եւ դառնում անմրցունակ: Թեեւ 2012-ի նկատմամբ փոքր -ինչ` 2,5 մլն դոլարով կամ 0,3 տոկոսով նվազել է թուրքական ներմուծումը, բայց պահպանվող ծավալները դեռեւս ահռելի են:

Հաջորդը` Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տվյալների համաձայն, 2012-ին Հայաստանից այդ երկիր են մեկնել 70 956 հոգի։ 2013-ի տվյալները դեռեւս չեն հրապարակվել, բայց էական փոփոխություններ դժվար թե լինեն: Վերոնշյալ մոտ 70 հազար մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը Թուրքիայում հանգստանալու եւ գնումներ անելու համար ծախսում են մոտ 1500 դոլար, այդ երկրում թողնելով մոտ 100 մլն դոլար:

Այսինքն, Հայաստանը, մենք բոլորս, աջակցում ենք թուրքական արդյունաբերության եւ զբոսաշրջության զարգացմանը` տարեկան ավելի քան 300 մլն դոլար ներդնելով այդ երկրում: Կրկնում եմՙ մենք բոլորս` որպես ժողովուրդ եւ պետություն:

րբ փորձում ես բացատրել Թուրքիայում հանգստացող 70 հազար հայերից որեւէ մեկին, որ 90-ականներին Թուրքիան ցանկանում էր հարձակվել Հայաստանի վրա, որ թուրքական բանակի սպաներն ու մասնագետները զինում եւ վարժում են ադրբեջանական բանակին, նրանք լավագույն դեպքում խորհուրդ են տալիս հայրենասիրության դասեր չտալ` մոռանալով, որ խոսքը ոչ թե հայրենասիրության, այլ տարրական ինքանպահպանման բնազդի մասին է: Նույնը կարելի է ասել նաեւ Թուրքիայից ապրանքներ ներմուծող մեր առեւտրականների եւ այդ ապրանքները գնողների մասին: Մի՞թե հասկանալի չէ, որ այդ երկրի տնտեսության զարգացումն անխուսափելիորեն ուղղվում է մեր դեմ: Վերջին ապացույցը` հայաբնակ Քեսաբը: Միթե հնարավոր չէ՞ այլ երկրում հանգստանալ, եթե ոչ Հայաստանում, կամ այլ երկրից ապրանք ներմուծել, եթե տեղում այն չի արտադրվում, բայց ոչ` Թուրքիայում եւ Թուրքիայից: Մի՞թե մենք բոլորս չենք կարող բոյկոտել թուրքական ապրանքները, պարզապես չգնել դրանք հենց միայն նրա համար, որ թուրքական են, քանի որ մեր գումարներով մեր դեմ է թուրքական զենքը գործածվում:

Ոչ ոք իրավունք չունի այս իրավիճակը պատճառաբանել մեր սոցիալական խնդիրներով, հատկապես որ Թուրքիայի հանգստավայրերի եւ թուրքական ապրանքների այլընտրանքը գոյութուն ունի եւ այնպես չէ, որ սոցիալապես անապահով խավն է դրանցից օգտվում:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա նրանք էլ համարժեք քայլեր չեն կիրառում Թուրքիայի նկատմամբ: Քեսաբի վրա հարձակման վերաբերյալ քաղաքական հայտարարություններն անհրաժեշտ են, բայց պետք է վճռական լինել` մաքսատուրքեր սահմանել թուրքական ապրանքների ներմուծման վրա, մանավանդ, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը հնարավորություն տալիս է մինչեւ 15 տոկոս մաքսատուրք կիրառել: Թուրքական արտադրության գյուղատնտեսական, թեթեւ արդյունաբերության, կենցաղային իրերի եւ զանգվածային սպառման այլ ապրանքների, շինանյութի նկատմամբ 15 տոկոս մաքսատուրքի կիրառումը Հայաստանի կառավարության կողմից հիմա` Քեսաբի դեպքերի կապակցությամբ ճիշտ ժամանակին եւ արդարացված կլիներ:

Արդարացված չի կառավարության որոշ ներկայացուցիների պատճառաբանությունն այն մասին, որ թուրքական ապրանքների ներմուծմամբ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի էժան ապրանք Հայաստան մտնի կամ որ դա կվնասի այդ երկրի հետ առեւտուր անող մարդկանց: Ակնհայտ է, որ այս դեպքում նախապատվությունը պետք է լինի ազգային անվտանգության հիմնահարցը, ոչ թե այս կամ այն խավի շահը, հատկապես, որ Հայաստան ավելի էժան ապրանքներ այլ երկրից էլ կարելի է ներմուծել: Բացի մի քանի լիբերալներից եւ թուրքերի հետ եղբայրության ջատագովներից, հասարակության գերակշիռ մասը նման քայլը ճիշտ կընդունի եւ կգնահատի: Այս դեպքում կտուժի միայն Թուրքիան, կորցնելով Հայաստանից հոսող 300 մլն դոլարը: Այդ քայլը գուցե վերջապես արթնացնի՞ նաեւ թուրքական հանգստի սիրահարների կամ ապրանքների ներմուծող-գնորդների բթացած ազգային գիտակցությունն ու ինքնապահպանման բնազդը:

Հ.Գ. Թուրքական արտադրության ապրանքները կարելի է տարբերակել նրանց վրա գրված Made in Turkey-ով, իսկ եթե այն բացակայում է կամ տեսանելի չէ, թուրքական արտադրության ապրանքների գծիկավոր կոդով, որը սկսվում է 869 թվերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.