AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2415, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԷՍՏՈՆԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ: ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՀԵՏՈ

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Թարգմանաբար ներկայացվող այս հոդվածում հեղինակը քննարկում է Ռուսաստանը պարփակող (containment) ռազմավարական պատվար ստեղծելու ամերիկյան հնարավոր ծրագիրը:


Համոզված լինելով, որ Ուկրաինայի իրադարձություններիՙ ի մասնավորի արեւմտամետ կառավարության հաստատման հետեւում կանգնած է Մ. Նահանգները, Ռուսաստանը դիմադրելու է եւ որոշակի քայլեր է ձեռնարկելու: Մ. Նահանգները հնարավորություն ունի չարձագանքելու հակամարտությանը եւ սահմանափակվելու սոսկ անիմաստ պատժամիջոցներով, կամ էլ ներգրավվելու եւ հակադարձ քայլեր ձեռնարկելու:

Չարձագանքելու պարագայում ռուսական շրջագծում գտնվող երկրները, Էստոնիայից մինչեւ Ադրբեջան, եզրակացնելու են, որ ձեռնպահ Ամերիկայի եւ պառակտված Եվրոպայի պայմաններում, իրենք պետք է լեզու գտնեն Ռուսաստանի հետ: Սա հզորացնելու է Ռուսաստանի իշխանությունը տարածաշրջանում, ինչի դեմ հարյուրամյա ռազմավարություն է որդեգրել Մ. Նահանգներըՙ ներգրավվելով երեք (Համաշխարհային Առաջին, Երկրորդ եւ սառը) պատերազմների մեջ: Սպասել, որ իրերն իրենց հունով ընթանանՙ նույնպես ձեռնտու չէ Մ. Նահանգների համար: Ուստի վերջինս պետք է մտածի մի ռազմավարության մասին, որը միաժամանակ ե՛ւ խնայողական է, ե՛ւ հարակցվածՙ քաղաքական, ռազմական եւ ֆինանսական առումներով:

Ռուսաստանի եւ Մ. Նահանգների դիրքորոշումները

Անցյալ շաբաթ ես քննարկեցի Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հնարավոր քայլերը: (*) Պուտինը պետք է վճռականորեն փորձի փոխել իրավիճակը: Խնդիրն այն է, որ մեկ, եզակի գործողությամբ դա հնարավոր չէ իրականացնել: Արեւելյան Ուկրաինայի անմիջական նվաճումը պարզապես ուժեղացնելու է ընդդիմությունը նրա դեմ Կիեւում եւ առաջացնելու է պատասխան քայլերի անհրաժեշտությունը միջազգային ասպարեզում: Դրանք կարող են անկանխատեսելի լինել: Մի բան պարզ է, որ Ռուսաստանը հիմա չունի այն գերիշխանությունը, որ նա ուներ ժամանակին:

Ռուսաստանը կարող է արագ դիվանագիտական եւ քաղաքական հաղթանակներ արձանագրել արեւմուտքի դեմ, որոշակի գործողություններ ծավալելովՙիր շրջագծում գտնվող Բալթյան եւ կովկասյան երկրներում եւ Մոլդովայում, ինչը կարող է փակուղու առաջ կանգնեցնել Ուկրաինայի նոր կառավարությանը: Բայց վերջինս էլ կարող է Ամերիկայի օժանդակությամբ երկկողմանի հարաբերություններ մշակել Էստոնիայից մինչեւ Ադրբեջան ընկած տարածքի երկրների հետ:

Մրցակիցների բացակայության պայմաններում, Մ. Նահանգները մշակում է ոչ թե մարտից ամբողջովին դուրս գալու, այլ անուղղակիորեն դրան մասնակցելու ռազմավարությունը: 1989-ից 2008 թվականներին նրա ռազմավարությունը ամերիկյան զորքեր օգտագործելն էրՙ լուծելու համար որոշ օտար, միջազգային խնդիրներ: Պանամայոմ, Սոմալիում, Կոսովոյում, Աֆղանստանում եւ Իրաքում Մ. Նահանգները անմիջական ռազմական միջամտություն իրագործեց, մինչդեռ 1914-ից 1989-ը նման քայլերի չէր դիմում: Բավարարվում էր դաշնակիցներին քաղաքական պաշտպանություն, տնտեսական եւ ռազմական օգնություն ցուցաբերելով միայն: Անմիջական ուժի գործադրումը «պահեստային» տարբերակ էր, այն դեպքում, երբ դաշնակիցները ի վիճակի չէին դիմադրել հակառակորդին (1917, 1942 թվականներին եւ Կորեայում ու Վիետնամում):

