AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1628, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՆԱԽ ԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՉ ԿԱՄԵՆԱՆ, ՀԵՏՈ ՀԱՐՑՆՈՒՄ ՄԱԿ-ԻՆ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանը որեւէ պարագայում չի կարող ձեռնպահ մնալ, երբ մեր միակ ընդունելի սկզբունքը տարածքային ամբողջականությունն է

Երբ քննադատությունն ուղղակի քննադատության համար է, կարելի է հասնել անհեթեթության ճիշտ այնպես, ինչպես ինքնանպատակ արվող բոլոր քայլերի պարագայում: Մերօրյա իրականությունը լի է նման օրինակներով, հատկապես երբ թացն ու չորն իրար խառնելով են փորձում հիմնավորել յուրաքանչյուր փաստարկ կամ հակափաստարկ:

Մարտի 27-ին ՄԱԿ-ում, որտեղ բոլոր խնդիրներն ու հարցերն արդեն ինչ-որ լուծման ուղին բռնելուց հետո են միայն քննարկվում ու որոշման տեսք ստանում, քվեարկվեց մի քանի օր առաջ ներկայացված մի բանաձեւ, որ մատուցվեց որպես «Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին» նախագիծ: Բանաձեւին կողմ քվեարկեց 100 երկիր, 11-ը դեմ, 58 ը` ձեռնպահ, մոտ 20 երկիր էլ մնաց միջանցքներում` այդպես էլ որեւէ տարբերակով մասնակցություն չունենալով քվեարկությանը:

11 դեմ քվեարկողների շարքում Հայաստանը տեսնելու պարագան շատերին հիմք տվեց քննադատելու ու փորձելու ներկայացնել, թե Հայաստանը հերթական անգամ սխալ արտաքին քաղաքականություն է վարում, սխալ քայլեր անում` փոխանակ առնվազն ձեռնպահ քվեարկելու կամ էլ կիսելու միջանցքներում զբոսնողների ճակատագիրը, որոնց քայլն, ի դեպ, առանձնակի չի տարբերվում դեմ քվեարկելուց:

Բացի Հայաստանից բանաձեւին դեմ են քվեարկել նաեւ Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան եւ Զիմբաբվեն:

Ակնհայտորեն թվարկված երկրներն այն ծաղկաբույլը չեն, որոնց մեջ ցանկալի կլիներ տեսնել նաեւ Հայաստանը: Սակայն միանշանակ պնդումները, թե Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում սխալ էր, այն էլ Հյուսիսային Կորեայի կողքին հայտնվելու պատճառաբանության զուգորդմամբ, ոչ միայն տեղին չեն, այլեւ ուռճացված:

Ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել: Հայաստանը դեմ է քվեարկել մի բանաձեւի, որն ամրագրում է, թե Ղրիմում մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեն թույլատրված չէր Ուկրաինայի կողմից, թե այդ նույն հանրաքվեն վավերականություն չունի ու չի կարող հիմք լինել «Ղրիմի ինքնավար հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի կարգավիճակի որեւէ փոփոխության համար»: Արդյո՞ք որեւէ պարագայում հնարավոր է մտածել, թե Հայաստանը կարող էր գոնե ձեռնպահ մնալ նման ձեւակերպման նկատմամբ, հատկապես երբ ձեռնպահ լինելն այս պարագայում էլ կարող էր միայն նպաստել բանաձեւի ընդունմանը:

Բանաձեւում առկա ոչ միայն այս ձեւակերպումներն են, որ հակասում են ղարաբաղյան հարցի շուրջը բանակցություններում Հայաստանի դիրքորոշմանը: Բանաձեւով նաեւ կոչ է արվում բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին եւ մասնագիտացած գործակալություններին «չճանաչել Ղրիմի ինքնավար հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի կարգավիճակի որեւէ փոփոխություն»ՙ անցկացված հանրաքվեի հիման վրա: Սա էլ բավական չէ. կոչ է արվում «զերծ մնալ որեւէ գործողությունից կամ գործարքից, որ կարող է մեկնաբանվել որպես փոփոխված իրավիճակի ճանաչում` որեւէ պարագայում»:

Այս ամենը բավական է հասկանալու, որ քվեարկությունն այլ կերպ իրականացնելու դեպքում կստացվեր, որ Հայաստանը հետեւողական չէ իր արտաքին քաղաքականության, այդ ոլորտի ամենագլխավոր հարցում, որ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ավելին, ձեռնպահ մնալ այսպիսի ձեւակերպումների դեպքում կարող էր նշանակել նաեւ, որ Հայաստանը կհամաձայնի մեկուսացման մեջ պահել Արցախը այն դեպքում, երբ բանաձեւը կոչ է անում ձեռնպահ մնալ չճանաչված միավորի հետ որեւէ շփումից:

Այս պարագայում թերեւս կարելի է երկրորդական դիտարկել Հայաստանի կայացրած որոշման եւս մեկ պատճառ, որ վերաբերում է Ռուսաստանի հետ նույն դիրքորոշումն ունենալու կարեւորությանը: Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները կամ ուղղակի Ռուսաստան-Հայաստան բազմաթիվ եւ ոչ միշտ ողջունվող կապերը եւս չեն կարող գնահատվել ավելի կարեւոր, քան ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում դիրքորոշման ամրապնդումը:

Մյուս կողմից, եթե դիտարկվեն բոլոր այն ելույթներն ու մեկնաբանությունները, որոնք նախորդել էին բանաձեւի քվեարկությանը, չէր կարելի որեւէ պարագայում համաձայնել դրանց հետ, հատկապես, որ այդ ելույթների զգալ մասում տարածքային ամբողջականությունը մատուցվում էր որպես ամենա-ամենա-ամենա:

Եվս մեկ հանգամանք պետք է հաշվի առնել, երբ Հայաստանի եզակի անգամ հստակ ու իր դիրքորոշմանն համահունչ քվեարկությունը թիրախավորվում է. խոսքը Ուկրաինայի արձագանքի մասին է:

Նախ չպետք է մոռանալ, որ տարիներ շարունակ Ուկրաինան այն 4 երկրներից մեկն է, որ ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միավորման մեջ է գտնվում եւ հակառուսաստանյան լինելով հանդերձ բազմիցս հանդես է եկել հակահայկական դիրքորոշումները պաշտպանողի դիրքերում: Նույն այս կազմակերպությունը մի շարք բանաձեւեր է հեղինակել ու խմբովին քվեարկել այնպիսի ձեւակերպումների օգտին, որոնք շարադրվել ու ձեւակերպվել են Ադրբեջանի կամ Վրաստանի կողմից` շեշտադրելով միայն տարածքային ամբողջականության կամ Հայաստանի` «ագրեսոր» լինելու պնդումները:

Տարբեր առիթներով ինչպես Ուկրաինան, այնպես էլ Վրաստանը, ելնելով սեփական շահերից, քվեարկել են հակահայկական դիրքերից: Ընդ որում, Ուկրաինան որոշ դեպքերում կարող էր նաեւ ձեռնպահ մնալ, սակայն երբեք իրեն այդ նեղությունը չի պատճառել:

Եվ հիմա, երբ Հայաստանը հստակորեն չի ցանկացել համաձայնել այնպիսի ձեւակերպումների հետ, որոնք առ ոչինչ են դարձնում ինքնորոշման իրավունքը (տվյալ դեպքում այդ իրավունքի իրացման մեթոդների մասին ոչ մի նշում չի արվում Ա.Հ.), տրամաբանական չի կարող լինել ակնկալիքը, թե Հայաստանը Ուկրաինայի հետ հարաբերությունների ջերմությունից կմոռանար սեփական շահերից կենսականն ու արդիականը:

Այս ամենով հանդերձ կարեւոր է նաեւ, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Ուկրաինայում հասկանալ, որ թեեւ ՄԱԿ-ը կարեւոր կազմակերպություն է, դիրքորոշում ու մոտեցում ձեւավորելու կարեւոր հարթակ, բայց վերջին շրջանում առավել հաճախ նույն այդ կառույցի որոշումներն ու բանաձեւերը դերակատարություն ու նշանակություն չունեն: Միջազգային հնչեղություն ունեցող գրեթե բոլոր հարցերում ՄԱԿ-ը մի բան է որոշում, հետո գերտերությունները անում են այնպես, ինչպես հարմար է իրենց:

Հայտնի մուլտֆիլմի ոչ պակաս հայտնի պինգվինիկը մի լավ արտահայտություն ուներ. «Նախ անում եմ ինչ կամենամ, հետո հարցնում ծնողներիս. այդպես հարմար է»: Կարելի է որոշ գերտերությունների ու պետությունների պարագայում պինգվինիկի խոսքը վերաձեւակերպել այսպես. «Նախ անում են ինչ կամենան, հետո հարցնում ՄԱԿ-ին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.