Ուժի, իշխանության հավասարակշռությունը պահպանելու, Խորհրդային Միությունը պարփակող (containment) պատվար ստեղծելու ռազմավարությունն իր մեջ ներառում էր դաշնակիցներ ձեռք բերելու գաղափարը: Դաշնակցային հզոր կառույցի ստեղծումը հետ կպահեր Խորհրդային Միությանըՙ որեւէ չհաշվարկված քայլ կատարելուց:

Հաշվի առնելով, որ ներկայիս ռուսական դաշնությունը շատ ավելի տկար է, քան երբեմնի Խորհրդային Միությունը, եւ այն, որ տարածաշրջանում աշխարհագրական ընդհանուր սկզբունքը մնացել է նույնը, նման կշռապահող մարտավարության առաջացումը խիստ հավանական է, մանավանդ Ուկրաինայի իրադարաձություններից հետո: Նման մարտավարությունը ֆինանսական եւ զինուժի տնտեսում կնախանշի եւ կսահմանափակի Ռուսաստանի կարողությունները:

Մարտավարության սերտաճման մասին ես գրել եմ իմ երկուՙ «The Next Decade» (Հառաջիկա տասնամյակը) եւ «The Next 100 Years» (Հառաջիկա 100 տարիները) գրքերում, որոնցում «Intermarium» հասկացությունն եմ օգտագործել: Դա մի ծրագիր էր, որ Առաջին աշխարհամարտից հետո լեհ առաջնորդ Յոզեֆ Պիլսուդսկին էր որդեգրել ստեղծելու, Լեհաստանի պաշտպանության ներքո, կոլեկտիվ անվտանգության մի դաշնություն կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի երկրների մասնակցությամբ: Ինչ որ այսօր ստեղծվելու էՙ հար եւ նման չէ Intermarium-ին, բայց բավական մոտիկ է դրան, եւ արդեն իսկ վերացականից կոնկրետ իրականություն դառնալու միտում ունի:

Նպաստող հանգամանքներ

Մ. Նահանգների կողմից անմիջական ռազմական միջամտություն կիրառելը Ուկրաինայում անհնար է: Բացի այլ հանգամանքներից դա անիրագործելի է առանց Սեւ ծովի շուրջ եւ մինչեւ արեւմուտք ձգվող ուժեղ դաշնակցային համակարգի ստեղծումին: Մ. Նահանգները կարող է Ուկրաինային քաղաքական եւ տնտեսական օժանդակություն ցուցաբերել, բայց ավելին անել չի կարող: Ռուսական զորքերը միշտ առավելություն են ունենալու այդ տարածքում:

Որպեսզի Մ. Նահանգները հակադարձի Ռուսաստանի քայլերին, նա պետք է ամուր եւ կայուն հենարան ունենա: Նման մարտավարության համար իդեալական կառույց կարող է հանդիսանալ ՆԱՏՕ-ն, որի մեջ մտնում են բոլոր վտանգված երկրները, բացի Ադրբեջանից եւ Վրաստանից: Խնդիրը, սակայն, այն է, որ ՆԱՏՕ-ն գործող (ֆունկցիոնալ) դաշնություն չէ: Այն ստեղծվել էր սառը պատերազմի տարիներին պաշտպանելու ներկա ճակատագծից շատ հեռու գտնվող արեւմտյան երկրների անվտանգությունը: Եվ այդ ժամանակ կար միասնական մոտեցում խորհրդային սպառնալիքի հանդեպ:

Այժմ այդ միաձայնությունը չկա: Տարբեր երկրներ տարբեր մտահոգություններ ունեն եւ տարբեր ձեւով են ընկալում Ռուսաստանին: Շատերի համար սառը պատերազմի վերսկսումը ավելի վատ է, քան Ռուսաստանի հետ համագործակցելը: Բացի այդ, Եվրոպայում հսկայական չափերով կրճատվել են զորքերը, եւ դրանց վերակազմավորումը չի կարող իրականություն դառնալ, այլ պատճառների թվում մասնավորապես ֆինանսական ճգնաժամի հետեւանքով: ՆԱՏՕ-ն միասնականություն է պահանջում կարողանալ գործելու համար, իսկ այդ միասնականությունը այսօր բացակայում է:

1945-ից 1989 թվականներին ռիսկի տակ գտնվող երկրներից տարբերվում են այսօրվա երկրները: Նախկին դաշնության համակարգը չի կարող այսօր գործել: Էստոնիայից մինչեւ Ադրբեջան ձգվող տարածքի երկրները գերնպատակ ունեն, ձգտում են պահպանել իրենց ինքնիշխանությունը, մինչդեռ Եվրոպայի մյուս երկրները նման խնդիր, մտավախություն չունեն եւ չեն էլ պատրաստվում ֆինանսական եւ ռազմական ռեսուրսներ հատկացնել ուրիշների նպատակների իրագործման համար: Այնպես որ, Մ. Նահանգների մարտավարությունը պետք է շրջանցի ՆԱՏՕ-ին եւ ստեղծի տարածաշրջանի կառավարման համար մի նոր կառույց:

Դաշնության բնորոշ գծերը

Նոր դաշնության մեջ ներառված յուրաքանչյուր երկիր առանձնահատուկ է եւ պահանջում է առանձնահատուկ վերաբերմունք: Սակայն նրանք ունեն մի ընդհանուր վախ, որ Ուկրաինայի դեպքերը կարող են իրենց վրա էլ տարածվել եւ վնասել իրենց ազգային անվտանգության շահերին եւ ներքին կայունությանը: Ինչպես նշեցի, Բալթյան եւ կովկասյան երկրներն ու Մոլդովան այն տարածքներն են, որոնցում Ռուսաստանը կփորձի փոխհատուցում ստանալ իր պարտության դիմաց: Այդ պատճառով էլ Լեհաստանը, Ռումինիան եւ Ադրբեջանը պետք է դառնան այն կետերը, որոնց շուրջ պետք է ստեղծվի նոր դաշնությունը:

Էստոնիան կարող է ռուսների կողմից անկայունության թիրախ դառնալ: Լեհաստանը ձգտում է առավել սերտ ռազմական հարաբերություններ ունենալ Մ. Նահանգների հետ: Մոլդովան Դնեստր եւ Պրուտ գետերի մեջտեղում է գտնվում եւ մրցակցող քաղաքական ուժերի տարածք է: Ռումինիան պետք է զինվի եւ պաշտպանվի, որպեսզի իր հերթին պաշտպանի Մոլդովային եւ հսկողության տակ պահի արեւելյան Եվրոպան: Արեւմուտքի ձեռքերում Մոլդովան կսպառնա Օդեսային, ռուսների ձեռքերումՙ Բուխարեստին:

Վերոնշյալ դաշնության ծայրամասում տեսնում եմ Ադրբեջանին: Եթե Դաղստանն ու Չեչնիան ապակայունացվեն, Ադրբեջանը ջիհադիստների տարածաշրջանային ընդարձակումը չի կարողանա սահմանափակել: Ադրբեջանը կարող է նաեւ դաշնության դիրքերը պաշտպանել Սեւծովյան շրջանում նեցուկ կանգնելով Վրաստանին եւ կամուրջ հանդիսանալով արեւմուտք-Իրան հարաբերություններում: Հարավ-արեւմուտքում գտնվող ամենառուսամետ Հայաստանը, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր եւ որն ունի երկարաժամկետ պայմանագիր Մոսկվայի հետ, կարող է լարվածություն ստեղծել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջը: Առաջներում սա այնքան էլ հրատապ խնդիր չէր Մ. Նահանգների համար, բայց այժմ է: Վրաստանի եւ նրա սեւծովյան նավահանգիստների անվտանգությունը պահանջում է, որ Ադրբեջանը ներառված լինի վերոնշյալ դաշինքում:

Ադրբեջանը ծառայում է նաեւ առավել մեծ մարտավարական նպատակների: Դաշնության մաս կազմող երկրների մեծամասնությունը ռուսական էներգետիկ ռեսուրսների ներկրողներ են: Լեհաստանն իր էներգիայի 91 տոկոսն, իսկ Հունգարիանՙ 86 տոկոսը ստանում է Ռուսաստանից: Առայժմ այս խնդրին լուծում չկա, բայց պետք է ասել, որ Ռուսաստանը նույնքան կարիքն ունի դրանցից եկած եկամուտներին, որքան այդ երկրները նրա էներգիային: Ժամկետային առումով միջին տեւողության լուծում կարող է հանդիսանալ բնական գազի առաքումը Ադրբեջանից Եվրոպա: Եթե մինչեւ հիմա այս հարցը միայն առեւտրային նշանակություն ուներ, ապա այժմ այն ձեռք է բերել նաեւ ռազմավարական նշանակություն: Խողովակաշարի արագ կառուցումը դեպի Եվրոպայի սիրտը նույնքան կարեւոր է, որքան Ադրբեջանին զինելը, որպեսզի կարողանա պաշտպանել ինքն իրեն:

Իհարկե խողովակաշարի կառուցման համար Թուրքիայի թույլտվությունն է անհրաժեշտ: Ես Թուրքիան չեմ ընդգրկել դաշնության մեջ, որովհետեւ նրա ներքին քաղաքականությունը, բարդ հարաբերությունները եւ էներգակիր ռեսուրսների մեծ կախվածությունը Ռուսաստանից դժվարացնում են նման մասնակցությունը: Այս դաշնության մեջ ես Թուրքիային տեսնում եմ Ֆրանսիայի դերումՙ սառը պատերազմի տարիներին: Նա դաշնակից էր, բայց միաժամանակ անկախ: Ռազմական տեսանկյունից ինքնաբավ, բայց կախյալ ուրիշների արդյունավետ գործողություններից: Դաշնության մեջ թե դուրսը, Թուրքիային վիճակված է այս դերը ստանձնելու, որովհետեւ Սեւ ծովի, Կովկասի եւ հարավարեւելյան Եվրոպայի ապագան խիստ կարեւոր է Անկարայի համար:

Վերոնշյալ երկրները չեն ցանկանում ռուսական գերիշխանության տակ լինել: Այս ընդհանրական ցանկությունն էլ հիմք կարող է հանդիսանալ գործուն ռազմական դաշնություն ստեղծելու համար: Դա չի լինելու հարձակողական, այլ միայն պատշպանողական բնույթիՙ կասեցնելու համար ռուսական ազդեցության որեւէ ընդարձակում: Այդ երկրները կարիքն ունեն արդիական ռազմական հանդերձանքի, հատկապես օդային եւ հակատանկային պաշտպանության ոլորտներում: Մ. Նահանգների կողմից նման հատկացումները, կանխիկ փողով, թե վարկային հիմունքներով, ուժեղացնելու են Ամերիկայի քաղաքական ազդեցությունը այդ երկրներումՙ ամուր պատնեշ ստեղծելով եւ դուռ բացելով արեւմտյան ներդրումների հոսքին: Դա բաց մի կառույց է լինելու, որին կարող է միանալ որեւէ երկիր, եւ ի հակադրություն ՆԱՏՕ-ի, վետոյի իրավունք չի տրվելու ոչ մի երկրի:

Մարտավարության գործնական կիրառումը

Որոշ շրջանակներ քննադատում են նման կառույցի ստեղծումըՙ պատճառաբանելով, որ այնտեղ մուտք են գործելու ոչ ամբողջովին ժողովրդավարական երկրներ: Փաստարկը ճիշտ է, բայց ճիշտ է նաեւ այն, որ սառը պատերազմի ժամանակներում Մ. Նահանգները դաշնակցում էր Իրանի շահի, Թուրքիայի, բռնատիրական Հունաստանի եւ 1971-ից հետո նույնիսկ Մաոի Չինաստանի հետ: Այնպես որ, տարածաշրջանի երկրների անկախությունը պաշտպանելու համար Մ. Նահանգները այդ կառույցում պետք է ընդգրկի Ադրբեջանի նման այնպիսի երկրներ, որոնք քանիցս քննադատվել են: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե էներգիայի աղբյուրները Ադրբեջանի փոխարեն Ռուսաստանից հասնեն Եվրոպա, ապա Ուկրաինայի շուրջ ծավալված իրադարձությունները կվերածվեն ողբերգական ֆարսի: Պետքարտուղարությունը պետք է շարունակի իր իսկ սանձազերծած կոպիտ քաղաքականությունըՙ չընկնելով չարաբաստիկ պատրանքների հետեւից: Նա պետք է օգտագործի այդ երկրների հակվածությունը եւ ամրապնդի իր դիրքերըՙ ձեռնարկելով տարբեր քայլեր, որոնց թվում չպետք է լինեն ռազմական միջամտությունները: Մ. Նահանգները չի կարող խուսափել ներգրավվածությունից: Ոչ էլ կարող է սահմնափակվել երկու տասնյակ մարդկանց վրա դրված պատժամիջոցներով: Դա ավելի շուտ թուլության, քան վճռականության դրսեւորում կլինի: Միջամտության այլընտրանքային շատ ձեւեր կան: Դրանցից մեկը դաշնային պատնեշի ստեղծումն է:

Ռուսաստանի կարողությունները սահմանափակ են: Նրա իշխանությունը ուժեղացավ, երբ Մ. Նահանգները տարված էր պատերազմներով Միջին Արեւելքում, իսկ Եվրոպան էլ պայքարում էր տնտեսական ճգնաժամը հաղթահարլու համար: Բայց նա ունի կարճաժամկետ առավելություններ եւ անապահովության զգացումը նրան կարող է մղել ռիսկի դիմելու: Ժամանակավոր առավելություն ունեցող թույլ եւ անապահով երկրները վտանգավոր են ընդհանրապես: Մ. Նահանգների համար ձեռնտու է շուտ գործել, որովհետեւ վաղ գործելը շատ ավելի էժան է: Խնդիրը հակաօդային հրթիռներ, հարձակողական ուղղաթիռներ եւ այլ պաշտպանական համակարգեր մատակարարելն է: Մ. Նահանգները դրանց պակասը չունի: Դրանցով այդ երկրները կարող են պարփակել Ռուսաստանի առաջխաղացումները:

Geopolitical weekly, 25.03.14, Թարգմ. Հ.Ծ.

(*) «Ազգ»ը նախորդ համարում թարգմանաբար ներկայացրել է այդ հոդվածը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.